Հաֆեզ



Իր նախորդ մեծ պարսիկ բանաստեղծներին հակառակ, Հաֆեզը (1324 - 1362) նկարագրվող առարկան ֆանտաստիկական ու միստիկական բնագավառից տեղափոխում է երկրային, իրական հողի վրա: Նրա ստեղծագործության օբյեկտն են դառնում Մոսալլայի վարդանոցն ու սոխակը, գեղեցկուհի Շահնաբաթը, դերվիշը, մուրացկանը, ճորտը… մարդն առհասարակ:
Սոխակի և վարդի մասին գրած նրա գազելներում հուզականությունն այնքան խորը կերպով է արտահայտվում, որքան իր սիրած գեղեցկուհի Շահնաբաթի սիրո մասին գրած գազելներում:

Գրիչս երբ նյութ առավ քո գեղեցիկ պատկերից,
Վարդի թերթիկն ամաչեց իմ տետրակի թերթերից:
Հաֆեզը հաճախ է ցավերը մոռացության տալիս գինու մեջ:
Գինու բաժակն ա´ռ ու խմիր, անցավո´ր,
Վշտեր ունես, գինի´ խմիր անցավո´ր.
Ողջ աշխարհն է դեռ սկզբից քայքայված,
Դու էլ խմիր ու քայքայվիր, անցավո´ր:

Արևելագետներից ոմանք Հաֆեզի ստեղծագործություններում գինու գովքը համարել են զուտ արբեցումի և սուֆիական էքստազի միջոց: Այն ստեղծագործությունը, որի մեջ շատ թե քիչ առկա էին գինու գովքը կամ թե սիրային, քնքուշ լիրիկական նկարագրությունները, համարվում էր սուֆիական: Սուֆիզմը, իհարկե, իր ազդեցությունն է ունեցել որոշ հեղինակների՝ Սենայի, Աթթարի, Ռումիի և ուրիշների վրա, իսկ ինչ վերաբերում է Հաֆեզին, ապա պետք է ասել, որ սուֆիզմի կրոնական փիլիսոփայական գաղափարախոսությունը նրա պոեզիայի հետ այնքան սերտ կապի մեջ չէ, որքան իր նախորդների դեպքում: Մինչև Հաֆեզը իրանական գրականության մեջ գոյություն ունեին լիրիկական ժանրի բոլոր տեսակները՝ ռուբայաթ, քասիդ, գազել, պոեմ, էպոս, մեսևի, բարոյախրատական պոեմ և այլն: Չնայած Հաֆեզը ժանրային ասպարեզում նորություն չբերեց, բայց գազելը հասցրեց կատարելության և համաշխարհային գրականության մեջ այդ տեսակում մնաց անգերազանցելի:
Հաֆեզի կենդանության օրոք նրա ստեղծագործությունները չեն հրատարակել: Բանաստեղծի մահից հետո է միայն կազմվել «Հաֆեզի դիվանը», որը մեզ չի հասել:
Հաֆեզի քառյակները մեծ մասամբ սիրային բնույթի են՝ գրված պատկերավոր լեզվով: Ձևի և բովանդակության տեսակետից դրանք, իհարկե, չեն գերազանցում Օմար Խայյամի և Բարա Թահիր Օրիանիի քառյակներին: Հաֆեզի ստեղծագործության հայելին նրա գազելներն են, որոնց հիմնական գաղափարները ամփոփված են «Սաղի-Նամե» պոեմում:
Եվրոպայում Հաֆեզի ստեղծագործությունները հայտնի դարձան 18-րդ դարում, բայց նրա հռչակը տարածվեց 19-րդ դարում, երբ Գյոթեն գրեց «Արևմտա-արևելյան դիվանը»: Գյոթեն դիվանի երկրորդ գլուխը («Հաֆեզի գիրքը») ամբողջապես նվիրել է Իրանի մեծ բանաստեղծին:
Նա ոչ միայն Հաֆեզին էր բարձր գնահատում, այլև իրանական գրականության մյուս ներկայացուցիչներին:
«Ասում են, թե պարսիկները ամբողջ հինգ դարերի իրենց բոլոր պոետներից միայն յոթ բանաստեղծ են համարել արժանավոր,- գրել է Գյոթեն,- բայց չէ՞ որ մյուս խոտանվածներից շատերը բարձր են ինձանից»: Գյոթեի ուսումնասիրություններից հետո, կարճ ժամանակում, մի քանի հրատարակություններով «Հաֆեզի դիվանը» լույս տեսավ գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն…

Տես նաև Ռուդաքի Բեյթեր և Ռուբայաթ և Նիզամի Գյանջևի Խոսրով և Շիրին
Հաֆեզ Հաֆեզ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 08, 2015 Rating: 5
Технологии Blogger.