Մարկ Տվեն | Հեքլբերի Ֆինի արկածները | համառոտ



Եվ այսպես, Հեքլբերի Ֆինը վերադառնում է այրի Դուգլասի մոտ: Նորից սկսվում է կարգապահ կյանքի մղձավանջը: Ամենից շատ Հեքը տառապում է Դուգլասի քրոջ՝ օրիորդ Ուոթսոնի դիտողություններից: Հեքը դպրոց է հաճախում: Սովորում է գրել, կարդալ, հաշվել:
Մի օր նախաճաշի ժամանակ Հեքը թափում է աղը: Դա լավ նշան չէ: Նույն օրը բակում նա տեսնում է ծանոթ կոշիկի հետքը: Կոշիկը պատկանում է նրա հորը, որին կորած էր համարում: Հեքը վազում է դատավոր Թեչերի մոտ և խնդրում է վերցնել իր ողջ գումարը, որ ունի բանկային հաշվի վրա: Թեչերը հասկանալով, որ մի բան այստեղ այն չէ, համաձայնում է մեկ դոլարով գնել  Հեքի գումարը: Գալով տուն` Հեքը հասկանում է, որ չէր սխալվել: Նրա անկողնում է փռվել, ինչպես միշտ ցնցոտիներ հագած հայրը: Ծեր հարբեցողը իմացել է, որ որդին հարստացել է, գրել-կարդալ գիտի և եկել է փող պահանջելու: Վաղվա համար փող է ուզում և հեռանում: Թեչերը հրաժարվում է փող տալ թափառականին, սակայն նոր դատավորը բռնում է նրա կողմը, իսկ Հեքի հայրը այդ ընթացքում, քանի դեռ դատաիրավական քաշքշուկ չեն վճռել հարցը, թաքցնում է որդուն անտառի խրճիթում: Հեքը նորից սովորում է ցնցոտիներին, հոր մահակին: Հայրը դժգոհ է ամերիկյան օրենքներից, որոնք թույլ են տալիս որոշ նահանգներում նեգրերին քվեարկել, իսկ իրեն, որ հարուստ մարդ է, թողնել առանց գրոշի: Սպիտակ տենդի նոպայի մեջ մի գիշեր նա քիչ է մնում դանակով սպանի Հեքին: Հոր բացակայությամբ Հեքը բեմականացնում է սեփական սպանությունը և խրճիթի թալանը, իսկ ինքը մակույկով հեռանում է Ջեքսոնի կղզի: Կղզում հանդիպում է օրիորդ Ուոթսոնի նեգրերից մեկին՝ Ջիմին, որն իմանալով, որ իրեն ուզում են վաճառել, փախել է:
Ջուրը բարձրանում է և կղզին հայտնվում է ջրի տակ: Ջիմը և Հեքը որսում են անցնող լաստը և տրվում են Միսիսիպիի ընթացքին: Նրանց հանդիպում է լողացող տուն, որի մեջ տղամարդու դիակ են գտնում: Ջիմը խնդրում է չնայել մարդու դեմքին, քանզի շատ այլադակված է: Պիտանի իրեր են վերցնում և ճամփա ընկնում: Որոշում են հասնել «ազատ նահանգներին», որտեղ Ջիմին այլևս չի սպառնա ստրկությունը և վաճառված լինելու հեռանկարը: Սակայն Հեքն անվերջ խղճի խայթ է զգում նեգրին օգնելու և «խեղճ օրիորդ Ուոթսոնին թալանող ստրուկին օգնելու համար»:
Գիշերով նրանց լաստի վրայով է անցնում հսկայական շոգենավը: Հեքը հասցնում է սուզվել նավի անիվների տակ, իսկ երբ ջրի երես է բարձրանում, Ջիմն արդեն չկա: Ափ է դուրս գալիս և օթևան է գտնում Գրենջերֆորդների ագարակում: Սրանք լավ են ընդունում տղային: Ընկերություն է անում հասակակից Բաքի հետ, որը մի օր թփերից անսպասելի կրակում է երիտասարդ Հարրի Շեպերդսոնի վրա: Պարզվում է, որ Գրենջերֆորդները և Շեպերդսոնները երդվյալ թշնամիներ են և անխնա ոչնչացնում են միմյանց: Նեգրերից մեկը Հեքին տանում է Ջիմի մոտ, որը գտել է իրենց լաստը, վերանորոգել և սպասում է Հեքին: Իսկական ժամանակն է, քանի որ Հեքը ականատես է լինում Գրենջերֆորդների և Շեպերդսոնների արյունալի կռվին, որի ժամանակ դաժանաբար սպանվում է փոքրիկ Բաքը:
Մի առավոտ Ջիմը և Հեքը փրկում են իրենց լաստի վրա երկու փախստականների, որոնք ներկայանում են դուքս և թագավոր: Հեքը հասկանում է, որ սրանք թափառական խարդախներ են: Ճանապարհին տարբեր քաղաքներում կեղծ ներկայացումներ են տալիս, քարոզիչների անվան տակ ցնդաբանում խավարամիտ գավառացիների առաջ և դրամ շորթելու շատ ուրիշ հնարներ բանեցնում: Քաղաքներից մեկում լսած լինելով, որ ընտանիքներից մեկը սպասում է իր հոգևորական ազգականին, որին վաղուց չեն տեսել, ներկայանում են որպես վաղուց սպասված հյուրերի անունից և փորձում տիրանալ խեղճ աղջիկների ժառանգությանը: Նրանց ծրագրերին խանգարում է Հեքը: Սակայն սրիկաները հասցնում են վաճառել Ջիմին ագարակատեր Սայլաս Ֆելպսին: Գալով Ֆելպսերի մոտ և նպատակ ունենալով փախցնել Ջիմին՝ Հեքը պարզում է, որ սրանք իր ընկեր Թոմ Սոյերի ազգականներն են: Քանի որ իրական Սոյերին ազգականները չեն տեսել, Հեքը ներկայանում է ընկերոջ անունով:
Սակայն մորաքրոջ մոտ ամառային արձակուրդի է գալիս իսկական Թոմ Սոյերը: Հեքը բարեբախտաբար առաջինն է տեսնում նրան: Թոմն իրեն չի կորցնում և ինքն էլ ներկայանում է որպես Սիդ:
Ախոռում փակված Ջիմին ազատելը շատ հեշտ գործ է: Սակայն Թոմը ուզում է մաքսիմալ կերպով թատերականացնել փախուստը, որպեսզի ամեն բան լինի ինչպես հանրահայտ կալանավորների ու բանտարկյալների մոտ: Ի վերջո, Թոմը գիշերային փախուստի ժամանակ հրացանի գնդակ է ստանում ոտքի մեջ, իսկ Ջիմին նորից բանտարկում են: Միայն այդ ժամանակ Թոմը պատմում է, որ Ջիմն իրականում ազատ է արձակված փոշմանած օրիորդ Ուոթսոնի կտակի համաձայն: Հեքն իմանում է, որ լողացող տան մեջ գտնված դիակը պատկանում էր իր հորը և որ նա հիմա կարող է չվախենալ հետապնդումներից: Նա, իհարկե, ունի մտավախություն, որ իրեն կարող է որդեգրել մորաքույր Սալլի Ֆելպսը: Բայց չէ՞ որ կա «հնդկացիների տարածք» փախչելու Թոմի առաջարկը:      

Տես նաև Մարկ Տվեն Թոմ Սոյերի արկածները, Անտուան Սենտ-Էքզյուպերի Փոքրիկ իշխանը և Ֆենիմոր Կուպեր Վերջին մոհիկանը     
Մարկ Տվեն | Հեքլբերի Ֆինի արկածները | համառոտ Մարկ Տվեն | Հեքլբերի Ֆինի արկածները | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 22, 2015 Rating: 5
Технологии Blogger.