Լև Տոլստոյ | Աննա Կարենինա | համառոտ


Օբլոնսկիների մոսկովյան տանը, որտեղ «ամեն բան խառնվել է», 1873 թ. ձմռանը սպասում են տիրոջ քրոջը՝ Աննա Արկադևնա Կարենինային: Ընտանեկան գժտության պատճառն այն է, որ իշխան Ստեպան Արկադևիչ Օբլոնսկու կինը բացահայտել է ամուսնու սիրային կապը աղախնի հետ: Երեսունչորսամյա Ստիվա Օբլոնսկին անկեղծորեն խղճում է կնոջը՝ Դոլլիին, սակայն լինելով ուղիղ մարդ, չի մեղադրում ինքն իրեն պատահածի մեջ: Կենսասեր, բարի ու անհոգ Ստիվան արդեն վաղուց չի սիրում իր կնոջը՝ հինգ ողջ և երկու մեռած երեխաների մորը, և վաղուց հավատարիմ չէ:
Ստիվան նաև վաղուց անտարբեր է իր գործի հանդեպ: Ծառայում է առանց որևէ ոգևորության: Նրան բոլորը սիրում են, որովհետև սրտաբաց ու ջերմ մարդ է: Պարտքերը և ընտանեկան անախորժությունները դառնացնում են նրա կյանքը, բայց ոչ այնքան, որ նա հրաժարվի թանկ ռեստորանում ճաշելու սովորությունից: Նա ճաշում է գյուղից ժամանած ընկերոջ՝ Կոնստանտին Դմիտրիևիչ Լևինի հետ: Լևինը ժամանել է՝ տասնութամյա իշխանուհի Կիտի Շերբացկայային՝ Օբլոնսկու ազգականուհուն, առաջարկ անելու: Լևինը կարծում է, որ այդպիսի ոչ երկրային աղջիկը չի կարող սիրել իրեն՝ մի մարդու, որ չունի առանձնահատուկ ձիրքեր: Օբլոնսկին հաղորդում է Լևինին, որ նրա մոտ հայտնվել է մրցակից՝ փայլուն կոմս Ալեկսեյ Կիրիլովիչ Վրոնսկին:
Կիտին գիտի Լևինի սիրո մասին և զգում է իրեն նրա ներկայությամբ թեթև ու անկաշկանդ: Վրոնսկու հետ՝ ընդհակառակը: Բայց նա դժվարանում է գլուխ հանել իր զգացմունքներից: Կիտին չի էլ կասկածում, որ Վրոնսկին մտադիր չէ նրա հետ ամուսնանալ, և մերժում է Լևինին:
Կայարանում դիմավորելով մորը՝ Վրոնսկին տեսնում է Աննա Կարենինային: Իսկույն արտառոց ինչ-որ բան է նկատում այդ կնոջ մեջ: Հանդիպումը մթագնում է դժբախտ պատահարը: Գնացքի տակ է ընկնում և մահանում կայարանի պահակը:
Աննային հաջողվում է համոզել Դոլլիին ներել ամուսնուն: Օբլոնսկիների տանը հաստատվում է երերուն խաղաղություն, և Աննան գնում է տոնահանդեսի Օբլոնսկիների և Շերբացկիների հետ: Այնտեղ Կիտին հիանում է Աննայի հմայքով: Կիտին սպասում է, որ պարահանդեսի ժամանակ Վրոնսկին սեր կխոստովանի իրեն: Հանկարծ նկատում է, որ Վրոնսկին զրուցում է Աննայի հետ և նրանց հայացքներում երևում է փոխադարձ ձգողություն: Կիտին հուսահատ հեռանում է: Աննա Կարենինան վերադառնում է տուն, Պետերբուրգ: Վրոնսկին հետևում է նրան:
Լևինը տխուր վերադառնում է գյուղ: Մինչ այդ հանդիպում է եղբորը, որն ապրում է հյուրանոցում կնոջ հետ, որին վերցրել է հասարակաց տանից: Եղբայրը՝ Նիկոլայը, որ ծանր հարբեցող է, տարված է կոմունիստական գաղափարներով և փայտամշակման գործարանի հիմնումով: Հանդիպումը մեծացնում է Լևինի ճնշվածությունը: Որոշում է լծվել աշխատանքին և թույլ չտալ իրեն ոչ մի ճոխություն, որը մինչ այդ էլ թույլ չէր տալիս:
Պետերբուրգյան սովորական կյանքը հուսահատեցնում է Աննային: Երբեք չի սիրել ամուսնուն, որը տարիքով բավականին մեծ է իրենից, և միայն հարգել է նրան: Հիմա ամուսնու ներկայությունը սկսում է տանջել նրան: Չի փրկում անգամ սերն ութամյա որդու՝ Սերյոժայի նկատմամբ: Աննան փորձում է վերադարձնել հոգեկան հավասարակշռությունը, որովհետև Ալեկսեյ Վրոնսկին փորձում է նվաճել նրա բարեհաճությունը: Վրոնսկին սիրահարված է Աննային, բայց սերը մեծանում է այն մտքից, որ բարձրաշխարհիկ տիկնոջ հետ սիրավեպն ավելի փայլուն կդարձնի իր դիրքը: Չնայած, որ իր մտքերը Աննայի մասին են, Վրոնսկին վարում է գվարդիական սպայի հաճույքներով լեցուն կյանք:
