Ֆյոդոր Դոստոևսկի | Ապուշը | համառոտ



1867 թ.: Շվեյցարիայից Սանկտ Պետերբուրգ է վերադառնում Լև Նիկոլաևիչ Միշկինը: 26 տարեկան է, ազնվական տոհմի վերջին շառավիղն է: Շուտ է որբացել: Մանուկ հասակում հիվանդացել է նյարդային հիվանդությամբ և իր հոգաբարձուի կողմից տեղավորվել Շվեյցարիայի հանգստյան տներից մեկում: 4 տարի Շվեյցարիայում անցկացնելուց հետո վերադառնում է Ռուսաստան՝ իր ծառայությունները երկրին նվիրաբերելու: Գնացքում ծանոթանում է Պարֆյոն Ռոգոժինի՝ առևտրականի հետ, որը հոր մահից հետո հսկայական ժառանգություն է ստացել: Նրանից լսում է Նաստասյա Ֆիլիպովնա Բարաշկովայի անունը: Սա եղել է ոմն Տոցկու սիրուհին, և հիմա նրանով տարված է Ռոգոժինը:
Գալով Պետերբուրգ՝ իշխան Միշկինը այցելում է գեներալ Եպանչինին, քանի որ Եպանչինի կնոջ հեռավոր ազգականն է: Եպանչինները ունեն 3 դուստր՝ Ալեքսանդրա, Ադելաիդա և Ագլայա: Իշխանը բոլորին զարմացնում է իր անմիջականությամբ, բացությամբ և նաիվությամբ: Նրա նկատմամբ լցվում են համակրանքով: Ոմանց նա թվում է պարզամիտ, իսկ ոմանց՝ խորամանկ: Այստեղ իշխանը ծանոթանում է գեներալի քարտուղար Գանյա Իվոլգինի հետ, որի մոտ տեսնում է Նաստասյա Ֆիլիպովնայի դիմանկարը: Այդ հպարտ, սակայն տառապանքով լի դեմքը խորապես ցնցում է նրան: Իմանում է, որ Տոցկին ծրագրել է ազատվել Նաստասյայից, ամուսնացնել Իվոլգինի հետ, իսկ ինքը ցանկանում է ամուսնանալ Եպանչինի դստրերից մեկի հետ: Նաստասյային օժիտ է տալիս 75 000 ռուբլի: Գանյային ձգում է դրամը, որը նա հետագայում մտադիր է ավելացնել: Սակայն նրան նաև ճնշում է ապագա կնոջ անցյալը և ողջ իրավիճակը: Կգերադասեր ամուսնությունը Ագլայայի հետ, որին գուցե նաև սիրում է: Ագլայայից որոշիչ խոսքի է սպասում: Իշխանը ակամա միջորդ է դառնում Ագլայայի և Գանյայի միջև: Ագլայան ինքն է նրան դարձնում իր վստահված անձը, ինչով առաջ է բերում Գանյայի անբարյացակամությունը: Իշխանին առաջարկում են բնակվել Իվոլգինների մոտ: Այստեղ է գալիս ինքը Նաստասյա Ֆիլիպովնան, որպեսզի Իվոլգիններին հրավիրի իր երեկույթին: Հայտնվում է նաև Ռոգոժինը իր աղմկոտ շքախմբով: Ռոգոժինը Նաստասյա Ֆիլիպովնային է տրամադրում 18 000 ռուբլի: Տեղի է ունենում առևտրի նման ինչ-որ բան, որի առարկան է Նաստասյա Ֆիլիպովնան: Նրա հեգնական հարցին, որ իրեն ուզում են գնել 18 000 ռուբլով, Ռոգոժինը պատասխանում է, որ կգնի 40 000… ոչ, 100 000 ռուբլով:
Գանյայի մայրը և քույրը տեսարանը իրենց համար ստորացուցիչ են համարում: Քույրը թքում է եղբոր՝ Գանյայի դեմքին, սա ուզում է ապտակել քրոջը, որին պաշտպանում է Միշկինը: Գանյան ցասման մեջ ապտակում է իշխանին: Սա միայն ասում է, որ Գանյան շատ է զղջալու իր արարքի համար: Դիմում է Նաստասյա Ֆիլիպովնային և ասում է, որ նա այդպիսին չէ, ինչպիսին ներկայանում է:
Երեկոյան Միշկինը ներկայանում է Նաստասյա Ֆիլիպովնայի երեկույթին:  Այստեղ էլ հայտնվում է Ռոգոժինը իր շքախմբով և սեղանին է դնում 100 000 ռուբլի: 
Նորից կենտրոնում է հայտնվում իշխանը, որը սեր է խոստովանում Նաստասյա Ֆիլիպովնային: Տեղի ունեցողը խիստ վիրավորում է նրան և նա պատրաստ է կնության վերցնել Նաստասյա Ֆիլիպովնային: Այստեղ էլ պատահաբար պարզվում է, որ Միշկինը մահացած հարազատից ստացել է բավական սոլիդ ժառանգություն: Սակայն որոշումը կայացած է: Նաստասյա Ֆիլիպովնան հեռանում է Ռոգոժինի հետ: Հեռանալուց առաջ Նաստասյան բուխարու մեջ է նետում 100 000 ռուբլու կապոցը և առաջարկում է Գանյային հանել այն: Գանյան փորձում է հպարտորեն ետ պահել իրեն այդ քայլից, ուզում է դուրս գնալ, սակայն ուշագնաց է լինում: Նաստասյա Ֆիլիպովնան ինքն է հանում կապոցը և տալիս է Գանյային՝ կրած տառապանքի դիմաց:
Անցնում է 6 ամիս: Իշխանը, շրջելով Ռուսաստանով, Մոսկվայից վերադառնում է Սանկտ Պետերբուրգ: Լուրեր են պտտվում, որ Նաստասյա Ֆիլիպովնան փախչում է Ռոգոժինից նրա մոտ: Հետո փախչում է նաև իշխանից: Իշխանը այցելում է Ռոգոժինին: Սեղանին դրված է այգեպանի դանակը, որը Միշկինը անվերջ ձեռքն է վերցնում: Ռոգոժինը խլում է նրա ձեռքից դանակը (այդ դանակով Ռոգոժինը կսպանի Նաստասյա Ֆիլիպովնային): Այդ օրը նրանք փոխանակվում են իրենց խաչերով, և Ռոգոժինը մորն է ներկայացնում իշխանին, քանի որ հիմա նրանք եղբայրներ են: Վերադառնալով տուն՝ Միշկինը տեսնում է իրեն հետապնդող ստվերը: Տեսնում է Ռոգոժինին, փայլատակող դանակը: Նրա մոտ սկսվում է էպիլեպտիկ նոպա, իսկ Ռոգոժինը փախչում է: Պատահածից 3 օր անց իշխանը մեկնում է Լեբեդևների ամառանոց, որտեղ ըստ լուրերի գտնվում են Եպանչինները և Նաստասյա Ֆիլիպովնան:
Այստեղ Եպանչինների ընտանիքը Ագլայայի նկատմամբ ուշադրության նշաններ ցուցաբերող իշխան Ռոդոմսկու և Ադելաիդայի փեսացու իշխան Շ.-ի հետ դուրս են գալիս զբոսանքի: Նրանցից ոչ հեռու հայտնվում է մի ընկերակցություն, որի թվում է Նաստասյա Ֆիլիպովնան: Սա կոպտորեն դիմում է Ռոդոմսկուն՝ ասելով, որ նրա քեռին մահացել է, իսկ մինչ այդ ծախսել պետական մեծ գումար: Ռոդոմսկու ընկերը բացականչում է, որ այդպիսի լկտիությունը հարկ է պատժել մտրակով: Նաստասյա Ֆիլիպովնան ներկաներից մեկի ձեռքից վերցնում է ձեռնափայտը և հարվածում նրա դեմքին: Սպան պատրաստվում է պատասխան հարված հասցնել, սակայն Միշկինը թույլ չի տալիս:
