Եզնիկ Կողբացի | Եղծ աղանդոց | համառոտ


Հեղինակը ստեղծել է կրոնափիլիսոփայական համադրական-քննական երկ, որն իր ընդգրկումով եզակի է ժամանակի հայ մատենագրության մեջ: Դիտարկվում են պյութագորյան, պլատոնյան, արիստոտելյան, ստոիկյան, էպիկուրյան ուսմունքները, աղանդավորական գաղափարախոսության և անտիկ փիլիսոփայաթյան միջև ընդհանուր եզրերը, հեթանոսության և քրիստոնեության առաջացումը, զրադաշտական մազդեականությունը, ինչպես նաև պավլիկյան գաղափարախոսության հետ ընդհանրություններ ունեցող մարկիոնական աղանդը։ Չարիքը կապվում է մարդկային գործունեության, իսկ գործունեության անկատարությունը՝ իմացության պակասի հետ։ Ամենակարող ու բարի Արարիչն ամեն բան ստեղծել և սահմանել է այնպես, որ յուրաքանչյուր անհատ իր առաքինության չափով ստանա բարիքից։ Սակայն աշխարհն ունի աններդաշնակություններ։ Վերջինների ծագումն ու գոյությունը բացատրվում է աստվածաբանական տեսանկյունից։ Քրիստոնեական միաստվածության հակառակորդները չարիքի աղբյուր են համարում նյութը կամ ինքնագո չար ուժը։ Դուալիստական գոյաբանությունն ու ինքնակա չարիքի գոյությունը հերքելով, հեղինակը պնդում է, որ գոյաբանական տեսակետից հույն իմաստասերների դուալիզմի, զրադաշտության և քրիստոնեական աղանդների միջև տարբերություն չկա։ Երեքն էլ ընդունում են, որ մի աստված ստեղծել է բարի, իսկ մյուսը՝ չար արարածներ: Ամեն դուալիզմ հանգեցնում է երրորդ ուժի անհրաժեշտությանը։ Ձևի ու նյութի սուբստանցական գոյությունը հաստատող տեսակետն անհետևողական է, քանի որ այդ դեպքում անհրաժեշտ է ընդունել նաև մի երրորդ գոյ, որը կսահմանազատեր ու միացներ այդ երկուսը։ Մարկիոնականության մեջ օրենքի և նյութի հակամարտությունը կարգավորում է բարի ու կատարյալ օտարը։ Միակ տրամաբանական աշխարհայացքը մոնիզմն է: Սա ևս ունի երկու բևեռ։ Մոնիզմը էպիկուրականների և որոշ ստոիկների իմաստասիրական համակարգերում հասնում է մատերիալիզմի, որն անընդունելի է։ Իսկական մոնիզմը քրիստոնեական միաստվածությունն է։ Աստվածային բարերարությունը գործի չվերածվելով չէր կարող օգտակար լինել և վերջապես Աստծուն ճանաչող ու պաշտող չէր լինի։ Արարչագործությունը Աստծու գոյությունը ապացուցելու անհրաժեշտության արտահայտությունն է, իսկ մարդն այն սուբյեկտն է, որը ճանաչում և արժեքավորում է աստծուն: Հերքվում են այն ուսմունքները, որոնք բնության իրերի և երևույթների մեջ տեսնում են գերագույն ուժեր (մաղդեականներ, որոշ աղանդավորականներ, հելլենիստական տեղական կրոններ), կամ պաշտպանում են հոգիների փոխանցման տեսակետը (պյութագորյաններ, Պլատոն)։
Ընդունելով նյութի արարչագործությունը, Կողբացին պաշտպանում է այն տեսակետը, թե բնությանը կազմված է չորս տարրերից՝ հրից, օդից, ջրից և հողից։ Աստված ստեղծել է չորս տարրերը և ապա նրանցով կազմել տիեզերքը։ Չորս սկզբնատարրերը բացասում են իրար: Սակայն, երբ հանդես են դալիս որոշակի համադրությամբ, դառնում են օգտակար և կորցնում են հակադրությունը։ Այդ պատճառով էլ տիեզերական ուժի՝ աստծու հիմնական խնդիրներից է իր ստեղծած տարրերի համադրության ու ներդաշնակության պահպանումը։ Մահը և կործանումը հետևանք են տվյալ համակարգի բաղադրիչ տարրերի համամասնության խախտման։ Եզնիկը հակադրվելով Արիստոտելին, որն ընդունում է անձև, որոշակիությունից ու ակտիվությունից զուրկ նախանյութի գոյությունը, գտնում է, որ գոյություն ունենալ նշանակում է նախ ունենալ որոշակի ձև, կառուցվածք։ Անկերպարան, անձև հասկացությունն ինքը ենթադրում է որոշակի ձև, որովհետև անձևությունն էլ որոշակի ձև է։
Հիվանդությունների պատճառները որոշելիս հեղինակը մի կողմից պաշտպանում է միջնադարյան միստիկայի որոշ դրույթներ, իսկ մյուս կողմից փորձում է գտնել երևույթի բնագիտական բացատրությունը։ Խելագարությունը, գիտակցության կորուստը մի կողմից համարում է մաղձի ու լորձայնաթյան համասնության խախտման, ստամոքսի խանգարման և «յուղղոյն սնանալոյ», իսկ մյուս կողմից դևի ներգործման հետևանք։ Նույն սկզբունքով է բացատրվում նաև երազը:
Մարդն ըստ Եզնիկ Կողբացու իր կենսաբանական կառուցվածքով նման է կենդանուն, սակայն ունի էական տարբերություն, քանի որ մարմնի և հոգու միասնություն է, անձ է։ Իսկ հոգեկանն ունի երեք կարողություն՝ բուսական, կենդանական և բանական։ Երրորդը ղեկավար սկզբունք է և կառավարում է մարդու կյանքը:     

Տես նաև Ագաթանգեղոս Հայոց պատմություն, Մովսես Խորենացի Հայոց պատմություն և Ղազար Փարպեցի Հայոց պատմություն 

Եզնիկ Կողբացի | Եղծ աղանդոց | համառոտ Եզնիկ Կողբացի | Եղծ աղանդոց | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 22, 2015 Rating: 5
Технологии Blogger.