Ռոբերտ Բըրնսը (1759 — 1796) 18-րդ դարի բրիտանացի մեծ բանաստեղծ է: Շոտլանդական ժողովրդի զավակը միավորել է իր ստեղծագործության մեջ ժողովրդական երգի պարզությունը և անհատական վարպետության ու տաղանդի վառ ինքնատիպությունը:
Բըրնսի գրական ժառանգությունը բազմազան և հարուստ է: Բանաստեղծություններից բացի պահպանվել են նաև Բըրնսի նամակները, որտեղ նա անդրադառնում է արվեստի և էսթետիկայի հարցերին:
Բանաստեղծի սիրային քնարերգությունը ներթափանցված է ուրախ ու լուսավոր հումորով, իսկ երբեմն՝ նաև տխրությամբ: Սովորաբար նրա բանաստեղծությունները կառուցվում են որպես պատանու և աղջկա մենախոսություն կամ երկխոսություն: Բըրնսի հերոսուհիները գյուղացի աղջիկներ են՝ համեստ, փթթուն, որոնք ունակ են ապրել խորը և անձնուրաց սեր: Մերի, Ջին, Էննի… այս աղջիկները ցերեկը չարքաշ աշխատում են, իսկ երեկոյան շտապում են ժամադրության տարեկանի արտում: Նրանք սիրում են կրքոտ ու ոչնչից չեն վախենում: Բանաստեղծը համեմատում է նրանց դաշտային ծաղիկների հետ:
Սերը Բըրնսի պոեզիայի առաջատար թեման է: Այն հառնում է որպես լուսավոր և հաղթանակող զգացմունք: Սերը բնության գլխավոր գանձն է, որը հասու է հասարակ մարդուն: Հաճախ Բըրնսը գրում է սիրո մասին հումորով: Բավական է հիշել «Ֆինդլեյ» բանաստեղծությունը, որտեղ աղջիկը իր համառ սիրահարին մատնանշում է դեպի իր սիրտը տանող միակ ճանապարհը՝ եկեղեցու դուռը: «Ջրաղացի Մեգգին» բանաստեղծությունը դատապարտում և ծաղրում է հաշվարկով ամուսնությունը:
Անկախ նրանից, թե որն է Բըրնսի կոնկրետ թեման՝ գութանի կոտրած ծաղիկը, դաշտամուկը կամ գարու հատիկը, որից գարեջուր են պատրաստում, նրա բանաստեղծությունը ստանում է նաև սոցիալական երանգ: Անձամբ ճաշակած լինելով գյուղացիության չարքաշ կյանքը՝ Բըրնսն անվերջ մտածում է պարզ ու հասարակ մարդու ճակատագրի մասին:
Սիրային և իդիլիական քնարերգությանը գումարվում է նաև քաղաքականը: Այստեղ Բըրնսը համակրում է Ֆրանսիական հեղափոխությանը: Լավագույն օրինակ է «Ազատության ծառը» բանաստեղծությունը, որը պոետի կյանքի օրոք չի հրապարակվել: Նրա գրչի տակ վերածնվում են Ռոբերտ Բրյուսի, Ուոլլեսի և Մակֆերսոնի հերոսական կերպարները, նրանց, ովքեր պայքարել են Շոտլանդիայի անկախության համար:
«Ուրախ չքավորները» կանտատը, որը պատկանում է բանաստեղծի լավագույն ստեղծագործությունների թվին, ձայն է տալիս ժողովրդի չունևոր ներկայացուցիչներին, որոնք հակառակ կենսական դժվարությունների՝ ուրախ են և գիտեն սիրել:
Բըրնսի պոեզիայի առանձնահատկությունը մեծ երաժշտականությունն է: Նրա շատ բանաստեղծություններ հին շոտլանդական երգերի վերամշակումներ են: Նշանակալի տեղ է զբաղեցնում երգիծական չափածոն: Այդպիսին են «Սուրբ տոնավաճառ» և «Սուրբ Վիլլիի աղոթքը» բանաստեղծությունները: Բազմաթիվ են Բըրնսի էպիգրամներն ու մահախոսականները:
Բանաստեղծի ստեղծագործությունը մեծ ազդեցություն է ունեցել անգլիական պոեզիայի վրա: Նրա երկրպագուներն են Վալտեր Սքոտը և Ուիլյամ Վորդսվորդը: Նա Բայրոնի և Շելլիի ամենասիրելի բանաստեղծներից է: Բըրնսյան որոշ թեմաների և հնարքների արձագանքը կարելի է գտնել Թոմաս Հարդիի և 20-րդ դարի պոետների մոտ:
Տես նաև Ուիլյամ Բլեյք և Ջոն Քիթս
Ռոբերտ Բըրնս | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 31, 2015 Rating: