Նար-Դոս | Մահը | համառոտ


Բաթումից մարդատար գնացքը սլանում է Թիֆլիս: Երկրորդ կարգի վագոններից մեկում պառկած է մի երիտասարդ: Շահյան Լևոնն է: «Միխայլովկա» կայարանում գնացքը կանգ է առնումՀանդիպում է իր դասընկեր Բազենյանին, որին շուրջ տասը տարի չի տեսել: Գնում է Ախալցխա: Գալիս է Ղրիմից: Շուտով Թիֆլիս է գալու և կհանդիպի Շահյանին: Այժմ շտապում է: Նրան է սպասում մի լեհուհի, որին Լևոնը տեսնում է դահլիճում: Վագոնում հայտնվում են նոր ուղևորներ: Մեկը խանգարում է Շահյանին նիրհել, անընդհատ խոսում է: Այդ մարդը Մարության Գևորգն է՝ Շահյանի հոր վաղեմի ընկերը: Նրանք եղել են  մտերիմ, բայց հետո նրանց հարաբերությունները կտրվել են: Մինչև «Գորի» կայարան հասնելը Մարությանը հասցնում է մանրամասնորեն հարցաքննել Շահյանին և պատմել իր մասին: Գորիում Մարությանին է միանում իր ընտանիքը. կինը՝ Թեկլեն, դուստրը՝ Եվան, փոքրիկ տղան՝ Սուրենը և եղբոր աղջիկը՝ Աշխենը: Մարությանը մի տղա էլ ունի՝ Արմենակը: «Նա այնտեղ է, ուր ամեն հայ երիտասարդ պարտավոր է գնալ»,- բացատրում է Մարությանը Ժամանակը շատ արագ է անցնում: Բոլորը շատախոս են, բացի Աշխենից: Եվան սիրում է վիճել հոր հետ: Երբ հասնում են Թիֆլիս, Շահյանն առաջարկում է իր օգնությունը և Եվային ու եղբորը տուն տանում իր կառքով: Շահյանի երեք եղբայրները և մի քույրը մահացել են: Մնացել է միայն ինքը: Եվան սարսափում է մահից: Շահյանը շատ տպավորված է Մարությանի ընտանիքով և հատկապես Եվայով: Հասնում է տուն: Ծնողները երկու ամիս չէին տեսել նրան: Հայրը՝ աղա Կարապետը, շատ բարի մարդ է: Մայրը՝ Թամարը, ժամանակից շատ վաղ ծերացած մի կին է: Հայրը հիվանդության պատճառով թողել է առևտրական գործերը և աճուրդների ժամանակ քաղաքում ձեռք է բերել մոտ քսան զանազան շենքեր, որոնք շահավետ են: Կալվածքներն անձամբ ինքն է կառավարում: Սիրում է գործ անել՝ մի հատկություն, որից զուրկ է փափկակեցության մեջ մեծացած որդին: Կարապետը պատմում է Մարությանի մի անպիտանության մասին, որ սա իր հոր մահից հետո եղբորը զրկել է ժառանգությունից, որը հարբեցող էր և շուտով կնոջ հետ մեռել էր աղքատության մեջ: Թամարն ասում է, որ նա այժմ պահում է եղբոր աղջկան, նրան ուսման է տվել և ամուսնացնելով ու լավ փող ու բաժին տալով՝ մեղքերը կքավի: Այս պատմությունը շատ է հիասթափեցնում Շահյանին, բայց այնուամենայնիվ, ինչ-որ բան նրան ձգում է դեպի այդ ընտանիքը: Նա շատ անգամներ է որոշում հյուր գնալ նրանց, սակայն չի համարձակվում, մինչև որ մի անգամ հանդիպում է Մարությանին, հրավեր ստանում: Մի քանի օր անց գնում է: Տանը միայն Թեկլեն է լինում: Լևոնը անհանգստանում է, թե ինչի մասին է խոսելու այդ կնոջ հետ, սակայն Թեկլեն թույլ չի տալիս, որ նա խոսի, այնքան որ շատախոսում է: Շահյանը նայում է նրան ու մտածում, թե որքան հիմար կին է: Շուտով գալիս են Եվան և Մարությանը, ապա Աշխենը: Մարությանները ինչպես միշտ շատախոսում են և վիճաբանում: Եվան նույնիսկ վիրավորում է հորը հավատին ու հիմարությանն ու նախապաշարմունքին առնչվող թեժ վիճաբանության ընթացքում: Շահյանը տեղեկանում է, որ Աշխենը ձրի դասեր է տալիս չքավոր մարդկանց երեխաներին. նա իդեալիստ է, ինչպես Արմենակը: Աշխենն ասում է, որ երեկ Վարոյի (Սահակյան) մոտ է եղել: Վարժուհիներն ուզում են ներկայացում տալ բարեգործական նպատակով: Եվային առաջարկում են խաղալ Ռուզանի դերը: Իրականում այդ դերը առաջարկվել է Աշխենին, բայց նա հրաժարվել է: Շահյանի կարծիքն են հարցնում: Բայց նա իր պատասխաններով հաճախ հիմար դրության մեջ է ընկնում: Մարությանն Աշխենի հետ զրուցելիս միշտ զսպվածություն է ցուցաբերում: Այժմ Շահյանն ինչ-որ չափով հասկանում է, թե ինչու է Աշխենը միշտ լուռ ու տխուր: Առաջին այցելությունից հետո Շահյանն այլևս չի ուզում այցելել նրանց: Հասկանում է, որ այնտեղ գնալու համար գոնե պետք է հետաքրքրելու և խոսելու շնորհք ունենալ: Ինքը երկուսն էլ  չունի: Սակայն ստացվում է այնպես, որ նա մի անգամ ուղղակի բախվում է Եվային և ստիպված է լինում այցելել նրանց: Այս անգամ տանը միայն Եվան ու Աշխենն են: Զրուցում են Աշխենի սենյակում, որը շատ կոկիկ ու մաքուր է: Եվան առաջարկում է խոսել ձանձրանալու մասին: Ինքը ձանձրանում է մենակ մնալուց: Շահյանը՝ կյանքից: Նա փորձում է կատակի տալ, սակայն չի հաջողվում, սկսում է բացատրել կյանքի ձանձրույթի իր փիլիսոփայությունը, որ ամեն բան ունայն է և ոչ հարատև: Եվան ապշած է: Աշխենը փորձում է օգնել՝ բացատրելով, որ կյանքի ունայնությունը չքվում է, երբ մարդու մոտ առաջանում են տարբեր ձգտումներ և նա այլևս ժամանակ չի ունենուն մտածելու այդ «ընդհանուր բացարձակ ունայության գիտակցության» մասին: Շահյանը զգում է, որ իրեն հասկանում են ու խղճում: Իրեն ջախջախված է զգում: Այդ երեկոն մի կատարյալ դժոխք է դառնում նրա համար: Սկսում է ատել սկզբում իրեն, հետո բոլորին: Իր սենյակից դուրս չի գալիս: Կարդում է իր սիրելի հոռետես փիլիսոփաներին, Շոպենհաուերի վարդապետությունը բացատրող ռուսերեն մի գրվածք՝ «Շոպենհաուերը մահվան և անմահության մասին», ու հանկարծ խելքին փչում է թարգմանել այն: Հոգու կայտառություն է զգում: Գոհ է իրենից: Մտածում է ավարտելուց հետո տպագրության տալ նյութը: Առաջին անգամ կյանքում հաղթահարել է պարապությունը և վայելում է կատարած գործի երջանկությունը: Մի երեկո հանդիպում է Մինասյանին՝ մանկության ընկերոջը: Առավոտյան է եկել: Մնում է դիմացի հյուրանոցում: Գյուղում ուսումնարան է բացել: Այժմ եկել է վարժուհի տանելու: Շահյանն առաջարկում է տեղափոխվել հյուրանոցից իր մոտ: Մինասյանն ընդունում է նրա առաջարկը սիրով: Հետո Մինասյանը այցելում է Սահակյանին, ով պետք է օգնի նրան վարժուհի գտնելու հարցում: Հին բարեկամներին նա արդեն չորս տարի է, ինչ չի այցելել: Սահակյանի մոտ է Աշխենը: Զրույցի ընթացքում խոսք է բացվում երիտասարդների մասին, որոնք եռանդուն չեն, ինչպես Մինասյանը, ինչպես մի երիտասարդ, որն Աշխենի ծանոթներից է: Մինասյանն իմանալով , որ խոսքը գնում է Լևոն Շահյանի մասին, ասում է, որ նրանք չեն ճանաչում այդ տղային, նա շատ բարի և լավատես մարդ է: Եվ եթե անգամ այժմ հոռետես է դարձել, ապա դա նոր փոփոխություն է նրա մեջ և որի պատճառը հավանաբար նրա՝ մի քիչ հիվանդ լինելն է: Հաջորդ օրը Մինասյանը տեղափոխվում է Շահյանի մոտ: Տեսնելով՝ նա թարգմանում է, պատմում է պատահածի մասին և ասում, որ նա ոչ միայն չի բավարարվում այդ մեծ հոռետեսի թարգմանությամբ, այլև քարոզում է նրա մտքերը այլոց: Աշխենը հիմար աղջիկ չէր երևում և երևի ջախջախել է նրան: Շահյանը ներսում վիավորվում է: Մինասյանը դիտողություններ է անում թարգմանության վերաբերյալ: «Բոլորովին ավելորդ է: Մեզ համար, ես կարծում եմ, դեռ շատ վաղ է այդպիսի բաներով զբաղվելը: Մեր առաջ մեծ գործ կա կատարելու. նախ մտածենք ա´յն բանի մասին, թե ինչպես անենք, որ նպաստած լինենք այդ մեծ գործի կատարմանը, նախ հոգանք մեր ժողովրդի թշվառության մասին, աշխատենք նրան փոքրիշատե բարօր վիճակի հասցնել, այնուհետև արդեն պարապ ժամանակ շատ կունենանք ընդհանուր մարդկային թշվառության մասին մտածելու Շոպենհաուերին հասկանալը, ախր, հեշտ չէ, իսկ թարգմանելը- առավել ևս»: Մինասյանը իր ժողովրդական նյութերի ժողովածուից մի-մի օրինակ նվիրում է Շահյանին և Սահակյանին: Մեկ օրինակ էլ խոստանում է Աշխենին, որին դարձյալ հանդիպում է Սահակյանի մոտ: Աշխենը որոշում է ինքը գնալ գյուղ և վարժուհու գործին նվիրվել: Այս մասին նա սկզբում հայտնում է Եվային: Նրանք նախորդ օրը զրուցում են Արմենակի մասին, գործի մասին, որին իրենք էլ պետք է մասնակցեն: Եվան չի ուզում, որ Աշխենը լքի իրեն, սակայն քույրը նրան էլ է հանձնարարություն տալիս: Եվան կարող է պարապել իր աշակերտների հետ և ցանկության դեպքում նաև իր հարուստ հայ ընկերուհիներին հայերեն սովորեցնել: Ի վերջո համաձայնության են գալիս: Հաջորդ օրը Եվային սպասավորը հանձնում է մի նամակ: Դա Աշխենի նամակն է՝ ուղղված Արմենակին: Այս գաղտնիությունը զարմացնում է նրան: Նամակը չի բացում: Աշխենը պատահաբար ծրարը գցել էր դռան մոտ: Եվան մեղադրում է Աշխենին՝ նամակում իրենց ընտանիքին չարախոսելու մեջ: Սակայն Աշխենը խոստովանում է, որ իրականում դա սիրային նամակ է, ինքն ու Արմենակը սիրում են իրար, բայց քանի որ չեն կարող միասին լինել, որոշել են հեռանալ իրարից և մոռանալ մեկմեկու, թեև չեն կարողանում: Նամակը այրում է: Եվան հասկանում է, թե ինչու է Աշխենը տառապում: Այս գաղտնիքը մնում է նրանց մեջ: Աշխենի սիրո մասին գիտի նաև Սահակյանը: Մարությանները և Սահակյանը ճանապարհում են Աշխենին: Մինասյանի հետ կայարան է գալիս նաև Շահյանը: Մարությանը զարմանում է, որ նրանք ընկերներ են ու մինչև այժմ չէին այցելել իրենց: Եվան տխուր է, լաց է եղել: Շահյանն իրեն ավելորդ է զգում, կարծես այնտեղ չէ, մի երեխա է կամ մի ծառա: Նա աննկատ հեռանում է: Վերադառնալով տուն՝ հորը մեռած է գտնում կաթվածից: Անցնում են օրեր: Նա իրեն բոլորովին կտրել է արտաքին աշխարհից: Կալվածքների ղեկավարումը հանձնել է հեռավոր բարեկամներից մեկին՝ Ստեփան անունով, որը եկամուտի մի մասը իր գրպանն է դնում: Շահյանը դա գիտի, սակայն չի հուզվում: Միանգամայն գոհ է, կարևորը ոչինչ չի խանգարում նրա հանգիստը: Ամբողջ օրը պառկում է, քնում կամ կարդում իր հոռետես-փիլիսոփաների երկերը: Մի անգամ նրան այցելում է Բազենյանը: Պատմում է արտասահմանում կազմակերպված հայկական ինչ-որ կոմիտեի մասին, որի նպատակը հեղափոխություն առաջ բերելն է Թուրքիայի հայկական գավառներում: Ինքը անդամներից մեկն է, Կովկաս է եկել տեղական մասնաճյուղեր կազմելու, դրամ հավաքելու և զենք ուղարկելու: Ինքը երկու անգամ բանտ է նստել, մարդ է սպանել ու փախել, բայց հետո կատարելապես վերափոխվել է, սիրել է մի էլզասցի աղջկա և նրա շնորհիվ նվիրվել այդ «սուրբ գործին», բայց նա մահացել է: Շահյանը ոգևորված է ընկերոջով: Անգամ գումար է նվիրաբերում հայրենիքի համար արվող այդ «սուրբ գործին»: Ամեն օր Բազենյանը գալիս է, զրուցում, ուտում, ծխում Շահյանի թանկագին սիգարները: Հետո երկու օր չի գալիս: Շահյանը նամակ է ստանում նրանից, գնում «Լոնդոն» հյուրանոց: Պարզվում է, որ Բազենյանը փրկել է մի աղջկա ու նրա փոքր եղբորը կառքից պոկված կատաղած ձիերից: Վնասվել է միայն թևը: Այդ հերոսական արարքի մասին գրում են նաև լրագրերը: Հյուրանոց է գալիս նախ այն լեհ կինը՝ պանի Զդանևիչը, իսկ հետո Մարությանը: Շահյանն իմանում է, որ ընկերը փրկել է Եվային ու Սուրենին և նրա մեջ նախանձ է արթնանում Բազենյանի հանդեպ: Մարությանը նրանց հրավիրում է իրենց տուն: Երկու օր անց գնում են: Շահյանը իրեն դարձյալ ավելորդ է զգում, նաև պարզ տեսնում է, որ Եվան համակրում է Բազենյանին: Գալիս է նաև Սահակյանը, կարդում է Աշխենի ուղարկած նամակը, որը ցնցում է բոլորին: Բազենյանը Սահակյանին կասկածելի է թվում: Շատ ճոխ տեսք ունի նա նվիրյալ լիելու համար: Սահակյանը նրանց տոմսակներ է վաճառում: Ներկայացման փոխարեն լինելու է պարահանդես: Պարահանդեսի օրը Եվան և Բազենյանն առանձնանում են ու զրուցում շատ երկար: Շահյանը հեռանում է: Հաջորդ օրը Բազենյանի այցից հետո նամակ է գրում ընկերոջը՝ հայտնելով իր սիրո մասին Եվայի հանդեպ և առաջարկում երկու բան՝ կա´մ այլևս ընկերություն չանել, կա´մ անձնասպանություն գործել: Բազենյանը պատասխանում է երեք օր անց՝ հայտնելով, որ ինքն իսկապես համակրում է Եվային: Անձնասպանության մասին չարժե խոսել, բայց եթե իրենց ընկերությանը վերջ են դնում, ապա ինքը վերջ է դնում նաև իր ու Եվայի միջև եղած բարեկամությանը: Ի՞նչ խղճով պիտի վայելի մի սեր, որը կարող էր պատկանել նաև ընկերոջը: Շահյանը զգում է, որ սխալվել էր՝ վերջերս դեպի վատը փոխելով իր կարծիքը ընկերոջ մասին: Երիտասարդը նորից բարձրանում է նրա աչքում: Անցնում է մոտ մեկ ամիս: Պատահաբար հանդիպում են: Բազենյանը չի կարող Եվայի կողքին լինել, պիտի հայրենիքի գործին նվիրվի: Խոստանում է հյուր գնալ ընկերոջը, սակայն գնալու փոխարեն նամակ է գրում, որում հայտնում է, թե գումար պիտի ճարի երկու ընկերների համար, որոնք սև մատնության զոհ են դարձել: Հարկավոր է դարձյալ հազար ռուբլի: Շահյանը գումարը տանում է հյուրանոց: Վերադառնալիս հանդիպում է Մարությանին և Եվային: Նրանք ևս ուզում են տեսնել Բազենյանին, նրան գումար են խոստացել և նամակ են ուզում տալ, որ տանի Արմենակին: Գնալու է այդ կողմերը: Շահյանին խնդրում են այցելել նրան և խնդրել մինչև գնալն իրենց տեսնել: Հաջորդ օրը նա գնում է հյուրանոց, դռան մոտ լացագին ձայներ է լսում, հեռանում է միջանցքի ծայրը. սենյակից դուրս է գալիս պանի Զդանևիչը: Քիչ հետո գնում է Բազենյանի մոտ: Մարությանները արդեն գրել են նամակ: Բազենյանը թույլտվություն է հարցնում գնալու համար: Շահյանն ասում է, թե այդ երբվանից ինքը իշխանություն ունի նրա վրա: Վիճում են: Գումարն ուզում է հետ վերադարձնել, եթե ոչ՝ այրել վառարանում: Շահյանը դուրս է փախչում սենյակից՝ կրկնակոշիկները մոռանալով հյուրանոցում: Մտածում է Բազենյանի պահվածքի մասին՝ արդյոք դա էլ դերասանություն էր: Բազենյանը այցելում է Մարությաններին: Տանը միայն Եվան է: Նա սեր է խոստովանում Եվային և համբուրում: Հանկարծ Եվան տեսնում է նրա աչքերի փոփոխությունը: Թվում է, թե գազան է, ու Եվան խելագարի պես փախչում է: Բազենյանը մտածում է, որ շտապեց: Դուրս է գալիս, տեսնում Մարությաններին, ասում, որ նամակի համար կգա մյուս օրը, սակայն չի գալիս: Մարությանն ինքն է որոշում գնալ հյուրանոց: Եվան գնում է հոր հետ: Բազենյանը հյուրանոցում չէ: Քիչ անց գալիս է արբած: Այս անգամ հանդիպումը նրանց թվում է անախորժ և հիասթափեցնող: Բազենյանի գրպանից ընկնում է ինչ-որ լրագիր, որը Եվան խնդրում է իրեն տալ: Դա արտասահմանում հրատարակվող հեղափոխական թերթերից է: Ինքը մի օրինակ էլ ունի: Վերադարձին հանդիպում են Սահակյանին: Սա հայտնում է, որ շուտ գնան ու վերցնեն նամակն ու գումարը: Բազենյանը խաբեբա ու սրիկա է: Նա ոչ մի գործով էլ չի զբաղվում, բացի գեղեցիկ դիմակի տակ նվիրական զգացումներ շահագործելով: Նրանք ապշած են: Տանը Եվան կարդում է լրագիրը, որում Բազենյանին մերկացնող լուր կա, իսկ հետո ճչում է Լրագրի մեջ հիշատակվում է Արմենակ Մարությանի չարաչար մահը թրքական ահարկու բանտում Պանի Զդանևիչը այցելում է Շահյանին և գումար խնդրում նրանից՝ ասելով, որ Բազենյանի շնորհիվ ինքը զրկված է պատվից, անունից և կարողությունից: Շահյանը նրան տալիս է գումարը: Հետո հրավեր է ստանում նրանից և այցելում է «Կավկազ» հյուրանոց: Պանի Զդանևիչը պատմում է, թե ինչպես է ծանոթացել Բազենյանի հետ, սիրահարվել նրան: Շրջել են տարբեր երկրներով և ապրել իր՝ պանի Զդանևիչի փողերով: Նա վաճառել է իր ողջ կարողությունը և այժմ, երբ այլևս ոչինչ  չունի, Բազենյանը լքել է նրան՝ թողնելով միայն մի նամակ, որում հայտնում է, թե փողի կարիքի դեպքում կարող է դիմել ընկերոջը՝ Շահյանին, և տվել նրա հասցեն: Բազենյանը կախարդել էր իրեն և նա, լինելով հասուն կին, այրի, այնուամենայնիվ, խաբվեց: Շահյանը համեմատում է Եվային և պանի Զդանևիչին, և տեսնում, որ Եվայի կուսական գեղեցկությունը կամաց-կամաց աղոտանում է, ցնդում օդի մեջ իբրև հրաշալի մի երազ պանի Զդանևիչի հուժկու և մեղսալից փարթամ գեղեցկության առաջ: Հաջորդ օրը գնում է ճանապարհ դնելու նրան և ուզում է առաջարկել իր կինը դառնալ, սակայն չի համարձակվում, կորցնում է հարմար պահը և զղջում, որ նախորդ գիշերվա նամակը գցել է վառարանը: Միայն ասում է, որ ինքը ատում է կյանքը, որ ծնվել է: Պանի Զդանևիչը փորձում է ազդել նրա հոռետես հայացքների վրա, սակայն չի հաջողվում. նրանք բաժանվում են: Աշխենը գրում է, որ տոներին երկու շաբաթով գալիս է: Շատ ուրախ է: Սակայն նրան դիմավորում է միայն Սահակյանը և արդեն ճանապարհին նա իմանում է գույժը: Ի տարբերություն մյուսների՝ նա քարացել է, լաց չի լինում, չի խոսում: Եվան տեղափոխվում է նրա սենյակ: Մի գիշեր գրկում են իրար ու զրուցում: Աշխենն ասում է, որ ինքը պիտի շարունակի իր գործը, իսկ Եվան պատմում է Բազենյանի մասին, համեմատում եղբորը և նրան: Հաջորդ օրը պարզվում է, որ Մինասյանն էլ է եկել: Աղջիկների խնդրանքով Մարությանը գնում է և նրան հյուրանոցից բերում իրենց տուն: Տան մթնոլորտը որոշ չափով փոխվում է: Արմենակի մահից անցել է երեք ամիս: Հունվարի մեկին Մինասյանն այցելում է Շահյանին և ապշած մնում: Նա բոլորովին դուրս չի գալիս սենյակից, չի սանրվում, չի լվացվում: Որքան էլ որ ընկերը փորձում է նրա մեջ արթնացնել ապրելու ցանկության գեթ մի նշույլ, ոչինչ չի ստացվում: Մարությանը որոշում է ինքը գնալ Շահյանի մոտ և տանել նրան իր տուն: Սակայն հաջորդ օրը Սահակյանը հայտնում է, որ Շահյանը անձնասպանություն է գործել՝ ատրճանակով ցրիվ տալով իր ուղեղը: Նա թողել է երեք նամակ՝ մորը, Մինասյանին և մի նամակ էլ հետևյալ գրությամբ՝ «Անձնասպանությանս համար ոչ ոքի չմեղադրել, բացի աստծուց»: Մինասյանի նամակը կարդում են Մնարությանների տանը: Շահյանը գրում է իր հայացքների մասին, անձնասպանների գովքը անում, իսկ աշխարհը հսկայական հիմարանոց համարում: Մեղադրում է անգամ Համլետին՝ անդրշիրիմյան աշխարհից վախենալու համար: Նրա թաղմանը ներկա են Սահակյանն ու Մարությանները: Հանգուցյալի դեմքին հեգնական մի ժպիտ կա: Մինասյանը մոր կողքին է: Աշխենը խուլ հեկեկում է:

Նար-Դոս | Մահը | համառոտ Նար-Դոս | Մահը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 23, 2015 Rating: 5
Технологии Blogger.