Տրեզեն քաղաքը: Թեսևս արքայի ապարանքի առաջ հանդես է գալիս սիրո աստվածուհի Ափրոդիտեն: Նա զայրացած է Թեսևսի և ամազոնուհի Հիպպոլիտեի որդու՝ Հիպպոլիտոսի վրա. վերջինս Ափրոդիտեին արհամարհում է, մերժում նրա պարգևը՝ սերը կնոջ նկատմամբ: Նա իր ողջ ժամանակը նվիրում է որսորդությանը՝ մեծարելով ու պաշտելով միայն որսորդության և կուսության դիցուհի Արտեմիսին: Ափրոդիտեն պատժելու է Հիպպոլիտոսին. վերջինիս նկատմամբ նա սեր է ներշնչել Թեսևսի նոր կնոջը՝ Ֆեդրային: Այդ սերը կործանելու է Հիպպոլիտոսին:
Ափրոդիտեն անհետանում է, և օրքեստրա է գալիս Հիպպոլիտոսը՝ իր որսորդ ուղեկիցների հետ: Նա պսակ է ընծայում Արտեմիսի արձանին և մեծարանքի խոսքեր ասում նրան: Ծերունի ծառան փորձում է համոզել Հիպպոլիտոսին, որ նույն ձևով մեծարի նաև Ափրոդիտեին…
Որսորդների հեռանալուց հետո գալիս է Տրեզենի կանանց երգչախումբը, իսկ քիչ անց՝ նաժիշտները, դայակի ուղեկցությամբ, մահճակալով օրքեստրա են բերում հիվանդ Ֆեդրային: Ոչ ոք չգիտի Ֆեդրայի հիվանդության պատճառը. երևում է միայն, որ նա օրեցօր ավելի ու ավելի է թուլանում: Դայակը փորձում է իմանալ նրանից գաղտնիքը. ի վերջո նրա երկար հարցուփորձից հետո, Ֆեդրան խոստովանում է: Նա սիրահարված է Հիպպոլիտոսին և անզոր է հակառակվել այդ ահեղ զգացմունքին: Դայակը, իր տիրուհուն օգնելու հույսով, ճակատագրական քայլ է անում. նա Հիպպոլիտոսին հայտնում է ֆեդրայի սիրո մասին: Թեսևսի որդին այնպես է զայրանում դայակի խոսքերից, որ նզովում է կանանց ողջ ցեղը: Ֆեդրան կործանված է. շուտով նրա հանցավոր սիրո մասին կիմանա նաև Թեսևսը: Նա որոշում է ինքնասպան լինել, բայց իր հետ միասին կորստյան մատնել նաև Հիպպոլիտոսին…
Հաջորդ տեսարանում գալիս է Թեսևսը, որ մինչ այդ բացակա էր քաղաքից: Դեռ տուն չմտած՝ նա իմանում է կնոջ մահվան գույժը: Երբ ողբալով մոտենում է կնոջ դիակին, նրա մարմնի վրա գտնում է մի նամակ, որում նշվում է, թե իբր Հիպպոլիտոսը փորձել է անպատվել Ֆեդրային և պղծել հոր մահիճը: Թեսևսն անիծում է որդուն, ծովերի տիրակալ Պոսեյդոնին աղերսում, որ կործանի նրան (Պոսեյդոնը խոստացել էր կատարել Թեսևսի երեք խնդրանքը): Երբ Հիպպոլիտոսը փորձում է հերքել Ֆեդրայի զրպարտանքը, Թեսևսը բնավ չի լսում նրան. նա որդուն աքսորի է դատապարտում: Հոր կամքին հնազանդ՝ Հիպպոլիտոսը կառքով Տրեզենից հեռանում է…
Պոսեյդոնը չի հապաղում կատարել Թեսևսի խնդրանքը: Մինչ երգչախումբը ողբում է արտաքսյալ Հիպպոլիտոսի բախտը, հանկարծ մի սուրհանդակ բերում է նրա կործանման լուրը. ծովերի ահեղ տիրակալը խրտնեցրել էր Հիպպոլիտոսի ձիերին, կառքը զարկվել էր ժայռերին, Հիպպոլիտոսը մահաբերձ վիճակում է:
Թեսևսն այդ լուրը սկզբում ընդունում է անտարբերությամբ, բայց վերջին տեսարանում անսպասելիորեն հայտնվում է Արտեմիս աստվածուհին, որը նրան հայտնում է ճշմարտությունը. անմեղ Հիպպոլիտոսը Ափրոդիտեի կամքով դարձել է Ֆեդրայի կրքերի և զրպարտության զոհը: Քանի որ աստվածների մեջ կա օրենք՝ չխոչընդոտել միմյանց, այդ պատճառով Արտեմիսն անզոր էր կանխել իր սիրելի Հիպպոլիտոսի մահը:
Թեսևսին մնում է միայն խորապես զղջալ ու սգալ որդու կորուստը: Մահվանից առաջ Հիպպոլիտոսը ներում է հոր ակամա հանցանքը:
Եվրիպիդես | Հիպպոլիտոս | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 18, 2015 Rating: