Դիոգենես համառոտ

Դիոգենես
(համառոտ)


Չնայած այն բանին, որ կինիզմի հիմնադիրը Անտիսթենեսն է, շարժման սիմվոլ է համարվում Սինոպցի Դիոգենեսը (Ք. ա. IV դ.):  Նա Ալեքսանդրի ավագ ժամանակակիցն է: Դիոգենեսը ոչ միայն ավելի է սրում Անտիսթենեսի էքստրեմիզմը, այլև ստեղծում է անսովոր խստության կյանքի նոր իդեալ, որը հարյուրամյակներ գոյատևում է որպես օրինակելի:
Նրա ողջ ծրագիրը կարելի է արտահայտել «Մարդ եմ փնտրում» հայտնի արտահայտությամբ, որը նա կրկնում էր՝ ցերեկով ջահը ձեռքին շրջելով մարդկանց բազմության մեջ: Փնտրվում է մարդը, որն ապրում է իր կոչմանը համարժեք, որը բարձր է ամեն տեսակ արտաքին պատճառականությունից, ճակատագրի քմահաճույքներից, գիտի գտնել իր անկրկնելի բնությունը:
Դիոգենեսն ասում է, որ աստվածները շնորհել են մարդկանց կյանքի միջոցներ, սակայն սխալվել են այդ մարդկանց հարցում: Նրա խնդիրն է ցույց տալ, որ մարդը երջանիկ լինելու համար ամեն բան ունի իր տրամադրության տակ: Հենց այս համատեքստում են ավելորդ մաթեմատիկան, ֆիզիկան, աստղագիտությունը, երաժշտությունը և մետաֆիզիկան: Կինիզմը այսպիսով դառնում է ոչ միայն Հունաստանի, այլև ողջ Արևմուտքի ամենահակամշակութային կացութաձևը: Ամենածայրահեղ հետևություններից էր այն, որ մարդու ամենաէական պահանջմունքները կենդանական են: Թեոֆրաստը պատմում է, որ Դիոգենեսը, տեսնելով մկանը, որն իրեն գիշերելու համար օթևան չէր փնտրում, այդպիսի ապրելակերպը համարում է օրինակելի:
Քաղաքակրթական հարմարավետությունից դուրս ապրելու սիմվոլն է տակառը, որի մեջ նա ապրում էր: Ազատ է միայն նա, ով ազատ է ամենից շատ թվով պահանջմունքներից: Կինիկները քարոզում էին չափազուրկ ազատություն: Նրանց վարքը պիտի ցույց տար հույների ապրելակերպի ողջ հակաբնականությունը: Հյուրընկալվելով շքեղ ու հարուստ տանը՝ Դիոգենեսը թքում է տանտիրոջ երեսին՝ ասելով, որ դա ամենահարմար վայրն էր ողջ տան մեջ:
Դեպի ազատություն և առաքինություն տանող ճանապարհն ասկեզան է: Իշխել կրքերին նշանակում է հաղթել ազատության համար մղվող պայքարում: Ամուսնությունը դատապարտվում է, իսկ պաշտպանվում է ազատ կենակցությունը: Կինիկը չունի հայրենիք, նրա հայրենիքն է ողջ աշխարհը:
Ավտարկիան, այսինքն՝ ինքնաբավությունը, կինիկական ապրելակերպի իդեալն է: Կոչելով իրեն շուն (կինե)՝ Դիոգենեսը հակադրում է իրեն բոլոր նրանց, ովքեր այդպիսի անունը վիրավորական կհամարեին: 

Անկասկած Դիոգենեսին հաջողվեց բարձրաձայնել իր ժամանակի որոշ տրամադրություններ: Դա հասկանում էին անգամ նրա ժամանակակիցները, որոնք նրա պատվին շան տեսքով մարմարե արձան կանգնեցրին: 
Դիոգենես համառոտ Դիոգենես համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 20, 2015 Rating: 5
Технологии Blogger.