Մարգարիտ Նավարացի | Հեպտամերոն | համառոտ



Մարգարիտ Նավարացու «Հեպտամերոնն» իր կառուցվածքով հետևում է Ջովանի Բոկաչչոյի «Դեկամերոնին»։ Ներածության մեջ հեղինակը պատմում է, որ աշնանը, Պիրենեայի Կոտերե առողջարանից վերադառնալիս, ընկնում է տեղատարափ անձրևի տակ: Հեղեղը փակում է ճանապարհները, ավերում է կամուրջները, շատ մարդիկ խեղդվում են։ Լեռնանցքներն ու անտառների կածանները բռնածների մեծ մասը ավազակների ու արջերի բաժին է դառնում, իսկ մյուսներին պատուհասում են քաղցն ու ցուրտը։ «Հեպտամերոնը», ինչպես և «Դեկամերոնը» սկսվում է աղետի նկարագրությունից: Մահից ու փորձանքից փրկված հինգ տղամարդ ու հինգ կանայք ապաստան են գտնում Սերանի աստվածամոր վանքում։ Մինչև նոր կամուրջի պատրաստ լինելը անհրաժեշտ է ինչ-որ զբաղմունք գտնել: Պառավ Ուազիլը առաջարկում է ամեն առավոտ ու երեկո կարդալ Սուրբ գրքի աղոթքները։ Իրկանը գտնում է, որ պետք է զբաղվել այնպիսի բանով, որ «հոգուն վնաս չբերելով, հաճելի լինի նաև մարմնի համար»։ Նշված անձնանունները իրական պատմական անձանց ծածկանուններ են. Ուազիլը Լուիզա Սավոյացին է, Մարգարիտի մայրը, Պարլամանտան՝ ինքը Մարգարիտը, Իրկանը՝ նրա ամուսին Հենրիկ Նավարացին, իսկ մնացածները պալատականներ են։ Վերջին խոսքը Պարլամանտայինն է. «Ես կարծում եմ, որ բոլորդ կարդացել եք Բոկաչոյի հարյուր նովելները, որոնք վերջերս իտալերենից թարգմանվել են ֆրանսերեն և որոնք Ֆրանցիսկ Առաջին թագավորը, մոնսինյոր դոֆինը, նրա կինը և Մարգարիտն այնպես են գովաբանել, որ եթե Բոկաչչոն իմանար, թե որքան է մեծարվում, մեռելների աշխարհից անպայման հարություն կառներ»։ Հիմա, օգտվելով մեր ազատ ժամանակից, մինչև կամուրջը կկառուցեն, ամեն օր կհավաքվենք լեռնային գետակի ափին, յուրաքանչյուրս մի պատմություն կպատմի։ Տասն օրում կունենանք հարյուր այդպիսի պատմվածքներ»։
Այսպես է բացվում «Հեպտամերոնը»։ Մահը թույլ չի տալիս Մարգարիտ Նավարացուն ավարտել գիրքը։ Գրվել է յոթանասուներկու նովել, ահա ինչու այն վերնագրվել է Հեպտամերոն՝ յոթնօրյակ։
«Հեպտամերոնի» առաջատար մոտիվներից մեկը հոգևորականության քննադատությունն է։ Բոկաչչոյի նման Նավարացին ցույց է տալիս, որ եկեղեցու ծառաները ամենևին այն չեն, ինչ երևում են: Հենց իրենք պիղծ գործեր են կատարում, հարբեցողությամբ զբաղվում, ընտանիքներ քայքայում, ամեն տեսակ խաբեյությունների դիմում։
Քսաներեքերորդ և երեսունմեկերորդ նովելներում վանականները պատկերված են որպես մարդասպաններ, մարդկային սերն ու պատիվը ոտնահարող անառակներ։ Հեղինակը ցույց է տալիս, որ նրանք անպատիժ չեն մնում։ Վանականներին փակում են վանքում և «բոլորին կենդանի այրում վանքի հետ միասին, որ մարդիկ հիշեն նրանց հանցանքները»։ Ներածության մեջ Ուազիլն ասում է, որ ողջ կյանքում որոնել է թախծից փրկվելու սպեղանի և այն համոզման է եկել, որ միակ միջոցը Սուրբ գիրքն է. «Հոգուն իսկական ու կատարյալ բերկրանք տալիս է Սուրբ գիրքը»։ Երբ առավոտյան վեր է կենում, վերցնում է ավետարանը և կարդալով ամեն անգամ համակվում է Աստծո խոսքով: Աստծու որդին, որ «մեզ սիրելով և հանուն մեզ տառապանքներ կրելով, խոստացավ թողություն տալ մեր բոլոր մեղքերին...»։ Նույնը կատարում է նաև քնելուց առաջ՝ առանձնանում է ննջարանում և անձնատուր է լինում խրատական խոհերի։ «Ահա, զավակներս, այն ժամանցը, այն հոգեկան հանգիստը, որ փնտրել եմ այնքան երկար որոնումներից հետո և ուրիշ ոչ մի բան հոգեկան հանգիստ չի տվել ինձ»։
«Հեպտամերոնի» նովելների մյուս մասի թեման սերն է, ընտանիքը, բարոյական կատարելության հարցը։ Նավարացին նկարագրում է ամուսնական անհավատարմություն, սիրային արկածներ։ (Հարկ է նշել, որ «Հեպտամերոնը» առաջին անգամ հրատարակվել է «Սիրային պատմություններ» խորագրով)։
Նովելների հերոսուհիները իրենց բախտին հլու համակերպվող կանայք չեն։ Առաջին տասնօրյակի նովելների ընդհանուր թեման է՝ «Պատմվածքներ այն մասին, թե կանայք ինչ խորամանկություններ են կատարել տղամարդկանց խաբելու և տղամարդիկ՝ կանանց խաբելու համար»։ Առաջին օրվա երրորդ նովելի բովանդակությունն սա է. Նեապոլի թագավորը դավաճանում է կնոջը, թագուհին վրեժը լուծում է՝ կապվելով իր ախոյանի ամուսնու հետ և այդ սիրային կապը շարունակվում է մինչև իր կյանքի վերջը, ընդ որում թագավորն այդ մասին ոչ մի կասկածանք չունի։ Չորրորդ օրվա քառասունիններորդ նովելի կոմսուհին պատկերված է որպես արիստոկրատ հասարակության անառակ վարքի տիպական արտահայտություն։ Սիրո հավատարմության խախտման դեպքերը մի շարք նովելներում պատկերված են ողբերգական եղանակով։ Սրտառուչ գույներով են երանգավորված և այն պատմվածքները, երբ ազնիվ սիրով սիրահարվածներն իրենց նպատակին չեն հասնում։
Երկրորդ օրվա տասնիններորդ նովելը խոսում է մի դժբախտ սիրո մասին։ Պոլինան և երիտասարդ ազնվականը սիրում են իրար, բայց մարկիզն ու մարկիզուհին, որոնց հավատարմորեն ծառայում են սիրահարվածները, արգելում են նրանց ամուսնությունը։ Պոլինան և երիտասարդը ուրիշ սեր ու երջանկություն չեն ճանաչում և, իրենց փափագին չհասնելով, նվիրվում են՝ մեկը վանական միաբանությանը, մյուսը կուսանոցին, մինչև մահ չմոռանալով իրենց դժբախտ սերը։
Նովելն ավարտվելուց հետո, Պարլամանտան, այսինքն՝ Մարգարիտ Նավարացին, սահմանում է իսկական սիրո իդեալը։ «Իսկական սերն այն է,– ասում է նա,– երբ սիրահարվածներն իրար մեջ կատարելություն են որոնում..., երբ անընդհատ առաքինության են ձգտում և սրտերը այնքան ազնիվ ու բարձր են, որ պատրաստ են ավելի շուտ մեռնել, քան ազատություն տալ ստոր ցանկություններին, որոնք անհամատեղելի են խղճի ու պատվի հետ»։

Տես նաև Ջեֆրի Չոսեր Քենթրբերյան պատմվածքներ, Ֆրանսուա Ռաբլե Գարգանտյուա և Պանտագրյուել և Սերվանտես Դոն Կիխոտ
Մարգարիտ Նավարացի | Հեպտամերոն | համառոտ Մարգարիտ Նավարացի | Հեպտամերոն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 03, 2015 Rating: 5
Технологии Blogger.