Ադամ Սմիթ | Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների վերաբերյալ | համառոտ



Աշխատության մեջ քննվում են տնտեսական գործոնները, որոնք նպաստում են ժողովուրդների հարստության աճին: Հարստությունը այն եկամուտն է, որը գոյացել է որոշակի ժամանակահատվածում: Տնտեսական աճի հիմքը աշխատանքի բաժանումն է: Դա թույլ է տալիս խորացնել աշխատողի հմտությունը, տնտեսել ժամանակը և ստեղծել մեքենաներ, որոնք նվազեցնում են ծախսվող ջանքերը: Աշխատանքի բաժանման հիմքում փոխանակման  հակումն է: Լայն շուկան թույլ է տալիս նեղ մասնագիտացում: Նեղ շուկան ստիպում է աշխատողին յուրացնել նաև ուրիշ արհեստներ և աշխատանքի բաժանումն անիմաստ է:
Դրամը գոյանում է փոխանակման մեխանիզմը պարզեցնելու համար: Ամեն ապրանք ունի սպառողական արժեք և փոխարժեք: Ջուրը շատ օգտակար է, բայց ջրով ոչինչ հնարավոր չէ գնել: Իսկ ադամանդը անօգուտ է, բայց դրա փոխարժեքը հսկայական է: Ապրանքն ունի բնական գին և շուկայական գին: Բնական գինը փոխարժեքի դրամական արտահայտությունն է:
Ազատ մրցակցության դեպքում առաջարկը և պահանջարկը որոշում են շուկայական և բնական արժեքը: Սակայն ամեն ապրանքի գնի իսկական չափանիշը աշխատանքն է: Վաղ հասարակություններում արժեքը որոշվում էր ապրանքի ստեղծման վրա ծախսված աշխատանքով և փոխանակման ընթացքում գնվող աշխատանքով: Ժամանակակից հասարակության մեջ այդ երկու արժեքները չեն համընկնում: Երկրորդը փոքր է առաջինից: Ամեն արժեք գոյանում է երեք եկամուտից՝ աշխատավարձից, եկամուտից և ռենտայից:
Աշխատավարձը աշխատանքի գինն է: Հարստության աճը բերում է աշխատավարձի աճի, բարձրանում է հասարակության բարեկեցությունը: Եկամուտը արդյունքի և աշխատողի աշխատավարձի տարբերությունն է:
Ռենտան նույնպես արդյունքի և աշխատավարձի տարբերությունն է: Ռենտայի գոյացումը կապված է հողի մասնավոր սեփականության հետ:
Կապիտալը անավարտ արդյունքի պահուստն է, որը թույլ է տալիս արտադրողին հաղթահարել միջոցների ծախսման և վերջնական արդյունքի միջև ժամանակահատվածը: Կապիտալը լինում է հիմնական և շրջանառող: Երկրորդը վերադառնում է տիրոջը այլ ապրանքի տեսքով:
Եկամուտը լինում է համախառն և մաքուր: Համախառը եկամուտը երկրի տարեկան ամբողջ արդյունքն է: Մաքուր եկամուտը դրա այն մասն է, որը բնակիչները կարող են, չդիպչելով իրենց կապիտալին, ավելացնել սպառողական պահուստին:
Կապիտալն աճում է շնորհիվ այն բանի, որ տարեկան եկամտի մի մասը պահվում է:
Քաղաքների զարգացումը գյուղատնտեսության աճի պատճառ է և ոչ թե հետևանք: Դրանք տրամադրում են շուկա, կապիտալ և կարգ:  Շուկան ինքնակարգավորվող համակարգ է, որը գործում է իրեն հատուկ ներքին տնտեսական մեխանիզմներով։ Այսպես կոչված «Անտեսանելի ձեռքը» կարգավորում է շուկայական հարաբերությունները. ըստ այդմ՝ կարելի է օգուտ ստանալ որևէ բանից՝ միայն այլ անձանց պահանջմունքները բավարարելով։ Այսինքն՝ շուկայի մասնակիցները իրենց ցանկալի արդյունքին են հասնում՝ ապահովելով նաև մյուս մասնակիցների շահերի իրացումը, իսկ բոլոր մասնակիցները միասին վերցրած՝ ժողովուրդների հարստությունը։ Այս սկզբունքով էլ շուկան դիտարկվում է որպես ինքնակարգավորվող ինքնուրույն համակարգ, որը գործում է անտեսանելի ձեռքի սկզբունքի հիման վրա՝ ի վերջո հասնելով հավասարակշռության վիճակի։ Օրինակ, որևէ ապրանքի նկատմամբ պահանջարկի նվազումը հանգեցնում է դրա գնի նվազման, ինչն էլ՝ արտադրության ծավալների կրճատման, ուստի նվազում է նաև այդ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ միջոցների պահանջարկը։ Արդյունքում ռեսուրսների միջոցների բաշխումը նույնպես կատարվում է ինքնակարգավորման սկզբունքի հիման վրա։
Բոլոր պետությունները պիտի զարգացնեն այն ապրանքների արտադրությունը, որոնք ավելի էժան են, քան այլ տեղերում: Դա շահավետ է բոլոր երկրների համար: Պետությունն ունի երեք կարևոր պարտականություն՝ ռազմական անվտանգություն, արդարադատություն և այնպիսի հասարակական հաստատությունների հիմնում, որոնց ստեղծումը և հոգածությունը չի կարող ձեռնտու լինել առանձին անհատներին կամ փոքր խմբերին:

Տես նաև Նիկոլո Մաքիավելի Տիրակալը, Շառլ Լուի Մոնտեսքյո Պարսկական նամակներ և Թոմաս Մոր Ուտոպիա
Ադամ Սմիթ | Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների վերաբերյալ | համառոտ Ադամ Սմիթ | Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների վերաբերյալ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 13, 2015 Rating: 5
Технологии Blogger.