Նար-Դոս | Աննա Սարոյան | համառոտ


Վիպակը նամակագրական է: Նամակագրվում են Հռիփսիմե և Աննա Սարոյան քույրերը: Սակայն ընթերցողին ներկայացված են միայն Աննայի նամակները, որոնցում նա պատասխանում է Հռիփսիմեի հարցերին և պատմում իր ընտանիքի մասին: Դրանք թվագրված են 1880 թվականի սեպտեմբերի 6-ով և ավարտվում են 1881 թվականի հոկտեմբերի 31-ով: Նամակների քանակը 23 է:
Իր առաջին նամակում Աննան արդարանում է` փորձելով բացատրել լուռ մնալու իր պատճառները: Նամակը հակիրճ է, նա չի խոստովանում իր սրտի գաղտնիքները, բայց նշում է, որ շատ է սիրում իր քույրիկին, կարոտում նրան, ջերմորեն հիշում իրենց մտերմությունը: Հաջորդող նամակներում ավելի մանրամասն գրում է իր հույզերի և ընտանեկան` աստիճանաբար խորացող խնդիրների մասին: Նա այժմ դարձել է մենակյաց, առաջվա թեթևամիտ աղջիկը չէ, և Հռիփսիմեն կարող է նրան այլևս չհանդիմանել իր վարքի համար, ինչպես այն ժամանակ, երբ իրենց մոտ էր: Այլևս չի գնում կլուբ, պարահանդես, թատրոն: Ամենուր ձանձրանում է: Սիրում է առանձնություն: Խորասուզվում է մտածմունքների մեջ և ամեն բան կատարելապես մոռանում: Սակայն իր մեջ նկատում է մեկ ուրիշ տարօրինակություն: Երբեմն անզուսպ շարժունության պետք է զգում, ուզում է անդադար պարել, վազվզել, դաշնամուր նվագել: Մի անգամ բաժակն այնպես է շպրտել սեղանի վրա, որ այն գլորվելով ընկել է ու փշրվել: Հույս ունի, որ դուրս կգա այդ անհեթեթ վիճակից: Հռիփսիմեի այն կարծիքին, որ այդ ամենը պարապությունից է, պատասխանում է, որ գուցե այդպես է, բայց խնդիրը նրանում է, որ ինքը դեպի ոչ մի գործ ձգտում չի զգում, բացի այդ անհամբեր է: Գրում է ընտանքի մասին: Հիշում է անցյալը, երբ Արշակը և Գրիգորը պարապում էին,  փոքրիկ Գարեգինը դասն էր սովորում, մայրն ու հայրը նարդի էին խաղում: Մեղադրում է Հռիփսիմեին, որ նա լքեց իրեն և մենակ թողեց: Իր տխրության պատճառը դա է: Չորրորդ նամակում տեղեկացնում է, որ Գրիգորը հիվանդ է, հազում է: Վախենում է, որ թոքախտ լինի: Բայց առավել շատ նրան անհանգստացնում է հայրը: Նրա մեջ մեծ փոփոխություն է տեղի ունենում: Տխուր է և մտախոհ: Թեև խուսափում է Աննայի հարցերից` կատակ անելով: Մյուս նամակում, սակայն, պատմում է հոր տարօրինակ պահվածքի մասին, երբ նա Թոմաս Գասպարիչի ձեռքից խլել էր լրագիրը և պատռել ու վար նետել` պատճառաբանելով, թե նա վատ է կարդում: Վեցերորդ նամակում Աննան հայտնում է Հռիփսիմեին,  որ հայրը աջ ձեռքով անդամալույծ է եղել և խելագարվել: Պարզվում է, որ նա մոլի խաղացող էր և իրենք զրկվել են ողջ կարողությունից, հարստությունից: Չի հավատում: Միթե կարող է իր հայրը, որ այդքան պատվասեր մարդ է, խաղալով այդքան պարտքեր անի: Բայց ամենասարսափելին այն է, որ նրա խելքն այլևս գլխին չէ: Դա նշանակում է անարգված լինել բնությունից, զրկված լինել մարդկային իրավունքներից: Սոսկալի՜ է: Մյուս նամակներում հայտնում է, որ տեղափոխվեցին իրենց բնակարանից: Այժմ բնակվում են հին տանը, որը մի կերպ կարողացան ազատել պարտապանների ճանկերից: Այն խոնավ է ու մռայլ պատերով: Հոր վիճակը նույնն է: Նա ոչ ոքի չի ճանաչում: Երբեմն ինչ-որ բան հիշում է, բայց դարձյալ մոռանում: Իրեն` Աննային, միշտ ժպտում է, անվանում սիրուն աղջիկ, բայց ասում, որ ինքը աղջիկ չունի: Գրիգորի վիճակը ծանրացել է: Նա արդեն արյուն է թքում: Սկզբում մայրն այդ մասին չգիտեր: Բայց այժմ գիտի: Բժիշկները այցելում են, բայց ոչնչով չեն օգնում: Հոր բժիշկը մի անգամ առաջարկել է այնպիսի դեղ տալ, որ նա մեռնի, քանզի բժշկումը անիմաստ է: Աննան այնպես է նայել նրան, որ նա սուս ու փուս հեռացել է: Արշակին աշխատանքից հեռացրել են արբեցողության պատճառով, իսկ Գարեգինը ծույլ է: Նրանց միջոցները գրեթե ավարտվում են: Մի անգամ լսում է Արշակի ու Գրիգորի վեճը: Գրիգորը խրատում է եղբորը, որ նա չի աշխատում, իրեն խանգարում է հիվանդությունը: Արշակն անտարբերությամբ ասում է` թող Աննան աշխատի: Գրիգորը բարկանում է, գնում սենյակ ու տեսնում, որ Աննան այնտեղ է և ամեն բան լսել է: Եղբայրը համբուրում է նրան, արցունքոտ աչքերով պառկում մահճակալին ու ասում, թե ինչու է ինքը հիվանդ: Աննայի հետ նրանք հաճախ են զրուցում: Ասում է, թե քույրը շատ է մտածում և այլևս ուրախ չէ: Նոր տարուն պետք է իրար շնորհավորել, իսկ Աննան փակվել է սենյակում: Կարդում է Դոստոևսկի, ում չի սիրում, նեղացրել է մորը և ոչ ոքի չի շնորհավորել: Եղբայրը խնդրում է նրան աղոթել, բացատրում է աղոթքի զորությունը: Միայն աղոթքը կարող է օգնել մադուն խաղաղվել: Հասկանում է` քույրն ինչի մասին է մտածում: Հաջորդ նամակում Աննան վկայակոչում է Հռիփսիմեի գրածը, որ նա ևս հանդիմանում է իրեն, ինչպես Գրիգորը` ասելով թե «շատ է մտածում»: Նույնիսկ ավելի խիստ է վարվում` ասելով, թե ինքը ուղղակի «աթեիստություն» է անում, ոտնակոխ է անում ամբողջ մարդկության ամենասրբազան հավատալիքն ու այդտեղ բերում Գյոթեի նշանավոր խոսքերը, թե` «մտածող մարդու ամենամեծ երջանկությունն այն է, որ քննելին քննած ունենա, իսկ անքննելին խաղաղ հոգով պաշտե»: Երևակայում է, թե ինչպիսին կլիներ իր դրությունը, եթե ապրելիս լիներ միջին դարերում. անշուշտ Հուսի նման իրեն էլ խարույկ կբարձրացնեին: Տասներկուերորդ նամակում գրում է, որ Գրիգորը մահացել է: Հետո մյուս նամակներում պատմում է նրա մահվան մանրամասները և հիշողություններ: Գրիգորը մահվան օրը խնդրել էր մահճակալը տանել պատուհանի մոտ: Այն, որ Աննան աղոթում է, նրան ուրախացրել էր: Եղբայրը պատմել է մի դրվագ իրենց մանկությունից, երբ եզը եկել էր իրենց վրա և նա ազատել էր քրոջը: Եզը նայել էր նրանց ու շուռ եկել: Այդ հիշողությունը նրա մեջ տպավորվել է: Այժմ ինքը մեռնում է և չի կարող ոչ մի բանից ազատել Աննային: Նորից խնդրել է քրոջը աղոթել, միայն աղոթքը կարող է փրկել կյանքի ծանր րոպեներում: Հետո ուզել է հորը տեսնել: Մայրը բերել է նրան տղայի մոտ, բայց հայրը չի ճանաչել նրան: Միայն հարցրել է, թե այս տղան հիվանդ է ու շոյել նրա գլուխը: Քիչ անց Գրիգորը մահացել է: Թաղմանը ներկան են եղել մայրը, ինքը և Թոմաս Գասպարիչը: Եղբայրները դուրս էին գնացել և երևի թափառում էին: Մյուս նամակներում գրում է, թե եղբայրները աշխատանքի են տեղավորվել իրենց մի բարեկամի օգնությամբ: Սակայն շուտով Արշակը հիշել է իր հին աստծուն, սկսել խմել և նրան հեռացրել են: Գարեգինի ռոճիկով դժվար է ապրել: Մայրը կար է անում, բայց այստեղ էլ ինքն է խանգարել: Փորձելով օգնել` փչացրել է կարը: Իրեն շատ մեղավոր ու անպիտան է զգում: Գրիգորի գրքերն ու տետրակներն է մաքրել, կարդացել նրա հիշատակարանը, որոնց մեջ շատ բանաստեղծություններ կան: Վերջինը ցիտում է նամակում Հռիփսիմեի համար: Հռիփսիմեն նրան գումար է ուղարկում, որը նա բարկացած հետ է ուղարկում: Հռիփսիմեն մյուս նամակում դարձյալ հետ է ուղարկում: Աննան վերցնում  է այն պայմանով, որ դա պարտքով է և երբ կարողանա, հետ կվերադարձնի: Նախավերջին նամակում գրում է, որ պարապ է, երբ ճանճ է տեսնում, սպանում է կամ ոտներն է կտրում ու թողնում, որ թավալգլոր գա այդպես անդամահատված, մինչև որ սատկի: Դրանից էլ լավ զբաղմունք: Ինքը կյանքի համար պատրաստություն չունի, իսկ նոր պատրաստվել անհնարին է, ուշ է: Վերջին նամակում գրում է, որ թույն է խմել: Վերադարձնում է քսան ռուբլին: Ներում է խնդրում, որ հպարտությունը հաղթեց: Խնդրում է Հռիփսիմեին աղոթել իր համար: 

Նար-Դոս | Աննա Սարոյան | համառոտ Նար-Դոս | Աննա Սարոյան | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 24, 2015 Rating: 5
Технологии Blogger.