Բանաստեղծ և նկարիչ Ուիլյամ Բլեյքը (1757-1827) նախառոմանտիզմի վառ ներկայացուցիչ է. թերևս նրան կարելի է համարել ռոմանիկական գրող: Ծնվել է ոչ հարուստ առևտրականի ընտանիքում, դաստիարակություն է ստացել պուրիտանական միջավայրում՝ անվերջ լսելով զրույցերն այն մասին, որ երկրային անարդարությանը մի օր վերջ կտան մարդիկ և Աստված:
Պայծառատես տղան մանկուց տառապում է հալյուցինացիաներից, որոնք մեկնաբանում է որպես աստվածային տեսիլներ: Դեռ մանկուց ի հայտ է գալիս նկարչի տաղանդը: Գեղարվեստի ակադեմիա նրան խանգարում է ընդունվել նշանավոր Ռեյնոլդսը: Աղքատությունը և փորագրանկարչի ծանր աշխատանքն են դառնում Բլեյքի ճակատագիրը: Նա նկարազարդում է Հոբի Գիրքը և Դանտեի «Աստվածային կատակերգությունը»:
1786 թ. Բլեյքը հրապարակում է բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծական ուրվագծերը»: Գիրքը վկայում է հազվագյուտ տաղանդի և բանաստեղծի թարմ տեսողության մասին: Այն բովանդակում է մի շարք բանաստեղծություններ, Շեքսպիրի ոգով գրված «Էդուարդ Երրորդ» անավարտ դրաման և «Գվինը, Նորվեգիայի թագավորը» բալլադը ժողովրդական ապստամբության մասին:
Գոյություն չունեցող նորվեգական թագավորի մասին հին լեգենդի ձևով Բլեյքը խոսում է գաղութատիրական լծից ազատագրված Ամերիկայում տեղի ունեցող դեպքերի մասին: Այդ դեպքերի զարգացման համար անգլիացի թագավոր Կառլոս Առաջինը հատուցեց իր գլխով: «Բանաստեղծական ուրվագծերը» Բլեյքի կյանքի օրոք տպագրված միակ գիրքն է: Մյուսները նա փորագրել է:
Բանաստեղծի ստեղծագործության գագաթը «Անմեղության երգեր» (1789) և «Փորձի երգեր» (1793) շարքերն են: Իրենց բովանդակությամբ դրանք թվում են բևեռայնորեն հակադիր: Սակայն մտահղացված են որպես մի ամբողջություն: «Անմեղության երգերում», որոնք հաճախ հիշեցնում են օրորոցային երգեր, բացվում է մանկան նաիվ և մաքուր հոգին, շարքը ողողված է աշխարհի մանկական պարզ ու վստահող ընկալմամբ: Գառնուկներին պահպանող հավատարիմ հովվի, մոլորված տղային գտնող սիրող հոր, երեխաներին ընթրիքի կանչող բարի դաստիարակի կերպարները ստեղծում են ջերմ և ուրախ, մեծահասակների սիրով աղետներից պաշտպանված աշխարհի պատկեր: «Շիծաղկոտ երգը» բանաստեղծությունը փոխանցում է երեխաների և նրանց հետևող մեծահասակների ծիծաղը: Քանի որ այդ գիրքը մարմնավորում է մանկական աշխարհընկալումը, իսկ երեխան հետաքրքրասիրության էակն է և ամեն բան նկատում է, այստեղ կան նաև ողբերգական պատկերներ և հակասություններ: Փոքրիկ տղան մոլորվել է ճահիճների մեջ և զուր կանչում է հորը («Մոլորված տղան»). պճնված և կոկիկ անգլիացի երեխաների մեջ հայտնում է մերթ աֆրիկացին («Սևամորթ տղան»), մերթ մանկահասակ ծխնելույս մաքրողը («Ծխնելույս մաքրողը»): Սակայն հակասությունները վերանում են, բանաստեղծությունների ավարտը լավատեսական է: Սևամորթ տղան ասում է, որ ունի սպիտակ հոգի և որ Դատաստանի օրը նա դուրս կգա ցեխից, իսկ անգլիացի տղան սպիտակ ամպից, և նրանց միջև կվերանա ամեն տարբերություն. նրանք կթռչեն Աստծո մոտ: Անգամ ծխնելույս մաքրող փոքր տղան մխիթարանք ունի: Երազում նրան այցելում է պահապան հրեշտակը և ասում է, որ անտեր ու խեղճ տղային հայր կլինի Աստված:
Շարքի սիմվոլիկան պարզ է: Մոլորված տղային գտնող հայրը Աստված է, սպիտակ ամպի վրա նստած մանուկը, որը կոչ է անում Բլեյքին երգել՝ Քրիստոսը:
Սակայն անմեղությանը փոխարինելու է գալիս դառը փորձը: Երկրորդ շարքի՝ «Փորձի երգերի» յուրաքանչյուր բանաստեղծություն ասես գալիս է հերքելու առաջին շարքի լուսավոր լավատեսությունը: Պատահական չէ, որ առաջին շարքի բանաստեղծությունների վերնագրերն այստեղ կրկնվում են, նշելով արդեն հակառակ իմաստներ: Դարձյալ այստեղ է «Սուրբ հինգշաբթին», որը համարվում է մանուկների տոնը: Սակայն Բլեյքը տալիս է մռայլ պատկեր: Ի՜նչ տոն, եթե երկրի հարստությունը փողոցի հիվանդ և քաղցած մանուկներն են:
Չքավորների գողացված և դառը մանկության ողբերգությունը «Փորձի երգերի» հիմնական մոտիվն է: Սիմվոլիկան դառնում է ահարկու, հեգնանքը՝ դառը: Նորից հայտնվում է փոքրիկ ծխնելույս մաքրողը, որը ցավով դատապարտում է նրանց, ովքեր մատնել են իրեն տառապանքի և կործանման:
Մոլորված մանուկների պատկերը, որը խորհրդանշում է ողջ մարդկությանը, հաճախ է հանդիպում «Փորձի երգերում»: «Մոլորված տղան» բանաստեղծությունից բացի կա նաև երկու բանաստեղծություն «Մոլորված աղջիկը» վերնագրով: Մի դեպքում դա պատանի աղջիկ է, որ ծաղիկների մեջ խաղում է իր սիրեցյալի հետ և դրա համար դատապարտված է խայտառակության և տառապանքի: Մյուսում դա յոթնամյա երեխա է, որը մոլորվել է անտառում և նաիվ աղոթքը շուրթերին քնում է խոտերի մեջ: Նրան շրջապատում են վայրի գազանները:
«Գառնուկը» («Անմեղության երգեր») ուրախ բանաստեղծությանը հակադրված է «Վագր» բանաստեղծությունը, որտեղ տրված է դաժան գիշատչի պատկերը և դրված է ճակատագրական հարց. ո՞վ է նրա արարիչը:
Այս երկու շարքերին համազոր ոչինչ Բլեյքը հետագայում չստեղծեց: Անհաջողակի կյանքը, կատարյալ միայնակությունը և անըմբռնումը իրենց կնիքն են դնում նրա ստեղծագործության վրա:
Արդարության գալիք թագավորության մասին իր գաղափարները նա արտահայտում է այլաբանությունների ձևով, որոնք չունեն առաջին երկու շարքերի պատկերների հստակությունը: Ծնվում են «Մարգարեական գրքերը»: Մի մասը անավարտ է, մյուս մասը նկարազարդված և փորագրված է. որոշ հատվածներ մեզ են հասել պատառիկների տեսքով:
«Մարգարեական գրքերից» են՝ «Տելի գիրքը» (1789), «Թիրիելը» (1989), «Երկնքի և Դժողքի ամուսնությունը» (1790), «Ֆրանսիական հեղափոխությունը» (1791), «Ալբիոնի դուստրերի տեսիլքը» (1793), «Ամերիկան» (1793), «Եվրոպան» (1794), «Յուրայզենի առաջին գիրքը» (1794), «Հսկա Ալբիոնի ստեղծած Երուսաղեմը» (1808) և «Միլթոնը» (1808). Միաժամանակ գրում է «Իրիկնային Ավետարան» (1797) շարքը, որը նվիրված է Քրիստոսին, և աֆորիզմներ, որոնք բանաստեղծը կոչում է «Դժողքի ասացվածքներ»: Բլեյքի Քրիստոսը հեղափոխական է: Նա թշնամի է անբարո հասարակության ֆետիշին: Իրեն Միլթոնի հետևորդ համարող Բլեյքը բողոքի և պայքարի մարմնավորում է համարում սատանային և նրա մեջ է տեսնում լուսավորման տենչի բուն կայծը: Երկնքի և երկնքի ամուսնությունը Բլեյքի համար փիլիսոփայական պրոցես է, որտեղ միանում են հակադրությունները: Չարիքը անհրաժեշտ է բարիքին, քանի որ կյանքի է կոչում էներգիաներ, որոնցից բարիքն ինքնին զուրկ է. այն պասիվ է և ոչ ստեղծագործ:
«Մարգարեական գրքերում» նկարագրվում է աստվածների և տիտանների կոսմիկական պայքարը: Բլեյքը ստեղծում է իր դիցաբանությունը՝ համադրելով բիբլիական, անտիկ, պարսկական և սկանդինավյան տարրեր: Տիեզերքի կենտրոնում է Յուրայզենը՝ օրենքի արարիչը և կարգի պահապանը: Նա հիշեցնում է Յեհովային:
Բլեյքի պոեզիան ճանաչում է գտնում XIX դ երկրորդ կեսին: Նա շարժում է այնպիսի գրողների հիացմունքը, ինչպիսիք են Սուինբերնը, Յեյթսը, Վոյնիչը և Շոուն: 1893 թ. լույս է տեսնում Բլեյքի եռահատոր երկերի ժողովածուն՝ ծավալուն մեկնություններով:
Տես նաև Ուիլյամ Վորդսվորդ և Ռոբերտ Բըրնս
Ուիլյամ Բլեյք | Պոեզիայի ուրվագիծ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 29, 2015 Rating: