Պատմությունը գրված է առաջին դեմքով ասպետ դը Գրիյոյի անունից: Տասնյոթ տարեկան հասակում նա ավարտում է փիլիսոփայական գիտությունների դասընթացն Ամյենում: Հերոսը ազնվատոհմիկ է, օժտված ու գեղեցիկ: Հեշտությամբ ընկերներ է ձեռք բերում, որոնց թվում է նրանից մի քանի տարով ավագ Տիբերժը: Վերջինս, քանի որ չունի շատ բարձր ծագում, ստիպված է ձեռնադրվել, որպեսզի կարողանա շարունակել աստվածաբանական ուսումը: Դը Գրիյոն հանձնել է քննությունները և պատրաստվում է վերադառնալ հոր մոտ, որպեսզի շարունակի ուսումը ակադեմիայում: Սակայն ամեն բան դասավորվում է այլկերպ: Հերոսը հանդիպում է փողոցում չքնաղ անծանոթուհուն և զրուցում նրա հետ: Պարզվում է, ծնողները ուզում են տանել աղջկան մենաստան՝ սանձելու համար վայելքների հանդեպ սրա տենչը: Դը Գրիյոն առաջարկում է իր օգնությունը: Երիտասարդները որոշում են փախչել: Պետք է ազատել Մանոն Լեսկոյին (այդպես է աղջկա անունը) հսկող մարդուց և ուղևորվել Փարիզ, որտեղ նրանց կամուսնացնեն: Տիբերժը փորձում է ետ պահել ընկերոջն այդ քայլից, սակայն արդեն ուշ է. դը Գրիյոն ընդունել է անշրջելի որոշում: Առավոտյան կառքով նրանք հեռանում են Սեն Դենի, որտեղ ամուսնանում են շրջանցելով եկեղեցին և ծեսը:
Վարձում են թանկ բնակարաններ և դը Գրիյոն մոռանում է այն մասին, որ նրան անհամբեր սպասում է հայրը: Մի օր ժամանակից շուտ վերադառնալով հյուրանոց՝ նա իմանում է, որ Մանոնը դավաճանել է իրեն: Հայտնի կապալառու պ-ն Բ.-ն առաջին անգամ չէ նրա բացակայությամբ այցելում աղջկան: Դժվարությամբ ուշքի գալով՝ տղան բացում է դուռը, որը թակում են և ընկնում է իր հոր ծառաների ձեռքը: Սրանց հրամայված է արագ տուն հասցնել տղային: Տանը նա իմանում է հորից, որ նրա գտնվելու վայրը մատնել էր հենց կապալառուն: Կորցնում է գիտակցությունը, իսկ երբ ուշքի է գալիս, խնդրում է հորը բաց թողնել իրեն Փարիզ: Հնարավոր չէ, որ Մանոնը իր սիրտը հանձնած լինի ուրիշին: Հայրը վեց ամիս պահում է որդուն խիստ հսկողության տակ և տալիս է գրքեր, որոնց ընթերցումը պիտի օգնի նրան դուրս գալ մոլեգին վիճակից: Դը Գրիյոյի մեջ հաջորդաբար իրար են փոխում սերն ու ատելությունը: Նրան այցելում է Տիբերժը և առաջարկում է ձեռնադրվել և վերջ տալ երկրային կյանքի հետ կապված տվայտանքներին: Ընկերները մեկնում են Փարիզ, որտեղ դը Գրիյոն ուսումնասիրում է աստվածաբանություն: Նա մնում է այստեղ մի տարի և հոգևոր մեծ ջանքերի շնորհիվ նրան հաջողվում է չհետաքրքրվել և չփնտրել Մանոնին: Սակայն Սորբոնում փայլուն հանձնած վերջին քննությունից հետո աղջիկը հանկարծ այցելում է նրան: Խնդրում է ներել իրեն և վերադարձնել սերը, առանց որի կյանքը զուրկ է իմաստից: Երդումները և զղջման խոսքերը շարժում է են դը Գրիյոյի սիրտը և նա մոռանում է իր նախագծերը:
Նրանք մեկնում են Փարիզից և հաստատվում են Շայո կոչվող մի գյուղակում: Մեկ և կես տարվա ընթացքում Մանոնին հաջողվել է վաթսուն հազար ֆրանկ դուրս քաշել կապալառու պ-ն Բ.-ից, այնպես որ նրանք կարող են հանգիստ ապրել մի քանի տարի: Սակայն գալիս է աղետը: Շայոյի տունը այրվում է և ոչնչանում է փոքրիկ արկղը, որի մեջ Մանոնը պահում էր դրամը: Սակայն դրամի բացակայությունը միակ փորձությունը չէ: Մանոնը սովոր չէ ապրել զրկանքների և դժվարությունների մեջ: Դը Գրիյոն թաքցնում է աղջկանից դրամի կորուստը և որոշ ժամանակով փող է պարտք վերցնում Տիբերժից:
Մանոնը ծանոթացնում է դը Գրիյոյին իր եղբոր հետ, որն առաջարկում է ասպետին իր բախտը փորձել խաղասեղանի առաջ: Դրամի կարիքը ստիպում է նրան ոչ միայն համաձայնել, այլև յուրացնել անազնիվ խաղի հնարները: Ճարպկությունը այնքան արագ է ավելացնում նրա կորողությունը, որ շուտով վարձում է նոր շքեղ բնակարան և սկսվում է անհոգ ու ցոփ կյանքը: Ընկերոջն այցելող Տիբերժը փորձում է զգուշացնել ընկերոջը, որ նման կյանքը հղի է նոր վտանգներով և որ անազնիվ եղանակով վաստակածը հեշտությամբ կկորչի: Այս քարոզները անհիմն չեն: Տան ծառաները կողոպտում են իրենց տերերին և դը Գրիյոն Մանոնի հետ դարձյալ հայտնվում են կարիքի մեջ: Մանոնի եղբայրն անում է սարսափելի առաջարկություն: Նա պատմում է մի ծեր ցանկասերի մասին և ավելացնում, որ Մանոնը կարող է անցնել նրա խնամակալության տակ: Սակայն խորամանկ Մանոնը ուրիշ նախագիծ ունի: Ծերուկն ընթրիքի է հրավիրում աղջկան և խոստանում է տարեկան ապրուստի համար անհրաժեշտ միջոցների կեսը: Մանոնը հարցնում է, թե չի կարող արդյոք ընթրիքին հրավիրել նաև իր եղբորը (դը Գրիյոյին) և ստանալով թույլտվություն, ցնծում է: Երբ երեկոյան նախապես գումարը փոխանցելուց հետո ծերուկը խոսում է իր սիրային անհամբերության մասին, աղջիկն ու տղան չքվում են: Ցանկասեր ծերուկը հասկանում է, որ իրեն հիմարացրել են և պահանջում է ձերբակալել թալանչիներին: Դը Գրիյոն հայտնվում է Սեն-Լազար բանտում, որտեղ սարսափելիորեն տառապում է ստորացումից: Մանոնի բացակայությունը, անհանգստությունը, նրան այլևս երբեք չտեսնելու վախը հետագայում դառնում է բանտարկյալ դը Գրիյոյի մտորումների առանցքը: Երբ նա իմանում է, որ իր սիրելին անբարո կանաց ապաստանում է, ընկնում է ցասման մեջ և որոշում է փախչել բանտից: Մանոնի եղբոր օգնությամբ հերոսը հայտնվում է ազատության մեջ և սկսում է սիրելիին ազատելու հնարներ մոգոնել: Ձևանալով օտարերկրացի նա ապաստանի պահակին հարց ու փորձ է անում այդտեղի կարգերի մասին, ինչպես նաև խնդրում է բնութագրել կառավարիչներին: Իմանալով, որ պահակն ունի մեծահասակ որդի՝ Գրիյոն հանդիպում է նրա հետ և հուսալով, որ սա կարող է իրեն օգտակար լինել՝ պատմում է իր և Մանոնի հարաբերությունների մասին: Պ-ն դը Տ-ն զգացված է անծանոթի պատմությունից և խոստանում է տեսակցություն աղջկա հետ: Ի վերջո ասպետը կազմակերպում է Մանոնի փախուստը, իսկ պահակը դառնում է նրա ծառան:
Նույն գիշերը սպանվում է Մանոնի եղբայրը: Սա վիճել էր խաղասեղանի շուրջ խաղընկերներից մեկի հետ, որը հաշվեհարդար է տեսնում նրա հետ: Երիտասարդները գալիս են Շայո: Դը Գրիյոն նորից դրամական միջոցների հարցը լուծելու խնդրի առաջ է, թեպետ ցույց չի տալիս իր մտահոգությունը Մանոնին: Նորից գալիս է Փարիզ և փող է խնդրում Տիբերժից: Այնուհետև այցելում է պ-ն Տ.-ին, որի հետ բարեկամանում է և վերջինս անգամ այցելում է երիտասարդ զույգին:
Մի օր Շայո է գալիս պ-ն Գ.Մ.-ն՝ ծեր ցանկասերի որդին: Երբ դը Գրիյոն տանում է ձեռքը դեպի սուսերը, պ-ն Տ-ն հավատացնում է, որ սա ազնիվ երիտասարդ է: Հետագայում դը Գրիյոն համոզվում է հակառակի մեջ: Պ-ն Գ. Մ. –ն սկսում է համոզել Մանոնին թողնել Գրիյոյին և ապրել իր հետ ճոխ ու հարուստ: Մանոնը համոզվում է և տեղափոխվում է նրա մոտ: Պ-ն Տ.-ն՝ ցնցված սկսում է դրդել դը Գրիյոյին վրեժ լուծել: Ասպետը խնդրում է գվարդիականներին ձերբակալել Գ.Մ.-ին, իսկ ինքը վայելքների է տրվում Մանոնի հետ: Սակայն տան ծառան ամեն բան հայտնում է ավագ Գ.Մ.-ին: Սա նորից դիմում է ոստիկանություն և սիրահարները հայտնվում են բանտում: Գրիյոյի հայրը կարողանում է ազատել որդուն, իսկ Մանոնին սպասում է կա´մ ցմահ բանտարկություն, կա´մ արտաքսում Ամերիկա: Գրիյոն խնդրում է հորը օգնել ազատելու Մանոնին և ստանում է մերժում: Նա ստիպված է ուղևորվել Մանոնի հետ Նոր Օրլեան: Կյանքը գաղութում ծանր է: Բայց միայն այստեղ են հերոսները հոգեկան հանգստություն գտնում և ուղղում իրենց հայացքը կրոնին: Որոշում են ամուսնանալ և ներկայանում են նահանգապետին: Սակայն նահանգապետը մտադիր է ամուսնացնել Մանոնին իր ազգականի հետ, որը վաղուց հավանում է նրան: Դը Գրիյոն մենամարտում վիրավորում է մրցակցին և փախչում է քաղաքից: Մանոնը հետևում է նրան: Ճանապարհին աղջիկը հիվանդանում է: Վիճակը գնալով ծանրանում է: Իր վերջին պահին նա ասում է, որ սիրում է դը Գրիյոյին:
Սիրելիի մահից հետո ասպետը երեք ամսով անկողին է ընկնում և կանչում է մահը: Այդուհանդերձ, նա ապաքինվում է: Նոր Օրլեանում է հայտնվում Տիբերժը: Ընկերը տանում է դը Գրիյոյին Ֆրանսիա, որտեղ սա իմանում է հոր մահվան մասին: Պատմությունն ավարտվում է եղբոր հետ սպասված հանդիպումով:
Տես նաև Դիդրո Միանձնուհին, Լըսաժ Կաղ սատանան և Ռուսո Յուլիա, կամ նոր Էլոիզ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Աբբա Պրևո | Մանոն Լեսկոյի և ասպետ դը Գրիյոյի պատմությունը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 26, 2015 Rating: