Իմմանուել Կանտ | ԶՈՒՏ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ համառոտ



Իմացության հավաստիության հարցը կարող է ճշտել իմացության սահմանները: Գիտությունը տալիս է հավաստի գիտելիք։ Ինչպե՞ս է հնարավոր իմացության հավաստիությունը և անհրաժեշտությունը։
«Տրանսցենդենտալ էսթետիկա» բաժնում քննվում են զգայական հայեցողության (այլ հայեցողություն ըստ Կանտի գոյություն չունի) ձևերը՝ տարածությունը և ժամանակը: Քանի որ իմացության արտահայտման ձևը դատողությունն է, անհրաժեշտ է դասակարգել դատողությունները։ Դրանք երկու տեսակ են՝ անալիտիկ և սինթետիկ։ Առաջինները նույնաբանություն են, որովհետև այստեղ պրեդիկատը նոր իմացություն չի հավելում սուբյեկտի մասին մեր իմացությանը։ Սինթետիկ դատողություններում պրեդիկատը ընդլայնում է իմացությունը սուբյեկտի մասին։ Տարբերակվում են նաև ճանաչողության a priori և a posteriori ձևերը: Անալիտիկ դատողությունները a priori են։ Սինթետիկ դատողությունները լինում են ինչպես a priori, այնպես էլ a posteriori։ Սինթետիկ a posteriori դատոդությունները չունեն համընդհանուր անհրաժեշտ նշանակալիություն, որովհետև փորձն ընձեռում է միայն պատահական իմացություն։ Սակայն հավաստի գիտելիքը պետք է լինի անհրաժեշտ, օբյեկտիվ և համընդհանուր, դրա աղբյուրը միայն a priori ճանաչողությունն է։ Ինչպե՞ս են հնարավոր a priori սինթետիկ դատողությունները մաթեմատիկայում և բնագիտության մեջ։ Ճանաչողության երեք ունակություններն են զգայականությունը, դատողականությունը և բանականությունը։ Զգայական իմացությունն իրականացվում է հայեցողության ձևերի՝ տարածության և ժամանակի, դատողական իմացությունը՝ հասկացությունների, իսկ բանականը՝ գաղափարների միջոցով։
Մաթեմատիկայում a priori սինթետիկ դատողությունները հնարավոր են, որովհետև մաթեմատիկական իմացությունը հիմնվում է հայեցողության ձևերի՝ տարածության և ժամանակի վրա։ Տարածությունը և ժամանակը ոչ թե իրերի հատկություններն են, այլ մարդկային հայեցողության իդեալական ձևեր։ Չեն վերաբերում փորձից քաղվող իմացության բովանդակության հետ, սակայն a priori պայմանավորում են մաթեմատիկական իմացության համընդհանրությունն ու անհրաժեշտությունը։ Քանի որ աշխարհի մասին պատկերացումը կազմվում է իդեալական ձևերի շնորհիվ, հնարավոր չէ իմանալ, թե ինչպիսին է աշխարհն ինքնին։ Հակադրվում են ինքնին իրերի և երևույթների աշխարհները։ Ինքնին իրերը սկզբունքորեն անճանաչելի են, քանզի չեն տրվում փորձում։ Ինքնին իրը ներգործում է զգայականության վրա և առաջ բերում փորձնական ճանաչողությունը։
Եթե մաթեմատիկայում a priori սինթետիկ դատողությունները հնարավոր են շնորհիվ զգայական հայեցողության ձևերի, ապա բնագիտության մեջ՝ շնորհիվ դատողականության a priori ձևերի՝ կատեգորիաների։ Եթե զգայականության միջոցով տրվում է ճանաչողության առարկան, ապա դատողականությունը անհրաժեշտ է այն մտածելու համար։ Իմացությունը զգայականության և դատողականության համատեղ արգասիք է, որովհետև «զգայություններն առանց հասկացությունների կույր են, իսկ հասկացություններն առանց զգայությունների՝ դատարկ։ Դատողականության հասկացությունների միջոցով իմաստավորվում, կապակցվում և պատկերավորվում է փորձնական բովանդակությունը։ Դատողականության a priori ձևերը՝ հասկացությունները, փորձից դուրս կիրառություն չունեն։ Զուտ ձևեր են, որոնք զուրկ են բովանդակությունից։ Կանտը մերժում է ինտելեկտուալ հայեցողության հնարավորությունը, դատողականությունը չի կարող անմիջականորեն հայել մտահասու իրերը։ Գործ ունի միայն զգայականության հրամցված նյութի հետ: Դատողականությունը ստեղծում է աշխարհի իմացական պատկերը՝ երբեք չլքելով փորձի սահմանները։ Սակայն ճանաչողությունը միտված է անպայմանականին։ Բանականությունն ունի գաղափարներ, որոնք ի տարբերություն դատողականության կատեգորիաների միտված չեն փորձին։ Դուրս գալով փորձի սահմաններից՝ բանականությունն անխուսափելիորեն ընկնում է անտինոմիաների մեջ։ Ըստ Կանտի, ավանդական մետաֆիզիկայում բանականության հակաթետիկան դրսևորվել է 3 գիտություններում, որոնք են ռացիոնալ հոգեբանությունը, ռացիոնալ տիեզերաբանությունը և ռացիոնալ աստվածաբանությունը։ Հոգեբանությունը ընդունում է, որ հոգին պարզ, անբաժանելի հոգևոր սուբստանց է։ Սա սինթետիկ դատողություն է, սակայն փորձով չի կարող ստուգվել։ Կանտը հերթով հերքում է Աստծո գոյության գոյաբանական, տիեզերաբանական և նպատակաբանական ապացույցները: Նույն մոլորությունը առկա է ռացիոնալ տիեզերաբանութան մեջ, որը ձգտում է աշխարհն ուսումնասիրել որպես ամբողջություն։ Բայց քանի որ իբրև ամբողջություն աշխարհը փորձում չի տրվում, բանականությունն խճճվում է անտինոմիաների մեջ։ Դրանք չորսն են և բաժանվում են երկու խմբի՝ մաթեմատիկական և դինամիկ։ Մաթեմատիկական անտինոմիաներում դրույթը և հակադրույթը միաժամանակ կեղծ են։ ա) աշխարհն ունի սկիզբ և աշխարհը չունի սկիզբ, բ) ամեն սուբստանց բաղկացած է պարզ տարրերից և ոչ մի սուբստանց բաղկացած չէ պարզ տարրերից։ Դինամիկական անտինոմիաներում դրույթը և հակադրույթը կարող են լինել ճշմարիտ միաժամանակ, քանզի վերաբերում են բոլորովին տարբեր ոլորտների. ա) աշխարհում ամեն ինչ կատարվում է անհրաժեշտաբար և աշխարհում գոյություն ունի ազատություն, բ) աշխարհը որպես իր պատճառ ունի բացարձակ էակ և չունի այդպիսի բացարձակ էակ։ 

Իմմանուել Կանտ | ԶՈՒՏ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ համառոտ Իմմանուել Կանտ | ԶՈՒՏ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 13, 2015 Rating: 5
Технологии Blogger.