Մարսել Պրուստ | Սվանի ուղղությամբ | համառոտ



Ժամանակը կծկվում է անորսալի պահի մեջ, որը բաժանում է քունը արթնությունից: Մարսելին թվում է, թե նա վերածվել է նախորդ օրը կարդացած մի նյութի: Նրա բանականությունը փորձում է որոշել ննջարանի տեղը: Մի՞թե սա նրա պապու տունն է Կոմբրեում, որտեղ Մարսելը քուն է մտնում, և մայրն այդպես էլ չի հասցնում բարի գիշեր մաղթել նրան և համբուրել քնից առաջ: Թե՞ սա տիկին Սեն-Լուի կալվածքն է Տանսոնվիլում: Այդ դեպքում Մարսելը երկար քնել է ցերեկային զբոսանքից հետո. ժամը տասնմեկն է, և բոլորն ընթրել են: Այնուհետև ամեն բան տեղի է ունենում ըստ սովորականի: Բայց Մարսելի հիշողությունն արդեն արթնացել է. նա հիշելու  է Կոմբրեն, Բալբեկը, Փարիզը, Դոնսյերը և Վենետիկը:
Կոմբրեում փոքր Մարսելին ուղարկում էին քնելու անմիջապես ընթրիքից հետո: Մայրը այցելում էր նրան՝ քնից առաջ համբուրելու համար: Բայց երբ գալիս էին հյուրեր, մայրը չէր բարձրանում նրա սենյակ: Նրանց հյուրերից էր Շառլ Սվանը՝ Մարսելի պապու ընկերոջ որդին: Մարսելի հարազատները գլխի չեն ընկնում, որ Սվանը վարում է փայլուն բարձրաշխարհիկ կյանք, չէ՞ որ նրա հայրը սոսկ բորսայի գործակալ էր: Այն ժամանակ անցումը մի կաստայից մյուսը չէր ողջունվում: Մարսելի տատն է պատահականորեն իմանում Սվանի բարձրաշխարհիկ կապերի մասին: Անհաջող ամուսնությունից հետո Սվանը վատ հասարակությունից կնոջ հետ») ավելի ու ավելի հազվադեպ է լինում Կոմբրեում, և այդուհանդերձ, նրա այցելությունները տառապանքի պատճառ էին Մարսելի համար, քանի որ մայրիկն այդ երեկոների ժամանակ չէր գալիս նրան համբուրելու: Փորձում է նամակով կանչել մորը, որը փոխանցում է խոհարարուհու միջոցով: Բայց դա չի հաջողվում: Սպասելով Սվանի հեռանալուն՝ Մարսելը գիշերանոցով դուրս է գալիս մեծահասակների մոտ: Դա կարգի չլսված խախտում է, սակայն հայրը, որը խիստ է, հանկարծ հասկանում է որդու դրությունը: Մայրը մնում է լացող Մարսելի սենյակում ողջ գիշեր: Երբ տղան հանգստանում է, կարդում է նրան Ժորժ Սանդի վեպը:
Մարսելը հիշում է, թե որքան դժվար էր բարձրանալ աստիճանով ննջարան: Կոմբրեն նրա համար այդ ննջարանն է, քանզի ուրիշ որևէ բան հիշել չի կարողանում: Սակայն թեյի մեջ թրջած բիսկվիտի համը հիշեցնում է նրան իրենց այգու ծաղիկները, սուրբ Իլարիոսի եկեղեցու զանգը: Նման բիսկվիտ նրան հյուրասիրում էր իր մորաքույր Լեոնիան այն ժամանակ, երբ ընտանիքը անց էր կացնում Կոմբրեում արձակուրդը: Նրան թվում էր, թե ամուսնու մահից հետո ներշնչել է ինքն իրեն, թե հիվանդ է: Սիրած զբաղմուքն էր պատուհանից հետևել անցորդներին և խոհարարուհի Ֆրանսուազի հետ քննարկել տեղի կյանքի իրադարձությունները:
Մարսելը պաշտում էր ամառային զբոսանքները Կոմբրեի շրջակայքում: Ընտանիքը սիրում էր երկու երթուղի՝ «Մեզեգլիզի կամ Սվանի ուղղությունը» և «Գերմանտների ուղղությունը»: Մանկական տպավորությունները մնացին հոգում ընդմիշտ: Մարսելը վաղուց է նկատել, որ նրան իսկապես ուրախացնում են այն մարդիկ և այն առարկաները, որոնց նա բախվել է Կոմբրեում: Նա հիշում է, որ երբեմն ցանկանում էր հանդիպել որևէ մարդու միայն նրա համար, որ այդ մարդը հիշեցնում էր նրան Սվանի այգում աճող ծաղիկների որևէ թուփ: Մարսելի ողջ հյանքը կապված էր Կոմբրեում ճանաչածի հետ: Շփումը ինժեներ Լեգրանդենի հետ տալիս է տղային առաջին պատկերացումը սնոբիզմի մասին: Այս հաճելի, համեստ մարդը հասարակության մեջ չէր ցանկանում բարևել Մարսելի հարազատներին, որևվհետև բարեկամացել էր ազնվականների հետ: Երաժշտության ուսուցիչ Վենտեյլը դադարեց լինել տանը, որպեսզի չհանդիպի Սվանին, որն ամուսնացել էր կոկետուհու հետ: Ավելի ուշ իր դստեր և նրա ընկերուհու կասկածելի կապերի մասին լուրերը դարձան Վենտեյլի անժամանակ մահվան պատճառ:
Այն տարում, երբ ի վերջո մահացավ մորաքույր Լեոնիան, Մարսելը վկա է լինում մի այլանդակ տեսարանի. մադեմուազել Վենտեյլը թքում է հանգուցյալ երաժիշտի լուսանկարին: Տարին նշանավորվում է նաև նրանով, որ Ֆրանսուազը, որին դուր չէր գալիս Մարսելի ծնողների «անհոգությունը», համաձայնում է նրանց մոտ ծառայության անցնել:
Դպրոցական ընկերներից Մարսելը գերապատվություն է տալիս Բլոկին, որին տանը ընդունում էին ուրախ: Չնայած որ նրա պապը ծաղրում էր հրեաների հանդեպ ընտանիքի համակրանքը: Բլոկը խորհուրդ է տալիս Մարսելին կարդալ Բերգոտին, և այդ գրողը այնպես է ազդում տղայի վրա, որ սա ուզում է անպայման ծանոթանալ նրա հետ: Երբ մի օր Սվանը հայտարարում է, որ Բերգոտը ընկերություն է անում իր դստեր հետ, Մարսելի սիրտը քարանում է. միայն շատ արտասովոր աղջիկը կարող էր այդպիսի երջանկության արժանանալ: Նա տեսնում է Ժիլբերտին և մտածում նրա մասին որպես անհաս էակի: Իսկ Մարսելի ծնողները միայն նկատում են, որ տիկին Սվանը ամուսնու բացակայությամբ անամոթաբար ընդունում է իրենց տանը բարոն դը Շառլյուին: Սակայն մեծագույն ցնցումը Մարսելը ստանում է այն օրը, երբ Կոմբրեի եկեղեցում դքսուհի Գերմանտը որոշում է մասնակցել ծիսակատարությանը: Արտաքուստ այդ կինը ոչնչով աչքի չէր ընկնում, բայց չէ՞ որ Մարսելը տեսնում էր առասպելական Գերմանտներից մեկին: Սիրահարվելով դքսուհուն՝ տղան երազում էր շահել նրա բարեհաճությունը Այդ ժամանակ էլ առաջ եկավ գրող դառնալու ցանկությունը:
Մարսելն իմացավ Սվանի սիրո պատմությունը Կոմբրեից հեռանալուց մի քանի տարի հետո միայն: Օդետ դը Տրեսին Վերդյուրենների սալոնում միակ կինն էր, որ իմաստնության փարոս էր համարում պրն. Կոտարին: Այդ նկարչին ընդունված էր խղճալ վուլգար ոճի համար: Սվանը համարվում էր հայտնի սրտակեր, իսկ Օդետը, թվում է, նրա ճաշակով չէր: Սվանին շոյում էր այն միտքը, որ Օդետը սիրահարված է իրեն: Մի օր Սվանը նմանություն է նկատում Օդետի և Բոտիչելլիի նկարներից մեկի մեջ և Վենտեյլի կատարած սոնատի ազդեցությամբ նրա մեջ արթնանում է անսանձ կիրք: Սվանը թողնում է Վերմեերի մասին տրակտատը և նրա մտքերը կլանում է Օդետը: Նրանք արագ են մերձենում:
Սակայն շուտով Սվանը սկսում է խելագարի պես խանդել Օդետին: Օդետին սիրահարված կոմս դը Ֆորշվիլը հայտնում է Վերդյուրեններին Սվանի ազնվական ծանոթությունների մասին և Սվանը զրկվում է այդ տանը լինելու հնարավորությունից: Դա սաստկացնում է խանդի զգացումը, քանի որ Օդետը բավականին հաճախ է լինում Վերդյուրենների մոտ:
Մի օր լսելով Վենտեյլի սոնատը՝ Սվանը անդիմանալի ցավ է զգում: Նա հասկանում է, որ ժամանակը, երբ Օդետը խելահեղ կերպով սիրում էր իրեն, անցել է: Մղձավանջը անցնում է աստիճանաբար: Մարկիզուհի դը Գովոժոյի հրաշալի դեմքը հիշեցնում է Սվանին փրկարար Կոմբրեի մասին և նա հանկարծ տեսնում է Օդետին այնպիսին, ինչպիսին որ սա կա իրականում. ոչ, նա նման չէ Բոտիչելլիի նկարին: Ինչպե՞ս կարող էր պատահել, որ ինքը սպանեց մի քանի տարի՝ տարվելով մի կնոջով, որն իրեն անգամ դուր չի գալիս:
Մարսելը երբեք չէր մեկնի Բալբեկ, եթե Սվանը չգովեր այն: Փարիզում Սվանը եղավ տղայի համար «Ժիլբերտի հայրը»: Ֆրանսուազը տանում է Մարսելին Ելիսեյան դաշտեր և զբոսանքի, որտեղ խաղում էր աղջիկների խումբը Ժիլբերտի գլխավորությամբ: Տղային հիացնում էր տիկին Սվանի գեղեցկությունը, իսկ նրա մասին պտտվող լուրերը արթնացնում էին հետաքրքրությունը: Մի ժամանակ այդ կնոջը կոչում էին Օդետ դը Տրեսի:  
       
Տես նաև Անդրե Ժիդ Դրամանենգները, Ռոմեն Ռոլան Ժան Կրիստոֆ և Անատոլ Ֆրանս Թաիս
Մարսել Պրուստ | Սվանի ուղղությամբ | համառոտ Մարսել Պրուստ | Սվանի ուղղությամբ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 10, 2015 Rating: 5
Технологии Blogger.