«Նոր կյանքը» սկսվում է իննամյա բանաստեղծի և իր հասակակից Բեատրիչեի առաջին հանդիպման նկարագրությամբ: Ավելի զորեղ ազդեցություն է գործում բանաստեղծի վրա նրանց երկրորդ հանդիպումը, որը տեղի է ունենում ինը տարի անց: Նրա հոգին «ցնցվում է»: Այս անգամ Բեատրիչեն գլուխ է տալիս նրան և դա լցնում է նրա հոգին երանությամբ: Բանաստեղծն առանձնանում է և տեսնում է երազ, որը նկարագրում է առաջին սոնետում: Ցույց է տալիս սիրո աստծուն, որը ձեռքի վրա բերում է իր սիրելիին և նրան է հրամցնում բանաստեղծի սիրտը: Աղջիկը ճաշակում է սիրտը: Այդ պատկերը առաջ է բերում Դանտեի ընկերների ծաղրը:
Ընկերների հարցերը ստիպում են նրան թաքցնել Բեատրիչեի նկատմամբ սերը և ձևացնել, թե սիրում է ուրիշ կնոջ, որին նա, օգտվելով պրովանսյան ավանդույթից, կոչում է «տիկին-քող»: Նրան այնքան լավ է հաջողվում թաքցնել իր սերը, որ Բեատրիչեն դադարում է նրան գլուխ տալ: Բանաստեղծն առանձնանում է և սկսում է արցունք թափել: Հայտնվելով մի օր կանանց հասարակության մեջ՝ ստիպված է բացատրել, թե ինչու է խուսափում սիրելի կնոջ ընկերակցությունից: Ասում է, որ գերագույն երանությունն իր համար այն բառերն են, որոնցով փառաբանում է իր տիկնոջը: Այդ թեմայով գրում է նշանավոր կանցոնան: Պատմում է, թե ինչ ազնվացնող ազդեցություն է գործում իր և բոլոր մյուս մարդկանց վրա Բեատրիչեն: Բեատրիչեի այդ ազդեցությունն ավելի է ուժգնանում վերջինիս մահից հետո:
Բեատրիչեի մահվան մասին պատմությանը նախորդում է նրա հոր մահվան պատմությունը: Վիշտը, որը ծնողի մահից հետո համակում է Բեատրիչեին, հուշում է պոետին տիկնոջ մոտալուտ մահվան մասին: Նա տեսնում է երազում մազերն արձակած կանանց, որոնք հայտնում են, որ Բեատրիչեն մեռնելու է: Արեգակը խամրում է, երկիրը դողում է, թռչունները վայր են ընկնում գետնին: Բանաստեղծին երևում է ճերմակ սավանով ծածկված Բեատրիչեն: Աստիճանաբար Դանտեն ուշքի է գալիս: Հանկարծ ներս է վազում նրա ընկերը և ասում, որ Բեատրիչեն մահացել է:
Բեատրիչեի մահից հետո բանաստեղծի վիշտը չունի սահման: Մահից անմիջապես հետո գրված բանաստեղծություններն ունեն զգացմունքի բացառիկ խորություն և անկեղծություն:
Մի քանի տարի անց բանաստեղծը հանդիպում է մի «կարեկից տիկնոջ», որով որոշ ժամանակ տարվում է: Սակայն շուտով նա զղջում է և որոշում է այսուհետ նվիրվել Բեատրիչեի փառաբանմանը: Բայց դրա համար հարկավոր է երկարամյա ուսում: Նա որոշում է գիտելիք կուտակել, որպեսզի կարողանա ասել սիրելիի մասին այնպիսի խոսքեր, որոնք դեռ ոչ մի կնոջ մասին չեն ասվել: Այսպիսով, «Նոր կյանքը» ակնարկում է «Աստվածային կատակերգությունը», որի ստեղծումը թվում է բանաստեղծին Բեատրիչեի փառաբանմանը միտված նախաձեռնություն: Սիրելիի պատկերը շարունակում է ոգեշնչել բանաստեղծին ողջ կյանքում:
Տես նաև Պետրարկա Երգերի գիրք և Շեքսպիր Սոնետներ
Դանտե Ալիգիերի | Նոր կյանք | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 01, 2015 Rating: