Էպոսը չունի միասնական զարգացող սյուժե: I-XI երգերում պատմվում է Երկրի, Երկնքի, Արևի և Լուսնի արարման մասին։ Երկիրն ստեղծվում է բադի ձվի կճեպից։ Իլմատար աստվածուհուց ծնվում է առաջին մարդը՝ Վյայնյամյոյնենը։ Նա նորաստեղծ աշխարհին նվիրում է ծառեր և կյանք։ Պատմվում է նրա տարբեր արկածների և Հյուսիսի չքնաղ կույսի հետ նրա հանդիպման մասին։ Կույսը համաձայնում է դառնալ Վյայնյամյոյնենի հարսնացուն, եթե հերոսը իր իլիկի կտորներից պատրաստի նավակ։ Գործի անցնելով՝ հերոսը վնասում է իրեն, չի կարողանում կանգնեցնել արնահոսությունը և գնում է ծեր բուժակի մոտ, որին պատմում է երկաթի առաջացման առասպելը։ Տուն դառնալով՝ Վյայնյամյոյնենը քամի է բարձրացնում և Իլմարինեն դարբնին տեղափոխում է Հյուսիսի Պոհյոլա երկիր։ Այնտեղ դարբինը Հյուսիսի տիրուհու համար կռում է Սամպո աղացը, որն իր տիրոջը կարող է պարգևել հարստություն և երջանկություն։
XI-XV երգերում պատմվում է հրաշագործ և կանանց գերող հերոս Լեմմինկյայնենի մասին։ Ապա պատմվում է այն մասին, թե ինչպես է Վյայնյամյոյնենը իջնում դժոխք, ինչպես է հայտնվում հսկա Վիիպունենի որովայնում, ինչպես է նրանից իմանում հրաշք նավակը պատրաստելու համար անհրաժեշտ վերջին երեք բառերը և ինչպես է գնում Պոհյոլա՝ հյուսիսի կույսի ձեռքը խնդրելու։ Սակայն, վերջինս նախընտրում է դարբին Իլմարինենին և ամուսնանում է նրա հետ: Մանրամասնորեն նկարագրվում է նրանց հարսանիքը և բերվում են հարսանեկան երգերը, որոնք թվարկում են ամուսինների պարտականությունները։
Հետագա երգերը պատմում են այն մասին, թե ինչպես են 3 կարելական հերոսները ձեռք բերում Սամպոյի գանձերը, ինչպես է Վյայնյամյոյնենը պատրաստում կանտելե և նրա վրա նվագելով կախարդում ամբողջ բնությունը, ինչպես է քուն իջեցնում Պոհյոլայում ապրողների վրա և ինչպես են հերոսները տանում Սամպոյին։
Վերջին երգը ներկայացնում է կույս Մարյատտայից հրաշք երեխայի՝ Փրկչի ծննդյան լեգենդը։ Վյայնյամյոյնենը խորհուրդ է տալիս սպանել նրան, քանի որ այդ երեխային ապագայում վիճակված է գերազանցել իրեն, սակայն երկու շաբաթական մանուկը հանդիմանում է Վյայնյամյոյնենին և ամոթահար հերոսը, վերջին անգամ երգելով իր դյութիչ երգը, առմիշտ հեռանում է։
Կալեվալա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 14, 2015 Rating: