Բայրոնի առաջին փիլիսոփայական ողբերգությունն է, որը համարվում է նրա հոռետեսության ապոթեոզը: Շատերն այս ստեղծագործության մեջ տեսան Գյոթեի «Ֆաուստի» ազդեցությունը:
Ինչպես և Գյոթեի «Ֆաուստը», պոեմը սկսվում է երկարատև ու բուռն կյանքի ոչ քաղցր պտուղների թվարկմամբ: Փիլիսոփայության, գիտության և բոլոր հրաշքների իմացությունն անօգուտ է: Մենակյաց մոգը, ում կենսակերպը և մռայլ կերպարը վախ է ներշնչում ինչպես հասարակ մարդկանց այնպես էլ և իր ծառաներին, իր իմացության գագաթին հասնելով տենչում է լոկ մոռացություն: Կորցնելով դրա հույսը՝ նա կանչում է տարերային ոգիներին՝ եթերի, հողի, ծովի, լեռների, քամիների, ցերեկվա և գիշերվա, և խնդրում է, որ իրեն մոռացություն շնորհեն: Ոգիները, սակայն, անզոր են, քանզի մոռացությունը հասու չէ անմահներին: Մանֆրեդը խնդրում է ոգիներին տեսանելի կերպարանք ընդունել: Այդժամ ճակատագրի ոգին հառնում է նրա առաջ գեղեցիկ կնոջ կերպարանքով: Ճանաչելով իր վաղամեռիկ սիրեցյալին, ում այլևս հույս չուներ երբևէ տեսնելու՝ Մանֆրեդն ուշակորույս վայր է ընկնում:
Միայնակ շրջելով Յունգֆրաու լեռան մոտերքում, իրեն սովի ու ցրտի մատնած Մանֆրեդը, որ մահ է փնտրում, հանդիպում է որսորդի, որի հետ զրույցի է բռնվում: Մանֆրեդի մահ տենչալու պատճառը ներքին անբավարարությունն է և կասկածը կյանքի հանդեպ: «Կարծում ես, մեր կյանքը կախված է ժամանակի՞ց: Ավելի շուտ հենց մեզնից: Կյանքն ինձ համար անապատ է:» Մանֆրեդը հեռանում է՝ իր հետ տանելով իր տառապանքների գաղտնիքը: Միայն Ալպերի հավերժահարսին նա կարող է պատմել իր վշտի մասին: Դեռ պատանի տարիքից նրան օտար են եղել մարդիկ և նա իր հարազատ տարերքը փորձել է գտնել բնության մեջ: Էզոտերիկ իմացությունների շնորհիվ նրան հաջողվել է թափանցել բնության գաղտնիքների սիրտը և իշխել դրանց: Բայց այդ ամենն ունայնություն է առանց Աստարտեի՝ իր սիրելիի, ով հսկում էր նրա աշխատանքը, օգնում էր նրան և ում նա ինքն էլ կործանել է: Խնդրում է Ալպերի հավերժահարսին գեթ կարճ ժամանակով թույլ տալ իրեն տեսնել վաղամեռիկ ընկերուհուն: Հավերժահարսը խոստանում է անել դա, եթե Մանֆրեդը հետագայում հպատակվի իր կամքին: Հպարտ Մանֆրեդը հրաժարվում է անել դա:
Յունգֆրաուի գագաթին երեք պարկաները կանգնում են չար ոգիների տիրակալի՝ Արիմանի առաջ: Նրանց ուղեկցում է Նեմեսիսը: Արիմանը նստած է հրե գնդի վրա: Արիմանի փառաբանումն ընդհատում է Մանֆրեդի հայտնվելը: Ոգիները խնդրում են նրան երկրպագել իրենց տիրոջը, բայց՝ ի զուր: Պարկաներից մեկն ասում է, որ Մանֆրեդի տառապանքը նման է իրենց տառապանքին. այն անմահ է: «Նա մեզ նման հասկացել է, որ իմացությունը երջանկություն չի ճանաչում»: Մանֆրեդը խնդրում է Նեմեսիսին դուրս բերել հողի տակից իր սիրելի Աստարտեին: Գալիս է Աստարտեի ուրվականը, բայց նույնիսկ ամենազոր Արիմանը չի կարողանում ստիպել նրան խոսել: Միայն Մանֆրեդի խելահեղ բղավոցին ի պատասխան սա հայտնում է, որ շուտով մոգը լքելու է աշխարհը: Գուշակված ժամին Մանֆրեդի ամրոց է գալիս Սուրբ Մորիսի քահանան: Իմանալով սև ուժերի հետ կոմսի շփումների մասին, սա իր պարտքն է համարում կոչ անել Մանֆրեդին մաքրվել: Մանֆրեդը պատասխանում է, որ շատ ուշ է: Իր հպարտության բարձրունքից նա չի ցանկացել խառնվել մարդկանց հոտին և մնացել է միայնակ, ինչպես առյուծը: Հեռանում է վերջին անգամ դիտելու մայրամուտը:
Քահանան հետևում է նրան և կոչ է անում հնազանդվել: Մանֆրեդն անսասան է: Եթե Գյոթեի Ֆաուստի համար կռիվ են տալիս հրեշտակները և Մեֆիստոֆելը, ապա Մանֆրեդն ինքն է պաշտպանում քահանայի հոգին անտեսանելի բազում չար ոգիներից:
«Հավատա ծերուկ, մահն ահարկու չէ»,-ասում է նա պոեմի ավարտին:
Բայրոն | Մանֆրեդ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 18, 2015 Rating: