Որքան էլ մարդիկ փչացնեն երկիրը նավթով ու ածուխով, գարունը մնում է գարուն: Արևը ջերմացնում է, խոտը՝ աճում և կանաչում:
Գարնանային այսպիսի մի օր, ավելի ստույգ՝ ապրիլի 28-ին, նախանցյալ դարի իննսունականներին մոսկովյան բանտերից մեկում հսկիչը բացում է խուցերից մեկի դուռը և բղավում է՝ Մասլովա´, դատի ժամն է:
Այս բանտարկյալուհու պատմությունն ամենասովորականն է: Նա ծնվել է հասարակ կնոջ և գնչուի կապից գյուղում և ապրել է քույր կալվածատիրուհիների մոտ: Երեք տարեկանում Կատյուշան կորցնում է մորը և ծեր տիկինները նրան իրենց մոտ են վերցնում: Դառնում է նրանց կես-սանը-կես-աղախինը: Երբ Կատյուշան 16 տարեկան է, նրանց այցելում է տիրուհիների երիտասարդ ազգականը: Նա ուսանող է, ունի իշխանական ծագում: Կատյուշան սիրահարվում է նրան:
Մի քանի տարի անց նույն այդ ազգականը, որը նոր է կարգվել սպա և արդեն այլասերվել է զինվորական ծառայության մեջ, պատերազմի գնալուց առաջ նորից այցելում է իր ծեր ազգականուհիներին: Մնում է կալվածքում 4 օր, գայթակղում է Կատյուշային և բաժանվելիս տալիս է նրան հարյուրռուբլանոց: Մի քանի ամիս անց Մասլովան հասկանում է, որ հղի է: Կոպիտ խոսքեր է ասում տիրուհիներին, որոնց համար հետո կզղջա, պահանջում է իր հաշիվը և հեռանում է նրանցից՝ բնակվելով գինի վաճառող մի կնոջ մոտ: Ծննդաբերությունը հեշտ է անցնում: Սակայն ծնունդն ընդունող կինը վարակում է Կատյային տենդով և ծնված երեխային տանում են մանկատուն, որտեղ սա շուտով մահանում է: Որոշ ժամանակ անց Մասլովային, որն արդեն մի քանի հովանավորներ է փոխել, այցելում է հասարակաց տուն աղջիկներ մատակակարող մի կին և Կատյուշայի համաձայնությամբ տանում է նրան Կիտաևայի հայտնի տունը: Այդ տանն անցկացրած յոթերորդ տարում նրան բանտ են նստեցնում և հիմա տանում են դատելու մարդասպանների և գողերի հետ միասին:
Այդ նույն ժամանակ իշխան Դմիտրի Իվանովիչ Նեխլյուդովը՝ արդեն հիշատակված կալվածատեր տիկնանց ազգականը, առավոտյան անկողնում պառկած հիշում է հարուստ Կորչագինների մոտ երեկույթի մասին, որոնց դստեր հետ պատրաստվում է ամուսնանալ: Ավելի ուշ, սուրճ խմելուց հետո, նա մոտենում է դատարանի մուտքին և արդեն որպես երդվյալ ատենակալ դիտում է մեղադրյալներին, որոնք մեղադրվում են առևտրականին թալանելու նպատակով նրան թունավորելու մեջ: Հանկարծ նրան նայող երկու սև աչքերը ինչ-որ սև և սարսափելի բան են հիշեցնում: Այո, նա է, Կատյուշան, որին առաջին անգամ տեսել է համալսարանի երրորդ կուրսում սովորելու ժամանակ, երբ ամռանը այցելել էր իր ազգականուհիներին: Սակայն Նեխլյուդովը դեռ չի ենթարկվում զղջմանը, որը սկսում է խոսել նրա մեջ: Տեղի ունեցածը ներկայանում է նրան որպես տհաճ պատահականություն, որը կանցնի և չի խախտի նրա նեկայիս կյանքը: Դատը շարունակվում է, և երդվյալ ատենակալները պիտի վճիռ կայացնեն: Մասլովան, որն ակնհայտորեն անմեղ է, մեղավոր է ճանաչվում: Անգամ դատարանի նախագահը զարմանում է, որ ատենակալները մոռանում են ավելացնել, որ Մասլովայի գործողություններում կանխամտածված սպանության նպատակ չի եղել: Ստացվում է, որ կինը չի գողացել, չի կողոպտել, սակայն առանց որևէ պատճառի թունավորել է առևտրականին: Նրան դատապարտում են ուղղիչ աշխատանքների:
Նեխլյուդովը Միսսի Կորչագինայի տնից վերադառնալով՝ ամոթ և գարշանք է զգում: Հիշում է սևաչյա կալանված կնոջը: Ինչպես է այդ կինը լաց լինում՝ լսելով դատավճիռը: Ամուսնությունը Միսսիի հետ սկսում է նրան անհնար թվալ: Աղոթում է Աստծուն, խնդրում է օգնել և նրա մեջ ապրող Աստված արթնանում է: Զգում է, որ կարող է անել ամենայն լավը, որ տրված է անել մարդուն: Հանդիպում է Կատյուշային: Ասում է, որ եկել է ներողություն խնդրելու, որ ուզում է քավել մեղքը: Կատյուշան պատասխանում է, որ եղածը անցյալ է: Նեխլյուդովին թվում էր, որ Կատյուշան կփափկի և կգնահատի իր պատրաստակամությունը, սակայն նա տեսնում է իր առաջ անառակ կնոջ, որն անգամ չի ամաչում իր կարգավիճակից: Հաջորդ այցի ժամանակ գտնում է Մասլովային հարբած: Այդուհանդերձ, հայտարարում է, որ պիտի ամուսնանա նրա հետ և այդկերպ քավի իր մեղքը Աստծո առաջ: Մասլովան պատասխանում է, որ ավելի շուտ կկախի իրեն, քան կամուսնանա իշխանի հետ:
Նեխլյուդովը ձեռնամուխ է լինում Մասլովայի արդարացման գործին: Հրաժարվում է երդվյալ ատենակալի իր պաշտոնից՝ համարելով, որ դատարանը անիմաստ հաստատություն է: Մասլովային չթողնելու և նրա հետ ամուսնանալու որոշումը վերջնական է: Պատրաստվում է մեկնել Պետերբուրգ, որտեղ Մասլովայի գործը լսվելու է սենատում: Եթե բարձր դռանը հասցեագրված դիմումը ևս մում է անպատասխան, նա մեկնում է Մասլովայի հետևից Սիբիր: Մինչ այդ լինում է իր գյուղերում և օգտագործման է հանձնում հողը իր գյուղացիներին՝ ազատելով նրանց հողատերի առաջ որևէ պարտավորությունից: Սակայն ինչ-որ տխուր զգացում է համակում նրան: Նրան թվում է, որ գյուղացիները ինչ-որ ուրիշ բանի կարիք էլ ունեն, և նա չի տվել դա նրանց:
Գյուղ այցելելուց հետո Նեխլյուդովը զզվանք է զգում այն միջավայրի հանդեպ, որում ապրել է: Ծանոթանալով կալանավորվածների պայմաններին՝ իսկույն մի քանի գործ է սկսում: Սենատում Մասլովայի գործից բացի հայտնվում են դիմումներ մի քանի քաղաքական բանտարկյալների և Կովկաս աքսորվող աղանդավորների գործով:
Մի օր, սակայն, Նեխլյուդովին թվում է, որ նրա նախաձեռնությունը դատարկ, անօգուտ, իսկ ամենակարևորը արհեստական է: Մյուս կողմից վերադարձը նախորդ կյանքին կնշանակի մահ: Վերադառնալով Մոսկվա՝ նա հաղորդում է Մասլովային, որ սենատը հաստատել է դատարանի որոշումը և պետք է պատրաստվել Սիբիր ուղևորվելուն:
Ճանապարհին Նեխլյուդովը կարողանում է այնպես կազմակերպել, որ Մասլովային տանեն ոչ թե քրեական հանցագործների, այլ քաղաքականների հետ: Նրա հետ են Մարյա Շետինինան և Վլադիմիր Սիմոնսոնը: Կատյուշային քաղաքական բանտարկյալների հետ կյանքը լավն է թվում: Երկար ճանապարհը ամրացնում է նրա առողջությունը, իսկ նոր ընկերները արթնացնում են նրա մեջ նոր հետաքրքրություններ: Սկսում է շնորհակալ լինել իր ճակատագրին, քանզի առանց դատապարտված լինելու չէր ճանաչի բոլոր այդ հրաշալի մարդկանց: Սիմոնսոնը սիրահարվում է Կատյուշային, և դա բարձրացնում է վերջինիս իր իսկ աչքերում: Նա ստիպված է լինել հնարավորինս լավը: Նեխլյուդովը նրան ամուսնություն է առաջարկում մեծահոգությունից, իսկ Սիմոնսոնը՝ սիրուց: Եվ երբ վերջապես Նեխլյուդովը բերում է Կատյուշային շնորհված ներման լուրը, վերջինս հայտնում է, որ կմնա այնտեղ, որտեղ Սիմոնսոնն է:
Նեխլյուդովը, զգալով այս ամենը վերլուծելու անհրաժեշտություն, գալիս է տեղի հյուրանոցը: Կատյուշային նա պետք չէ: Բայց դա չի տանջում նրան: Հասարակական անարդարությունը, որ նա տեսել է, պահանջում է գործունեություն: Այդ չարիքը հաղթահարելու արմատական միջոցը նրան թվում է անհաս: Նստում է բազկաթոռին և նկատում է մի անգլիացու նվիրած Ավետարանը: «Բոլոր հարցերի լուծումն այստեղ է»,- մտածում է նա: Սկսում է կարդալ պատահական բացված տեղից: Բացվում է Մատթեոսի տասնութերորդ գլուխը: Այդ պահից Նեխլյուդովի համար սկսվում է նոր կյանք:
Լև Տոլստոյ | Հարություն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 30, 2015 Rating: