Դանտե Ալիգիերի
Աստվածային կատակերգություն
Դժոխք
Առաջին երգ
Ընդհանուր նախերգանք
Մեր այս կյանքի ընթացքի կես շրջանում
Զարտուղելով ճշմարտուղի ճամբայից՝
Ես ինձ գտա մի մթամած անտառում:
Ծանր է ասել, ո˜հ, թե որքա˜ն էր զարհուր
Անտառն այդ թավ, դժնետեսիլ ու վայրի,
Որ հիշելն իսկ նորոգում է իմ սարսուռ:
Այնքա˜ն էր դառն, որ էր մահվան հանգունակ.
Բայց ցույց տալու համար բարիքս անդ գտած՝
Պիտի պատմեմ տեսած բաներըս համակ:
Ինչպես մտա անդ՝ ասել չեմ կարող արդ,
Այնքան էի քնաթաթավ այն պահին,
Երբ բաց թողի ես ճանապարհն անաղարտ:
Բայց երբ հասա ես մի բլրան ստորոտ,
Անդ ուր հովիտն էր վերջանում այն որ իմ
Սիրտն համակել էր սոսկումով անծանոթ,
Վեր նայեցի, և ուսերի իր վրա
Տեսա արդեն ձգված շողերն արևի,
Որ անմոլար է քան ամեն ռահվիրա:
Այնժամ փոքր ինչ անցավ սոսկումըս խորին.
Որն իմ սրտի խոռոչում բուն էր դրել
Տագնապահույզ այն ահավոր գիշերին:
Եվ ինչպես նա որ շնչասպառ վիճակում
Ծովից ցամաք ափունքը դուրս ընկնելով
Աղետավոր ջրին է դառնում և նայում,
Այսպես հոգին իմ, որ տալիս էր դեռ խույս,
Դարձավ ետև նայելու դեպ այն անտառն,
Ուրկից ոչ ոք բնավ չանցավ անկորույս:
Փոքր ինչ հանգիստ տալով մարմնիս պարտասած,
Ճամբա ընկա դեպի բարձունքն ամայի,
Այնպես որ էր հաստատուն ոտքըս միշտ ցած:
Եվ ահա ճիշտ իմ վերելքի սկզբին,
Դյուրաճապուկ և թեթևոտն մի հովազ,
Որ ծածկըված էր մազերով երփներփին,
Ելավ առջևըս իմ ճամբան կապելու,
Եվ մանավանդ այնքան արգելք ինձ եղավ,
Որ քանիցըս փորձ արի ետ դառնալու:
Էր ժամն արդեն արշալույսի վաղորդյան,
Եվ արևն իր աստղերի հետ ուղեկցորդ
Վերամբառնում էր, երբ որ Սերն աստվածյան
Ըստեղծեց այն չքնաղ իրերն ի սկզբան.
Այնպես որ պահն ու եղանակն հեշտաբույր
Առթում էին ինձ հուսալու բարի բան
Այն գազանից՝ որ ուներ մորթ խայտխարի.
Բայց ոչ այնքան որ ինձ սարսափ չպատեր,
Երբ երևաց ինձ մի առյուծ վիթխարի:
Սա թվում էր թե դեպի ինձ էր ձգվում,
Ահիպարան ու մի քաղցով կատաղի,
Որ օդն անգամ կարծես սոսկում էր զգում:
Եվ մի էգ գայլ, որ ուներ չոր մի կազմած,
Բայց կարծես լի էր անհագուրդ տենչերով,
Եվ որն արդեն թշվառացրել է բազմաց:
Սա ինձ եղավ պատճառ այնքան խռովքի,
Ահագնացայտ և ամեհի իր տեսքով,
Որ կորուսի ես ամեն հույս վերելքի:
Եվ ինչպես նա որ է շահի հետամուտ,
Եվ երբ հասնի կորստաբեր ժամանակ,
Մռայլվում է, լալիս սրտով բեկանուտ,
Այսպես արեց ինձ անհանգիստ ու անհագ
Անասունն այն, որ ինձ տակավ առ տակավ
Մղում էր անդ՝ ուր լռում է արեգակ:
Մինչ ես դեպի հովիտն էի ընկրկում,
Իմ աչքերին մի կերպարանք երևաց,
Որ իր երկար լռությամբ թույլ էր թվում:
Երբ տեսա այդ ամայության մեջ նրան,
«Ողորմի´ր ինձ,- բարձրաբարբառ ձայնեցի,-
Ով էլ լինես՝ ստվեր կամ մարդ իրական»:
Պատասխանեց. «Մարդ չեմ արդ, ես եղա մարդ.
Իմ ծնողներս հայրենիքով մանտվացի
Եղան բնիկ և ազգությամբ էլ լոմբարդ:
Ծընա օրովն Հուլիոսի, ուշ թեպետ,
Ապրեցի վեհ Օգոստոսի օրն Հռոմ՝
Աստվածների ժամանակ կեղծ ու անպետ:
Եղա քերթող և երգեցի Անքիսի
Արդար որդյակն այն որ եկավ Տրոյայից,
Երբ սեգ Իլիոնը մատնվեց հրկեզի:
Բայց դու ինչու՞ վայրն ես դառնում տանջանքի,
Ինչու՞ համար չես ելնու լեռն հեշտալիր,
Որ է սկիզբ, պատճառ ամեն բերկրանքի»:
«Դո՞ւ ես ուրեմն Վիրգիլն այն, դո՞ւ այն աղբյուր,-
Ամոթահար դեմքով տվի պատասխան,-
Որից հոսում է լեզվի լայն գետ ի սփյուռ:
Ո˜ դու մյուս քերթողաց փառք ու պատիվ,
Արժեն անխոնջ ուսումն ու սերն անսպառ,
Որով հատորդ վերծանեցի ցայգ ու տիվ:
Հեղինակըս, վարպետըս դու´ ես միայն,
Դու´ ես միայն այն որից ես ստացա
Գեղոճը որ պատիվ բերեց իմ անվան:
Տես այն գազանը, որ ինձ ետ է վանում.
Օգնիր ինձ, ո˜վ համբավավոր իմաստուն,
Զի նա բոլոր զարկերըս դող է հանում»:
«Հարկ է բռնել քեզ մի ուրիշ անցուղի,-
Պատասխանեց երբ արտասվելըս տեսավ,-
Թե կուզես դուրս գալ այս տեղից զարտուղի.
Քանզի գազանն, որից դու ճիչ ես բառնում,
Ոչ ոքի չի թողնի անցնել իր ճամբով,
Այլ կսպանի, այնքան նա խոչ է դառնում:
Նա բնությամբ այնքան է ժանտ ու անգութ,
Որ ուտելով գիշատիչ քաղցն ավելի
Է սրվում և չի գտնում ոչ մի հագուրդ:
Բազմաթիվ են կենդանիները, որոնց
Հետ զուգվում և պիտ զուգվի, մինչև որ գա
Քերծեն՝ նրան բերելու մահ տանջակոծ:
Սա հող ու փող ունենալու չէ սնունդ,
Այլ զորություն, իմաստություն, սեր, և զույգ
Ֆելտրոների մեջ կը լինի իր ծնունդ:
Պիտի փրկի նա այն թշվառ Իտալիան,
Որի համար զոհողվեցին կարեվեր
Կույս Կամիլլան, Նիսոն, Տուռնեն, Էվրիալն:
Պիտ հալածի գազանն ամեն քաղաքից,
Մինչև տանի նորից Դժոխքը մխի,
Անդ որտեղից ելավ մղված մախանքից:
Արդ ես վճռել եմ՝ հօգուտ քեզ խորհելով՝
Առաջնորդել քեզ, դուրս բերել այստեղից՝
Հավերժական վայրի միջով անցնելով:
Անդ կլսես անհույս ճիչեր ողբական,
Եվ կտեսնես հին հոգիներ ցավատանջ,
Որոնք բոլոր մի երկրորդ մահ կցանկան:
Ապա պիտի տեսնես նրանց որ գոհ են
Կրակի մեջ, զի երբևէ երանյալ
Հոգիների մոտ գնալու հույս ունեն:
Եթե սրանց մոտ բարձրանալ փափաքես,
Պիտ տանի քեզ ինձնից արժան մի հոգի,
Որին պիտի հեռանալիս հանձնեմ քեզ:
Զի երկնքի մեջ իշխող այն Վեհապետ,
Քանզի եղա իր օրինաց անծանոթ,
Քաղաքն իր մարդ տանելուս չէ հակամետ:
Ամենուր է տիրակալ, անդ գահակալ.
Անդ է քաղաքն իր ու գահույքը վսեմ.
Երանյալ է նա որ կոչվում է ընտրյալ»:
Եվ ես նրան. «Խնդրում եմ քեզ, ո˜վ քերթող,
Հանուն Աստծո քեզ անծանոթ՝ փրկիր ինձ
Այս և ուրիշ վտանգներից ահարկող.
Տար ինձ այնտեղ, որի մասին խոսեցիր,
Որպեսզի սուրբ Պետրոսի դուռը տեսնեմ,
Եվ նրանց որ այնքան տխուր գծեցիր»:
Այնժամ շարժվեց և ես նրա ետևից:
Դանտե Աստվածային կատակերգություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 25, 2015 Rating: