Ինձ մնում է մի քանի խոսք ասել բանաստեղծական թարգմանությունների մասին ընդհանրապես և կարծիք հայտնել (իհարկե, ընդունելով, որ կարող են լինել նաև ավելի լավ դատողություններ) այն մասին, թե թարգմանության որ տարբերակը կարելի է համարել լավագույնը:
Ըստ իս ամեն թարգմանություն կարելի է հանգեցնել հետևյալ երեք տեսակներին: Առաջինը փոխասույթն է (մետաֆրազ), երբ թարգմանիչը հեղինակին բառացի և տողացի մի լեզվից փոխադրում է մյուսը: Այդպիսին կամ առնվազն դրան մոտ է Հորացիոսի «Քերթողական արվեստի» Բեն Ջոնսոնի թարգմանությունը: Երկրորդ տեսակը շրջասույթն է (պարաֆրազ) կամ ընդհանուր գծերով թարգմանությունը, երբ հեղինակին ասես չկորցնելու համար թարգմանիչը պահում է նրան իր տեսադաշտում, սակայն հետևում է ոչ այնքան նրա բառերին, որքան իմաստին, որը դառնում է շեշտված, բայց անփոփոխ: Թարգմանության այդպիսի նմուշ կարելի է համարել Վերգիլիուսի «Էնեականի» 4-րդ էկլոգի պրն. Վոլլերի թարգմանությունը: Երրորդ տեսակը նմանակումն է (իմիտացիա), երբ թարգմանիչը (եթե, իհարկե, նա դեռ իրավունք ունի կրել այդ անունը) իրեն ազատություն է վերապահում ոչ միայն հեռանալ բառերից և իմաստներից, այլև վարվել դրանց հետ ըստ հայեցողության և վերցնելով բնագրի մի քանի ընդհանուր գծեր` շեղվել հիմնատեքստից, ինչպես ցանկանում է: Սա պրն. Քաուլիի դեպքն է, ով անգլերեն է թարգմանել Հորացիոսի մեկ և Պինդարոսի երկու ներբողներ: Լինել շատ հավատարիմ, նշանակում է լինել պեդանտ. այս հավատարմությունը նման է նրան, որ ծագում է սնահավատությունից, կուրությունից, անխոհեմությունից և մոլեռանդությունից…
Ահա պրն. Ջոն Դենհեմի արտահայտությունը պրն. Ռիչարդ Ֆենշոյի մասին` գրված «Pastor Findo»-ի նրա թարգմանության մասին.
That servile path thou nobly dost decline,
Of tracing word by word, and line by line:
A new and nobler way thou dost pursue,
To make translations and translators too:
They but preserve the ashes, thou the flame,
True to his sense, but truer to his fame .
Գրեթե անհնար է թարգմանել սա բառացի և հաջող միաժամանակ, քանի որ լատիներենը (ամենախիստ և սեղմ լեզուն) հաճախ այդ ամենը արտահայտում է մեկ բառով, իսկ ժամանակակից լեզուների բարբարոսությունը կամ սահմանափակությունը թույլ չի տալիս ընդգրկել դա անգամ մի քանի բառով: Սա հաճախ հանդիպող երևույթ է նաև այն պատճառով, որ բովանդակությունը ձևակերպած է արտահայտությամբ, որի համարժեքը անգլերենում չկա:
Atque iidem venti vela fidemque ferent.
Մեր հայրենակից բանաստեղծներից ո՞վ է այնքան երանելիորեն օժտված, որ կարողանա բառացի արտահայտել այս միտքն անգլերեն, և այնպես, որ դա լինի սրամիտ կամ գոնե իմաստ ունենա: Կարճ ասած, բառացիորեն պատճենողը միանգամից բախվում է այնքան դժվարությունների, որ երբեք ամբողջովին չի կարող հաղթահարել դրանք բոլորը: Նա պետք է միաժամանակ նկատի ունենա թե՛ հեղինակի մտքերը, և թե՛ նրա բառերը և գտնի յուրաքանչյուրի համարժեքը իր լեզվում. բացի դրանից, նա պետք է իրեն սահմանափակի թվերին և հանգավորմանը ստրկորեն հետևելու հարցում: Սա նման է լարախաղությանը շղթայված ոտքերով. մարդը, օգտագործելով շրջահայեցությունը, պիտի խուսափի ընկնելուց, սակայն նա չպիտի ակնկալի ցնցող նրբագեղություն…
Մենք տեսնում ենք, որ Բեն Ջոնսոնը Հորացիոսի իր բառացի թարգմանության մեջ չկարողացավ խուսափել անպարզությունից, քանի որ փորձեց թարգմանել նրան տողացի, ավելին, Հորացիոսն ինքը չկարողացավ անել դա հույն բանաստեղծի իր թարգմանության մեջ. Brevis lavoro, obscurus fio: Միշտ էլ կծագի կա´մ խորաթափանցության, կա´մ էլ նրբագեղության խնդիր: Հորացիուը, իհարկե, խուսափել է այս երկու ստորջրյա խութերից Հոմերոսի «Ոդիսականի» առաջին երեք տողերի իր թարգմանության մեջ, որոնք նա սեղմել է երկու տողերում.
Dic mihi musa virum captae post tempora Trojae,
Qui mores hominum multorum vidit, et urbes.
Այնուհետև, Ոդիսևսի տառապանքները, որոնք նշված պարբերության նշանակալի մասն են, բաց են թողնված: Բառացի թարգմանության այս դժվարությունների մասին դատողություններ են արել մեր երկու հայտնի սրամիտները` սըր Ջոն Դենհեմը և պրն. Քաուլին. դա կապված էր այդ հեղինակներին մեր լեզվով թարգմանելու մեկ այլ միջոցի հետ, որը նրանցից երկրորդն անվանեց նմանակում: Քանի որ նրանք բարեկաներ էին, ենթադրում եմ` զրուցել են այս հարցերի շուրջ, և այդուհանդերձ, նրանց փաստարկները մի փոքր տարբեր են` չնայած նրանցից մեկի փորձը անչափ համեստ է:
Բայց քանի որ ամեն լեզու ունի իր առանձնահատկությունները (այն, ինչ գեղեցիկ է մի լեզվում, հաճախ բարբարոսություն, երբեմն անգամ անիմաստություն է մյուսում), անխոհեմ կլիներ ստիպել թարգմանչին կուրորեն հետևել իր հեղինակի բառերին. բավական է, որ նա ընտրի արտահայտություն, որը չի խեղաթյուրի իմաստը:
Իսկ առայժմ ինձ թվում է, որ մեր սակավ հաջողված թարգմանությունների ճշմարիտ պատճառը ոչ այնքան բնագրի իմաստին, զգացողությանը բացարձակորեն հետևելն է, որքան այն, որ թարգմանության համար անհրաժեշտ բոլոր տաղանդներն ունեցողները շատ քիչ են և որ ճանաչողության այս էական բնագավառը պատշաճ չի խրախուսվում:
Վերջին կես տարին ինձ համակել էր թարգմանության ախտը (եթե կարող եմ այդպես կոչել այն)… Երբեք չէի կարծի, թե հումորը կարող է անհետանալ Թեոկրիտոսի «Հովվերգություններից» և Հորացիոսի «Ներբողները»: Սակայն գտնելով կամ առնվազն մտածելով, թե գտել եմ դրանց մեջ մի բան, որն ավելի գոհացնող ու հաճելի էր, քան իմ սովորական երկերը, ես խիզախեցի թարմացնել Լուկրեցիուսի և Վերգիլիուսի հետ իմ ծանոթությունը և իսկույն կենտրոնացա դրանց որոշ մասերի վրա, որոնք ընթերցելիս առավելագույնս են տպավորություն թողել ինձ վրա: Իմ նախաձեռնության իրական ազդակները: Սակայն կար նաև պատահական շարժառիթ, որը հարկադրական էր. Աստված թող ների նրան, ով եղավ դրա պատճառը: Դա իմ Տեր Ռոսքըմսոնի «Փորձ թարգմանված բանաստեղծության մասին» երկն էր, որն անօգուտ էր շարունակում մնալ ինձ համար այնքան ժամանակ, քանի դեռ ես չէի փորձել հասկանալ՝ արդյոք ի վիճակի եմ հետևելու նրա կանոններին և կարող եմ արդյոք այդ մտահայեցողությունը վերածել պրակտիկայի: Ինձ թվում է, ես, ընդհանուր առմամբ, դիտարկեցի նրա ցուցումները և դրանց ճշմարտության և օգտակարության առնչությամբ իմ դատողությունները վստահ եմ, բավականաչափ համոզիչ են: Այդ բանը խոստովանելը պակաս սնապարծություն չէ, քան ձևացնելը, թե առնվազն մի քանի տեղերում ինձ հաջողվել է կառուցել նրա կաննոների օրինակներ: Եվ այդուհանդերձ, պիտի ընդունեմ, որ հաճախ գերազանցել եմ իրավասությունս, քանի որ և´ ավելացրել եմ, և´ կրճատել, իսկ երբեմն էլ հեղինակներիս վերաբերող այնպիսի համարձակ բացահայտումներ եմ արել, որպիսիք ոչ մի հոլանդացի մեկնաբան ինձ չէր ների: Այն, որ ես կրճատել եմ նրանց որոշ արտահայտություններ, հավանաբար պայմանավորված է վստահությամբ, որ այն, ինչը գեղեցիկ է հունարեն կամ լատիներեն, անգլերեն այդքան բարեհունչ չէր լինի… Ի վերջո թարգմանիչը պետք է անի այնպես, որ իր հեղինակը երևա հնարավորինս առինքնող, պայմանով, որ կպահպանի իր խառնվածքը և չի դադարի նման լինել ինքն իրեն: Թարգմանությունը հետմահու նկարչության տեսակ է. ամեն ոք կընդունի, որ գոյություն ունի նմանության երկու տեսակ` լավ և վատ: Մի բան է նկարել ճիշտ եզրագծերը, նման դիմագծերը, ճշգրիտ համամասնությունները և ինքնին գուցե լոկ մոտավոր գունավորումը, և այլ բան է ողջ այս նրբագեղությունը ստեղծել դրության, ստվերների և գլխավորապես ոգու միջոցով, որը կենդանություն է հաղորդում ամեն բանի: Առանց վրդովմունքի չեմ կարող նայել գերազանց բնագրի թերի թարգմանությանը, հատկապես չեմ կարող անտարբեր մնալ Վերգիլիուսի, Հոմերոսի և մի քանի ուրիշերի հարցում, ում տողերի գեղեցկությանը ջանացել եմ նմանակել ողջ կյանքում, տողեր, որոնք այդքան աղավաղել են (այդ բանը կարող եմ ասել նաև նրանց երեսին) անճարակ թարգմանիչները: Շատերն են հասկանում հունարեն կամ լատիներեն, բայց նրանք չեն տիրապետում մայրենի լեզվին: Անգլերենի յուրակերպությունը և նրբությունները հայտնի են քչերին, անգամ խելամիտ մարդը չի կարող հասկանալ և կիրառել դրանք, առանց առաջադեմ կրթության, երկար ընթերցանության և առանց յուրացնելու մեր ունեցած սակավաթիվ լավ հեղինակներին, առանց իմանալու մարդկանց և նրանց վարքը, բարքերի ազատությունը և երկու սեռերի ամենալավ ընկերակցությամբ տեղի ունեցող զրույցները. կարճ ասած, առանց սրբելու այն ժանգը, որը ծածկել է նրան պասիվ ուսումնառության տարիներին: Դժվար է հասկանալ անգլերենի մաքրությունը և դժվար է քննադատորեն ոչ միայն տարբերել լավ գրողին վատից կամ պատշաճ ոճը անտեղի ոճից, այլև նշմարել այն մաքուրը, որ կա գրողի մեջ և տարբերել նրա մեջ եղած տկարից ու կեղծից: Ցանկանալով գտնել այս բոլոր տարրերը կամ դրանցից շատերը`մեր ճարտարամիտ, նորովի մտածող երիտասարդներից շատերն իրենց համար որպես օրինակ են վերցնում անուն հանած որևէ անգլիացի բանաստեղծի, վերածում են նրան պաշտամունքի և սկսում են նմանակել, ինչպես իրենք են ճիշտ համարում՝ չիմանալով, թե որն է այդ բանաստեղծի թերությունը, որն է նրա ոչ հասուն և թեթև կողմը, որն է առարկայի առնչությամբ նրա մտքերի անտեղիությունը կամ, երբ են նրա արտահայտություններն անհամարժեք նրա մտքերին, երբ են դրանք անգամ առանձին-առանձին աններդաշնակ: Այսպիսով, նախքան օտար լեզվից թարգմանելը, անհրաժեշտ է լինել մայրենի լեզվի լավ գիտակ: Եվ բավական չէ, որ նա ի վիճակի լինի դատել բառերի և ոճի մասին, այլ պարտավոր է երկուսի մեջ էլ գիտակ լինել. նա պիտի կատարելապես հասկանա իր հեղինակի լեզուն և բացարձակորեն տիրապետի մայրենուն: Հետևաբար կատարյալ թարգմանիչ լենելու համար, նա պետք է լինի կատարյալ բանաստեղծ: Սակայն գեղեցիկ անգլերենով, երաժշտական հանգով ու բանաստեղծական արտահայտություններով իր հեղինակի մտքերը հաղորդելն էլ բավարար չէ, քանի որ, թեև այդ ամենը շատ դժվար է իրագործել, այդուհանդերձ, դեռ մնում է ավելի բարդ խնդիր, որի առեղծվածի շուրջ թարգմանիչներից քչերն են մտածել: Այս առնչությամբ ես արդեն արել եմ մեկ- երկու ակնարկ. այն է՝ պահպանել հեղինակի խառնվածքը, որը տարբերում է նրան մյուսներից, դարձնում նրան այն առանձնահատուկ բանաստեղծը, որին դու կթարգմանեիր: Օրինակ, Վերգիլիուսի և Օվիդիուսի ոչ միայն մտքերը, այլև ոճն ու չափածոն են տարբեր: Սակայն նկատում եմ, որ անգամ մեր ամենալավ բանաստեղծները, ովքեր թարգմանել են վերոհիշյալ հեղինակների որոշ դրվագներ, և ինչի արդյունքում նրանց տաղանդն ասես խամրել է, աշխատելով միայն հանգի բարեհնչության և ներդաշնակության վրա, այնքան նման են դարձրել երկու հեղինակներին, որ եթե ծանոթ չլինեի բնագիր տեքստերին, թարգմանություններից երբեք գլխի չէի ընկնի, թե որն է Վերգիլիուսը և որը Օվիդիուսը: Ուշ շրջանի մի նշանավոր նկարչի հանդիմանում են իր նրբագեղ նկարներում բնօրինակից հեռանալու մեջ: Բանն այն է, որ նա ավելի շատ է զբաղվում ինքնակրթությամբ, քան իր քննադատները: Այդպիսի թարգմանիչների դեպքում ես հեշտորեն կարող եմ տարբերել ձեռքը, որ ստեղծում է երկը, բայց չեմ կարող տարբերել նրա թարգմանած հեղինակներին: Երկու հեղինակները կարող են լինել հավասարապես բարեհունչ, սակայն բարեհնչության մեջ նույնպես մեծ տարբերություն կա, այնպես, ինչպես ասենք շաքարից և մեղրից պատրաստված քաղցրավենիքի դեպքում:
Ջոն Դրայդեն | Թարգմանության մասին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 25, 2015 Rating: