Ֆերդինանդ դը Սոսյուր | Լեզվաբանության ընդհանուր դասընթաց | համառոտ




Ժամանակակից լեզվաբանությունը իր զարգացման հիմնական գծերով պարտական է Ֆերդինանդ դը Սոսյուրին (1857-1913): Նրա «Ընդհանուր լեզվաբանության դասընթացը» ազդել է սոցիալեզվաբաններ Մեյեի և Սոմերֆելդի, ոճաբան Բեյլի, ինտուիցիոնալիստներ Դեվոտոյի և Նոնչիենոյի, Պրահայի ստրուկտուրալիստներ Կարցեվսկու, Տրուբեցկոյի, փիլիսոփաներ Մերլո-Պոնտիի, Լևի Ստրոսի, Ռոլան Բարտի, Ժակ Լականի և Միշել Ֆուկոյի վրա:
«Ընդհանուր լեզվաբանության դասընթացը» (1916) նախ սահմանում է նշանաբանության հասկացությունը: Սա գիտություն է, որն ուսումնասիրում է նշանների կյանքը հասարակական կյանքի ներսում: Ասելով նշաններ՝ Սոսյուրը հասկանում է ոչ միայն լեզվաբանական միավորները, այլև սիմվոլիկ ծեսերը, խուլ ու համրերի այբուբենը, բարեկրթության բանաձևերը, զինվորական պատվի նշանները, նորաձևությունը և այլն: Այս իմաստով խոսքային ակտը նշանագիտական համակարգերից մեկն է: Հակառակ ավանդական մոտեցման (օրինակ Պլատոնի), ըստ որի նշանը կապում է անունը և իրը, Սոսյուրը գտնում է, որ նշանը ցույց է տալիս հասկացության և ակուստիկական (լսողական) պատկերի կապը: Նշանն ունի նշանակիչ և նշանակյալ: Լեզուն համեմատելի է թերթի հետ: Դիմային կողմում է միտքը, իսկ մյուս կողմում՝ ձայնը: Հնարավոր չէ կտրել ֆիգուր՝ անջատելով դիմային կողմը հակառակ երեսից: Այսպիսով, նշանը կապում է երկու կողմերը:
Նշանն ունի երկու հատկություն: Նշանակիչը կամայական ու գծային է: Նշանակյալը և նշանակիչի կապը կամայական է: Որևէ բառի հնչյունները պարտադիր այս կամ այն գաղափարի հետ կապելու անհրաժեշտություն գոյություն չունի: Ինչ վերաբերում է նշանակիչի գծային բնույթին, ապա այն տարաձիգ է և այդ տարաձգությունը ունի գծային որակ:
Սոսյուրի տեսության հիմքում լեզվի և խոսքի հակադրությունն է: Սա առաջին ճշմարտությունն է: Հարկ է յուրացնել, որ լեզուն խոսքը չէ: Խոսքը խոսելու համընդհանուր ունակությունն է: Լեզուն խոսելու ունակության սոցիալական արգասիքն է: Լեզուն անհատի հարաբերությամբ արտաքին և ավելի բարձր փաստ է: Մարդը ստիպված է սովորել լեզուն:
Որպես սոցիալական փաստ և նշանների համակարգ, որն օգտագործում է մարդը, լեզուն տարբերվում է խոսքային դրսևորումից: Բաժանելով իրարից լեզուն և խոսքը՝ Սոսյուրը բաժանում է հասարակականը և անհատականը: Լեզվի էվոլյուցիայի բոլոր արմատները անհատական ոլորտում են: Սակայն ցանկացած նորաբանություն նախապես ենթագիտակցաբար համեմատվում է լեզվի նյութի, նրա շարակարգային հարաբերությունների հետ:
Բացի լեզվի և խոսքի հակադրությունից Սոսյուրը ներմուծում է համաժամանակայնության և տարժամանակայնության հակադրությունը: Լեզվի գիտական ճանաչողությունը պահանջում է պատմական մոտեցում: Սոսյուրը առաջ է գնում և պնդում է, որ լեզվաբանությունը ուսումնասիրում է լեզուն որպես համակարգ՝ առանց նկատի ունենալու պատմական փոփոխությունները: Լեզվաբանին կարող են հետաքրքրել միայն տրամաբանական և հոգեբանական լեզվական հարաբերությունները, որոնք ընդունված են կոլեկտիվ գիտակցության կողմից: Տարժամանակային լեզվաբանությունը  գործ ունի փոփոխությունների հետ, որոնք չեն ճանաչում համակարգ:
Տարժամանակայնությունը և համաժամանակայնությունը նշում են լեզվի կարգավիճակը և էվոլյուցիոն փուլերի համակարգը: Ահա ինչու մեկը չի բացառում մյուսը: Սակայն համաժամանականությունը տարժամանակայնության հարաբերությամբ դոմինանտ է, քանզի խոսող մարդկանց համար այսօրվա լեզուն միակ իրականությունն է: Համաժամանակային լեզվաբանությունը ստատիկ լեզվաբանություն է:
Ինչպես և խաղի դեպքում լեզվի համար կարևորը իր ներքին խաղի քերականությունն է, այսինքն՝ լեզվական նշանների միջև փոխհարաբերությունների համակարգը: 

Ֆերդինանդ դը Սոսյուր | Լեզվաբանության ընդհանուր դասընթաց | համառոտ Ֆերդինանդ դը Սոսյուր | Լեզվաբանության ընդհանուր դասընթաց | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 28, 2015 Rating: 5
Технологии Blogger.