Դերենիկ Դեմիրճյան | Գիրք ծաղկանց | համառոտ



Միջին դարերում Հայաստանում զարգանում է գրչության ու մատյանների պատկերազարդման արվեստը: Վանական խցերում գրիչներն ու ծաղկողները ստեղծում են հայ գիրքը: Միջնադարյան հիշատակարանները նրանց մասին թողել են լոկ թռուցիկ վկայություններ…
Պատմվածքի հերոսներն այդ մարդկանց միջավայրից են: Վանահայրը, որ նախկինում եղել է ճարտարապետ, նստած է իր խցում և գրում է աշխատություն: Նաև նկարում է շենքեր, գծում է ճարտարապետական գծագրեր: Իր աշակերտների` Զվարթի և Ղունկիանոսի համար նա բարձրաձայն կարդում է գրքի գլխավոր հատվածները: Աշխարհը, – ասում է նրա գիրքը, – հիմնված է կառուցման վրա: Թե քաղաքը, թե խոսքը, թե միտքըհաստատում են կառուցման մեծ խորհուրդը: Վանահայրն իր գիրքը գրում է, որ սերունդներին կտակի կառուցման մեծ խորհուրդը: «Եղեք և դուք կառուցողք և դուք շինարարք, որպես մարդկք երկրի, սիրեցեք աշխատանք, զի կառուցումն և աշխատանք սուրբ են…»:
Զվարթը, որ վանք է բերվել կրոնի սպասավոր դառնալու, հափշտակվում է վանահոր վսեմ կերպարով: Զվարթը նրա միջոցով «խցից դուրս նայում է աշխարհին»: Զվարթն ունի բանաստեղծական շնորհ: Նա հյուսում է ծաղիկների վեպը:
«Նա ոգում էր հափշտակված, բառերը անարգել հոսում էին, նա ոչինչ չէր տեսնում, – գալիս է գարունը, ձայն է տալիս հողին, զարթնում է հողը, ձայն տալիս բոլոր բույսերին: Զարթնում է ձնծաղիկը, ձայն տալիս մյուս ծաղիկներին…»:
Հետո նկարիչ Թադեն բնության ճոխ գույներով զարդարում է վանահոր աշխատությունը, որի մեջ գրի է առնվել նաև ծաղիկների մասին պատմող Զվարթի բանաստեղծությունը:
«Վանահայրը իր նվիրական գիրքը հանձնում է պատանիներին և պատվիրում է լավ պահպանել: Նա մեռնում է…»: Մեռնում է նաև վանքի մենախցում արգելափակված Զվարթը` հոգում «ծաղիկներ»:
Մնում է գիրքը: «Ոսկեհատ մի գիրք, լի լույսերով և իմաստությամբ: Բոցավառ կենդանաթռչուններ, ձկնագազաններ և ծաղիկներ շրջանակել են երկու վեպ. մեկը, որ խոսում է աշխարհի կառուցողական սկզբունքի, շինարարական աշխատանքի սրբության մասին, իսկ մյուսը, որ կրակե ժապավենի նման հոսում է էջ առ էջ Զվարթի վեպը ծաղիկների մասին»:
Գիրքը ենթարկվում է դաժան փորձությունների: Առաջին փրկիչը լինում է Ղունկիանոսը` վանահոր աշակերտը և Զվարթի ընկերակիցը: Սա և նկարիչ Թադեն գիրքը թաղում են քարե պատսպարանում:
Հայաստան են խուժում նվաճողները, ավերում են ավանները, վանքերը, գրադարանները: Լեռների լանջով գնում է Ղունկիանոսը, մեջքին մի պարկ, ձեռքին մի մետաքսե կապոց: Նա հեռանում է մենաստանից, որպեսզի գրքերը չընկնեն թշնամու ձեռքը: Ղունկիանոսը գիրքը թաղում է մի լեռնային խարխուլ վանքի դռան առաջ: «Ձյան մեջ մի կիսաթաղ մարդ է երևում, պարկը մեջքին, կողքին մետաքսախառն մի գիրք, որ բացվել է և ժպտում է կապույտ երկնքին»:
Դարերը հաջորդում են իրար, երկիրը ասպատակում են տարբեր նվաճողներ, բայց ժողովուրդը աներևակայելի զոհողությունների գնով փրկում է գրքի կյանքը: Անցնելով ձեռքից ձեռք, շատ անգամ վտանգվելով` կառուցման և ծաղիկների գիրքը մնում է կենդանիՎերջին անգամ գիրքը փրկում է Հուսիկ անունով մի գյուղացի: Ջաղացպան Հակոբն իր որդի Հուսիկին է դիմում հետևյալ խորհրդով. «Գնա, Հուսիկ, Դամասկոս: Աղորիքները կանգնեցին: Գնա, ցորեն բեր, ցանենք, կենդանությունը չմարի»:
Հուսիկը ճանապարհ է ընկնում և հասնում է Դամասկոսի արաբական շուկան: Այստեղ նա տեսնում է, թե ինչպես մի խուռն բազմություն «ծիծաղելով իրար ձեռքից առնում և բարակ մատներով կողերը բացուխուփ էին անում մի գիրք»:
Հուսիկը զննում է այդ գիրքը, որը նրա մեջ արթնացնում է հայրենի հովիտների, լեռների, ծաղիկների հարազատ ու մտերիմ գույները: Նա զինվորին է տալիս ցորեն առնելու համար հորից ստացած փողը և աշխատանքն ու կյանքը մեծարող այդ գիրքը բերում է հայրենիք:
«Սև դարերի խորքից գալիս է մի գիրք: Խավարի միջից թափառող լույսի նման դողդողում է, բայց գալիս է, թե ինչ վտանգներ է ապրում, չի տեսնում նա: Ոչ ձմեռ, ոչ խավար: Ոչ կրակն է այրում նրան, ոչ շոգը խեղդում: Հրաշքն է պահում նրան, թե՞ պատահմունքը: Բայց սերունդները խնամում են նրան, թաքցնում, փրկում և ավանդում նրան սերունդներին: Ձեռքեձեռք է անցնում դարերի փորձանքներից, անցկացնում հուր, սուր, ջուրՄի կարմիր հողմ փոթորկալի թերթում է ոսկե լույս թերթերը գրքի, որ ընկած մի մեծ ճանապարհի վրա, նայում է նրան մտերմորեն, նա փրկված է իրեն միշտ փրկող ժողովրդի հետ:
Երկաթե գրադարակներում լռում են դարերը: Մի ալեհեր գլուխ հակված է պատմության անդունդը և խոր հովտում տեսնում է ծաղիկներ, ծաղիկներ…»:
Դերենիկ Դեմիրճյան | Գիրք ծաղկանց | համառոտ Դերենիկ Դեմիրճյան | Գիրք ծաղկանց | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 14, 2015 Rating: 5
Технологии Blogger.