Առավոտյան զբասայգում իշխանին հանդիպած Ագլայան առաջարկում է նրան դառնալ իր ընկերը: Հետո իշխանը առանձին պատահականորեն հանդիպում է Նաստասյա Ֆիլիպովնային, որը նրա առաջ ծնկի է իջնում: Հարցնում է՝ երջանիկ է արդյոք իշխանը Ագլայայի հետ: Հեռանում է Ռոգոժինի հետ: Հայտնի է, որ նա նամակներ է գրում Ագլայային, որոնցում համոզում է նրան ամուսնանալ իշխանի հետ:
Մեկ ամիս անց իշխանը հայտարարվում է Ագլայայի փեսացուն: Եպանչինների մոտ հյուրեր են հավաքվում: Իշխանը իրեն լարված է պահում: Շատ է խոսում, անփութորեն կոտրում է չինական սափորը…
Ագլայան հանդիպում է նշանակում Նաստասյա Ֆիլիպովնային Պավլովսկում, որին գալիս է իշխանի հետ: Այստեղ է նաև Ռոգոժինը: Ագլայան հարցնում է, թե ինչ իրավունքով է Նաստասյա Ֆիլիպովնան նամակներ գրում իրեն և անձնական խորհուրդներ տալիս: Վիրավորված Նաստասյա Ֆիլիպովնան քշում է Ռոգոժինին և խնդրում է իշխանին մնալ իր հետ: Իշխանը երկուսին էլ սիրում է: Նաստասյա Ֆիլիպովնայի հանդեպ սերը նաև խղճահարություն է:  Նա պատռվում է երկու կանանց միջև:
Նշանակվում է իշխանի և Ագլայայի հարսանիքը: Նաստասյա Ֆիլիպովնան կարծես ուրախությամբ է պատրաստվում հարսանիքին: Գեղեցիկ զգեստներ է պատվիրում: Բայց միաժամանակ նա ունենում է տխրության ուժեղ նոպաներ: Հարսանիքի օրը եկեղեցու ճանապարհին ամբոխի մեջ տեսնում է Ռոգոժինին և ընկնում է նրա գիրկը: Սա տանում է նրան:
Հաջորդ առավոտյան իշխանը գալիս է Ռոգոժինի մոտ: Ռոգոժինը տանը չէ: Իշխանը այցելում է բոլոր ծանոթներին: Ոչ ոք ոչինչ չգիտի: Շրջում է քաղաքի փողոցներում: Նրան մոտենում է Ռոգոժինը և պատվիրում է հետևել իրեն: Բերում է իր տուն, որտեղ սենյակներից մեկում մահճակալի վրա պառկած է անկենդան Նաստասյա Ֆիլիպովնան: Իշխանը և Ռոգոժինը անքուն գիշեր են անցկացնում դիակի վրա: Երբ ոստիկանները առավոտյան ներս են մտնում այդ սենյակը, տեսնում են զառանցող Ռոգոժինին և նրան մխիթարող իշխանին, որն արդեն ոչինչ չի հասկանում և ոչ ոքի չի ճանաչում: Իրադարձությունները վերջնականապես խեղում են Միշկինի հոգեկանը, և նա դառնում է ապուշ:  
  
Տես նաև Ֆյոդոր Դոստոևսկի Կարամազով եղբայրներ, Ոճիր և պատիժ և Իվան Տուրգենև Հայրեր և որդիներ

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ     
Ֆյոդոր Դոստոևսկի | Ապուշը | համառոտ Ֆյոդոր Դոստոևսկի | Ապուշը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 21, 2015 Rating: 5
Технологии Blogger.