Մոպասան | Սիրելի բարեկամ | համառոտ



Ժորժ Դյուրուան՝ ունևոր գյուղաբնակների որդին, շատ բարետես է: Բարձրահասակ է, ունի հրաշալի բեղեր: Նա շատ դուր է գալիս կանանց: Հիմա նա Փարիզում է: Գրպանում ունի երեք ֆրանկ, իսկ աշխատավարձը կլինի միայն երեք օրից: Շոգ է. նա շատ է ուզում գարեջուր:
Դյուրուան քարշ է գալիս Փարիզի փողոցներով և սպասում է հարմար առիթի: Այդ առիթը կարող է լինել, օրինակ, որևէ կին: Ի վերջո այդպես էլ կլինի: Բոլոր շրջադարձները նրա կյանքում կապված կլինեն կանանց հետ: Իսկ հիմա նա հանդիպում է Ֆորեստյոյի հետ: Միասին ծառայել են Ալժիրում, որտեղ թալանել և սպանել են արաբներին:
Ֆորեստյոն լրագրող է. նրա գործերը վատ չեն: Գարեջուր է հյուրասիրում հին ընկերոջը և խորհուրդ է տալիս զբաղվել լրագրությամբ: Հրավիրում է Դյուրուային ճաշի և պարտքով երկու լուիդոր է տալիս նրան:
Ամեն բան այսպես էլ սկսվում է: Ֆորեստյոն ունի գեղեցիկ և բարեկիրթ կին, որի ընկերուհին է կրքոտ տիկին դը Մարելը, որն ունի փոքրիկ դուստր: Ճաշին ներկա է նաև պրն. Վալտերը՝ «Ֆրանսիական կյանք» թերթի հարուստ հրատարակիչը: Ներկա է նաև մի բանաստեղծ և մի ֆելյետոնիստ… Դյուրուան չգիտի, թե ինչպես բռնել դանակն ու պատառաքաղը և օգտվել չորս տեսակ գավաթներից: Նրա բախտը, այդուհանդերձ, բերում է: Զրույցի թեմա է դառնում Ալժիրը և նախկին զինվորն իսկույն դառնում է բոլորի, հատկապես կանանց ուշադրության կենտրոնը: ֆորեստյոն բաց չի թողնում հարմար առիթը և խնդրում է պրն. Վալտերին աշխատանքի վերցնել Ժորժին: Վերջինս ստանում է Ալժիրի մասին պատմող երկու-երեք ակնարկի պատվեր: Դյուրուան կարողանում է իր նկատմամբ լավ տրամադրել տիկին Մարելի փոքրիկ դստերը՝ Լորինային:
Երեկոյան սկսում է աշխատել «Աֆրիկյան հրաձիգի հիշողությունները» ակնարկի վրա: Վերնագիրը հուշել է տիկին Վալտերը: Աշխատանքը չի գնում: Ընդհատում է: Առավոտյան նորից ոչինչ չի ստացվում: Դյուրուան որոշում է օգնության դիմել: Ֆորեստյոն շտապում է խմբագրություն և չի կարող օգնել նրան. խորհուրդ է տալիս դիմել իր կնոջը: Տիկին Ֆորեստյոն հրավիրում է Դյուրուային նստել գրասեղանի առաջ, լսում է նրա պատմությունը և սկսում է թելադրել: Հոդվածը տպագրվում է:
Դյուրուան աշխատանքի է անցնում քրոնիկայի բաժնում և վերջապես կարող է լքել հյուսիսային երկաթգծի ատելի գրասենյակը: Նա ամեն բան անում է ճիշտ և ժամանակին: Բայց կա խնդիր: Չի ստացվում երկրորդ հոդվածը: Դյուրուան որոշում է ստանալ տիկին Ֆորեստյոյից ևս մեկ դաս: Այս անգամ պրն. Ֆորեստյոն տանն է: Հայտնում է Դյուրուային, որ չի պատրաստվում աշխատել նրա փոխարեն: Ժորժը չարանում է: Նա ինքնուրույն կգրի հոդվածը: Եվ գրում է: Սակայն հոդվածը չեն ընդունում: Նա փոխում է հոդվածը: Դարձյալ չեն ընդունում: Դյուրուան անցնում է ռեպորտաժների ժանրին: Այստեղ նրա մոտ ամեն բան ավելի լավ է ստացվում: Գոհ է անգամ պրն. Վալտերը:
Նոր աշխատավայրում Դյուրուան ստանում է երեք անգամ ավել բարձր աշխատավարփ և սկզբում իրեն հարուստ է զգում: Բայց դա տևում է կարճ: Նա միայն հասցրեց տեսնել հարուստ մարդկանց աշխարհը: Բայց ներս չի մտել: Նրա բախտը, իհարկե, բերել է, նա աշխատում է թերթում, ունի կապեր…, բայց միայն որպես լրագրող: Հետևաբար նա, ինչպես և նախկինում, աղքատ է:
Բայց, ահա, նրա կողքին են հարուստ մարդիկ, որոնք ունեն մեծ տներ և որոնց գրպանները լի են ոսկով: Ո՞րն է գաղտնիքը: Ժորժ Դյուրուան չգիտի: Բայց նա գիտի, թե որն է իր ուժեղ կողմը: Հիշում է տիկին Մարելին, նրա բարձր հայտարարությունը. «Մինչև ժամը երեքը ես միշտ տանն եմ»: Ժորժը գալիս է նրա մոտ երկուսն անց կես: Նա անհանգիստ է: Սակայն նրան ընդունում են շատ ջերմ. Լորինան ընդունում է նրան որպես բարեկամի: Ժորժը հրավիրվում է ռեստորան ճաշի, որտեղ կլինեն տիկին Մարելը ամուսնու հետ և Ֆորեստյոները:
Ճաշն անցնում է ճոխ պատվերների, խմիչքի և անմիջական զրույցի պայմաններում: Այնպես է ստացվում, որ կիսահարբած տիկին Մարելին կառքով տուն է ուղեկցում Ժորժը: Որոշ ժամանակ նա անվճռական է: Ի վերջո նետվում է գրոհի և տիկին Մարելը հանձնվում է: Վերջապես նա տիրում է իսկական բարձրաշխարհիկ կնոջ:
Հաջորդ օրը Դյուրուան նախաճաշում է իր սիրելիի մոտ: Դեռ մի փոքր անվստահ է. ամեն դեպքում խաղում է սիրահարվածի դերը: Դա դժվար չէ այդպիսի հմայիչ կնոջ ներկայությամբ: Դյուրուային ընդառաջ է վազում փոքրիկ Լորինան և ուրախ կանչում նրան. «Սիրելի բարեկա´մ»: Այսպես Ժորժ Դյուրուան ստանում է իր անունը:
Տիկին Մարելը՝ Կլոտիլդան, հրաշալի սիրուհի է: Նրանց հանդիպումների համար սենյակ է վարձում: Ժորժը դժգոհ է. չէ՞ որ ինքը չի կարող իրեն դա թույլ տալ: Սկզբում հակառակվում էր Մարելի այդ որոշմանը, հետո տեղի է տալիս: Ավելին, ամեն հանդիպումից հետո իր գրպանում գտնում է մեկ կամ երկու ոսկեդրամ: Դրան էլ է սովորում: Ամեն դեպքում խղճի հանգստության համար հետևողականորեն գրանցում է իր պարտքի չափը: Մի օր սիրեկանները լրջորեն վիճում են: Դա նման է հարաբերությունների կատարյալ խզման: Ժորժը երազում է որպես վրեժ վերադարձնել պարտքը: Բայց փող չկա: Անգամ Ֆորեստյոն ի պատասխան նրա խնդրանքի պարտքով տալիս է նրան ընդամենը տաս ֆրանկ: Ոչինչ, Դյուրուան կհատուցի նրան: Նա եղջյուրներ կսարքի հին ընկերոջը:
Սակայն տիկին Ֆորեստյոյին գրավելը հեշտ չէ: Առաջին գրոհն անհաջող է: Այդ կինն ասում է, որ երբեք չի դառնա Դյուրուայի սիրուհին, բայց առաջարկում է իր ընկերությունը: Սա թերևս ավելի մեծ ձեռքբերում է: Առաջին ընկերական խորհուրդն է՝ այցելել տիկին Վալտերին:
Սիրելի Բարեկամը այցելում է տիկին Վալտերին և նրա հյուրերին և արդեն մեկ շաբաթ հետո նա քրոնիկայի բաժնի ղեկավարն է և հրավիրված է Վալտերների տուն ճաշի:
Վալտերների տանը ճաշի ժամանակ տեղի է ունենում կարևոր իրադարձություն, բայց Դյուրուան դեռ չի հասկանում դրա կարևորությունը: Նրան են ներկայացնում հրատարակչի երկու դուստերին: Մեկը տասնութ տարեկան է, իսկ մյուսը՝ տասնվեց: Երկրորդը շատ բարետես է: Դյուրուան նկատում է, որ Կլոտիլդան դեռ շարունակում է մնալ շատ գեղեցիկ ու գայթակղիչ: Նրանք հաշտվում են:
Ֆորեստյոն հիվանդ է: Ուժեղ հազում է և երևում է, որ երկար չի ապրի: Կլոտիլդան իմիջիայլոց նկատում է, որ Ֆորեստյոյի մահից հետո նրա կինը չի հապաղի իսկույն ամուսնանալ նորից: Դյուրուան սուզվում է մտքերի մեջ:
Տիկին ֆորեստյոն տանում է ամուսնուն հարավ՝ բուժման: Դյուրուան առաջարկում է տիկնոջը իր ընկերական օգնությունը: Եվ տիկին Ֆորեստյոն շուտով խնդրում է նրան ժամանել Կան և չթողնել միայնակ մեռնող ամուսնու հետ: Սիրելի Բարեկամը տեսնում է իր առաջ բացվող հեռանկարը: Նա մեկնում է Կան և համբերատար հավատարիմ ընկեր խաղում: Սա համոզում է տիկին Ֆորեստյոյին, որ Ժորժը հրաշալի և բարի անձնավորություն է: Ֆորեստյոյի մահից հետո նրանք ամուսնանում են: Հիմա Դյուրուան ունի արտակարգ գործընկեր. նրա կինը՝ Մադլենը, անդրկուլիսային լրագրության և քաղաքական խաղի հանճար է: Նա ունի հրաշալի տուն և դառնում է ազնվական՝ կիսելով իր ազգանունը երկու վանկի և կցելով դրան իր գյուղի անվանումը՝ դյու Ռուա դը Կանտել:
Կնոջ հետ նրանք ընկերներ են: Սակայն ընկերությունը նույնպես պիտի սահմաններ ճանաչի: Մադլենը զուր է հայտնում Ժորժին, որ տիկին Վալտերի խելքը գնում է նրա համար: Սիրելի Բարեկամը դարձյալ սուզվում է մտքերի մեջ:
Տիկին Վալտերը բարեպաշտ կին է և հուսահատ կռիվ է տալիս սեփական կրքի դեմ: Սակայն Ժորժը սկսում է հիմնավոր գրոհ և զոհն ի վերջո հանձնվում է: Եվ չնայած որսն ավարտված է, զոհն ուզում է, որ իրեն որսան նորից ու նորից: Տեսնելով, որ Ժորժն արդեն սառն է իր հանդեպ՝ տիկին Վալտերը նրան մի գաղտնիք է հայտնում: Ֆրանսիան ռազմարշավ է պատրաստում Մարոկկո: Պրն. Վալտերը և Լարոշը՝ արտաքին գործերի նախարարը, մտադիր են դրանից շահույթ կորզել: Նրանք գնել են էժան պարտատոմսեր, որոնց արժեքը շուտով կբարձրանա: Նրանք կունենան տասնյակ միլիոնների շահույթ: Ժորժը նույնպես կարող է գնել, քանի դեռ ուշ չէ:
Մարոկկոյի դարբասը՝ Տանժերը, գրավված է: Վալտերը ձեռք է գցել 50 միլիոն: Գնել է ճոխ առանձնատուն և այգի: Դյուրուան չարացած է: Իհարկե, նրա կինը մեկ միլիոն է ստացել հանգուցյալ ամուսնուց և ինքը կարողացել է տիրանալ այդ ժառանգության կեսին, բայց դա այն չէ: Ահա Սյուզանը՝ Վալտերի դուստրը, քսան միլիոն օժիտ ունի…
Բարքերի ոստիկանության աշխատակիցների հետ միասին Ժորժը հետևում է սեփական կնոջը: Բռնում է նրան նախարար Լարոշի հետ և բաժանվում է: Միևնույն է, Վալտերը թույլ չի տա իր և Սյուզանի ամուսնությունը: Որոշում է գործել տիկին Վալտերի միջոցով: Այցելում է Վալտերների տուն և պարապ զրույցների ընթացքում կարողանում է գրավել Սյուզանի համակրանքը: Ի վերջո Սիրելի Բարեկամը փախցնում է անփորձ աղջկան: Հայրը ստիպված է հաշտվել ամուսնության հետ: Ժորժ Դյուրուան դուրս է գալիս եկեղեցուց երիտասարդ կնոջ հետ: Տեսնում է պատգամավորների պալատը, Բուրբոնների դղյակը: Ամեն բանի հասել է: Նրան այլևս չի սպառնում ո´չ շոգը, ո´չ ցուրտը: Նա այլևս երբեք այդքան չի ցանկանա գարեջուր:


Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Մոպասան | Սիրելի բարեկամ | համառոտ Մոպասան | Սիրելի բարեկամ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 07, 2015 Rating: 5
Технологии Blogger.