Այստեղ ներկայացված են դրվագներ Ումբերտո Էկոյի «Վեց զբոսանք գրական անտառներում» գրքից: Ընտրված են այն հատվածները, որտեղ հեղինակը վերլուծում է Ժերար Ներվալի «Սիլվիա» նովելը:
Այս դասախոսություններում ես հաճախ կանդրադառնամ ամենանշանակալի գեղարվեստական տեքստերից մեկին՝ Ժերար դը Ներվալի «Սիլվիային»: Ես կարդացել եմ այն քսան տարեկանում և մինչ օրս չեմ դադարում վերընթերցել: Երիտասարդ ժամանակ գրել եմ դրա մասին շատ վատ աշխատանք, իսկ 1976 թ.ից սեմինարներ եմ վարում դրա մասին Բոլոնիայի համալսարանում. դրա արդյունքն են երեք դոկտորական ատենախոսությունները և «VS» տարեգրքի 1982 թ. առանձին համարը: 1984 թ. ես դասախոսություններ եմ կարդացել «Սիլվիայի» մասին Կոլումբիայի համասարանի ուսանողներին. գրվել են բազմաթիվ կուրսային աշխատանքներ: Ուսումնասիրել եմ այդ նովելի ամեն ստորակետը և ամեն գաղտնի զսպանակը: Միևնույն ստեղծագործության քառասուն տարվա վերընթերցումներն ինձ ցույց տվեցին, թե որքան հիմար են նրանք, ովքեր պնդում են, թե մշակումը և բծախնդիր վերլուծությունը սպանում են տեքստի մոգությունը: Չնայած այն բանին, որ ես ճանաչում եմ «Սիլվիան» իր բոլոր անատոմիական մանրամասներում, ամեն անգնամ վերցնելով այն դարակից, ես սիրահարվում են նորից, ասես կարդում եմ առաջին անգամ:
Ահա «Սիլվիայի» առաջին նախադասության թարգմանության երկու տարբերակ.
Je sortais d'un theatre ou tous les soirs je paraissais aux avant-scenes en grande tenue de soupirant…
1. Ես դուրս էի գալիս թատրոնից, որտեղ լինում էի ամեն երեկո որպես երկրպագու:
2. Ես դուրս էի գալիս թատրոնից, որտեղ սովոր էի ժամանակ անցկացնել բեմի մոտի օթյակում որպես մոլի երկրպագու:
Ֆրանսերենի անցյալ անկատարը արտահայտելու համար թարգմանիչն իրավունք ունի ընտրել տարբեր միջոցներ: Դա շատ հետաքրքիր ժամանակ է, որովհետև միաժամանակ հաղորդում է ինչպես գործողության բազմակիությունը, այնպես էլ տևողությունը: Տևողությունը ցույց է տալիս, որ ինչ-որ բան տեղի էր ունենում անցյալում, սակայն ճշգրիտ ժամանակը նշված չէ, հետևաբար նշված չեն գործողության սկիզբը և վերջը: Բազմակիությունը ենթադրում է, որ գործողությունը կրկնվել է բազմիցս: Բայց անհնար է ճշգրտորեն ասել, թե երբ է այդ ժամանակը հաղորդում բազմակիություն, տևողություն կամ՝ երկուսը միասին: «Սիլվիայի» սկզբում «sortais»-ը (դուրս էր գալիս), տևական գործողություն է, որովհետև թատրոնից դուրս գալու համար որոշ ժամանակ է պահանջվում: Սակայն անցյալ անկատարով երկրորդ բայը՝ «paraissais»-ը (ժամանակ էի անցկացնում), միաժամանակ և տևական է, և բազմակի: Տեքստից երևում է, որ հերոսը այցելում է թատրոն ամեն երեկո, իսկ անկատար ժամանակը ցույց է տալիս դա նաև առանց հավելյալ պարզաբանումների: Հենց բազմանշանակությունն է հարմար դարձնում այդ ժամանակաձևը սարսափներ և երազներ պատմելու համար: Այն օգտագործում են հեքիաթներում. «Լինում էր, չէր լինում…»:
Առաջին թարգմանության մեջ գործողության բազմակիությունը չի նշվում «paraissais» բայով, իսկ երկրորդ թարգմանության մեջ դա նշում է «սովոր էի» բայը: Խոսքն այստեղ երրորդական համընկնությունների մասին չէ. «Սիլվիայի» գլխավոր հմայքներից մեկն այն է, որ ամեն բան բխում է անցյալ կատարյալի և անցյալ անկատարի մտածված փոխհաջորդումից, ընդ որում անկատար ժամանակը ստեղծում է մթնոլորտ, ասես մենք ամեն բան տեսնում ենք կիսափակ կոպերի միջով:
Ես դեռ կվերադառնամ Ներվալի անցյալ անկատարին հաջորդ դասախոսության մեջ և մենք շուտով կհասկանանք, թե որքան կարևոր է դա հեղինակի և նրա ձայնի մասին մեր զրույցի համար: Հիմա անդրադառնանք «Ես» դերանվանը, որից սկսվում է պատումը: Գրքերը, որոնք գրված են առաջին դեմքով, երբեմն ստիպում են նաիվ ընթերցողին հավատալ, իբր տեքստի «Եսը» հեղինակն է: Դա, իհարկե, այդպես չէ. այդ Ես-ը պատմողն է, ձայն, որը առաջ է տանում պատումը: Վուդհաուսը առաջին դեմքով գրել է շան հուշեր, ինչը փառահեղ օրինակն է այն բանի, որ պատմողի ձայնը միշտ չէ, որ հեղինակի ձայնն է:
«Սիլվիայի» դեպքում խոսքը երեք դեմքերի մասին է. առաջինը պարոնն է, որը ծնվել է 1808 թ. և ինքնասպանություն է գործել 1855 թ.: Ի դեպ, նրա անունը Ժերար դը Ներվալ չէ. նրա իսկական անունն է Ժերար Լաբրյունի: «Միշլեն» ուղեցույցի օգնությամբ շատ տուրիստներ նախկինի պես փնտրում են Փարիզում Հին Լապտերի փողոցը, որտեղ նա կախել է իրեն: Նրանցից ոմանց այդպես էլ հասու չէ «Սիլվիայի» գեղեցկությունը:
Երկրորդ դեմքը այն մարդն է, որն ինքն իրեն «ես» է կոչում նովելում: Դա Ժերար Լաբրյունին է: Այն ամենը, որ մենք գիտենք նրա մասին, այն է, որ նա պատմում է մեզ այս պատմությունը և վերջում ինքնասպան չի լինում, այլ ավարտում է նովելը մելամաղձոտ արտահայտությամբ.
«Պատրանքները պայթում են, ասես կճեպը հասուն պտղի վրա, իսկ պտուղը փորձառությունն է…»:
Ես և իմ ուսանողները որոշեցինք կոչել նրան Jerard, բայց քանի որ մյուս լեզուներով այս լեզվախաղը վերարտադրելի չէ, կոչենք նրան պարզապես պատմող: Այս պատմողը պարոն Լաբրյունին չէ այն նույն պատճառով, որով մարդը, որը «Գուլիվերի ճանապարհորդությունների» սկզբում ասում է. «Ես, ծնունդով Նոթինգեմփշայրից եմ, որտեղ հայրս ուներ ոչ շատ մեծ կալվածք: Երբ ես դարձա տասնչորս տարեկան, հայրս ուղարկեց ինձ Իմանյուելի քոլեջը Քեմբրիջում», - Ջոնաթան Սվիֆթը չէ, որը սովորել է Դուբլինի Թրինիթի քոլեջում: Օրինակելի ընթերցողին առաջարկում են սգալ պատմողի, այլ ոչ պարոն Լաբրյունիի չիրագործված պատրանքները: Եվ վերջապես կա նաև երրորդ դեմքը, որին սովորաբար դժվար է իդենտիֆիկացնել և որին ես օրինակելի ընթերցողի հետ համաչափության համար կկոչեմ հեղինակ: Լաբրյունին կարող էր լինել գրագող, և «Սիլվիան» կարող էր գրված լինել Ֆերնանդու Պեսոայի պապու կողմից, սակայն դրա օրինակելի հեղինակ է մնում անանուն «ձայնը», որը սկսում է իր պատմությունը հետևյալ բառերով. «Ես դուրս էի գալիս թատրոնից…» և ավարտում է Սիլվիայի հետևյալ նախադասությամբ. «Խե՜ղճ Ադրիենա: Նա մեռավ Սեն Ս. մենաստանում 1832 թ.»: Ուրիշ ոչինչ մենք նրա մասին չգիտենք, ավելի շուտ գիտենք լոկ այն, որ այս ձայնը խոսում է առաջին և տասնչորսերորդ գլուխների արանքում: Վերջին գլուխը կոչվում է «Վերջին էջեր». դրանից հետո մնում է միայն գրական անտառը և այն մտնելու մեր իրավունքը: Ընդունելով խաղի այդ կանոնը, մենք կարող ենք մեզ ազատություն թույլ տալ և անուն տալ այդ ձայնին, մականուն: Ես ինձ թույլ կտամ պնդել, որ շատ հարմար անուն եմ գտել նրա համար: Ներվալը Լաբրյունին չէ, ոչ էլ պատմողը: Ներվալը «նա» չէ, ճիշտ այնպես, ինչպես Ջորջ Էլիոթը «նա» չէ (ի տարբերություն Մերի Էն Էվանսից): Ներվալը «այն» է (ցավոք ես չեմ կարող արտահայտել դա հարազատ լեզվով, որովհետև իտալերենի քերականության կանոնները թույլ չեն տալիս չեզոք սեռ):
Կարելի է ասել, որ այս «այն»-ը լիովին ակնառու չէ նովելի սկզբում և տրված է միայն մի քանի գծերով, սակայն ընթերցման ավարտին վերջինս դառնում է այն, ինչը ցանկացած էսթետիկական տեսության մեջ կոչվում է «ոճ»: Իհարկե, օրինակելի հեղինակին կարելի է կոչել ոճ և այդ ոճը կլինի այնքան ակնառու և ճանաչելի, որ մենք անմիջապես կհասկանանք, որ նույն այդ ձայնը սկսում է «Ավրելիա» նովելը հետևյալ բառերով.
«Երազանքը երկրորդ կյանքն է»:
Սակայն «ոճ» տերմինը միաժամանակ և լայն է և նեղ: Այն ստիպում է մեզ ենթադրել, որ օրինակելի հեղինակը, եթե արտահայտվենք Սթիվեն Դեդալուսի բառերով, ամփոփված է իր կատարելության մեջ, «ինչպես Արարիչ-աստված, որն իր արարածի ներսում, ետևում կամ վերևում, մնում է անտեսանելի, չգո, և որպես այդպիսին՝ սառնասրտորեն խարտող իր եղունգները»: Մյուս կողմից, օրինակելի ընթերցողը ձայն է, որը դիմում է մեզ հավակնոտ կերպով (ամբարտավանորեն կամ խորամանկորեն), ով ուզում է տեսնել մեզ իր կողքին: Այդ ձայնը հառնում է որպես գեղարվեստական հնարքների ամբողջություն, որպես կետ առ կետ մշակված հանձնարարական, որին մենք պիտի հետևենք, եթե ցանկանում ենք պահել մեզ որպես օրինակելի ընթերցողներ:
Վերադառնանք «Սիլվիային»: Օգտագործելով սկզբում անկատար ժամանակ, ձայնը, որը մենք որոշեցինք կոչել Ներվալ, հաղորդում է, որ մենք լսելու ենք հուշեր: Չորս էջ հետո ձայնը անկատարից անցնում է անցյալ կատարյալի և պատմում է երեկոյի մասին, որը հերոսը թատրոնից հետո անցկացրել է ակումբում: Ինչպես հասկանում ենք, սա էլ է պատմողի հուշը, սակայն հիմա նա խոսում է անցյալ որոշակի պահի մասին, երբ պատմելով ընկերոջը դերասանուհու մասին, որին սիրում էր, բայց որի հետ ոչ մի անգամ չի խոսել, հասկանում է, որ սիրահարված է ոչ թե այդ կնոջ, այլ նրա պատկերին («Ես փնտրում եմ միայն տեսանելի պատկեր, ուրիշ ոչինչ չեմ ուզում»): Եվ ահա այդ իրական պահին, որը հստակ նշվում է որպես անցյալ կատարյալ, նա կարդում է թերթում, որ այդ երեկո Լուազիում, որտեղ անցել է նրա մանկությունը, անցկացվում է աղեղնավորների ավանդական մրցություն, որին մասնակցել է, երբ նրա խելքը գնում էր հմայիչ Սիլվիայի համար:
Երկրորդ գլխում նովելը վերադառնում է անցյալ կատարյալին: Հեղինակը մի քանի ժամ անցկացնում է կիսաքուն վիճակում՝ հիշելով նման իրավիճակը, որ ապրել է մանկության տարիներին: Նա հիշում է քնքուշ Սիլվիային, որը սիրում էր իրեն, և հիշում է գեղեցիկ, վեհ Ադրիենային, որն այն երեկո երգում էր մարգագետնում: Նա գրեթե աննյութական էր, նման էր տեսիլքի, իսկ հետո ընդմիշտ թաքնվում է մենաստանի պատերի ետևում: Կիսաքնի մեջ պատմողը ուզում է հասկանալ, սիրահարված է արդյոք նախկին անհույս ձևով այդ պատկերին, այսինքն՝ գուցե Ադրիենան և դերասանուհին միևնույն կինն են:
Երրորդ գլխում պատմողը ցանկանում է նորից այցելել իր մանկության հուշերի վայրերը և հաշվում է, որ կարող է հասնել այդտեղ նախքան լուսաբաց: Վարձում է կառք և ճանապարհի այն կետում, որտեղ սկսում է ճանաչել իր մանկության բլուրները և գյուղակները, նրա միտքն են գալիս նաև ուրիշ իրադարձությունների հետ կապված հուշեր, այս անգամ ավելի թարմ, որոնք տեղի են ունեցել այդ ճանապարհորդությունից երեք տարի առաջ: Սակայն ընթերցողներին հուշերի այդ նոր հոսանքի մեջ ներմուծում է մի նախադասություն, որը ուշադիր ընթերցման դեպքում թվում է բավականին զարմանալի.
Pendant que la voiture monte les cotes, recomposons les souvenirs du temps ouj'y venais si souvent.
Քանի դեռ ֆիակրը բարձրանում է բլուրների լանջով, հարություն տանք հիշողության մեջ այն ժամանակին, երբ ես այդքան հաճախ էի լինում այստեղ: Ո՞վ է արտասանում (կամ գրում) այս նախադասությունը և պահանջում մեր մասնակցությունը: Պատմո՞ղը... Ո՞վ է նա, ավելի շուտ, ովքե՞ր են նրանք, որոնք պիտի տրվեն հիշողություններին և նապատրաստվեն անցյալի ևս մեկ ճանապարհոդության: Ովքե՞ր են նրանք, որոնք պիտի անեն դա հենց հիմա, քանի դեռ ֆիակրը բարձրանում է (քանի դեռ ֆիակրը շարժվում է դեպի այն ժամանակը, երբ մենք կարդում ենք), և ոչ ավելի վաղ, «քանի դեռ ֆիակրը բարձրանում էր», այսինքն, երբ պատմողը ասաց մեզ, որ հիմա կսկսի պատմել: Բայց դա պատմողի ձայնը չէ. դա Ներվալի ձայնն է՝ օրինակելի հեղինակի, որը մի պահ սկսում է խոսել առաջին դեմքով և հաղորդում է մեզ՝ օրինակելի ընթերցողներիս հետևյալը. «Քանի դեռ պատմողը բարձրանում է ֆիակրով բլուրն ի վեր, եկեք սուզվենք (նրա հետ, իհարկե, Դուք և ես) հուշերի մեջ այն ժամանակների մասին, երբ նա հաճախ էր գալիս այս կողմերը»: Սա ոչ թե մենախոսություն է, այլ եռակողմ զրույցի մասնակիցներից մեկի միջարկությունը՝ Ներվալի, որը թաքուն թափանցում է պատմողի խոսքի մեջ, մեր, որոնք նույնքան թաքուն կերպով կոչված ենք լինելու մասնակիցներ, թեպետ կարծում էինք, որ կհետևենք իրադարձություններին ասես կողքից (և որ երբենք չենք լքել թատրոնը) և պատմողի, որին հնարավոր չէ բացառել, որովհետև հենց նա է հաճախ այցելել այս վայրերը (j'yvenaissisouvent):
Կուզեի նշել նաև, որ կարելի է բազում էջեր գրել այս «j 'у»-ի մասին: Նշո՞ւմ է արդյոք սա «այնտեղը», որտեղ գտնվում է պատմողը: Թե՞ «այստեղը», ուր անսպասելիորեն մեզ բերեց Ներվալը:
Պատումի այս կետում ժամանակը և տարածությունը այնքան սերտորեն են միահյուսվում, որ անգամ ձայներն են սկսում խառնվել: Սակայն այս կակոֆոնիան այնքան լավ է գործիքավորված, որ մնում է աննկատ, կամ գրեթե աննկատ, որովհետև մենք այն չնկատեցինք: Դա ոչ այնքան կակոֆոնիա է, որքան պայծառացում, նկարագրական աստվածահայտնություն, երբ պատմողական եռյակի երեք դեմքերը՝ օրինակելի հեղինակը, պատմողը և ընթերցողը հայտնվում են միաժամանակ:
Օրինակելի ընթերցողը և օրինակելի ընթերցողը դեմքեր են, որոնք ձևավորվում են հընթացս, նրանք փոխադարձաբար ստեղծում են միմյանց: Այդպես է գրական և առհասարակ բոլոր տեքստերում:
(…)
Իհարկե, օրինակելի հեղինակները միշտ չեն այսքան անկեղծ: Եթե, օրինակ վերադառնանք «Սիլվիային», ապա կպարզվի, որ մենք գործ ունենք հեղինակի հետ, որը թերևս չի ցանկանում, որ մենք վերընթերցենք տեքստը, ավելի ճիշտ ուզում է, որ վերընթերցենք, բայց չի ուզում, որ մենք այն հասկանանք առաջին ընթերցման ժամանակ: Խորհրդածելով Ներվալի մասին Պրուստը նկարագրում է այն տպավորությունը, որը մնում է մեզնից յուրաքանչյուրի մոտ առաջին ընթերցումից հետո. «Այստեղ մեր առաջ է մեկը արտասովոր գույն ունեցող այն պատկերներից, որոնք երբեք չես տեսնի հարթմնի և չես արտահայտի բառերով, որոնք մեզ ուղարկում են երազները և ներշնչում է երաժշտությունը: Երբեմն մենք դրանք տեսնում ենք քուն մտնելիս և փորձում ենք որսալ ու հաղորդել դրանց հստակություն: Հետո մենք արթնանում ենք և դրանք արդեն չկան:
(…)
«Մառախուղ» բառն այստեղ շատ կարևոր է: «Սիլվիան» իսկապես մառախլապատ ինչ-որ բանի զգացողություն է թողնում ընթերցողի մոտ, ասես մենք դիտում էինք շրջակա բնանկարը կիսափակ կոպերի միջով՝ միայն աղոտ կերպով տարբերելով առարկաների ուրվագծերը: Դա չի նշանակում, որ առարկաները չեն նշմարվում. ընդհակառակը՝ բնության և կերպարների նկարագրությունները «Սիլվիայում» աչքի են ընկնում պարզությամբ և հստակությամբ, յուրահատուկ նեոդասական հստակությամբ: Միայն թե ընթերցողը չի կարողանում որսալ դրանց ժամանակային տեղը: Ժորժ Պուլեի ասելով՝ Ներվալի հուշերը «կազմում են շուրջպար».
«Սիլվիան» շարժող մեխանիզմը կառուցված է ռետրոսպեկտիվ և պրոսպեկտիվ պլանների հերթագայության վրա, ինչպես նաև ռետրոսպեկցիաներից, որոնք դրված են մեկը մյուսի մեջ, ինչպես արկղերը:
Պատմելով ձեզ «Պատմողական 1 ժամանակի մասին» (ժամանակի, երբ տեղի է ունեցել նկարագրված դեպքը՝ երկու ժամ կամ հազար տարի առաջ), պատմողը (առաջին կամ երրորդ դեմքով) և գործող անձինք կարող են հիշատակել մի բան, որը պատահել է դրանից առաջ: Կամ կարող են ակնարկել մի բան, որն այդ պահին դեռ չի պատահել և դեռ սոսկ ենթադրվում է: Ինչպես ասում է Ժերար Ժանետը, ռետրոսպեկցիան կոմպենսացնում է այն, ինչի մասին հեղինակը մոռացել է պատմել, իսկ պերսպեկցիան պատմողական անհամբերության դրսևորում է:
Պատմողը սիրահարված է մի դերասանուհու: Նա չգիտի, փոխադարձ է արդյոք այդ սերը: Թերթի հոդվածը արթնացնում է նրա մոտ մանկության հուշեր: Նա գնում է տուն և կիսաքնի ու կիսաարթնության մեջ հիշում է երկու աղջիկների՝ Սիլվիային և Ադրիենային: Ադրիենան նման էր տեսիլքի՝ շիկահեր, բարձրահասակ, սլացիկ: Նա «պատրանք էր, որը մարմնավորում էր վեհությունը և գեղեցկությունը», «նրա երակներում հոսում էր Վալուաների տոհմի արյունը»: Սիլվիան, ընդհակառակը, թվում էր «հարևան գյուղի աղջիկ», մուգ աչքերով և «արևից սևացած դեմքով», որի մոտ պատմողի հիացմունքը Ադրիենայով առաջ է բերում մանկական խանդ:
Մի քանի ժամ անքնությունից տանջվելուց հետո պատմողը որոշում է նստել ֆիակր և վերադառնալ այն վայրերը, որոնց հետ կապված են նրա հուշերը: Ճանապարհին նա սկսում է վերհիշել ուրիշ իրադարձություններ («հարություն տանք հիշողության մեջ այն ժամանակին…»)՝ իրադարձություններ, որոնք վերաբերում են հիշյալ ուղևորության ժամանակից ոչ շատ հեռու ժամանակի («անցավ մի քանի տարի»). Այս երկար ռետրոսպեկտիվ դրվագում Ադրիենան հայտնվում է սոսկ հպանցիկ կերպով, որպես հուշ հուշի մեջ, իսկ Սիլվիան հառնում է զարմանալիորեն կենդանի և իրական: Նա այլևս գյուղի աղջիկ չէ, որին պատմողը չէր նկատում. «նրա մեջ ամեն բան դարձել է գերող»: Նա ունի ճկուն մարմին, նրա ժպիտի մեջ կա ատտիկյան ինչ-որ բան: Նրա մեջ կդրսևորվի ողջ այն հմայքը, որը պատանի ժամանակ պատմողը գտնում էր Ադրիենայի մեջ, և, գուցե,Սիլվիայի հետ նա կկարողանա հագեցնել սիրո ողջ կարիքը: Նրանք այցելում են Սիլվիայի ազգականուհուն, և հուզիչ տեսարանում, որը, թվում է, գուշակում է նրանց հնարավոր երջանկությունը, նրանք զուգվում են ինչպես անցյալ ժամանակների նորապսակները: Բայց դա տեղի է ունենում շատ ուշ, կամ՝ շատ վաղ: Հաջորդ օրը պատմողը վերադառնում է Փարիզ:
Եվ ահա հիմա, բլուրը բարձրացող կառքի մեջ նա նորից մտքով թռչում է հարազատ վայրեր: Ժամացույցը ցույց է տալիս առավոտվա չորսը և պատմողը սուզվում է նոր ռետրոսպեկցիայի մեջ, որին մենք կվերադառնանք ուրիշ դասախոսության մեջ, և, խնդրում եմ, գնահատեք իմ պրոսպեկտիվ քայլը, քանզի այստեղ (յոթերորդ գլխում) ժամանակային պլանները վերջնականապես խառնվում են և անհնար է հասկանալ, թե երբ է նա վերջին անգամ տեսել Ադրիենային, ինչի մասին հիշում է միայն հիմա՝ քիչ առաջ պատմած դրվագից առա՞ջ, թե՞ հետո: Շեղումը կարճ է: Ահա պատմողն արդեն Լուազիում է, որտեղ ավարտվում է աղեղնավորների մրցույթը: Այստեղ նա նորից տեսնում է Սիլվիային: Հիմա դա հմայիչ երիտասարդ կին է, և նրանք պատմողի հետ միասին հիշում են մանկությունը և պատանեկությունը (ռետրոսպեկցիաները այս պատումի մեջ գրեթե աննկատ են). նա հասկանում է, որ Սիլվիան նույնպես փոխվել է: Նա դարձել է հմուտ մեկը. կարդում է Ռուսո, երգում է արիաներ օպերաներից և անգնամ սովորել է արտասանել «վերամբարձ խոսքեր»: Եվ վերջապես նա շուտով դառնալու է պատմողի կաթնեղբոր, նրա մանկության ընկերոջ կինը: Պատմողը հասկանում է, որ պատրանքներն առհավետ կորած են, որ նա կորցրել է իր հնարավորությունը:
Վերադառնալով Փարիզ՝ պատմողը վերջապես կապի մեջ է մտնում Ավրելիայի հետ՝ այն դերասանուհու, որի սիրահարված է: Այստեղ գործողությունն արագանում է. պատմողը ապրում է դերասանուհու հետ, աստիճանաբար հասկանում է, որ չի սիրում նրան, երբեմն մեկնում է նրա հետ գյուղ, որտեղ ապրում է Սիլվիան: Սիլվիան հիմա երջանիկ մայր է. նա դառնում է պատմողի ընկերը և մասսամբ քույրը: Վերջին գլխում պատմողը, որին լքել է դերասանուհին (կամ, ով թույլ է տվել, որ իրեն լքեն), նորից զրուցում է Սիլվիայի հետ, իսկ հետո խորհում է իր կորած պատրանքների մասին:
Ողջ այս պատմությունը սարսափելիորեն ճապաղ է, սակայն հետահայաց և հեռանկարային պլանների սերտ միահյուսումը հաղորդում է նրան մոգական իռեալություն: Ինչպես ասում է դրա մասին Պրուստը. «անվերջ ստիպված ես ետ ու առաջ թերթել գրքի էջերը, որպեսզի հասկանաս, թե որտեղ ես գտնվում և ինչի մասին է խոսքը՝ անցյալի, թե ապագայի»: Ամեն բան ծածկող մառախուղի պատճառով ընթերցողը որպես օրենք ի վիճակի չէ հասկանալ դա: Հասկանալի է, թե ինչու Պրուստը, որը մշտապես տարված է անցյալի որոնումներով և ով ավարտեց իր գործը գտած ժամանակի դրոշի տակ, համարում է Ներվալին իր նախորդը և ուսուցիչը, սակայն անհաջողակ ուսուցիչ, որը տանուլ էր տվել ժամանակի հետ կռիվը:
Բայց ո՞վ է տանուլ տվել: Ժերար Լաբրյունի՞ն՝ էմպիրիկ հեղինակը, որին վիճակված է հիմա ինքնասպան լինել: Ներվա՞լը՝ օրինակելի հեղինակը: Թե՞ ընթերցողը: «Սիլվիայի» գրության ընթացքում Լաբրյունին մի քանի անգամ հայտնվում է հոգեբուժարանում հոգեկան ծանր շեղումներով, և «Ավրելիայում» նա հաղորդում է մեզ, որ գրում էր դժվարությամբ՝ «հիմնականում մատիտով, թղտի տարբեր կտորների վրա, հետևելով իր երազների և զբոսանքների շփոթ կածաններին»: Նա գրում էր այնպես, ինչպես առաջին անգամ կարդում է էմիպիրիկ ընթերցողը՝ չտեսնելով «առաջը» и «հետոն»: Պրուստը հետագայում կասի, որ «Սիլվիան» «երազ է երազի մեջ», բայց Լաբրյունին իսկապես գրել է այն ըստ երազի օրենքների: Նույնը չի կարելի է ասել Ներվալի, որպես օրինակելի հեղինակի մասին: Տեղի, ժամանակի և գործողության թվացյալ չճշտվածությունը, որը հատուկ հմայք է հաղորդում «Սիլվիային» (և որը հիստերիայի է հասցնում առաջին մակարդակի ընթերցողին), հիմնված է նարրատիվ ռազմավարության և քերականական մարտավարության վրա, որոնք աշխատում են ժամացույցի մեխանիզմի ճշտությամբ, իսկ դա կարող է հասկանալ միայն երկրորդ մակարդակի ընթերցողը:
Ինչպե՞ս դառնալ երկրորդ մակարդակի օրինակելի ընթերցող: Վերականգնելով իրադարձությունների հաջորդականությունը, որը պատմողը փաստացիորեն կորցրել է, և հասկանալ ոչ թե այն, թե ինչպես է նա այն կորցրել, այլ ինչ է արել Ներվալը, որպեսզի ընթերցողը կորցնի այն:
(…)
Կարդալով «Սիլվիայում» «Քանի դեռ ֆիակրը բարձրանում է բլուրը, հարություն տանք հիշողության մեջ այն ժամանակին, երբ ես հաճախ էի այցելում այս վայրերը», մենք հասկանում ենք, որ լսում ենք ոչ թե պատմողի ձայնը, այլ օրինակելի հեղինակին: Պարզ է, որ այդ օրինակելի հեղինակը դրսևորվում է ֆաբուլան կառուցելու եղանակի մեջ. ոչ թե սյուժեի միջոցների, այլ՝ շարադրանքի ձևի:
(…)
Գուցե «Սիլվիան» մի տեքստ է, որը պատմում է այն մասին, թե ինչպես է անհնար դառնում ֆաբուլայի վերականգնումը: Գուցե այն պահանջում է, որ ընթերցողի բանականությունը վնասվի, ինչպես Լաբրյունիի բանականությունը, որ նրա գիտակցության մեջ խառնվեն երազները, հուշերը և իրականությունը: Գուցե անկատար ժամանակի գործածությունը ցույց է տալիս, որ հեղինակը ուզում էր մոլորեցնել մեզ, այլ ոչ թե այն, որ մենք պիտի զբաղվենք անկատար բայերով: Այստեղ մենք պիտի ընտրություն կատարենք երկու պնդումների միջև: Առաջինի հեղինակը Լաբրյունին է: «Հրո դստրերում» նա գրում է Ալեքսանդր Դյումային, որ, նրա երկերը ոչնչով ավելի բարդ չեն Հեգելի մետաֆիզիկայից, և ավելացնում է, որ «եթե դրանք պարզաբանվեն, կկորցնեն իրենց հմայքը, իսկ դա անհնար է»: Մյուսը պատկանում է Ներվալին, որը գրում է «Սիլվիայի» վերջին գլխում. «Այսպիսի քիմերները հմայում և շեղում են մեզ ճանապարհից կյանքի արշալույսին: Ես փորձեցի տալ դրանց ուրվագիծը, այն հստակ չէ, բայց այդուհանդերձ արձագանք կստանա շատ սրտերում». Հա՞րկ է արդյոք Ներվալի այս խոսքերը հասկանալ որպես հայտարարություն, որ նա չի էլ պահպանել որևէ հստակ կարգ, կամ որպես խոստովանություն, որ կարգը, որը նա պահպանում էր, բնավ ակնհայտ չէ: Պիտի՞ արդյոք մենք երզրակացնենք, որ Պրուստը, ով այդպիսի նրբությամբ է վերլուծում բայական ձևերը Ֆլոբերի մոտ և այդքան զգայուն է պատումային հնարքների և դրանց ազդեցության նկատմամբ, թույլ կտար Ներվալին հիմարացնել մեզ անկատար անցյալով, որպեսզի մեզ մնա միայն (կյանքը էֆեմերային և անցողիկ ցույց տվող այդ դաժան ժամանակի դեմ հանդիման) տխրության զգացումը: Կարո՞ղ էր արդյոք Լաբրյունին, իր տեքստը կարգի բերելու համար այդքան ջանք վատնելուց հետո ցանկանալ, որ մենք չնկատենք և չգնահատենք այն հնարքները, որոնց օգնությամբ նա շեղում է մեզ ճանապարհից:
Ռուսերենից թարգմանեց Անահիտ Վարդանյանը
Ռուսերենից թարգմանեց Անահիտ Վարդանյանը
Ումբերտո Էկո | Վեց զբոսանք գրական անտառներում Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 17, 2015 Rating: