Պրոտագորաս համառոտ

Պրոտագորաս
(համառոտ)


Սոփեստներից ամենահայտնին ու ազդեցիկը եղել է Աբդերցի Պրոտագորասը (Ք. ա. 491 - 400): Նրա գլխավոր ստեղծագործությունն է «Անտիլոգիաներ» աշխատությունը, որը հայտնի է միայն ուրիշ հեղինակների կցկտուր փոխանցումներից ու մեջբերումներից:
Պրոտագորասի հիմնարար պնդումը աքսիոմատիկ է. «Մարդը բոլոր իրերի չափն է՝ և նրանց, որոնք կան, և նրանց, որոնք չկան»: Ասելով չափ՝ Պրոտագորասը հասկանում է «դատողության որոշակի նորմ», իսկ ասելով իրեր՝ փաստերն ու փորձը որպես ամբողջություն: Այս հայտնի աքսիոմը ժամանակի ընթացքում դարձավ ռելյատիվիզմի magna charta-ն: Իրոք, իր այս պնդմամբ Պրոտագորասը բացասում է բացարձակ չափանիշը, որով գոյությունը տարբերվում է չգոյությունից, իսկ ճշմարտությունը կեղծիքից: Չափանիշ կարող է լինել միայն մարդը: Մեկին քամին սառեցնում է, մյուսին՝ ջերմացնում: Ինչպիսի՞ն է քամին:
Մարդ-չափանիշի այս սկզբունքը զարգացվում է «Անտիլոգիաներում», որտեղ ցույց է տրվում, որ յուրաքաչյուր իր առաջ է բերում առնվազն երկու փաստարկ, որոնք հակասում են իրար:
Պահպանվել են վկայություններ այն մասին, որ Պրոտագորասը սովորեցնում էր թույլ փաստարկի օգնությամբ հաղթել ավելի ուժեղ փաստարկը: Խնդիրը անօրենությունն ու անարդարությունը հաստատելը չէ: Նրան առավել չափով հետաքրքրում էր թույլ խոսքը առավել համոզիչ դարձնելու մեթոդաբանությունն ինքը:
Ըստ Պրոտագորասի ամեն բան հարաբերական է: Գոյություն չունի բացարձակ ճշմարտություն և չկան բացարձակ բարոյական արժեքներ: Բայց կա առավել հարմարը, առավել պատշաճը և օգտակարը: Իմաստունը նա է, ով հասկանում է հարաբերականի օգտակարությունը, կարողանում է համոզել ուրիշներին և ակտուալացնել օգտակարը:
Բայց անգամ եթե ամեն բան այդպես է, Պրոտագորասի ռելյատիվիզմն ունի մեկ լուրջ սահմանափակություն: Մարդը դառնում է ճշմարտության և կեղծիքի օգտակարության չափանիշ, հետևաբար օգտակարությունը դառնում է օբյեկտիվ: Բարին և չարը պիտի ըստ Պրոտագորասի հարաբերակցվեն օգուտի և վնասակարության հետ: Լավը և վատը կապված են օգտակարի և վնասակարի հետ:
Սակայն Պրոտագորասը տարբերություն չի տեսնում ռելյատիվիզմի և պրագմատիզմի միջև այն պատճառով, որ էմպիրիկ մակարդակի վրա օգտակարությունը  որոշվում է սուբյեկտի մեջ: Հետևաբար օգտակարությունն ինքը սուբյեկտիվ և հարաբերական է: Սուբյեկտիվությունը օբյեկտիվ խնդիրների և ճշմարտության հետ համերաշխեցնելու գործը մնում է Սոկրատեսին:
Պրոտագորասն ասում է. «Աստվածների մասին ես չեմ կարող ասել, որ դրանք գոյություն ունեն, բայց նաև, որ դրանք գոյություն չունեն»: Երկու փաստարկներն էլ նա կարող էր պաշտպանել: Ռացիոնալ մակարդակի վրա սա դասական տիպի ագնոստիցիզմ է, որն իրեն է վերագրում պոզիտիվ դիրքորոշում:   
Պրոտագորաս համառոտ Պրոտագորաս համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 17, 2015 Rating: 5
Технологии Blogger.