Իլիականի գործողությունները նկարագրում են Տրոյական պատերազմի տասներորդ տարին, սակայն պատերազմի պատճառները, ոչ էլ դրա ընթացքը պոեմում չեն շարադրվում: Ենթադրվում է, որ ասքն ընդհանուր առմամբ, ինչպես նաև գլխավոր հերոսները արդեն ծանոթ են ընթերցողին: Պոեմի թեման հայտարարվում է առաջին իսկ տողում.
Աքայացիների առաջնորդ Ագամեմնոնը կոպտորեն մերժել է Ապոլլոնի քուրմ Քրիսեսին, որը եկել էր նրա ճամբար փրկագին առաջարկելու իր դստեր՝ Քրիսեիսի դիմաց, որին գերել էր և որպես ավար իր մոտ էր պահում Ագամեմնոնը: Քրիսեսն օգնություն է խնդրում Ապոլլոնից, որը չի վարանում մահացու նետեր շաղ տալ աքայացիների գումակի և ապա բանակի վրա: Ռազմական հավաքի ընթացքում Ագամեմնոնը վիճում է Աքիլլեսի հետ: Ագամեմնոնը համաձայնում է Քրիսեսին վերադարձնել նրա դստերը, եթե Աքիլլեսն իր հերթին իրեն զիջի իր գերեվարած Բրիսեիսին: Վիրավորված Աքիլլեսը հրաժարվում է մասնակցել հետագա ռազմական գործողություններին: Իլիականի կոնֆլիկտը չի սահմանափակվում միայն այս դրվագով. այն տեղի է ունենում նաև Օլիմպոսում, որտեղ աստվածները ևս կազմել են երկու ճակատ: Աքիլլեսի մայր Թետիսը ստանում է Զևսի խոստումը, որ աքայացիները պարտություններ կկրեն այնքան ժամանակ, մինչև որ չմեղմեն իր սակավակյաց որդուն հասցված վիրավորանքը: Կատարելով իր խոստումը՝ Զևսը խաբուսիկ երազ է ուղարկում Ագամեմնոնին Տրոյայի մոտալուտ անկման մասին և Ագամեմնոնը որոշում է վերջնական ճակատամարտ տալ Տրոյացիներին:
Տրոյացիների՝ Զևսի խոստացած հաջողությունները ձեռք են բերվում աստիճանաբար: Իլիականի երրորդից յոթերորդ գրքերը պատկերում են աքայական առաջնորդների ռազմական սխրանքները և տալիս են Տրոյայի դատապարտվածության պատկերը: Երրորդ գիրքը ծանոթացնում է ընթերցողին պատերազմի մեղավորների հետ՝ Պարիսի, Մենելայոսի և Հեղինեի: Ճակատամարտից առաջ Պարիսը մենամարտի է կանչում Մենելայոսին, սակայն վախեցած փորձում է նահանջել և միայն եղբոր՝ Հեկտորի հանդիմանությունն է ստիպում նրան վերադառնալ: Մենամարտի պայմանը հետևյալն է՝ Հեղինեն կմնա հաղթողի հետ: Երկու ժողովուրդները լցվում են ուրախությամբ, քանի որ մենամարտը կարող է ազատել նրանց արյունահեղ պատերազմի արհավիրքից: Մենելայոսը արդեն գրեթե հաղթում է Պարիսին, երբ Ափրոդիտեն՝ նրա հովանավորը, գողանում է նրան կռվի դաշտից:
Այն ժամանակ, երբ երկու ճամբարների մարդիկ տածում են մոտալուտ հաշտության հույսը, Տրոյային թշնամի աստվածները դժգոհ են այդպիսի հեռանկարից, հատկապես՝ Զևսի կին Հերան և նրա դուստրը՝ Աթենան: Հենց Աթենայի հորդորով տրոյացիների դաշնակից Պանդարը նետ է արձակում Մենելայոսի ուղղությամբ:
Հաշտությունն անհնար է, իսկ տրոյացիների ուխտադրուժ վարմունքը համոզում է աքայացիներին իրենց վերջնական հաղթանակի մեջ: Ճակատամարտի առաջին օրվա գործողությունները նկարագրվում են հինգերորդ գրքում, կենտրոնում է աքայացի Դիոմեդոսը, որը սպանում է Պանդարին և վիրավորում է տրոյացիներին սատարող աստվածներ Արեսին և Ափրոդիտեին: Աստվածներն ու մարդիկ այստեղ կռվում են որպես հավասարներ: Միանգամայն այլ բնույթի է վեցերորդ գիրքը, որտեղ պատմվում են Տրոյայի պատերից ներս տեղի ունեցող իրողությունները: Տրոյացի կանայք երթով մոտենում են Աթենայի տաճարին և նրանից փրկություն աղերսում: Այդ ընթացքում Հեկտորը՝ Տրոյայի արքա Պրիամոսի որդին, Պարիսի եղբայրը, հրաժեշտ է տալիս իր կնոջը՝ Անդրոմաքեին և իր մանուկ որդուն: Հեկտորը պատկերված է իբրև սիրող և զգայուն հայր ու ամուսին: Յոթերորդ գիրքը ներկայացնում է ճակատամարտի առաջին օրվա ավարտը՝ Այասի և Հեկտորի անարդյունք մենամարտը: Ութերորդ գրքից ուժի մեջ է մտնում տրոյացիներին օգնելու Զևսի որոշումը, և սրանք սկսում են հաղթանակներ տոնել: Ագամեմնոնը դեսպաններ է ուղարկում Աքիլլեսի մոտ՝ խոստանալով նրան ետ վերադարձնել Բրիսեիսին և հարուստ ընծաներ տալ, եթե միրմիդոնցին մասնակից դառնա պատերազմին: Աքիլլեսն ընկերաբար է ընդունում դեսպաններին, սակայն ո´չ Ոդիսևսի ճարտար խոսքերը, ո´չ Այասի ուղղամիտ բողոքը, ո´չ էլ Աքիլլեսի վերակացու Փյունիկի արած պատմությունը չեն սասանում Աքիլլեսին: Տասներորդ գրքում պատմվում է Ոդիսևսի և Դիոմեդոսի՝ գիշերով տրոյացիների ճամբար կատարած խուզարկության մասին, որի ընթացքում գերի են վերցնում տրոյացի լրտես Դոլոնին: Տասնմեկից տասնչորսերորդ գրքերում նկարագրվում են տրոյացիների հաջողությունները: Զուգահեռաբար օլիմպիական պլանում աքայացիներին սատարող աստվածները փորձում են օգնել նրանց՝ քնացնելով Զևսի զգոնությունը: Հերան սիրո դյութանքի միջոցով շեղում է Զևսին և քնացնում է նրան:
Արթնանալով Զևսը ստիպում է աստվածներին դադարեցնել ամեն օգնություն աքայացիներին: Տասնհինգերորդ գրքի վերջում հույների վիճակը օրհասական է: Նրանք սեղմված են ծովին, և Հեկտորը պատրաստ է հրդեհել նրանց նավերը, որպեսզի չկարողանան վերադառնալ տուն:
Սակայն տասնվեցերորդ գրքից տրոյացիների հաջողությունը բեկվում է: Մտահոգված Աքիլլեսը համաձայում է, որ իր սիրելի ընկերը՝ Պատրոկլեսը, գլխավորելով իր ջոկատը, դիմագրավի թշնամուն: Իր նախնական հաջողությամբ ոգևորված՝ Պատրոկլեսը հասնում է մինչև Տրոյայի պատերը. այստեղ, Ապոլլոնի միջամտությամբ զինաթափ եղած նա սպանվում է Հեկտորի ձեռքով: Պատրոկլեսի վրա տեսնելով Աքիլլեսի զրահները և կարծելով, թե գործ ունի հենց Աքիլլեսի հետ՝ Հեկտորը նիզակի մահացու հարված է հասցնում Պատրոկլեսին: Նրա դիակի շուրջ սկսվում է կռիվ, սակայն Հեկտորը արդեն տիրացել է նրա զրահներին, և աքայացիները հույս չունենալով վերադարձնել Պատրոկլեսի դին, իմաց են տալիս կատարվածի մասին Աքիլլեսին: Աքիլլեսը ցնցված է. ցասումը փոխարինվում է վրեժի ծարավով: Առանց զրահների նա դուրս է գալիս դաշտ և մի բղավոցով քշում տրոյացիներին: Թետիսի խնդրանքով Հեփեստոսը՝ դարբին աստվածը, նոր զրահներ է պատրաստում Աքիլլեսի համար: Մանրամասնորեն նկարագրվում են Աքիլլեսի վահանի պատկերները: Կենտրոնում են երկիրը, երկինքը, ծովը, արևը, աստղերը, լուսինը, իսկ ծայրերից՝ օվկիանոսը: Տասնիններորդ գրքում Աքիլլեսը վերադառնում է ռազմի դաշտ: Նա տենչում է վրեժ, թեպետ գիտի իր մոտալուտ մահվան մասին: Մարտի ընթացքում Աքիլլեսը թշնամու դիակներով է ծածկում դաշտը, սակայն չի հանդիպում Հեկտորին, իսկ Էնեասին, որին վիճակված է դառնալ տրոյացիների թագավոր, Պոյսեդոնը փրկում է Աքիլլեսից:
Դիակներով լցված Քսանթոս գետը զուր փորձում է համոզել Աքիլլեսին թուլացնել ճնշումը և անգամ իր ալիքներով հարվածում է նրան, սակայն Աքիլլեսին օգնության է գալիս Հեփեստոսը: Քսաներկուերորդ գրքում տրոյացիները փակվում են իրենց բերդաքաղաքում՝ պատերից դուրս թողնելով միայն Հեկտորին: Պրիամոսը և Հեկուբը՝ Հեկտորի մայրը, զուր են փորձում ետ կանչել Հեկտորին: Նա ցանկանում է մարտի բռնվել Աքիլլեսի հետ:
Սակայն տեսնելով Աքիլլեսին՝ Հեկտորը զարհուրում է և փախուստի դիմում: Նրանք երեք շրջան վազում են Տրոյայի պատերի շուրջ: Աստվածները դիտում են վերևից այդ տեսարանը: Զևսը երկու քվե է նետում կշեռքի նժարներին: Հեկտորի նժարն իջնում է ցած՝ Հադեսի ուղղությամբ: Աթենայի նենգ խրատներին տեղիք տալով՝ Հեկտորն ի վերջո ընդունում է մենամարտը, սակայն աստվածուհին օգնում է Աքիլլեսին, և Հեկտորը մահանում է: Աքիլլեսը կապում է նրա դին իր կառքից և քշում է ձիերին: Աքայացիները երգում են հաղթական պեան, իսկ տրոյական ճամբարից լսվում է Պրիամոսի, Հեկուբի և Անդրոմաքեի ողբը:
Աքիլլեսը լուծել է իր վրեժը, մնում է թաղել մեռածներին: Պատրոկլեսի հոգին որպես ստվեր գալիս է Աքիլլեսի մոտ և պահանջում է շուտափույթ թաղում: Նկարագրվում են թաղման արարողությունը և այդ առթիվ Աքիլլեսի կազմակերպած մրցությունները:
Հաշտության երանգներ կան քսանչորսերորդ՝ վերջին գրքում: Աքիլլեսը ամեն օր իր կառքին է կապում Հեկտորի դին և քարշ է տալիս այն Պատրոկլեսի գերեզմանի շուրջ, սակայն մի գիշեր նրա մոտ է գալիս Պրիամոսը, ընկնում է Աքիլլեսի ոտքերը և փրկագին առաջարկելով՝ խնդրում է իրեն հանձնել Հեկտորի դին: Երկուսն էլ լաց են լինում և ողբում մարդկային գոյի չար բախտը: Աքիլլեսը համաձայնում է ընդունել փրկագինը և վերադարձնել դին: Իլիականն ավարտվում է Հեկտորի թաղման արարողության տեսարանի նկարագրությամբ: Այսպիսով ողջ այս հարուստ նյութը ամփոփված է մեկ դրվագի՝ «Աքիլլեսի ցասման» մեջ:
Տես նաև Ոդիսական
Հոմերոս | Իլիական | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 18, 2015 Rating: