Էսքիլոս | Օրեստիա | համառոտ



Էսքիլոսի՝ պահպանված միակ եռերգությունն է: «Օրեստիայի» կազմի մեջ մտել է նաև «Պրոտևս» սատիրական դրաման, որը չի պահպանվել: Բեմադրվել է Ք. ա. 458 թվականին:

Ագամեմնոն
Ագամեմնոն արքայի ապարանքն Արգոսում: Տանիքին պառկած պահակը սպասում է նշանին, որը պիտի տեղեկացնի Տրոյայի անկման, հույների հաղթանակի մասին: Դա նրան է պատվիրել Ագամեմնոնի կինը՝ Կլիտեմնեստրան, որ նախապես ուզում է իմանալ ամուսնու վերադարձի մասին: Գիշերվա խավարում շողում է կրակը և պահակը շտապում է լուրը հասցնել Կլիտեմնեստրային:
Երգչախումբը հիշում է հույների արշավանքի սկիզբը, հաղթանակի կանխանշանը, որը նաև մոտալուտ չարիք էր խոստանում: Ավլիսում Ագամեմնոնը ստիպված էր Արտեմիսին զոհաբերել իր դուստր Իփիգենիային, որպեսզի դադարեր հույների նավարկությանը խանգարող հողմը:
Կլիտեմնեստրան, որ պալատից դուրս գալով զոհեր է մատուցել աստվածներին, մոտենում է երգչախմբին և հայտնում նորությունը. Տրոյան գրավված է: Երգչախումբը թերահավատորեն է լսում նրա խոսքը: Բանբերը հաստատում է լուրը: Մարտակառքով գալիս է Ագամեմնոնը, որի գերիների թվում է գուշակուհի Կասսանդրան: Երգչախումբը ողջունում է նրան և ակնարկություն անում ոմանց  անպատշաճ վարքի մասին: Ագամեմնոնը աստվածներին ուղղված ողջույնի և շնորհավորական խոսքերից հետո խոստանում է վերացնել իր քաղաքի «ախտերը»: Կլիտեմնեստրան դուրս է գալիս դղյակից և նենգ խոսքերով դիմավորում Ագամեմնոնին: Երգչախումբը տագնապալի նախազգուշացումներով սպասում է դեպքերի հետագա ընթացքին: Կասսանդրան մոլուցքի մեջ գուշակություններ է անում, հայտնում է Ագամեմնոնի մոտալուտ սպանության մասին: Քիչ անց ինքն է գնում մահվանն ընդառաջ          
Պալատից լսվում է մահացու վիրավոր Ագամեմնոնի ձայնը: Դռները բացվում են, և երևում են Ագամեմնոնի և Կասսանդրայի դիակները: Դուրս է գալիս արյամբ ցողված Կլիտեմնեստրան և պարծենում իր ոճրագործությամբ: Երգչախումբը դատապարտում է նրան և սպառնում է արտաքսմամբ: Կլիտեմնեստրան որպես արդարացում նշում է Իփիգենիայի զոհաբերությունը: Հայտնվում է Կլիտեմնեստրայի սիրեկան Էգիսթոսը: Նա գոհություն է հայտնում աստվածներին և հայտարարում է, որ ինքն է նյութել Ագամեմնոնի սպանությունը: Զայրացած երգչախմբի և Էգիսթոսի միջև քիչ է մնում կռիվ ծագի, բայց Կլիտեմնեստրան կանխում է այն և երգչախմբին մնում է միայն Էգիսթոսին սպառնալ Ագամեմնոնի որդու՝ Օրեստեսի վրեժով: Կլիտեմնեստրան հանգստացնում է Էգիսթոսին և տանում պալատ:

Քոեփորներ
Փոկիսից Արգոս եկած Օրեստեսն ու Պիլադեսը մոտենում են Ագամեմնոնի գերեզմանին: Օրեստեսն ընդունված սովորությամբ իր մազափունջը դնում է հոր շիրիմին: Գալիս է Օրեստեսի քույրը՝ Էլեկտրան՝ կանանց երգչախմբի ուղեկցությամբ: Օրեստեսն ու Պիլադեսը թաքնվում են:
Կանայք մոտենում են գերեզմանին: Նրանց ուղարկել է Կլիտեմնեստրան՝ Ագամեմնոնի դամբանին հեղում կատարելու: Կլիտեմնեստրան չար երազ է տեսել և հույս ունի ընծայով մեղմել սպանված ամուսնու ոխը: Ծեսը կատարելիս Էլեկտրան նկատում է շիրիմին դրված մազափունջը, որ շատ նման է իր մազերին: Հասկանում է, որ դա կարող է պատկանել միայն Օրեստեսին: Աղոթում է աստվածներին: Օրեստեսը դուրս է գալիս թաքստոցից և հայտնում է քրոջը Ապոլլոնի պատգամը. որդի պետք է լուծի հոր սպանության վրեժը, այլապես չարաչար կպատժվի: Էլեկտրան և Օրեստեսը աղերս են ուղղում հոր շիրիմին, օգնություն խնդրում նրանից, որից հետո վրիժառու որդին հայտնում է գործողությունների իր ծրագիրը:
Հաջորդ տեսարանում օտարականի հագուստներ հագած Օրեստեսն ու Պիլադեսը բախում են ապարանքի դուռը: Կլիտեմնեստրան չի ճանաչում որդուն: Վերջինս հայտնում է, թե իբր Ստրոփիոսից բերել է Օրեստեսի մահվան լուրը: Ներքուստ ուրախանալով՝ Կլիտեմնեստրան հյուրընկալում է ճամփորդներին: Շուտով գալիս է Էգիսթոսը (դայակը երգչախմբի խորհրդով նրան չէր հայտնել Կլիտեմնեստրայի պատվերը՝ գալ զինված թիկնախմբով): Մինչ երգչախումբն աղոթում է Օրեստեսի հաջողության համար, պալատից լսվում է մահացու խոցված Էգիսթոսի ճիչը: Լսելով աղմուկը՝  Կլիտեմնեստրան դուրս է գալիս և հասկանում է կատարվածը: Նրան է մոտենում Օրեստեսը և մի պահ վարանում է խոցել մորը: Սակայն երբ Պիլադեսը հիշեցնում է Ապոլլոնի հրամանը, Օրեստեսի ձեռքը այլևս չի դողում. նա  Կլիտեմնեստրային տանում է պալատ՝ Էգիսթոսի կողքին սպանելու:
Վերջին տեսարանում պալատի բաց դռնից երևում են Էգիսթոսի ու Կլիտեմնեստրայի դիակները: Ելնում է Օրեստեսը, վկա է կանչում Արգոսի ժողովրդին, որ ինքն արդարաբար է մեղանչել և պատրաստվում է Արգոսից գնալ Դելփիք՝ Ապոլլոնի տաճարում մաքրագործվելու:
Հանկարծ, մյուսներին անտեսանելի, նրա աչքին երևում են Կլիտեմնեստրայի վրիժառուները՝ Էրինիսները: Օրեստեսը սարսափահար փախչում է. ելքը մեկն է՝ պաշտպանություն փնտրել Ապոլլոնի սրբավայրում:

Եվմենիդներ
Ապոլլոնի սրբավայրը Դելփիքում: Գալիս է գուշակուհի Պյութիան: Աղոթքից հետո մտնում է տաճար, որ ներկա հույներին հայտնի աստծու պատգամները: Հանկարծ տաճարից սարսափահար դուրս է թռչում: Ներսում տեսել է խնդրարկու Օրեստեսին և նրա շուրջը մրափած էրինիսներին: Օրեստեսին այցելում են Ապոլլոնն ու Հերմեսը: Ապոլլոնը պատվիրում է Օրեստեսին գնալ Աթենք. այնտեղ պետք է դատեն մայրասպան որդուն, իսկ Հերմեսին պատվիորում է ուղեկցել Օրեստեսին:
Գալիս է Կլիտեմնեստրայի ուրվականը և պարսավում Էրինիսների երգչախմբին, որ քնել են և իրենց զոհին ազատ թողել: Էրինիսներն արթնանում են: Տաճար վերադարձած Ապոլլոնը վտարում է դիցուհիներին իր սրբավայրից, և նրանք սուրում են Օրեստեսի ետևից:
Գործողությունը տեղափոխվում է Աթենք: Օրեստեսն Աթենքի տիրուհի Պալլասի կուռքը գրկած խնդրում է նրանից պաշտպանություն: Հայտնվում են Էրինիսներն ու շուրջպար բռնում իրենց զոհի շուրջը: Գալիս է Աթենան, որն իմանալով կատարվածը, հրաժարվում է միայնակ վճռել դատը, բայց խոստանում է ազնվագույն աթենացիներից ընտրել դատավորներ, որոնք արդար վճիռ կհանեն:
Աթենան ժողովրդին հայտարարում է իր նոր օրենքը: Այսուհետ Աթենքում գործելու է դատավորների բարձրագույն ատյանը՝ Արեոպագոսը: Սկսվում է դատը, որին մասնակցում է Ապոլլոնը: Նա դատավորներին սպառնում է Զևսի ցասմամբ, քանզի ամեն մի գուշակություն ինքը հայտնում է միայն Զևսի կամքով. Զևսն է Ապոլլոնի միջոցով պատվիրել Օրեստեսին՝ լուծել Ագամեմնոնի մահվան վրեժը: Էրինիսներն իրենց հերթին աթենացիներին սպառնում են չարիքներով:
Քվեարկության ժամանակ Աթենան իր քվեն տալիս է հօգուտ Օրեստեսի, քանի որ իրեն մայր չի ծնել, և կարեկցանքի արժանի չէ ընտանիքի հորը սպանած մայրը: Նա հայտնում է, որ հաղթանակն Օրեստեսինն է, անգամ եթե միայն դատավորների կեսն է կողմ քվեարկել Օրեստեսին:
Ձայները հավասար են բաժանվում, և փրկված Օրեստեսը, աթենացիներին խոստանալով Արգոսի հավերժ բարեկամությունը, Ապոլլոնի հետ հեռանում է: Պարտված Էրինիսները ողբում են իրենց վաղեմի փառքի ու իշխանության կորուստը և աթենացիներին սպառնում չարիքներով: Աթենան փորձում է մեղմել նրանց զայրույթը, խոստանում է Աթենքում տալ ապաստան ու պատիվներ: Սկզբում դա չի հաջողվում, բայց ի վերջո Էրինիսները խաղաղվում են և ընդունում Աթենայի առաջարկը: Ահեղ աստվածուհիները վերածվում են բարի դիցուհիների, անվանվում Եվմենիդներ, որ նշանակում է բարյացակամներ, և հանդիսավոր թափորը տանում է նրանց դեպի իրենց ապաստանը:     
Էսքիլոս | Օրեստիա | համառոտ Էսքիլոս | Օրեստիա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 18, 2015 Rating: 5
Технологии Blogger.