Ռեմարկ | Հաղթական կամար | համառոտ


Ռավիկը հանդիպում է այդ կնոջը ուշ նոյեմբերյան մի երեկո Ալմա կամրջի վրա: Նրան թվում է, թե կինն ուզում է ինքնասպան լինել: Ռավիկը, թեպետ շատ հոգնած է, սակայն չի կարողանում թողնել կնոջը: Գնում են Հաղթակամարի մոտակայքում գտնվող մի գինետուն, որտեղ կալվադոս է հյուրասիրում կնոջը: Սա մի փոքր հանգստանում է: Դուրս գալով գինետնից՝ շարժվում են դեպի «Էնտերնասիոնալ» հոթելը, որտեղ ապրում է Ռավիկը: Նա որոշում է իր համարում ընդունել անօթևան կնոջը: Ինքը քնել չի կարողանում, քանի որ նրան շտապ կանչում են հիվանդանոց:
Ռավիկը հմուտ վիրաբույժ է: Փախել է ֆաշիստական ճամբարից: Ոչ օրինական կերպով վիրահատություններ է անում բժիշկ Վեբերի մոտ: Այդ երեկո անհաջող աբորտից մահանում է երիտասարդ մի աղջիկ: Ռավիկը տուն է վերադառնում ճնշված, հուսալով, որ այն կինը հեռացել է, սակայն կինը չի գնացել: Պատմում է, որ ապրում է «Վերդեն» հոթելում: Տղամարդը, որի հետ եկել է Փարիզ, հանկարծամահ է եղել: Ռավիկը ուղեկցում է նրան հոթել և կարողանում է ստանալ նրա իրերը: Օգնում է նոր համար վարձել «Միլան» հոթելում: Կինը տալիս է Ռավիկին թղթի կտոր, որի վրա գրում է իր անունը՝ Ժոան Մադու: Ռավիկը, դուրս գալով համարից, պատռում է թուղթը:
Անցնում է որոշ ժամանակ: Ռավիկը շարունակում է ապրել հոթելում, քանզի փաստաթուղթ չունենալու պատճառով չի կարող բնակարան վարձել: Հյուրանոցի տիրուհին փախստականներից թղթեր չէր պահանջում: Առաջին անգամ հայտնվելով ոստիկանատանը, նա բանտ է նստում մի քանի շաբաթ, իսկ երկրորդ անգամ՝ մի քանի ամիս: Ուզում է ինչ-որ բան ունենալ, որպեսզի կարողանա կապվել դրա հետ: Նրան անհրաժեշտ է միայն աշխատանք: Կլինիկայի առաջատար վիրաբույժ է ծեր պրոֆեսոր Դյուրանը: Նա միայն ընդարմացնում է հիվանդին: Վիրահատությունը կատարում էր Ռավիկը: Դյուրանը իր մեծ հոնորարներից Ռավիկին գրոշներ է վճարում: Բացի այդ զննում է հասարակաց տան աղջիկներին, որոնց ծառայություններից երբեմն օգտվում է: Միակ ընկերը ռուս գաղթական Բորիս Մորոզովն է, որը շվեյցար է ռուսական գիշերային ակումբում: Հաճախ են հանդիպում «Էնտերնասիոնալ» հյուրանոցի ճաշարանում, որը կոչում են Կատակոմբ: Այստեղ շախմատ են խաղում: Բժիշկին բերում են փաթեթ անհայտ կնոջից: Փաթեթի մեջ փոքր փայտե Մադոննա է: Ռավիկը հիշում է, որ նման ֆիգուր է տեսել Ժոան Մադուի սենյակում: Մորոզովը մեկնաբանում է արձանիկը որպես օգնության կանչ: Համոզում է Ռավիկին այցելել նրան: Ժոանն իսկապես հոգեկան ծանր դրության մեջ է: Դերասանուհի է, և Ռավիկը տալիս է նրան Մորոզովի հասցեն, որպեսզի վերջինս տեղավորի նրան գիշերային ակումբում: Թեթևություն է զգում: Կինը չի ուզում մենակ մնալ: Եվ Ռավիկը գիշերն անցկացնում է նրա սենյակում:
Այդ մարդուն Ռավիկը նկատում է մի քանի օր հետո, երբ սա նստած էր բիստրոյում: Նա երևում է ապակուց այն կողմ և Ռավիկն ընկնում է նրա հետևից, բայց չի կարողանում բռնել: Հիշում է 1934թ-ի Բեռլինը: Հիշում է գեստապոն, կտտանքները և դահիճներին: Ռավիկը հիշում է այդ մարդու ձայնը, որը բացատրում էր Սիբիլին, թե ինչ կպատահի նրա հետ: Երեք օր անց աղջիկը կախում է իրեն համակենտրոնացման ճամբարում: Այդ մարդուն կոչում են Հաակե: Եվ հենց նրան է Ռավիկը տեսնում թաց ապակու հետևից: Խոսելով Մորոզովի հետ Ռավիկը կասկած է հայտնում, որ գուցե սխալվել է: Հաջորդ երեկո գալիս է ակումբ Քեթ Հեգսթրեմի հետ՝ ամերիկուհու, որին երկու տարի առաջ վիրահատել է: Քեթին համարում է իր թալիսմանը: Քեթը եկել է Փարիզ աբորտ անելու համար: Ակումբում երգում է Ժոանը: Ռավիկը նկատում է, որ այդ կինն ունի կործանարար գեղեցկություն: Հաջորդ օրը վիրահատության ժամանակ Ռավիկը հայտնաբերում է Քեթի մոտ չվիրահատվող քաղցկեղային ուռուցք: Փորձելով հաշտվել դրա հետ՝ Ռավիկը հիշում է, թե ինչպես առաջին աշխարհամարտի ժամանակ հրետանային համազարկի արդյունքում զոհվեցին նրա երեք ընկերները: Եթե կարող ես օգնել, օգնի´ր, եթե ոչ, շարունակի´ր ապրել,- սա այն դասն է, որը նա դուրս բերեց այդ դեպքից: Երեկոյան ակումբում հանդիպում է Ժոանին: Այժմ Ռավիկին հիացնում է նրա լուսավոր, խորհրդավոր դեմքը: Նրանց սիրավեպը սկսվում է հսկայական հաղթակամարի տակ: Ժոանը գլխովին սուզվում է իր զգացմունքի մեջ, մինչդեռ Ռավիկը վախենում է կապվել. նրա կյանքում ամեն բան հեղհեղուկ է: Աստիճանաբար նա ավելի ու ավելի է սիրահարվում Ժոանին և զգում է, որ կորցնում է անկախությունը: Տասնհինգ տարով մեծ է Ժոանից և գիտի, որ աղջիկը ուշ թե շուտ կլքի իրեն: Մորոզովը չի սիրում Ժոանին՝ համարելով նրան վհուկ, և Ժոանը զգում է դա:
Շուտով ռավիկը նորից տեսնում է այն մարդուն: Մորոզովը խորհուրդ է տալիս նախագիծ կազմել և ապա լուծել վրեժը: Ռավիկը երկար նստում է ռեստորանի մոտ՝ սպասելով Հաակեին և հիշելով Սիբիլին: Նրանց բռնում են, երբ փորձում են լքել Գերմանիան: Երեք օր տանջում են: Հաակեն ստիպում է Ռավիկին խոստովանել: Բայց Ռավիկը խոստովանելու ոչինչ չունի: Նա հայտնվում է համակենտրոնացման ճամբարում, այնուհետև հոսպիտալում, որտեղից փախչում է: Նրա երազները լի են սարսափով: Որոշում է չզոհաբերել Ժոանի սերն անցյալի հիշողություններին: Որոշ ժամանակ անց Ժոանը խոսք է բացում սեփական տան մասին: Չգիտի, որ Ռավիկը անփաստաթուղթ է: Ասում է Ժոանին, որ իրեն ամեն պահ կարող են ձերբակալել: Վախեցած կնոջը հանգստացնելու համար Ռավիկն առաջարկում է մեկնել կարճ ժամանակով ֆրանսիայի հարավը, 2000 ֆրանկ է տալիս Ժոանին, որը հայթայթել էր պրեֆեսոր Դյուրանից՝ սպառնալով հեռանալ կլինիկայից: Լավալը, որը պառկած էր վիրահատարանում, այն պաշտոնյան է, որը զբաղվում է ներգաղթողների հարցերով: Վիրահատության ժամանակ Ռավիկը մտածում է, որ իր ձեռքում պահում է Լավալի կյանքը, ինչպես Լավալը հազարավոր անօրեն գաղթականների: Մեկնելուց առաջ Ռավիկը հանդիպում է Քեթի հետ: Քեթը մեկնում է Իտալիա՝ չիմանալով, որ մահացու հիվանդ է:
Ռավիկն ու Ժոանը ապրում են Անտիբում արդեն ութ օր, և Ռավիկին թվում է, որ անցել է ընդամենը ութ ժամ: Երբեմն Ռավիկը փոքր գումարներ է շահում կազինոյում: Ժոանին դուր է գալիս այդ կյանքը: Բայց Ռավիկը հասկանում է, որ ուշ թե շուտ Ժոանը կգտնի տղամարդու, ով կապահովի նրան արժանի կյանք: Որոշում է առաջինը խզել կապը, բայց չի հասցնում:
