Իտալո Կալվինո | Կատուն և ոստիկանը

Իտալո Կալվինո
Քաղաքում մի որոշ ժամանակ խուզարկություն սկսվեց։ Թաքցրած հրազեն էին փնտրում։ Կաշվե սաղավարտների մեջ ոստիկանների դեմքերը միակերպ էին, մարդկային կերպարանքից զուրկ։ Մեքենաներ նստելուց ոստիկանները սլանում էին բանվորական թաղամասեր` փողոցները լցնելով շչակների չդադարող վժժոցով։ Նրանք շտապում էին որևէ բանվորի կամ բեռնակրի տուն ու միանգամից թափվելով ներս, տակնուվրա անում պահարանի սպիտակեղենը, տեղահան անում նույնիսկ վառարանի խողովակները։ Այդ օրերին ոստիկանական գործակալ Բառավինոյին անասելի տրտմություն էր համակում։

Երկար ժամանակ գործազուրկ մնալուց հետո միայն վերջերս էր նա հավաքագրվել ոստիկանության շարքերը և կարճ ժամանակ անց իմացել այնպիսի գաղտնիք, որ առերևույթ ծպտված էր մնում խաղաղ և աշխատասեր թվացող քաղաքի որմնախորշերում։ Պարզվում է, որ փողոցով ձգվող երկաթբետոնե պատերի ետևում, մեկուսի բակերում, մութ կիսանկուղներում զենք է թաքցված` փայլփլող ու սպառնալից` պատրաստ ամեն րոպե ծովախոզուկի ասեղիկների պես վեր ցցվել։ Խոսք էր գնում գետնի տակ պահված ավտոմատների և փամփուշտների մասին։ Ասում էին նաև, որ ինչ-որ մեկի տան դռների ետևում հրանոթ է թաքցված։

Ինչպես մետաղի հետքերն են տանում դեպի հանքախորշերը, այնպես էլ ներքնակներում, հատակի տակ պահված ատրճանակներն ու հրացանները` դեպի թաքստոցները։ Այդ մարդկանց մեջ գործակալ Բառավինոն կարծես ասեղների վրա լիներ։ Նրան թվում էր, թե ամեն մի կոյուղու, մետաղի ջարդոնի մեջ ինչ-որ անհայտ սպառնալիք կա թաքնված։ Նա հաճախ էր մտածում թաքցված հրանոթի մասին և մտովի պատկերացնում էր նույնիսկ այն տան հյուրասենյակում, որտեղ անց էր կացրել իր մանկությունը, այն սենյակներից մեկում, որ տարիներ ի վեր փականքի տակ էր։ Նա մտովի տեսնում էր այդ հրանոթը՝ թավշե գունաթափ բազմոցների արանքում՝ ժանյակավոր ծածկոցով քողարկված։ Տեսնում էր հրանոթի կավոտ անիվների հետքերը՝ հնամաշ գորգի վրա ու ինչպես նաև՝ դրան կցված հրետասայլը, որ քերծելով դաշնամուրի լաքը, հասնում էր մինչև ջահը։

Մի երեկո ոստիկանները սլացան դեպի բանվորական թաղամասեր և անմիջապես շրջափակեցին բարձրահարկ, խարխլված մի շենք։ Թվում էր, թե շենքը իր վրա էր վերցրել ուժից վեր մի բեռ ներս թողնելով անթիվ-անհամար մարդկանց, որոնք շենքի բոլոր հարկերն ու պատերը այլանդակելով, իրենք էլ շենքի պես վերածվել էին գջլոտ, չեչոտ մարմնի։

Բակում, շենքի երկայնքով շարվել էին աղբի արկղերը, ամեն մի հարկից կախվել էին ժանգոտ, ծռմռված բազրիքներով պատշգամբներ, որտեղ, միմյանց վրայով անցնող լարերին, մաշված, տեղ-տեղ պատառոտված սպիտակեղեն էր կախված։ Պատշգամբի սրահով անցնող պատուհաններն ու դռները ծածկված էին ֆաներայի և տախտակի կտորներով, որոնց վրա աչքի էին զարնում վառարանի խողովակի համար բացված անցքերը։

Յուրաքանչյուր հարկի անկյունում, մեկը մյուսի վրա կուչ եկած` որպես քարուքանդ աշտարակներ` ցցվել էին կիսով չափ պոկված տախտակներով պետքարանների պատերը։ Դրանք հարկ առ հարկ, իրար վրա կուտակված բարձրանում էին մինչև վերջ և ընդհատվում միայն բաց վերնասրահներով, որտեղից փչում էր խոհանոցի ճենճահոտը և լսվում կարի մեքենաների ճարճատյունները։

Վերևում, ջրհորդանից այլանդակված երկաթե վանդակներով ձեղուններ էին, իսկ ամենավերջին հարկում` հնոցի պես խորաբաց մրակալած ձեղնանցքն էր։

Ամբողջ շենքով մեկ` նկուղից մինչև ձեղուն, ձգվում էր սևաթույր երակի պես տարբեր կողմեր տարածվող անհամար թելերով ու պարաններով աստիճանների մի լաբիրինթոս։ Աստիճանների ամենաանսպասելի տեղերում երևում էին բազրիքավոր լայն սրահներ և բնակարանների դռներ։ Իրենց սապոգների չարագուշակ դոփյունը մեղմացնելու զուր ճիգեր գործադրելով, ոստիկանները շարան-շարան պտտվում էին այդ լաբիրինթոսում` փորձելով կարդալ դռների վրա խզբզված կենվորների անունները։ Ոստիկանները անցնում էին վժլտուն սրահներով, որտեղից երբեմն-երբեմն դուրս էին ցցվում երեխաների կամ կանանց գզգզված գլուխները։

Բառավինոն, ռոբոտի իր սաղավարտով, որ ստվերել էր նրա ծավի աչքերը, ուր բուն էր դրել տառապալից անհանգստությունը, ամենևին չէր տարբերվում մյուս ոստիկաններից։ Նրան ասել էին, որ այդ շենքում թաքնված են ոստիկանների, ինչպես նաև օրինավոր քաղաքացիների թշնամիները։ Եվ ոստիկան Բառավինոն երկչոտ հայացքով էր նայում բնակարանների կիսաբաց դռներից ներս, մտածելով, որ ամեն մի պահարանի, դռան ետևում մահաբեր զենք կարող է թաքցված լինել։ Եթե այդպես չէ, հապա ինչո՞ւ են այս կանայք ու տղամարդիկ տագնապահույզ անհանգստությամբ նայում իրեն։ Եթե կենվորներից որևէ մեկը թշնամի է, ապա մյուսները ինչո՞ւ չեն կարող թշնամի լինել։ Պատերի ետևից, աղբատար խողովակներով, թնդյունով աղբ թափվեց... Իսկ գուցե դա ամենևին էլ աղբ չէ, այլ զե՞նք, որից փորձում են ազատվել։

Ոստիկանները ներխուժեցին ներքևի հարկի սենյակներից մեկը, ուր քառակուսի մոմլաթով ծածկված սեղանի շուրջ մի ընտանիք էր ընթրում։ Ոստիկանների ներս մտնելուց երեխաները լաց եղան։ Այդ լացին անհաղորդ էր միայն հոր գրկին նստած փոքրիկը, որը սևուկ աչիկները ոստիկաններին թշնամաբար հառած, հանգիստ ուտում էր։

— Հրամայված է բնակարանը խուզարկել,— ասաց սերժանտը զգաստ դիրք ընդունելով, որից կրծքի վրայի բազմագույն քուղերը ցատկոտեցին։

— Օ՜, տիրամայր, այն էլ մեզ մոտ` աղքատներիս, որ ամբողջ կյանքում ապրել ենք ազնվորեն,— բացականչեց տարիքով մի կին` ձեռքերը կրծքին խաչած։ Ընտանիքի հայրը շարունակում էր կերակրել փոքրիկին։ Դա շիտակ, մազակալած դեմքով տղամարդ էր, մեն-մի շապկով։ Նախ, շեղակի, կարելի է ասել նույնիսկ հեգնանքով, նայեց ոստիկաններին, հետո ուսերը թոթվելով շարունակեց զբաղվել երեխայով։

Սենյակում այնքան ոստիկաններ կային, որ շարժվելու տեղ չկար, իսկ սերժանտն էլ իր հրամաններով դրությունը կարգավորելու փոխարեն, ավելի էր խանգարում։ Բառավինոն սարսափով էր նայում ամեն մի կարասուն և իրին։ Այս շապկանց մարդը թշնամի է, եթե մինչև հիմա թշնամի չի եղել, ապա, տեսնելով, թե ինչպես են դեսուզդեն գցում պահարանի գզրոցները, տակնուվրա անում տունը, պատերից պոկում մահացած հարազատների ու տիրամոր նկարները, ընդմիշտ կդառնա թշնամի։ Եվ քանի որ նա թշնամի է, ուրեմն այս տունը իր խարդավանքով ծուղակ է իրենը համար։ Շատ հնարավոր է, որ կոմոդի գզրոցներում կարող են թաքցված լինել սարքին վիճակում պատրաստի ավտոմատներ, իսկ սպասքի պահարանի դուռը բացելիս կրծքիդ դեմ կառնեն հրացանների սվինները, կապիչների վրա, զգեստների տակ գնդացրային ժապավենի ոսկեգույն փամփուշտներ կախված լինեն, իսկ յուրաքանչյուր կաթսայում թաքցված նռնակներ։

Բառավինոն գործի դրեց իր երկար ու ջղուտ ձեռքերը։ Արկղերից մեկում ինչ-որ բան զրնգաց։ Դաշո՞ւյն է։ Ո՛չ, ճաշի սպասք էր։ Դպրոցական մի պայուսակ շրմփոցով ներքև ընկավ։ Ռո՞ւմբ է մեջը։ Ո՛չ, գրքեր էին։ Ննջասենյակը այնպես էր խճողված, որ անհնար էր ներս մտնել։ Ներսում երկու սովորական և երեք ծալովի մահճակալներ կային, իսկ գետնին երկու ներքնակ էր ընկած։ Մահճակալներից մեկի վրա մի տղա էր պառկած։ Ատամներն էին ցավում։ Ներս մտնող ոստիկաններին տեսնելով, տղան սկսեց լաց լինել։ Բառավինոն ցանկացավ մոտենալ նրան և հանգստացնել... Իսկ եթե նա քողարկված զինապահեստի վրա ժամապա՞հ է նշանակված... Ո՞վ գիտե, գուցե մահճակալների տակ հրետասայլի սանդեր են թաքցված։

Երկար դեսուդեն ընկնելուց հետո նա փորձեց բացել դուռը, բայց այն դիմադրում էր։ Միգուցե հրանո՞թ կա այնտեղ։ Մի պահ այդ նույնը պատկերացրեց իր մանկությունն անցկացրած սենյակում, միևնույն ժամանակ երևակայելով հրանոթի փողի միջից դուրս ցցված արհեստական վարդերի մի փունջ, վահանակից ժանյակավոր անձեռոցիկ կախված և կավե արձանիկներ։ Վերջապես դուռը տեղի տվեց։ Պարզվեց, որ դա ոչ թե սեղանատուն է, այլ խորդանոց, ուր իրար վրա էին կուտակված խարխուլ աթոռներ, արկղեր և այլ անպետք իրեր։ Եսկ եթե արկղի մեջ դինամի՞տ է... Սենյակի հատակին Բառավինոն անիվի հետքեր գտավ և այդ հետքով առաջ գնաց։ Անիվներին դրած ինչ-որ բան էին դուրս բերել սենյակից և տարել միջանցքով։ Անիվները եռանդուն պտտելով մի պապիկ շտապում էր ինչ-որ տեղ։ Ինչո՞՚ւ է նա այդպես շտապում։ Գուցե ծերունու ծնկներին փռված շալի տակ կացի՞ն է պահված, կմոտենաս նրան, և նա մի հարվածով երկու կես կանի գլուխդ։ Ո՛չ, ծերունին զուգարան մտավ։ Երևի որևէ բան կա թաքցված այնտեղ։ Բառավինոն նետվեց նրա ետևից։ Արտաքնոցի դուռը լայնորեն բացվեց և դուրս եկավ կարմիր ժապավենով մի աղջիկ` կատուն կրծքին սեղմած։

Բառավինոն հիշեց, տեղեկություն կորզելու նպատակով պետք է բարեկամություն հաստատել երեխաների հետ։

— Փիսիկ, փիսիկ,— ասաց Բառավինոն և ձեռքը երկարեց, որպեսզի շոյի կատվին, բայց վերջինս խույս տվեց ոստիկանից և մի կողմ փախավ։ Դա մի լղարիկ կարճ մազերով կատու էր։ Նա ցույց տվեց ատամները և շան պես ցատկոտելով, փախավ։

— Փիսիկ, փիսիկ,— շարունակում էր կանչել Բառավինոն` փորձելով մոտենալ և շոյել կատվին` կարծես նրա միակ խնդիրը կատվի հետ մտերմություն հաստատելն էր: Բայց կատուն շարունակ փախչում էր նրանից։ Երբեմն-երբեմն ետ էր նայում և փայլեցնում կանաչ, չարացած աչքերը։

Բառավինոն «փիսիկ, փիսիկ, փիսիկ» կանչելով ընկավ կատվի ետևից։ Մտավ մի սենյակ, ուր երկու աղջիկ կարի մեքենայի վրա կռացած կար էին անում։ Հատակին շորի կտորտանքներ էին թափված։

— Այստեղ զենք կա՞,— հարցրեց նա'` ոտքով դեսուդեն նետելով լաթի կտորտանքները։ Աղջիկները ծիծաղեցին։ Բառավինոն արագ դուրս եկավ սենյակից և շտապեց ներքև։ Կատուն երբեմն նստում և կարծես սպասում էր նրան, բայց բավական էր Բառավինոն մոտենար, կատուն, պո՜ւկ ծլկում էր։

Բառավինոն դուրս եկավ մեկ ուրիշ սրահ։ Դիմացի ճանապարհը փակված էր անիվները վեր տնկած հեծանիվով։ Արտահագուստով մի կարճահասակ մարդ հեծանիվի անվադողի անցքն էր փորձում գտնել։ Կողքին ջրով լի տաշտ էր դրված։ Կատուն արդեն հասել էր սրահի ծայրը։

— Թույլ տվեք անցնեմ,— ասաց Բառավինոն։

— Ահա գտա,— բացականչեց մարդը'` առաջարկելով Բառավինոյին նայել անվադողից դուրս եկող օդի պղպջակներին։

— Կարելի՞ է անցնել,— կրկնեց Բառավինոն։

Ւսկ եթե դա կանխամտածված է իրեն այստեղ պահելու և բազրիքից ցած նետելու համա՞ր։ Մտավ մեկ ուրիշ սենյակ։ Ծալովի մահճակալից բացի` ուրիշ ուչինչ չկար։ Մի երիտասարդ, մինչև գոտկատեղը մերկ, ձեռքերը գանգրահեր գլխի տակ դրած ծխում էր։ Բառավինոյին կասկածելի թվաց այդ դիրքը:

— Ներեցե՛ք, այստեղ կատուն մտա՞վ,— հարցրեց նա։ Հիանալի պատրվակ էր մահճակալի տակ նայելու համար։ Ձեռքը մտցրեց այնտեղ։ Ւնչ-որ մեկը կտցեց ձեռքը, ոստիկանը անմիջապես ետ քաշեց ձեռքը։ Մահճակալի տակից դուրս թռավ մի հավ։ Տես է, չնայած իշխանությունների արգելքներին` տանը հավ են պահում։ Կիսամերկ երիտասարդը նույնիսկ աչքը չթարթեց` անվրդով տեսքով շարունակում էր ծխել։

Աստիճանների մոտով անցնելիս ոստիկանը մտավ մի ակնոցավոր գլխարկագործի արհեստանոցը։

— Խուզարկություն... հրամայված է...— ասաց Բառավինոն, և նույն պահին գլխարկների մի հեղեղ շուռ եկավ գետնին։ Ամեն տեսակ գլխարկներ կային` լոբիա[1], ծղոտե գլխարկ, շլյապա, ցիլինդր։ Այդ պահին կատուն դուրս նետվեց վարագույրի արանքից և, թաթիկներով մի քանի անգամ խաղալով գլխարկների հետ` դուրս փախավ։ Բառավինոն երկմտանքի մեջ էր. չգիտեր զայրանար կատվի վրա, թե՞ մտերմանար նրա հետ։

Բառավինոն առաջ գնաց։ Խոհանոցներից մեկում, հենց սենյակի մեջտեղում նստել էր փոստատարի գլխարկով մի ծերունի, որը անդրավարտիքի փողքերը մինչև ծնկները ծալած, տաշտի մեջ ոտքերն էր լվանում։ Տեսնելով ոստիկանին, նա քմծիծաղ տվեց և դեմքը դարձրեց դեպի կողքի սենյակը։ Բառավինոն անմիջապես գլուխը խոթեց սենյակից ներս։

— Օգնեցե՜ք,— լսվեց շատ գեր մի կնոջ ճղճղոցը։ Նա ամբողջովին մերկ էր։

— Կներեք,— ամոթխածորեն քրթմնջաց Բառավինոն։ Ծերունին ծիծաղից թուլացավ։ Բառավինոն անցավ խոհանոցից և դուրս եկավ մեկ այլ սրահ, որ լի էր չորացող սպիտակեղենով։ նՆա խճճվեց սպիտակ սավանների նրբանցքների և խաչմերուկների լաբիրինթոսում։ Կատուն մեկ հայտնվում էր, մեկ` անհետանում սավանների արանքում։ Բառավինոն սարսափեց։ Գուցե այդ սավանների մեջ խճճվելով, կտրվել է գործընկերներից։ Արդյոք կկարողանա՞ դուրս գալ այս բանտից։ Իսկ եթե ընկերները դուրս են եկել և իրեն պատանդ թողել արդարացիորեն իրենց վրա զայրացած մարդկանց մե՞ջ։ Չէ՜, վերջապես նա գտավ ելքը և դուրս եկավ բազրիք:

Ներքևում մթին էր տալիս բակի ջրհորը։ Մետաղյա բազրիքով սրահներում արդեն վառվում էին լույսերը։ Չգիտես` թեթևացած, թե վախով, ինքն էլ չհասկանալով, Բառավինոն տեսավ պատշգամբի երկայնքով կուտակված ոստիկանների, լսեց կարճ ու հատու հրահանգներ, վախեցած ճիչեր, ընդդիմացող բացականչություններ։

Կատուն նրանց մոտ նստած, անտարբեր պոչը թափահարելով, ներքև էր նայում։ Բառավինոյի շարժվելուն պես նա աստիճաններով ներքև նետվեց և անհետացավ ձեղնանցքի ետևում։ Ձեղնահարկը դատարկ էր։ Շենքերի վրա կախվել էր լուսինը։ Բառավինոն հանեց սաղավարտը, և դեմքն անմիջապես մարդկային կերպարանք ստացավ` շիկահեր պատանյակի տեսք։

— Ոչ մի քայլ առաջ,— հրամայեց ինչ-որ ձայն,— դուք իմ նշանառության տակ ևք։

Դեպի լայն պատուհանները տանող աստիճանի վրա, երկար մազերը ուսերին թափած, մի աղջնակ էր պպզել։ Մետաքսե երկար գուլպաներ կային ոտքերին։ Առանց կոշիկի էր։

Վերջալույսի շողերի տակ, խռպոտած ձայնով, բառերը վանկարկելով, նա խոշոր տառերով մի պատկերազարդ ամսագիր էր կարդում։

— Ատրճանա՞կ,— բացականչեց Բառավինոն և անմիջապես բռնեց աղջկա դաստակից` փորձելով բացել բռունցքը։

Աղջիկը տեղից չշարժվեց։ Այդ պահին ցից-ցից մազերով գորշ կատուն ցատկեց ուղիղ ոստիկանի վրա։ Բառավինոն գյխի ընկավ, որ դա կատակ է։ Կատուն ցատկեց տանիքը։ Բառավինոն կռացավ ներքև և տեսավ հսկա քաղաքի լույսերը։ Գործարանային պատերի մոտ վեր էին խոյանում ուղղանկյուն երկաթե կառույցներ, իսկ սև խողովակներից դեպի երկինք էին ձգվում ծխի երկարաձիգ քուլաներ։

«Մարգարիտներս եք ցանկանո՞ւմ, սըր Էնրիկո»,— համառորեն շարունակում էր կարդալ աղջիկը։ «Ոչ, քեզ եմ ցանկանում, Մերի»։

Անսպասելի քամի բարձրացավ։ Բառավինոն ներքև նայեց և մեկ անգամ ևս տեսավ ցեմենտի ու երկաթբետոնի անծայրածիր հեռուները։ Հազարավոր որմերից սպառնալից վեր էին ցցվել խոզուկի ցից-ցից ասեղիկներ։ Այժմ Բառավինոն մեն-մենակ էր թշնամու թիկունքում։

«Մեծամեծ հարստություններ ունեմ, շքեղափայլ դղյակ, սպասավորներ, սրանից բացի էլ ի՞նչ է պետք կյանքում,— կարդում էր աղջիկը։ Նրա սև մազերը թափվել էին ամսագրի վրա, որի էջերից երևում էին գալարվող կանայք, լայնաժպիտ տղամարդիկ։

Բառավինոն լսեց սուլիչների զիլ, բեկբեկուն շվշվոցներ և շարժիչների հռնդյուն։ Ոստիկանները վերջացրել էին խուզարկությունը և պատրաստվում էին հեռանալ։ Այդ պահին Բառավինոն տենչաց փախչել այդտեղից, փախչել ինչ-որ տեղ, ամպերից վեր և իր ատրճանակը խոր թաղել երկրի ընդերքում փորված մեծ, շատ մեծ մի խոռոչում։

Թարգմանությունը իտալերենից՝ Մերուժան Հակոբյանի

Տես նաև Իտալո Կալվինո Պատմվածքներ

Իտալո Կալվինո | Կատուն և ոստիկանը Իտալո Կալվինո | Կատուն և ոստիկանը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 07, 2022 Rating: 5
Технологии Blogger.