Եվրիպիդես | Իփիգենիան Ավլիսում | համառոտ



Տրոյայի դեմ արշավող հույների ճամբարն Ավլիսում: Գիշեր է: Ագամեմնոն արքան իր կնոջը՝ Կլիտեմնեստրային հասցեագրված մի նամակ է հանձնում ծերունի ծառային. այն պետք է շուտափույթ տեղ հասցնել
Դրանից առաջ Ագամեմնոնը մեկ այլ նամակով կնոջը դստեր՝ Իփիգենիայի հետ կանչել էր Ավլիս՝ իբրև թե վերջինիս Աքիլլեսի հետ ամուսնացնելու համար: Իրական նպատակն այլ էր. Արտեմիս աստվածուհին հակառակ քամիներով արգելել էր հունական նավատորմի ընթացքը: Այդ խոչընդոտը վերացնելու համար նա պահանջում էր իրեն զոհաբերել Իփիգենիային: Ագամեմնոնը ստիպված էր համաձայնել ու իր կնոջը կեղծ նամակ ուղարկել:
Այժմ նա զղջացել է. երկրորդ նամակով ուզում է կանխել Կլիտեմնեստրայի և Իփիգենիայի ժամանումը: Նամակը վերցնելով՝ ծառան հեռանում է:
Ծերունու գնալուց հետո, երբ հանդես է գալիս Քալկիսի կանանց երգչախումբը, հանկարծ հայտնվում է Ագամեմնոնի եղբայրը՝ Մենելայոսը: Նա ծերունու ձեռքից վերցրել է եղբոր նամակը ու կարդացել է: Եղբայրների միջև ծագում է վիճաբանություն: Մենելայոսն Ագամեմնոնին մեղադրում է փոքրոգության մեջ. չէ՞ որ Հեղինեին առևանգելով՝ Պարիսն անարգել է ոչ միայն իրեն՝ Մենելայոսին, այլև բոլոր հույներին: Հելլենների պատիվը պահանջում է պատժել տրոյացիներին. հանուն ընդհանուր գործի՝ Իփիգենիան պիտի զոհաբերվի: Ագամեմնոնն առարկում է եղբորը. մի անառակ կնոջ պատճառով ինքը չի պատրաստվում զոհել իր դստերը: Մինչ նրանք վիճում են, անսպասելիորեն եկած սուրհանդակը հայտնում է, որ Կլիտեմնեստրան ու Իփիգենիան մանուկ Օրեստեսի հետ արդեն Ավլիսում են: Ագամեմնոնը մեծ հուզմունք է ապրում. ի´նչ խոսքերով պետք է դիմավորի կնոջը, ի´նչ պիտի ասի Իփիգենիային, ի´նչ սրտով պետք է զոհաբերի իր դստերը Նրա հուզմունքը տեսնելով՝ Մենելայոսն զգացվում է. նա նույնիսկ զղջում է իր ասածների համար և Ագամեմնոնին առաջարկում է հրաժարվել արշավանքից: Բայց արդեն ուշ է. Իփիգենիան Ավլիսում է, և գուշակ Կալքասն ու Ոդիսևսը, որ ամեն ինչ գիտեն, կարող են Ագամեմնոնի դեմ գրգռել պատերազմի ծարավ ողջ հունական բանակը
Ագամեմնոնի ընտանիքը գալիս է օրքեստրա. Իփիգենիան կարոտով նետվում է հոր գիրկը: Նրա խելացի խոսքերը, չքնաղ տեսքը կրկնապատկում են հոր վիշտը: Մեծ ճիգով արքան դեռևս թաքցնում է ճշմարտությունը:
Հաջորդ տեսարանը. գալիս է Աքիլլեսը: Նա ուզում է տեսնել Ագամեմնոնին և պարզել, թե ինչու են հույները անգործ նստել Ավլիսում: Ագամեմնոնը բացակա է. Աքիլլեսին ընդառաջ դուրս է գալիս Կլիտեմնեստրան: Երբ նա ողջունում է Աքիլլեսին իբրև իր փեսայի, վերջինս զարմանում է. նա երբեք չի խնդրել Իփիգենիայի ձեռքը: Կլիտեմնեստրան նույնպես ապշած է: Այդ պահին գալիս է Ագամեմնոնի ծեր ծառան և նրանց հայտնում է ճշմարտությունը: Աքիլլեսը վրդովվում է. Ագամեմնոնն օգտագործել է իր անունը որպես խայծ: Նա երդվում է պաշտպանել Իփիգենիային և հեռանում է:
Երբ նորից գալիս է Ագամեմնոնը, նա ստիպված է ամեն բան խոստովանել Կլիտեմնեստրային. ինքը հարկադրաբար պետք է զոհաբերի Իփիգենիային՝ հանուն ողջ Հունաստանի: Սկզբում Իփիգենիան աղերսում է հորը խնայել իրեն, սակայն շուտով հաղթում է գիտակցությունը, և նա կամովին գնում է դեպի զոհարանը
Վերջին տեսարան. հանկարծ Կլիտեմնեստրային ներկայանում է սուրհանդակը: Զոհաբերության ժամանակ կատարվել է հրաշք. աստվածուհին Իփիգենիային անհետացրել է զոհասեղանից և նրա փոխարեն բագինին նետել մի եղջերու: Ագամեմնոնի դուստրը փրկված է և գտնվում է աստվածների մոտ:
Արքան վերջին հրաժեշտն է տալիս Կլիտեմնեստրային, և հունական նավատորմը մեկնում է Տրոյա:   
Եվրիպիդես | Իփիգենիան Ավլիսում | համառոտ Եվրիպիդես | Իփիգենիան Ավլիսում | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 18, 2015 Rating: 5
Технологии Blogger.