Դինո Բուցատի | Ակն ընդ ական

Դինո Բուցատի
Մարոտորանիները, որ գնացել էին ֆիլմ դիտելու հարևան քաղաքում, չափազանց ուշ վերադարձան գյուղի իրենց մեծ ու հին տունը:

Հայրն էր` հողատեր Կլաուդիո Մարտորանին, նրա կինը` Էրմինիան, իրենց ուսանող որդին` Ջանդոմե՛նիկոն, իրենց դուստրը` Վիկտորիան իր ամուսնու` ապահովագրական գործակալ Ջորջո Միրոլոյի հետ, ու պառավ մորաքույր Մաթիլդան, որը մի քիչ ցնդած էր:
Վերադարձի ճանապարհին բանավիճում էին ֆիլմի մասին: Դա Գեորգ Ֆրիդերի նկարահանած մի վեստեռն էր` “Սուտակե կնիքը” վերնագրով, ուր խաղում էին Լան Բընտերթոնը, Կլարիսա Հեյվեն, ինչպես նաև հայտնի տիպական դերեր կատարող Մայք Մուստիֆան: Ու դեռ շարունակում էին խոսել ֆիլմից` մեքենան ավտոտնակում կանգնեցնելուց հետո, երբ անցնում էին պարտեզի միջով:
Ջանդոմենիկո.
-Շնո՛րհ արեք, մի մարդ, որն իր ամբողջ կյանքում այլ բան չի անում, բացի վրեժի մասին մտածելուց, ինձ համար ճիճու է, ստոր արարած: Ես չեմ հասկանում…
Կլաուդիո.
-Դու դեռ շատ բան չես հասկանում…աշխարհի սկզբից ի վեր, ամեն մի կարգին մարդու պատվի պարտքն է վրեժ լուծել վիրավորանքի համար:
Ջանդոմենիկո.
-Պատի՜վ: Իսկ ի՞նչ է այդ հանրահայտ պատիվը:
Վիկտորիա.
-Վենդետտան ես համարում եմ սրբազնագույն բան: Իմ կարծիքով, մեկը, որ հզոր է ու չարաշահում է դա և անարդարություններ է թույլ տալիս ու վանում իրենից թույլին, ինձ զայրույթ պատճառում, բայց մի զայրույթ…
Մորաքույլր Մաթիլդա.
-Արյունը…ինչպե՞ս է ասվում…ա՜խ, հա՜, արյունը արյուն է պահանջում: Ես դեռ հիշում եմ, այն ժամանակ երեխա էի, Սերալոտտոյի հայտնի դավադրությունը…ուրեմն, այդ Սերալոտտոն, ով Լիվորնոյում նավատեր էր, չէ՛, սպասի՛ր, խառնեցի…Լիվորնոյից իր զարմիկն էր, նա, ով սպանել էր նրան…Իսկ ինքը բանից էր, էդ…հա՛, Օնելիայից: Ասում էին…
էրմինիա.
-Լա՛վ, հերի՛ք է: Հո չե՞ք ուզում մինչև լույս մնալ այստեղ` պարտեզում, այս անտանելի ցրտին: Համարյա ժամը մեկն է: Շո՛ւտ արա, Կլաուդիո, բա՛ց դուռը:
Դուռը բացեցին, վառեցին լույսը, մտան մեծ նախասրահը, ուր մի շքասանդուղք, որ եզերված էր ասպետական զենք ու զրահ հագած արձաններով, տանում էր վերևի հարկը:
Պատրաստվում էին բարձրանալ, երբ Վիկտորիան, որ ամենավերջում էր մնացել, մի ճիչ արձակեց.
-Ի՜նչ նողկանք: Նայեցե՛ք, ինչքա՜ն շատ ուտճներ են:
Մի անկյունում, խճանկարե հատակին, վխտացող սև շերտ էր երևում: Դուրս պրծնելով մի արկղի տակից` տասնյակ ու տասնյակ միջատներ կանոնավոր շարքերով շարժվում էին դեպի հազիվ տեսանելի մի անցք` հատակի ու պատի միացման տեղում: Այդ արարածների մեջ ակնհայտ նյարդային իրարանցում էր զգացվում: Լույսից ու տանտերերի վերադարձից հանկարծակիի եկած` այդ թափորն արագացնում էր իր ընթացքը:
Մարտորանիները մոտեցան.
-Մեզ միայն ուտիճներն էին պակաս այս ցախատանը,- բողոքեց Վիկտորիան:
-Մեր տանը երբեք ուտիճներ չեն եղել,- առարկեց մայրը:
-Իսկ սրանք ի՞նչ են, թիթեռնիկնե՞ր…
-Պարտեզից անցած կլինեն:
— Անզգա` այդ մեկնաբանությունների հանդեպ, միջատների թափորը շարունակում էր առաջանալ` առանց մասնատվելու կամ խմբվելու, չիմանլով, թե ինչ ճակատագիր է իրենց սասում:
-Ջանդոմենիկո,- ասաց հայրը,- մտի՛ր մառան, այնտեղ պիտի որ միջատասպան սրսկիչ լինի:
— Ինձ թվում է, սրանք ուտիճներ չեն,- ասաց տղան,- ուտիճները շարքերով չեն շարժվում:
-Ճի՛շտ է: Եվ հետո, սրանց մեջքներին գունավոր զոլեր կան…հետո, այդ քթերը…երբեք չեմ տեսել այդպիսի քթերով ուտիճներ:
Վիկտորիա.
-Լա՛վ, մի բան արե՛ք: Հո չե՞ք ուզում, որ տնով մեկ տարածվեն:
Մորաքույր Մաթիլդա.
-Եվ հետո, եթե վեր ելնեն ու մագլցեն մինչև Չիչինոյի օրորոցը…մանչուկների բերանները կաթ են բուրում, իսկ կաթի համից ուտիճների խելքն իրենցը չէ…եթե միայն չեմ շփոթում առնետների հետ…
Էրմինիա.
-Ի սե՛ր Աստծո, նման բաներ մի՛ ասա…այդ խեղճ գանձի բերանիկի վրա, որ քնած է ինչպես հրեշտակ…Կլա՛ուդիո, Ջո՛րջո, Ջանդոմե՛նիկո, ո՞ւմ եք սպասում, ինչու՞ չեք սատկացնում դրանց…
Կլաուդիո.
-Հսակացա: Գիտե՞ս սրանք ինչ են: Ռինկոտներ:
-Ինչե՞ր:
-Ռինկոտներ, հունարեն` ռիս, ռինոս բառերից, այսինքն` կնճիթավոր միջատներ:
Էրմինիա.
-Կնճիթավոր են, թե ոչ, դրանք տանը չպետք է լինեն:
Մորաքույր Մաթիլդա.
-Սակայն, զգո՛ւյշ եղե՛ք, դա դժբախտություն է բերում:
-Ի՞նչը:
Մորաքույր Մաթիլդա.
-Կեսգիշերից հետո կենդանի արարածներ սպանելը:
Էրմինիա.
-Բայց գիտե՞ս մորաքույր, դու անընդհատ կռռում ես…
Կլաուդիո.
-Համարձակ, Ջանդոմենիկո, գնա բե՛ր միջատասպանը:
Ջանդոմնենիկո.
-Ինձ որ մնար, ես սրանց հանգիստ կթողնեի:
Էրմինիա.
-Դու միշտ հակառակն ես անում:
Ջանդոմենիկո.
-Ինքներդ գլուխ հանեք, ես գնում եմ քնելու:
Վիկտորիա.
-Դուք` տղամարդիկդ, միշտ նույն վախկոտներն եք:Դե նայե՛ք, թե ինչպես է դա արվում:
Հանեց կոշիկն ու կռանալով` մի շեղակի հարված հասցրեց ուտիճների թափորին: Մի ճթթոց լսվեց, ասես` պղպջակ պայթեց: Ու երեք-չորս միջատներից մնացին միայն մուգ ու կարմիր բծեր:
Նրա օրինակը վարակիչ եղավ: Բացի Ջանդոմենիկոյից, ով իր սենյակն էր բարձրացել ու մորաքույր Մաթիլդայից, որ գլուխն էր օրորում, մնացածները ևս անցան գործի, Կլաուդիոն` կոշիկների կրունկներով, էրմինիան` միջատասպանով, Ջորջո Միրոլլոն` կրակխառնիչով:
Բայց ամենագրգռվածը Վիկտորիան էր.
-Հլա նայի՛ր այս զզվելի արարածներին ինչպես են ճողոպրում… ես ձեզ հիմա ցո՛ւյց կտամ վերաբնակեցում…Ջո՛րջո, տեղաշարժի՛ր արկղը, դրա տակ պիտի լինի դրանց հիմնական կուտակումը…թը՛խկ, թը՛խ…ա՛ռ քեզ: Հը՛, սատկեցի՞ր…հապա սրա՛ն նայիր, ուզում էր թաքնվել սեղանի ոտքի տակ, իրեն ճարպիկի տեղ է դրել: Հապա դո՛ւրս արի, դո՛ւրս, թը՛խկ…քո հարցն էլ լուծեցինք:
Իսկ այս պստի՜կը…տոտիկներն է վեր հանել, ընդվզում է,…ամենափոքր միջատն է սրանց միջից, ասես` նորածին, բայց վազում է մյուսներից ոչ վատ:
Իսկապես, միջատը եռանդորեն վազում էր դեպի երիտասարդ օրիորդը` չվախենալով նրա մահացու հարվածներից: Հայտնվելով հենց նրա տակ, հայտնի չէ, թե ինչպես, հարձակողական դիրքով ուղղորդել էր իր ետևի տոտիկները: Իսկ կտուցանման քթից արձակեց հազիվ լսելի, բայց բավական զայրագին մի ծվծոց:
-Վը՜խկ, զզվա՜նք: Ու դեռ ձայնե՞ր ես արձակում…կուզենայիր կծել ինձ, չէ՞, պստիկ աղտեղություն…Թը՛խկ…կերա՞ր: Ա՜, դիմադրու՞մ ես: Դե հիմա քայլի՛ր, թեև փորոտիքդ դուրս եմ թափել…Ա՛ռ քեզ, էլի՛: Թը՛խկ, թը՛խկ…ու դրան ճզմեց հատակին:
Այդժամ մորաքույր Մաթիլդան հարցրերց.
— Այդ ո՞վ է վերևում:
-Այսինք՞ն:
-Վերևում խոսում են, չե՞ք լսում:
-Ո՞վ կարող է խոսել: Վերևում միայն Ջանդոմենիկոն ու մանչուկն են:
-Բայց և այնպես, դրանք ձայներ են,- պնդում էր մորաքույր Մաթիլդան:
Բոլորը նորից ականջ դրեցին, մինչդեռ այն փոքրաթիվ միջատները,որ ողջ էին մնացել, մի կերպ փորձում էին հասնել ամենամոտ թաքստոցներին:
Իսկապես, ինչ-որ մեկը խոսում էր վերևի հյուրասրահում: Դա խուլ ու բարիտոնային ձայն էր: Հաստատ Ջանդոմենիկոյի ձայնը չէր, ոչ էլ`մանչուկի լացը:
-Սուրբ Տիրամա՜յր, գողե՜ր են,- տնքած տիկին Էրմինիան:
Միրոլոն հարցերց աներոջը.
-Ատրճանակ ունե՞ս:
-Այնտե՛ղ, այնտե՛ղ, առաջին դարակում…
Հիմա, բարիտոնային ձայնի հետ միասին արդեն լսվում էր մեկ ուրիշ ձայն ևս` բարակ, ծղրտացող:
Շունչները պահած` Մարտորանիները նայում էին վերևի հյուրասենյակի կողմը, ուր նախասրահի լույսերը չէին կարող կարող հասնել:
-Ինչ-որ բան կա, որ շարժվում է,- շշնջաց տիկին Էրմինիան:
-Ո՞վ կա այդտեղ,- փորձեց գոռալ Կլաուդիոն` սիրտ առնելով, բայց բերանից միայն մի ծիծաղարժ խռխռոց լսվեց:
-Արա՛գ, գնա՛ լույսը վառի՛ր աստիճանների վրա,- ասաց նրան կինը:
-Ինքդ գնա՛:
Մեկ, հետո երկու, հետո երեք սևավուն ստվերներ սսկեցին իջնել աստիճաններից:
Հասկանալի չէր, թե ովքեր էին, նման էին սև պարկերի` երկարավուն ու երերացող, ու խոսում էին իրար հետ:
Ու հիմա բառերը հասկացվում էին:
-Ասա՛, թանկագինս,- ասում էր բարիտոնային ձայնը` զվարթ, իսկական բոլոնյան խոսվածքով,- քո կարծիքով սրանք կապիկնե՞ր են:
-Փոքրիկ, անճոռնի, անիծյալ կապիկներ,- հաստատեց նրա խոսակցուհին, ու նրա առոգանությունը մատնում էր իր օտարերկրացի լինելը:
-Այդպիսի քթերո՞վ,- ասաց մյուսը գռեհիկ քմծիծաղով: Երբևէ նման քթերով կապիկներ տեսած կա՞ս:
-Դե՛, շարժվե՛ք,- կարգադրեց կանացի ձայնը,- եթե ոչ, այդ արարածները կփախչեն…
-Չէ՛, չե՛ն փախչի, գա՛նձս: Մյուս սենյակներում իմ եղբայրներն են: Ոմանք նաև պարտեզում են պահակություն անում:
, Թը՛կ, թը՛կե, ասես` անթացուպերի ձայներ աստիճանների վրա: Ի վերջո ինչ-որ բան դուրս ելավ ստվերի միջից` լուսավորվելով նախասրահի լույսերով: Մի տեսակ կոշտ, մոտ մեկ մետր ու կես երկարությամբ կնճիթի նման մի բան, սև լաքով պատված….այնուհետև մի հարթ ու հոծ մարմին` սնդուկի չափեր ունեցող, որ երերում էր խոխովակաձև թաթերի վրա: Նրա կողքին` մի երկրորդ հրեշ, ավելի փոքր չափերի: Իսկ ետևից գալիս էին մյուսները` փայլող զրահներով: Դրանք միջատներ էին` ուտիճներ կամ ռինկոտներ, և կամ`անհայտ տեսակի, որոնց քիչ առաջ ճզմել էին Մարտորանիները: Բայց հիմա դրանք զարհուրելիորեն ահագնացել էին և օժտվել ինչ-որ դիվական ուժով:
Զարհուրած` Մարտորանիները սկսեցին ետ-ետ գնալ: Բայց անթացուպերի մի սարսափազդու թըկթըկոց էր գալիս կից սենյակներից ու պարտեզից:
Միրոլլոն վեր հանեց դողդողացող ձեռքը` ցույց տալով ատրճանակը.
-Կրա…կրա…,-կմկմաց աները: Ուզում էր ասել” կրակի՛ր, կրակի՛ր”, բայց լեզուն կապ էր ընկել:
Մի կարկոց լսվեց:
-Ա՜խ, սե՛ր իմ, -ասաց առաջին հրեշը` բոլոնյան առոգանությամբ,- մի՞թե ծիծաղելի չեն սրանք:
-Հապա այս տակա՜նքը,- ճղճղաց էգ հրեշը` դառնալով Վիկտորիային,- ուզում ես թաքնվել սեղանի տա՞կ, հա՞, խորամանկ…քիչ առաջ կոշիկով հարվածներ էիր տեղում: Քեզ հաճելի՞ էր տեսնել, չէ՞, թե ինչպես էինք ճզմվում: Իսկ անարդարությունները, ճի՛շտ է, քեզ զայրույթ էին պատճառում, մի զայրույթ, որ…
Դու՛րս այստեղից, դո՛ւրս, կեղտոտ տակա՛նք, հիմա հաշիվդ կմաքրեմ:
Բռնեց երիտաարդ կնոջ ոտքից, նրան քարշ տվեց թաքստոցից դուրս ու իր կտուցով սեղմեց նրան ամբողջ ուժով:
Քաշը երկու ցենտներից պակաս չէր լինի:

Աղբյուրը՝ lit-bridge.com

Թարգմանությունը իտալերենից՝ Գառնիկ Մելքոնյան

Դինո Բուցատի | Ակն ընդ ական Դինո Բուցատի | Ակն ընդ ական Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 18, 2022 Rating: 5
Технологии Blogger.