![]() |
Դինո Բուցատի |
-Գրո ՛ղը տանի, այս ի՞նչ են երգում իմ զինվորները, -հարցրեց նա:
Պալատի մոտով, Թագադրության հրապարակի վրա, իսկապես զորքեր էին անցնում` ուղղվելով դեպի սահման, անցնում էին՝ գումարտակը գումարտակի ետևից, ու քայլելով՝ զինվորները երգում էին: Նրանց կյանքը թեթև էր, որովհետև թշնամին արդեն փախուստի էր դիմել, ու այնտեղ` հեռավոր երկրում, նրանց մնում էր լոկ վերցնել հաղթանակի դափնեպսակներն ու փառքով վերադառնալ: Դրա համար էլ արքան ևս, իրեն հիանալի էր զգում ու լի էր վստահությամբ սեփական ուժերի հանդեպ: Էլի մի քիչ, ու ողջ աշխարհը պիտի հպատակվեր իրեն:
-Դա նրանց երգն է, Ձերդ Մեծություն,-պատասխանեց առաջին խորհրդականը, ով նույնպես պատված էր զենք ու զրահով` ըստ պատերազմական ժամանակի կանոնների: Եվ արքան ասաց.
-Բայց մի՞թե ավելի ուրախ բան չունեն երգելու: Չէ՞ որ Շրոդերը իմ բանակի համար հոյակապ օրհներգեր է գրել: Ինքս եմ դրանք լսել: Ա՛յ, դրանք իսկական զինվորական երգեր են:
— Ի՞նչ եք ուզում ձերդ մեծություն, -պատասխանեց ծեր խորհրդականը` սովորականից ավելի կռանալով զենք ու զրահի ծանրության տակ, -զինվորներն էլ երեխաների նման քմահաճույքներ ու տարօրինակություններ ունեն: Եթե անգամ նրանց տանք աշխարհի ամենագեղեցիկ օրհներգերը, միևնույն է, նրանք գերադասելու են իրենց երգը:
-Բայց այդ երգը բնավ էլ մարտականորեն չի հնչում, -առարկեց թագավորը: -Անգամ կարելի է ասել, որ նրանք տխուր են` այդ երգը երգելիս: Իսկ դրա համար, ինձ թվում է, ոչ մի պատճառ չկա:
-Ոչ մի, -հաստատեց խորհրդականը` շողոքորթ ժպիտով, ասես ուզենար ասել, թե թագավորի գործերը շատ հաջող են ինչպես երբեք: -Բայց, հնարավոր է, դա ընդամենը սիրո երգ լինի,ըստ երևույթին, այդտեղ ուրիշ բան չկա….
-Իսկ երգի խոսքերը որո՞նք են, -դարձյալ հարցրեց արքան:
-Ճիշտն ասած, չգիտեմ, -պատասանեց ծեր կոմս Գուստավը, -ես կկարգադրեմ, որպեսզի ինձ զեկուցեն:
Գումարտակնեըը հասնում էին սահմանի մոտ ու ջախջախիչ պարտության մատնում թշնամուն` մեծապես ընդլայնելով թագավորության տարածքը. հաղթանակների համբավը տարածվում էր աշխարհով մեկ, արքայական հեծելազորի (որ ամեն օր ավելի էր հեռանում պալատի արծաթազօծ գմբեթներից) դոփյունը, խլանում էր անծիր հարթավայրերում: Իսկ զինվորական դետքերից` անծանոթ աստղերի ներքո, էլի թևածում էր նույն երգը` ոչ թե ուրախ, այլ տխուր, ոչ թե հաղթական ու մարտական, այլ դառնությամբ լի: Զինվորները սնվում էին գերազանց, կրում էին նուրբ կտորե զինվորական հագուստ, փափուկ հայկական կաշվից երկարաճիտ կոշիկներ, տաք վերարկուներ, իսկ կուշտ ձիերը դյուրությամբ նրանց սլացնում էին մի ճակատամարտից մյուսը, տնից ավելի ու ավելի հեռու, հոգնելով լոկ զավթված թշնամական դրոշների ծանրության տակ: Բայց գեներալներն հարցնում էին.
-Գրո՛ղը տանի, այդ ի ՞ նչ են երգում զինվորները: Մի ՞ թե չեն կարող երգել ավելի ուրախ մի բան:
-Այդպիսին են նրանք բնույթով, ձերդ գերազանցություն, -պատասխանում էին Գլխավոր Շտաբի զգաստ կանգնած սպաները: -Անզուգական տղաներ են, բայց նրանք իրենց տարօրինակությունններն ունեն:
-Այդ տարօրինակությունը զվարճալիներից չէ, -մռայլվելով ասում էին գեներալները: -Աստված իմ, թվում է, հիմա նրանք լաց կլինեն: Բայց ի ՞ նչ է նրանց պակասում: Կարելի է կարծել, թե դժգոհ են:
Բայց հաղթական գնդերի զինվորները, ընդհակառակը, ամեն մեկն առանձին վերցրած, ամեն ինչից գոհ էին: Իսկապես, ուրիշ էլ ի ՞ նչ կարող էին նրանք ցանկանալ: Հաղթանակ հաղթանակի ետևից, հարուստ ավարներ, անընդհատ նոր կանայք` իրենց տրամադրության տակ, հաղթական վերադարձն էլ արդեն սարերի ետևում չէր: Զինվորների պատանեկան դեմքերին, որ ուժ ու առողջություն էին ճառագում, գրված էր, որ թշնամին շուտով պիտի ջնջվի երկրի երեսից:
-Իսկ ո՞րն է երգի տեքստը, -հետաքրքրվելով հարցնում էր գեներալը:
-Տե՞քստը: Տեքստը լրիվ տխմարություն է, -պատասխանում էին գլխավոր շտաբի սպաները` մշտապես զգույշ ու քչախոս, ինչպես որ ընդունված է նրանց մոտ հնուց ի վեր:
—Հա, բայց ի՞նչ է ասվում այդ տողերի մեջ:
-Ճշգրիտ չեմ կարող ասել, ձերդ գերազանցություն, -պատասխանում էր սպաներից մեկը: -Իսկ դու, Դիլեմ, գիտե ՞ ս:
-Այդ երգի բառե՞րը: Ճիշտն ասած`ոչ: Բայց, կապիտան Մարրենն այստեղ է, նա, երևի….
-Ե՞ս… դժվարանում եմ ասել, պարոն գնդապետ, -պատասխանեց Մարրենը: -Սակայն մենք կարող ենք, եթե թույլ կտաք, հարցնել սերժանտ Պետերսին…
-Դե, էս ի՞նչ բան է, արևս վկա…, -բայց գեներալը նախընտրեց չշարունակել:
Ձողի պես ուղղաձիգ սերժանտ Պետերսը, մի քիչ հուզված` սկսեց զեկուցել .
-Առաջին տան մեջ, ձերդ գերազանցություն, ահա թե ինչ է ասվում.
Դաշտերում ու գյուղերում
Հնչեց թմբուկը` բո՛ւմ-բո՛ւմ,
Տարիները թռան-անցան
Վերադարձի ճամփան
Վերադարձի ճամփան
Ընդմիշտ մնաց հեռվում:
Իսկ հետո, գալիս է երկրորդ տունը, որը սկսվում է այսպես. « Մեկ` այստեղով, մեկ` այնտեղով»:
-Ի՞նչ, ի՞նչ, -նորից հարցրեց գեներալը:
— Մեկ` այստեղով, մեկ `այնտեղով, — հենց այդպես, պարոն գեներալ:
-Ի՞նչ է դա նշանակում.«Մեկ` այստեղով, մեկ` այնտեղով»…
-Չեմ կարող ասել, ձերդ գերազանցություն, բայց երգի խոսքերը դրանք են:
-Լավ…իսկ հետո ի՞նչ բառեր են գալիս:
Մեկ` այստեղով, մեկ `այնտեղով,
Մենք գնում ենք առաջ,
Տարիները թռան—անցան:
Այնտեղ, ուր ես թողեցի քեզ,
Այնտեղ, ու ես թողեցի քեզ,
Հիմա խաչ է կանգնած:
Կա նաև երրոդ տունը, բայց այն գրեթե երբեք չեն երգում: Դրանում ասվում է, որ…
-Ո՛չ, ո՛չ, բավակա՛ն է, այդքանը բավական է, -ասաց գեներալը, ու սերժանտը լռեց`որպես իսկական զինվորական` դոփելով կրունկներով:
-Ըստ ինձ, դա այնքան էլ ուրախ երգ չէ, -իր կարծիքն արտահայտեց գեներալը, երբ ենթասպան դուրս ելավ սենյակից: -Ամեն դեպքում, այնքան էլ պատերազմին սազական չէ:
