Վոլֆգանգ Գյոթե | Արևմտաարևելյան դիվան | համառոտ

Ռոմանտիզմի դարաշրջանում ստեղծված առավել փայլուն գործերից է բանաստեղծական մի քանի շարքեր միավորող «Արևմտաարևելյան դիվան» (1814-1815) ժողովածուն՝ Գյոթեի պոեզիայի գագաթներից մեկը, որտեղ, հավանաբար, ավելի, քան այլ տեղ, զգացվում է ռոմանտիկական գեղարվեստական միտումների և նվաճումների ազդեցությունը:
Գյոթեի դարձը դեպի Արևելք նախապատրաստված էր ռոմանտիկական դպրոցի ողջ գործունեությամբ: Արևելքում Գյոթեն փորձում է գտնել այն բարոյական հիմքը, որի վրա կարող է հաստատվել կենսունակ հասարակությունը և կենսուրախ մարդը:

Հյուսիսը, Հարավը, Արևմուտքը փլուզվել են,
Տապալվել են ջահերը, կործանվել թագավորությունները:
Դեպի Արևելք հեռավոր կմեկնի
Օդ շնչելու հնամենի,
Գինու, սիրո, երգի երկրում
Նոր կյանքի համար կվերածնվի:

«Արևմտաարևելյան դիվանը» գերմանացի բանաստեղծի զրույցն է 14-րդ դարի պարսիկ բանաստեղծ Հաֆեզի հետ: Ժամանակի տեղափոխումը գեղարվեստական միջոց է, որն արտահայտում է միասնական, համայնապարփակ մարդկության աշխարհի զարգացման շարունակության մասին Գյոթեի գաղափարը: Այս երկխոսությունից բխող աշխարհի և մարդու մասին դատողությունները ստեղծում են մարդկային բանականությամբ և զգացմունքներով շնչավորված հավիտենականության պատկեր:
Ռոմանտիզմի դարաշրջանը երանգավորված էր աշխարհն իր երևույթների բազմազանության և հակասության մեջ ճանաչելու ձգտումով: Անտիկ աշխարհի ստեղծած ներդաշնակ, բարեգեղ համակարգը թվում էր թերի: Ռոմանտիկները բացահայտեցին գեղեցիկի և տգեղի, չարի և բարու գոյակցումը կյանքում: Եթե Վայմարյան կլասիցիզմի շրջանակներում Գյոթեն ընդունում էր միայն գեղեցիկի օրենքները և այն արվեստում արտահայտելու անհրաժեշտությունը, ապա ռոմանտիկական շրջանում նա փորձում է հասկանալ և ընդգրկել կեցության հակասական օրենքները և տալ աշխարհի համապարփակ պատկերը: Կեցության բազմակողմանիության ռոմանտիկական պատկերացումը նրա մոտ հարստանում է նատուրալիստի աշխարհզգացողությամբ: Ռոմանտիզմի մեջ կյանքի և մահվան միասնության գաղափարը ձևավորվել է որպես ամբողջական պրոցես, որի բովում կազմավորվում է հավիտենականությունը շաղկապող հոգևոր սկզբունքը: Ռոմանտիկների՝ աշխարհի այդպիսի դիալեկտիկական ըմբռնումը մոտ է Գյոթեին:
«Արևմտաարևելյան դիվանի» սիրային բանաստեղծություններին հատուկ է հուզականությունը և գույների պայծառությունը: Սիրահարներ Հաթեմի և Զուլեյկայի զվարճալի և, միևնույն ժամանակ, խանդավառ երկխոսությունը իր հուզականությամբ հիշեցնում է կրքոտությամբ հագեցած երիտասարդ Գյոթեի քնարերգությունը: Ինչպես «Մայիսյան երգում», այստեղ ևս հնչում է խոստովանության երջանկությունը և կյանքի բերկրանքը:
Գյոթեի ուշ շրջանի գխավոր բանաստեղծական ժողովածուն՝ «Արևմտաարևելյան դիվանը», չի սպառում այդ տասնամյակների նրա քնարերգական պոեզիան: Նա շարունակում է ստեղծել բալլադներ, բանաստեղծություններ, փիլիսոփայական քնարերգություն:

Վոլֆգանգ Գյոթե | Արևմտաարևելյան դիվան | համառոտ Վոլֆգանգ Գյոթե | Արևմտաարևելյան դիվան | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 29, 2016 Rating: 5
Технологии Blogger.