Անդրեյ Պլատոնով | Փոքրիկ զինվորը

Անդրեյ Պլատոնով
Առաջնագծից ոչ հեռու, ողջ մնացած կայարանի ներսում, կարմիրբանակայինները քաղցր խռմփացնում էին հատակին․ հանգստության երջանկությունը դրոշմված էր նրանց հոգնած դեմքերին:

Երկրորդ գծում հերթապահող տաք շոգեքարշի կաթսայատունը լուռ թշշում էր, ասես միալար, հանգստացնող մի երգ էր լսվում վաղուց լքված տանից: Կայարանի մի անկյունում, որտեղ վառվում էր կերոսինի լամպը, մարդիկ երբեմն հանգստացնող խոսքեր էին շշնջում միմյանց, իսկ հետո լռում էին:

Այնտեղ երկու մայոր էին կանգնած՝ միմյանց նման, ոչ թե արտաքին նշաններով, այլ կնճռոտված, թրծված դեմքերի ընդհանուր բարությամբ․ նրանցից յուրաքանչյուրը բռնել էր տղայի ձեռքը, իսկ երեխան աղաչանքով նայում էր հրամանատարներին: Մայորներից մեկի ձեռքը երեխան չէր թողնում, իսկ հետո դեմքը սեղմեց դրան, ու մյուսի ձեռքից զգուշորեն փորձեց ազատվել: Արտաքինից երեխան մոտ տասը տարեկան էր, բայց հագնված էր ինչպես փորձառու մարտիկը՝ մաշված և մարմնին սեղմված մոխրագույն վերարկուով, գլխարկով և կոշիկներով՝ կարված, ըստ երեւույթին, երեխայի ոտքի չափով: Փոքրիկ, նիհար, հողմածեծ, բայց ոչ հյուծված դեմքը, հարմարեցված և արդեն ընտելացված կյանքին, այժմ դարձրել էր մայորներից մեկին․ երեխայի պայծառ աչքերը հստակորեն մերկացնում էին նրա տխրությունը, ասես դրանք նրա սրտի կենդանի մակերեսն էին. նա թախծում էր, որ բաժանվում է հորից կամ ավագ ընկերոջից, որը, հավանաբար, մայորն էր:

Մյուս մայորը երեխայի ձեռքը քաշեց դեպի իրեն ու շոյեց նրան մխիթարելով, բայց տղան, չփորձելով ձեռքն ազատել, անտարբեր մնաց նրա հանդեպ: Առաջին մայորը նույնպես վշտացավ և շշնջաց երեխային, որ շուտով նրան կտանի իր մոտ, և նրանք կրկին կհանդիպեն անանջատ կյանքի համար, իսկ այժմ իրենք կարճ ժամանակով բաժանվում են: Տղան հավատաց նրան, սակայն ճշմարտությունն ինքնին չէր կարող մխիթարել նրա սիրտը, որ կապված էր միայն մեկ անձի հետ և ցանկանում էր անընդհատ նրա հետ լինել և նրան մոտ, այլ ոչ հեռու: Երեխան արդեն գիտեր, թե որն է հեռավորությունն ու պատերազմի ժամանակը. այնտեղից մարդկանց համար դժվար է վերադառնալ միմյանց, ուստի նա չէր ուզում բաժանվել, և նրա սիրտը չէր կարող մենակ լինել, այն վախենում էր, որ մենակ մնալով կմեռնի: Եվ իր վերջին խնդրանքով ու հույսով տղան նայում էր մայորին, որը պետք է իրեն թողներ անծանոթի մոտ:

-Դե, Սերյոժա, հաջողություն,- ասաց այն մայորը, որին երեխան սիրում էր։ -Դու առանձնապես կռվել մի ջանա, կմեծանաս, այդ ժամանակ․․․ Մի գնա գերմանացու վրա ու պահպանիր քեզ, որ քեզ ողջ ու առողջ գտնեմ։ Դե, դե, պինդ մնա, զինվոր։

Սերյոժան լաց եղավ։ Մայորը նրան բարձրացրեց իր գիրկն ու մի քանի անգամ երեսը համբուրեց։ Հետո մայորը երեխայի հետ դեպի ելքը գնաց, և երկրորդ մայորն էլ հետևեց նրանց՝ ինձ հանձնարարելով հսկել թողած իրերը։

Երեխան վերադարձավ մյուս մայորի գրկում. նա խորթ ու երկչոտ նայեց հրամանատարին, չնայած որ այս մայորը քնքուշ խոսքերով համոզում էր նրան և դեպի իրեն էր գրավում՝ ինչպես որ կարող էր։

Մայորը, որը փոխարինեց հեռացածին, երկար ժամանակ խրատում էր լուռ երեխային, բայց երեխան, հավատարիմ մեկ զգացմունքի և մեկ մարդու, մնում էր անհաղորդ:

Կայարանից ոչ հեռու զենիթային զենքերը սկսեցին խփել: Տղան ուշադիր լսում էր նրանց արձագանքող, մեռած հնչյունները, և նրա հայացքում հուզված հետաքրքրություն հայտվեց:

-Նրանց հետախույզն է գալիս,- ասաց նա կամաց, ասես ինքն իրեն։ -Բարձր է թռչում, զենիթային զենքերը չեն հասնի, կործանիչ է պետք ուղարկել։

-Կուղարկեն,-ասաց մայորը,- այնտեղ մերոնք հսկում են։

Մեզ անհրաժեշտ գնացքը սպասվում էր միայն հաջորդ օրը, և երեքս էլ գիշերակացի գնացինք հանրակացարան: Այնտեղ մայորը կերակրեց երեխային իր ծանր պարկից: «Ինչքան է այս պարկը ինձ հոգնեցրել պատերազմի ընթացքում,- ասաց մայորը, — և որքան երախտապարտ եմ նրան»: Տղան ուտելուց հետո քուն մտավ, և մայոր Բախիչևը պատմեց ինձ նրա ճակատագրի մասին:

Սերգեյ Լաբկովը գնդապետի և ռազմական բժշկի որդին էր։ Հայրն ու մայրը ծառայում էին նույն գնդում, այդ պատճառով իրենց միակ որդուն իրենց մոտ էին վերցրել, որ նա իրենց հետ ապրի ու բանակում մեծանա։ Սերյոժան այժմ տասներորդ տարում էր. նա սրտին մոտ ընդունեց պատերազմը և իր հոր գործը և արդեն իսկապես սկսեց հասկանալ, թե ինչի համար է պատերազմը։ Եվ ահա մի օր նա լսեց, թե ինչպես է հայրը գետնատնակում մի սպայի հետ խոսում և անհանգստանում, որ գերմանացիները հետ քաշվելու ժամանակ անպայման պայթեցնելու են իր գնդի զինամթերքը։ Գունդը նախկինում, իհարկե, շտապով դուրս էր եկել գերմանական շրջափակումից, և գերմանացիներին թողել էր իր զինամթերքի պահեստը, իսկ այժմ գունդը պետք է առաջ գնար և վերադարձներ կորցրած հողն ու դրա վրա թողած իր ունեցվածքը, ինչպես նաև զինամթերքը, որն անհրաժեշտ էր: «Նրանք հավանաբար արդեն լարերն էլ են անցկացրել պահեստը, նրանք գիտեն, որ ստիպված են լինելու հեռանալ»,- ասաց այդ ժամանակ գնդապետը՝ Սերյոժայի հայրը։ Սերգեյը ուշադիր լսեց ու հասկացավ, թե ինչին է մտահոգում հորը։ Տղան գիտեր գնդի տեղը նահանջից առաջ, և նա՝ փոքր, լղար, խորամանկ, գիշերով սողաց դեպի մեր պահեստը, կտրեց պայթուցիկ փակող մետաղալարերը և մի ամբողջ օր այնտեղ հսկեց, որպեսզի գերմանացիները չվերականգնեն վնասը, և եթե շտկեն, ապա կրկին կտրի մետաղալարերը: Հետո գնդապետը այնտեղից դուրս վռնդեց գերմանացիներին, և ամբողջ պահեստը անցավ նրա տիրապետության տակ:

Շուտով այս փոքրիկ տղան ճանապարհ ընկավ դեպի թշնամու թիկունքը, այնտեղ նա նշաններով ճանաչեց, թե որտեղ է գտնվում գնդի կամ գումարտակի հրամանատարական կետը, ինչ-որ հեռավորության վրա շրջեց երեք մարտկոցով, ճշգրիտ հիշեց ամեն ինչ. հիշողությունն, ախր, ոչնչով աղտոտված չէր, և տուն վերադառնալուց հետո ցույց տվեց հորը քարտեզի վրա ինչպես որ կա, ինչը որտեղ է գտնվում: Հայրը մտածեց, որդուն տվեց համհարզին, որ անընդհատ հետևի նրան և կրակ բացեց այդ կետերի ուղղությամբ: Ամեն ինչ ճիշտ ստացվեց, որդին նրան ճիշտ նշանակետեր էր տվել: Ախր, փոքր էր՝ այս Սերյոժան, թշնամին նրան խոտի մեջ շարժվող գետնասկուռ էր կարծել. թող շարժվի, մտածել էր: Իսկ Սերյոժկան, հավանաբար, խոտն էլ չէր շարժում, շունչը պահած էր քայլում:

Համհարզին տղան նույնպես խաբեց, կամ, ինչպես ասում են՝ շեղեց, եթե կարողացավ նրան մի կողմի վրա տանել, և նրանք երկուսով գերմանացի սպանեցին, հայտնի չէ, թե նրանցից ով, բայց դիրքը գտել էր Սերգեյը։

Այդպես էլ ապրում էր նա գնդում հոր ու մոր հետ և մարտիկների։ Մայրը, տեսնելով որդուն այդպիսին, այլևս չկարողացավ հանդուրժել նրա անհարմար վիճակը և որոշեց նրան ուղարկել թիկունք: Բայց Սերգեյն այլևս չէր կարող լքել բանակը, նրա էությունը ներքաշվել էր պատերազմի մեջ: Եվ նա ասում էր այդ մայորին` նրան, որ նոր գնաց, իր հոր տեղակալ Սավելևին, որ ինքը ոչ թե թիկունք գնա, այլ գերության մեջ թաքնվի գերմանացիների մոտ, նրանցից սովորի այն ամենը, ինչ իրեն պետք է, և, երբ մայրը կարոտի իրեն, կրկին վերադառնա զորամաս՝ հոր մոտ: Եվ նա կաներ, թերևս, քանի որ մարտիկի բնավորություն ուներ:

Այդ ժամանակ դժբախտություն պատահեց, և տղային թիկունք ուղարկելու ժամանակ չկար: Նրա հայրը ՝ գնդապետը, ծանր վիրավորվեց, չնայած մարտը, ասում են, թույլ էր, և երկու օր անց նա մահացավ դաշտային հիվանդանոցում: Մայրը նույնպես հիվանդացավ, անշարժացավ․ նա դեռ ավելի շուտ էր հաշմվել երկու բեկորային վնասվածքներից, և ամուսնուց մեկ ամիս անց նա նույնպես մահացավ․ միգուցե դեռ ամուսնուն էր կարոտում… Սերգեյը որբ մնաց։

Մայոր Սավելևը գնդի հրամանատարությունը ստանձնեց, նա տղային տարավ իր մոտ և հիմա նրա համար ինքն էր հոր և մոր փոխարեն, հարազատների փոխարեն, բոլորի փոխարեն: Տղան նույնպես պատասխանեց նրան ամբողջ սրտով:

— Իսկ ես նրանց զորամասից չեմ, այլ ուրիշ։ Բայց Վոլոդյա Սավելևին վաղուց գիտեմ։ Եվ ահա, հանդիպեցինք մենք ճակատի շտաբում։ Վոլոդյային վերապատրաստման դասընթացների էին ուղարկել, իսկ ես այլ գործով էի այնտեղ, իսկ հիմա իմ զորամաս եմ վերադառնում։ Վոլոդյա Սավելևն ասաց ինձ, որ տղային տիրություն անեմ, մնչև կվերադառնա։ Բայց ե՞րբ է Վոլոդյան վերադառնալու, և ուր ե՞ն նրան ուղարկելու։ Դե, դա այնտեղ կերևա։

Մայոր Բախիչևը ննջեց ու քնեց: Սերյոժա Լաբկովը քնի մեջ խռմփացնում էր, ինչպես մեծահասակ, ծեր մարդը, և նրա դեմքը, այժմ հեռանալով վշտից և հիշողություններից, դարձել էր հանգիստ ու անմեղ երջանիկ ՝ ցույց տալով սուրբ մանկության կերպարը, որից նրան հեռացրել էր պատերազմը: Ես նույնպես քուն մտա ՝ օգտվելով ավելորդ ժամանակից, որպեսզի այն անտեղի չկորչի:

Մենք արթնացանք մթնշաղին՝ հունիսի երկար օրվա վերջում: Մենք հիմա երկուսով էինք երեք մահճակալների վրա. ես ու մայոր Բախիչևը, իսկ Սերյոժա Լաբկովը այնտեղ չէր: Մայորը անհանգստացավ, բայց հետո որոշեց, որ տղան կարճ ժամանակով ինչ-որ տեղ է գնացել: Ավելի ուշ մենք նրա հետ գնացինք կայարան և այցելեցինք ռազմական պարետին, բայց պատերազմի թիկունքային բազմամարդության մեջ փոքրիկ զինվորին ոչ ոք չէր նկատել:

Հաջորդ առավոտ նույնպես Սերյոժա Լաբկովը չվերադարձավ մեզ մոտ, և Աստված գիտի, թե ուր գնաց ՝ տանջվելով իր մանկական սրտի զգացմունքից իրեն թողած մարդու հանդեպ. միգուցե հետևեց նրան, միգուցե վերադարձավ իր հոր գունդը, որտեղ նրա հոր և մոր գերեզմաններն էին:

Թարգմանությունը ՝ Համբարձում Համբարձումյանի

Աղբյուրը՝ groghutsav.am

Տես նաև Անդրեյ Պլատոնով Պատմվածքներ

Անդրեյ Պլատոնով | Փոքրիկ զինվորը Անդրեյ Պլատոնով | Փոքրիկ զինվորը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 05, 2022 Rating: 5
Технологии Blogger.