Ալեկսեյ Կարենինը սկսում է նկատել հասարակության ուշադրությունն իր կնոջ և Վրոնսկու հարաբերությունների հանդեպ: Որպես պետական պաշտոնյա, որն իրեն հեռու է պահում առօրյա կյանքից, Կարենինն իրեն զգում է անհայտ անդնդի առաջ: Վրոնսկին սկսում է համոզել Աննային թողնել ամուսնուն: Բայց Աննան չի կարող վճիռ ընդունել. դրան չի օգնում անգամ այն, որ նա իմանում է, որ հղի է Վրոնսկուց:
Բարձրաշխարհիկ հասարակության ներկայությամբ ձիավազքի ժամանակ Վրոնսկու ձին սայթակում և ընկնում է: Աննան այնքան անմիջականորեն է արտահայտում իր անհանգստությունը, որ Կարենինը ստիպված է լինում հեռացնել նրան: Աննան հայտնում է ամուսնուն իր անհավատարմության մասին: Սա ազդում է Կարենինի վրա, ինչպես ատամի հեռացումը: Նա ազատվում է խանդի տառապանքից և հեռանում է Պետերբուրգ: Մենամարտը Վրոնսկու հետ և բաժանությունը որպես տարբերակներ նա մերժում է և որոշում է պահպանել կեղծ ամուսնական հարաբերությունները՝ այդկերպ ստորացնելու համար Աննային: Նորից անցնում է իր ծառայությանը: Աննան ատելությամբ է լցվում նրա նկատմամբ: Ստեղծված իրավիճակը ստորացուցիչ է նաև Վրոնսկու համար: Սկսվում է ծննդաբերությունը, որի ժամանակ Աննան հազիվ է ողջ մնում: Տենդի մեջ գալարվելով՝ նա ներողություն է խնդրում ամուսնուց, իսկ Վրոնսկուն մերժում է: Վրոնսկին ինքնասպանության փորձ է ուզում կատարել, բայց նրան փրկում են:
Աննան չի մեռնում և երբ մոտալուտ մահվան զգացումը լքում է նրան, նորից սկսում է ատելություն զգալ ամուսնու նկատմամբ: Մեծահոգությունը և հուզիչ խնամքը ծնված աղջկա հանդեպ չեն ազատում Աննային Կարենինի հանդեպ անախորժ զգացումից: Ի վերջո Կարենինան արտասահման է մեկնում զիվորական ծառայությունը թողած Վրոնսկու և դստեր հետ:
Լևինը գյուղում կարդում, գրում է գիրք գյուղական տնտեսության մասին և տարբեր բարենորոգություններ է անում, որոնք մուժիկները չեն ընդունում: Մուժիկները հարգում են նրան. գալիս են հեռվից խորհուրդ հարցնելու և, սակայն, նաև փորձում են խաբել սեփական շահի համար: Լևինին թվում է, որ նա գտել է երջանկությունը և մոռացել է ընտանեկան երանության մասին իր երազանքները: Սակայն իմանալով, որ Կիտին ծանր հիվանդ է, ամեն բան թողնում է և մեկնում աղջկա մոտ: Կիտիին տեսնելով՝ նորից վերապրում է իր սերը և հասկանում, որ միայն սիրո միջոցով կարող է լուծել կյանքի առեղծվածը:
Մոսկվայում Օբոլոնսկիների մոտ ճաշի ժամանակ Լևինը հանդիպում է Կիտիին և հասկանում է, որ աղջիկը սիրում է իրեն: Առաջարկություն է անում և համաձայնություն ստանում: Նորապսակները մեկնում են գյուղ:
Վրոնսկին և Աննան ճամփորդում են Իտալիայում: Սկզբում Աննան երջանիկ է: Վրոնսկին ամեն բան անում է, որ Աննան իրեն երջանիկ զգա և չճնշվի իր վիճակից: Բայց ինքը կարոտ ու ձանձրույթ է ապրում: Փորձում է նկարել, սակայն, հասկանալով, որ պատշաճ տաղանդ չունի, դադարում է:
Պետերբուրգ վերադառնալով՝ Աննան հստակորեն զգում է իր մերժվածությունը: Նրան չեն ուզում ընդունել ծանոթները: Հասարակության վերաբերմունքը վիրավորում է նաև Վրոնսկուն: Սերյոժայի ծննդյան օրը Աննան վերջապես այցելում է որդուն և հասկանալով, որ սա սիրում է իրեն, գիտակցում է, որ առանց տղայի կյանք չունի: Իր հուսահատության և գրգռվածության մեջ մեղավոր է տեսնում Վրոնսկուն: Վրոնսկին մեծ դժվարությամբ է հանգստացնում նրան և միասին մեկնում են գյուղ:
Ամուսնական կյանքի սկիզբը Կիտիի և Լևինի համար դժվար է: Պիտի սովորեն իրար, շատ են վիճում: Լևինը լուր է ստանում, որ եղբայրը մահամերձ է: Կիտին որոշում է նրա հետ մեկնել: Լևինը զարմանում է, որ Կիտին բոլորովին չի վախենում տեսնել մեռնողին: Զգում է, որ կնոջ սերը իրեն էլ փրկում է այդ օրերին:
Հղի ժամանակ Կիտին զգում է, որ Լևինը խանդում է իրեն:
Դոլլի Օբլոնսկայան, որը հյուր է քրոջ մոտ, որոշում է այցելել Կարենինային, որն ապրում է Վրոնսկու կալվածքում: Դոլլին զարմանում է այն փոփոխությունների վրա, որ տեղի են ունեցել Աննայի հետ: Զգում է վերջինիս կյանքի կեղծիքը: Աննան հուսահատ փորձում է իրենով լրացնել այն ամենը, ինչը Վրոնսկին կորցրել է իր պատճառով: Նրանց հարաբերությունները գնալով ավելի լարված են դառնում: Աննան խանդում է նրան ամեն ինչի նկատմամբ, անգամ հողային գործերի: Աշնանը տեղափոխվում են Մոսկվա, որտեղ սպասում են բաժանության մասին Կարենինի որոշմանը: Սակայն Կարենինը, որը հայտնի սպիրիտուհի՝ կոմսուհի Մյագկայայի ազդեցության տակ է, որոշել է հանցավոր կնոջը բաժանություն չտալ: Աննան իր կարգավիճակի բոլոր բարդություններում մեղադրում է Վրոնսկուն: Նրանք հաճախ են վիճում: Մի այդպիսի վեճից հետո Վրոնսկին, հակառակ Աննայի կամքի, մեկնում է մոր մոտ: Աննան հասկանում է, որ իր սերը դառնում է ավելի կրքոտ և ավելի ինքնասեր, իսկ Վրոնսկին, չկորցնելով նրա հանդեպ զգացմունքը, այդուհանդերձ, կրում է նրան: Հուսալով ստանալ Վրոնսկու զղջումը՝ Աննան մեկնում է նրա հետևից կայարան և հիշում է իրենց առաջին հանդիպման օրը գնացքի տակ ընկած մարդու մասին: Վերջերս երազ էր տեսել, որ իր վրա կռանում է մի մուժիկ և ֆրանսերեն ինչ-որ բան է ասում: Իսկույն հասկանում է՝ ինչ պիտի անի: Նետում է իրեն գնացքի տակ:
Կյանքը ծանր է դառնում Վրոնսկու համար: Ինքնակամ մեկնում է Սերբիա՝ թուրքերի դեմ կռվելու. Կարենինն իր մոտ է վերցնում նրա դստերը:
Կիտիի ծննդաբերությունից հետո ընտանիքը վերադառնում է գյուղ: Եղբոր մահից և երեխայի ծնունդից հետո Լևինը չի կարողանում լուծել իր համար կյանքի իմաստի հարցը: Զգում է, որ մոտ է ինքնասպանության: Նա միայն նկատում է, որ երբ չի հարցնում, թե ինչի համար է ապրում, նրա կյանքը դառնում է ամուր և որոշակի: Վերջապես հասկանում է, որ Ավետարանի Հայտնությունն անհնար է ընդգրկել բանականությամբ: Հիմա նա զգում է, որ ունակ է աներկբա իմաստ ներդնել իր կյանքի յուրաքանչյուր րոպեի մեջ:   

Տես Պատերազմ և Խաղաղություն, Հարություն և Հաջի Մուրադ

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Լև Տոլստոյ | Աննա Կարենինա | համառոտ Լև Տոլստոյ | Աննա Կարենինա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 22, 2015 Rating: 5
Технологии Blogger.