 Փարիզ վերադառնալուց մեկ շաբաթ անց կլինիկայի ճանապարհին Ռավիկը տեսնում է, թե ինչպես է փլվում նորակառույց շենքը: Ինչ-որ կին ծանր վիրավորվում է: Երբ Ռավիկն օգնություն է ցուցաբերում նրան, մոտենում է ոստիկանությունը: Պարզվում է, բժիշկը չունի փաստատուղթ: Երկու շաբաթ անցկացնում է բանտում, հետո արտաքսվում է Ֆրանսիայից: Փարիզ է վերադառնում երեք ամիս անց: Այդ ընթացքում Գերմանիան օկուպացնում է Չեխոսլովակիան: Նա հիվանդանում է թոքաբորբով և հասցնում է երկու անգամ ոստիկանատուն ընկնել: «Էնտերնասիոնալում» նրա անհաջողությունների մասին չգիտեն: Մորոզովը հայտնում է Ռավիկին, որ Ժոանը այլևս չի աշխատում ակումբում: Ռավիկի մասին չի հարցնում: Մորոզովը լսել է, որ Ժոանը նկարահանվում է ֆիլմում: Չի գտնում նրան Միլանում: Երկու շաբաթ անց հանդիպում է կնոջը ռեստորանում: Երկու տղամարդկանց հետ է, և նրա ուսերը սևացել են: Վիճում են: Ժոանը մեղադրում է Ռավիկին, որ անգամ չի հետաքրքրվել իրենով: Ռավիկը նայում է կնոջ սև ուսերին: Գիշերը Ժոանը գալիս է Ռավիկի մոտ և քնում է նրա կողքին: Մի քանի շաբաթով կորում է: Ռավիկը հասկանում է, որ իրեն վերապահված է սիրեկանի դեր: Դա նրան դուր չի գալիս: Եվս մեկ գիշեր անցկացնելով Ժոանի հետ՝ Ռավիկը հասկանում է, որ կկործանվի, եթե մի անգամ էլ անի դա:
Շուտով Իտալիայից վերադառնում է Քեթը, որը գիտի իր հիվանդության մասին և որոշել է կյանքից վերցնել ամեն ինչ: Ռավիկը նրան օգնություն է առաջարկում, բայց Քեթը չի կարող ստվերել Ժոանի հանդեպ նրա զգացմունքը: Գալիս է սիրելիի տան մոտ: Սկսվում է անձրև: Ռավիկը զգում է կյանքի զարկերը: Որոշ ժամանակ անց ռեստորանում տեսնում է Հաակեին: Սա ինքն է մոտենում Ռավիկին՝ ծանոթի տեղ դնելով: Ռավիկը ներկայանում է ֆոն Հորն և տանում է Փարիզի գեղատեսիլ վայրերը: Ցավոք, Հաակեն շտապում է հասնել Բեռլինի գնացքին: Բայց խոստանում է նորից կապվել Ռավիկի հետ, երբ վերադառնա Ֆրանսիա: Ռավիկը երկու շաբաթ պատրաստվում է վրեժի: Ժամանակ չունի Ժոանի համար: Բայց կինն այցելում է նրան և խանդի տեսարաններ սարքում: Մի գիշեր նա զանգում է և օգնության է կանչում: Ռավիկը հասնում է տեղ և իմանում է, որ Ժոանը խնդիրներ ունի իր սիրեկաններից մեկի՝ ոմն դերասանի հետ: Հասկանում է, որ Ժոանը հավետ կորած է իր համար: Այժմ ոչինչ չի խանգարում նրան լուծել իր վրեժը: Մորոզովի օգնությամբ մեքենա է վարձում և նախագիծ է կազմում: Մի երեկո բախվում է թշնամուն փողոցում և նրան մեքենայով զբոսանք է առաջարկում: Իրականում տալում է Բուլոնյան անտառ և խեղդում: Մարմինը և հագուստը թաղում է Սեն-Ժերմենի անտառում: Այդպես փակվում է նրա արյունոտ հիշողությունների դուռը:
 Մորոզովը համոզում է նրան հեռանալ երկրից, սակայն Ռավիկը հրաժարվում է: Նրան զանգում է Ժոանը և կանչում իր մոտ: Ռավիկը չի գնում: Նրա մոտ է գալիս Ժոանի սիրեկանը և հայտնում է, որ կրակել է Ժոանին: Չգիտի՝ ինչպես փրկել: Ռավիկը տանում է Ժոանին  հիվանդանոց: Փրկություն չկա, քանի որ գնդակը լռվել է ողնաշարի մեջ: Հոգևարքի ժամանակ ցավազրկող է ներարկում: Ժոանի մահը համընկնում է Երկրորդ Աշխարհամարտի սկզբի հետ: 
Ոստիկանությունը սպասում է Ռավիկին հյուրանոցի իր համարում: Այս անգամ նա հայտնում է իր իսկական անունը՝ Լյուդվիգ Ֆրեզենբուրգ: Նա լքում է Փարիզը գիշերով: Նույնիսկ Հաղթակամարը չի երևում: 

Ռեմարկ | Հաղթական կամար | համառոտ Ռեմարկ | Հաղթական կամար | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 22, 2015 Rating: 5
Технологии Blogger.