Վահան Տերյան | Հոգևոր Հայաստան | համառոտ


Հայկական հարցը նորից վիճաբանությունների առարկա է, կլանել է հայ հասարակության բոլոր խավերի ուշադրությունը, միևնույն ժամանակ քննության առարկա է օտար, մանավանդ ռուս մամուլի մեջ: Ամեն հայ ներկա տագնապալի ու աղետավոր ժամին ջանում է թափանցել մշուշոտ ապագայի խորքը՝ իր հիվանդագին տարակուսանքների լուծումը որոնելով: Արդեն թվում է, որ եթե անգամ այդ Հայաստան կոչված դժբախտ երկրում ոչ մի հայ չմնա, մարդիկ նորից պիտի այրվեն նույն իղձերով, ցավագին ու կրոնական գունավորում ստացած խնդրով: Հայության համար մի ցավոտ ցնորք է դարձել այդ «Հայաստանը», մի ավետյաց երկիր, դյութական մի անուն: Լոզունգը բացարձակ ու վճռական է, նրա դրոշակի վրա գրված է՝ «դեպի Հայաստան»: «Հայաստանը պետք է ազատվի: Չէ՞ որ ամեն հայ մտավորականի և ամեն հայ մարդու համար այդ հարցը դարձել է սրբազան ավանդ, նվիրական տվայտանք: Հայ մտավորականության իշխող հոսանքը մշակել է մի տեսակետ, ըստ որի թուրքահայ խնդրի լուծման հետ է կապված հայության ապագայի հարցը: Այդ հասարակական հոսանքի թեորիան համատարած ու իշխող է երկրում: Այդ ուղղությունը գրավել է ոչ միայն միջին հասարակական խավերի համակրությունը: Հետաքրքիրն այդ ուղղության թեորիաների մանրամասները չեն, ոչ էլ ամբողջական կոնցեպցիան: Հայություն և Հայաստան ասելով՝ այդ ուղղության ներկայացուցիչները գրեթե միշտ նկատի ունեն թուրքահայությունը և Թրքահայաստանը: Մտածողության այդ ձևի շատ բնորոշ արտահայտությունն է հեղինակի (Տերյանի) մեկ տարի առաջ լսած մի դասախոսություն, որ վերաբերում էր հայ գրականությանը, և մի ուրիշ դասախոսություն, որ վերաբերում էր հայ կուլտուրայի ապագային: Հայության գլխավոր կուլտուրական կենտրոնը ներկայանում է, ըստ այդ տեսակետի, Էրզրումը, Վանը, Մուշը, մի խոսքով՝ Թրքահայաստանի կենտրոնները: Ընդհանուր առմամբ՝ դասախոսները լավատեսությամբ են տոգորված հայության կուլտուրական ապագայի վերաբերմամբ: Սակայն Տերյանին նրանց ոգևորությունը չի փոխանցվում, որովհետև հիմնված է թրքահայ խնդրի լուծման վրա, մինչդեռ հարցը ողջ հայության կուլտուրական ապագան է: Անընդունելի է այդ կոնցեպցիան՝ ոչ միայն իբրև մտածողություն, այլև զգացողություն: Հայ ժողովրդի ֆիզիկական ապահովության մասին խոսողները, իհարկե, պակաս չեն հետաքրքրված հայության կուլտուրական և հոգեկան ստացվածքների մեջ, սակայն կա տարբերություն: Ֆիզիկականի մասին մտահոգվողները չունեն գերագույն ու վճռական հույսեր ներկայիս հայության ապագայի նկատմամբ, ինչ հույսեր անկասկած ունեն նրանք, ովքեր ողջ հայության ապագայի հարցը կապում են թրքահայերի հետ: Չընծայելով թուրքահայությանն այդպիսի վճռական դեր, այնուամենայնիվ, ամեն հայ պիտի շահագրգռված լինի թրքահայերի ազատագրմամբ: Հակադրություն չկա այստեղ, այլ՝ համադրություն, քանի որ ֆիզիկականի մասին հոգացողները ևս հայության ապագայի խնդրով են զբաղված: Խնդիրը մեկ է՝ հայության կուլտուրայի ապագայի ապահովումը: Ազգային ինտելիգենցիան պարզ կերպով առաջադրել է ազգային կուլտուրական ապագայի հեռանկարը: Բուրժուական ինտելիգենցիան, որ սովորաբար հարում է քաղաքական լիբերալ ուղղություններին, այս դեպքում մի տարօրինակ համերաշխություն է ցույց տալիս ազգային մտավորականներին: Նրանց, որոնցից դեռ երեկ հրաժարվում էր: Ի՞նչ նկատի ունի «Հայաստան» ասելով: Ի՞նչ է նշանակում այդ բառը նրա շուրթերին: Եթե «ազգի կուլտուրական ապագան», ապա պետք է ենթադրել այդ բուրժուական ինտելիգենցիայի մեջ որոշ ազգային կուլտուրական գունավորում, ազգային կուլտուրական որոշ գաղափարներ, ձգտում, մինչդեռ փաստերը ժխտում են այդպիսի ազգային ոգու գոյությունը բուրժուական ինտելիգենցիայի մեջ: Ընդհակառակը, ինչպես հայ բուրժուազիան, այնպես և ինտելիգենցիան, ապազգայնացած է: Նրա համար գոյություն չունի հայ կուլտուրա: Անտեղյակ է այդ կուլտուրայի գլխավոր գործոններին լեզվին, գրականությանը, արվեստին… Արհամարհում է այդ ամենը: «Փոքր ազգ ենք» պատճառաբանությունը սխալ է: Ո՛չ լեհ, ո՛չ ֆինն, ո՛չ մալոռուս, ո՛չ վրացի ինտելիգենցիան այդպես չէ: Հայ բուրժուական ինտելիգենցիան, որ ժխտում է մեր ժողովրդի լեզուն, արհամարհում է մեր գրականությունն ու մամուլը, տոգորվել է ոգևորությամբ, ազգասիրությամբ: Նա ևս իր լոզունգը դարձրել է «Հայաստանը»… Ստացվում է մի սքանչելի պատկեր. հայության բերանը հայերեն չի խոսում: Հնարավո՞ր է մի այդպիսի պատկեր այլ «փոքր» ազգերի մեջ. որ մի լեհ ինտելիգենտ կամ բուրժուա՝ լեհերեն չիմանա: Պայմանները, որոնք մատնանշում է հայ ինտելիգենցիան, չեն խանգարում լեհերին ու մալոռուսներին սիրել ու ճանաչել իրենց լեզուն, գրականությունը, պատմությունն ու արվեստը: Մատնանիշ են անում գրականության, արվեստի, մամուլի, դպրոցի անկյալ վիճակը և դրանով արդարացնում իրենց անտարբերությունը: Հայ բուրժուա-ինտելիգենտն ամեն անգամ, երբ խոսք է բացվում գրականության մասին, աչքերը հյուսիս է դարձնում. այնտե՜ղ, տեսնու՞մ եք, գրականություն կա, որովհետեւ մեծ ազգ է, գրքերը տարածվում են, գրականությունը օգտավետ, շահավետ զբաղմունք է Ռուս գրականությունը դիվիդենտներից չէ՝ որ ծաղկել է: Տյուտչևը, Դոստոևսկին պիտի տասնյակ տարիներ սպասեն, որպեսզի նրանց գնահատի հասարակությունը: Մինչև օրս հավաքված չէ գումարը, որով պիտի կանգնեցնեն Խ. Աբովյանի արձանը Երևանում: Հայրենիքի, Հոգևոր Հայաստանի կառուցման ծանր ու վշտալի, բայց ազնիվ աշխատանքը կվերցնեն իրենց վրա նրանք, ովքեր անճանաչ են Ժողովուրդը չպիտի ոտնատակ գնա այս շփոթ օրերում, զոհ լինի սխալ գաղափարախոսության, սխալ ըմբռնված ազգային իդեալի Մի հարվածով կամ հերոսական ճիգով չի ստեղծվի Հայաստանը: Հոգևոր Հայաստանի առաջ կա դեռ մի խոշոր ու վսեմ աշխատանք, գուցե ոչ այնքան շլացնող ու փայլուն, սակայն իմաստալից և վեհ՝ իր ներքին բովանդակությամբ: Հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստով ահա Հոգևոր Հայաստանը: Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլև իր անդամների ներքին մտավոր-հոգեկան կապով: Պետք է, բացի արտաքին