Նոամ Խոմսկի համառոտ

Նոամ Խոմսկի
(համառոտ)



Ավանդական քերականությունը և կառուցվածքային լեզվաբանությունը հավաքեցին մեծ էմպիրիկ նյութ լեզվի փաստերից և ուսումնասիրություններից: Ե´վ նորմատիվ ավանդական քերականությունը, և´ կառուցվածքային լեզվաբանությունը իրենց նկարագրական ուղղությամբ մնում են դասակարգումների մակարդակի վրա: Ամերիկացի լեզվաբան Նոամ Խոմսկին (ծնվ. 1928) փոխում է իրավիճակը: Նրա կարծիքով լեզվաբանության գլխավոր խնդիրը ոչ թե փաստերի և տվյալների պակասն է, այլ ավելի շուտ այն, որ գոյություն ունեցող տեսությունները չեն կարողանում ի մի բերել բազմաթիվ տվյալները, նկարագրում են, բայց չեն բացատրում և համակարգում դրանք:
Խոմսկու կոնցեպցիան, որը սկզբնապես մշակվել է «Քերականական կառուցվածքներ» (1957) աշխատության մեջ, ապրել է որոշ փոփոխություններ, այնպես որ կարելի է ավելի շուտ խոսել երեք տարբեր տեսությունների մասին՝ կերպափոխող սերող քերականության մասին, ստանդարտ տեսության և ընդլայնված ստանդարտ տեսության: Սերող քերականությունը չի վերլուծում և չի նկարագրում ասույթները, այլ տրամաբանա-մաթեմատիկական հաշվարկի նմանությամբ սերում է տվյալ լեզվի բոլոր հնարավոր քերականական նախադասությունները: Ոչ թե իմաստավորվածությունը և ճշմարտությունը, այլ ձևական կորեկտությունն է հետաքրքրում լեզվաբանին: «Շարահյուսկան կառույցներում» Խոմսկին ցույց է տալիս, թե ինչպես կարելի է միջուկային-տարրական նախադասություններից ստանալ բարդ նախադասություններ: Նա ներմուծում է խորքային և մակերեսային կառույցների հասկացությունները, որոնք, կախված յուրաքանչյուր լեզվի առանձնահատկությունից, փոխում են նախադասության ներսում շարահյուսկան կապերը:
Ահա կերպափոխող սերող քերականության օրինակներ. «Պետրոսը դաստիարակում է Պողոսին» և «Պողոսը դաստիարակում է Պետրոսին»: Այս նախադասությունները ունեն միևնույն բառային կազմը, սակայն տարբեր նշանակություններ: Այդուհանդերձ «Պողոսը դաստիարակված է Պետրոսի կողմից» և «Պետրոսը դաստիարակում է Պողոսին» ասույթները համընկնում են իմաստով, քանի որ առաջինը խորքային կառույցի օրինական կերպափոխություն է: Խորքային կառույցի մեջ E նախադասությունը բաժանվում է երկու կատեգորիայի՝ անվանական և բայական խմբերի: Այս վերջինները բաժանվում են ուրիշ շարույթների, մինչև որ չեն հասնի անվանը՝ N, բային՝ V, մակբային՝ Adv, և ածականին՝ Adj և այլն:
Կարելի է գնահատել տվյալ վերլուծության օգտակարությունը, երբ բախվում են երկիմաստ նախադասությունների (երկու խորքային կառույցների, որոնք համապատասխանում են տարբեր իմաստների): «Իմանալ լեզուն»,-գրում է Խոմսկին «Բանականություն և լեզու» գրքում,-«նշանակում է կարողանալ իմաստաբանական և հնչյունական մեկնաբանություն վերագրել խորքային կառույցին և առանձնացնել նրա հետ կապված մակերեսային կառույցը»:
Խոմսկու կոմպետենցիա և կիրառություն հասկացությունները հիշեցնում են Ֆերդինանդ դը Սոսյուրի լեզվի և խոսքի հակադրությունը: Կոմպետենցիան կազմում է խոսող սուբյեկտի կանոնների և մեխանիզմների համալիր, որոնք թույլ են տալիս ստեղծել և գնահատել նախադասությունների և հաղորդումների անվերջ բազմություն (լեզվի համաբանություն): Կիրառությունը կոմպետենցիայի կոնկրետ իրագործումն է (խոսքի համաբանություն):

Կոմպետենցիան Խոմսկին (ի տարբերություն Սոսյուրի) կապում է սուբյեկտի ստեղծագործ ակտիվության հետ, որն անհայտ է Բլումֆիլդին և Սկիներին: Հղում անելով Հումբոլդտին՝ Խոմսկին նշում է լեզվի համար անվերջ հնարավորություններ, որոնք ելնում են վերջավոր միջոցներից: 
Նոամ Խոմսկի համառոտ Նոամ Խոմսկի համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 04, 2015 Rating: 5
Технологии Blogger.