հնարավորությունից, լինի և ներքին զորություն, հոգևոր մղում: Որքան ուզում է թող անկախ ու ազատ լինի Ալբանիան, դա երբեք չի ստեղծի ազգ, եթե ալբանական ժողովուրդը մի ներքին մղում չունենա դեպի այդ… Հեղինակը չի արժևորում այն ազգությանը, որ արտաքին սահմաններով է պահպանում իր ինքնությունը, և որ գլխավորն է՝ մի ինքնություն, որ կարիք չկա պահպանելու: Ֆրանսիացիների նման կուլտուրապես կազմակերպված ու զորեղ և քաղաքականապես ապահով մի ժողովուրդ ամեն կերպ աշխատում է պահպանել իր ինքնության գլխավոր նշանը իր լեզուն: Հայրենիքում կան շատ ու շատ շքեղ ու հոյակապ դպրոցական շենքեր (որոնց ճակատին անշուշտ ոսկետառ փորագրված է պանծալի բարերարի անունը). սակայն չկա մի դպրոց, որ օրինակելի լիներ, կանգնած լիներ իր բարձրության վրա Այդ Հոգևոր Հայաստանի կառուցումը ծանր ու տևական աշխատանք է պահանջում, անթիվ կյանքերի տոկուն հավատ և գիտակցություն, անարյուն, բայց ազնիվ, գուցե ավելի դժվար, ավելի ահավոր զոհաբերում, քան արյունի զոհաբերումը: Րաֆֆին, Արծրունին, Նալբանդյանը, Դուրյանը նույնպես ասպետներ են, գուցե ավելի մեծ հերոսներ են, քան նրանք, որ կռվի դաշտում են զոհաբերում իրենց կյանքը: Մի՞թե անվերջ չարչարանքի և գերագույն մի բաղձանքի, անվերջ զրկանքների և վսեմ մի հավատի պայծառ պատկերը չէ մեր Հոգևոր Հայրենիքի ասպետ-զավակների կյանքը: Հոգևոր Հայրենիքը, ինչպես և ֆիզիկականը ավերված երկիր է, և այդ ավեր ու անավարտ շենքերը կանգնեցնելու համար հարկավոր է սեր, անձնվիրություն, ոգևորություն: Հոգևոր Հայաստանը հոգով է կենդանի: Դատարկ խոսքեր են հայերի փոքր ազգ լինելու մասին հնչող ճառերը. ո՛չ բելգիացիք են մեծ ազգ, ո՛չ նորվեգացիք, մինչդեռ որպիսի դյութական անուններ են դրանք Այսօրվա ահավոր անցքերը, ինչպես շատ իրավացի նկատել է մի հայտնի ռուս գրող, կփոխեն ոչ միայն աշխարհագրական սահմանագծերը, այլև գաղափարական աշխարհում պիտի մի նոր հեղաշրջում առաջացնեն: Այդ անցքերը անհետ չեն անցնի հոգու համար: Հայերի մեռած կյանքն ասես կենդանության նշաններ է ցույց տալիս: Թող լինեն այդ նշանները տարօրինակ և երբեմն այլանդակ, բայց այդ տարօրինակություններն ու այլանդակությունները Տերյանը կուզեր վերագրել անցյալին, սակայն այն պահում է իր ստվերը նաև բացվող ապագայի վրա: Նյութական կորուստները միշտ կարելի է վերադարձնել, իսկ հոգևոր կորուստն անդառնալի է: Չպետք է մատնանշել արտաքին արգելքները՝ դրանք միշտ կան, և դրանց դեմ պետք է կռվել: Բայց նախ պետք է կամք, հավատ, գիտակցություն. առանց այդ՝ ավելորդ է արտաքին արգելքների դեմ կռվելը…
Հեղինակը հավատում է, կլինի և Հոգևոր Հայաստանը, կենդանի կլինի այն Հայաստանը, որի համար ժողովուրդը թափում է իր արյունը:

Տես նաև Փավստոս Բուզանդ Հայոց պատմություն, Մովսես Խորենացի Հայոց պատմություն և Կորյուն Վարք Մաշտոցի

Վահան Տերյան | Հոգևոր Հայաստան | համառոտ Վահան Տերյան | Հոգևոր Հայաստան | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 13, 2015 Rating: 5
Технологии Blogger.