Արիստոտել | Մետաֆիզիկա | համառոտ



«Մետաֆիզիկա» տերմինի հեղինակը Արիստոտելը չէ: Այն ներմուծել են կամ պերիպաթետիկյան դպրոցի ներկայացուցիչները, կամ էլ Անդրոնիկոս Հռոդոսցին Ք. ա. I դարում: Ինքը Արիստոտելը կիրառում էր «առաջին փիլիսոփայություն» արտահայտությունը, որը հակադրում էր «երկրորդ փիլիսոփայությանը», այն է՝ ֆիզիկային: Առաջին փիլիսոփայությունը ուսումնասիրում է ֆիզիկական իրականությունից անդին գտնվողը:
Արիստոտելը տալիս է մետաֆիզիկայի չորս սահմանում. 1. Առաջին կամ բարձրագույն պատճառների ուսումնասիրություն, 2. Գոյության ուսումնասիրություն, որքանով այն գոյություն է, 3. Սուբստանցի ճանաչողություն, 4. Աստծո և վերզգայական սուբստանցի իմացություն: Արիստոտելը ներկայացնում է փիլիսոփայության զարգացման պատմությունը Թալեսից մինչև Պլատոն:
Կարևոր է մետաֆիզիկայի բնորոշման հարցը: Մետաֆիզիկան ըստ Արիստոտելի բարձրագույն գիտությունն է, որովհետև չի հետապնդում էմպիրիկ և պրակտիկ նպատակներ: Մետաֆիզիկայի իմաստային մարմինը իր իսկ մեջ է, ահա ինչու այն ազատ և ինքնարժեք է: Դա իմացության մաքուր ծառավն է, որը ցանկանում է պատասխանել ամենավերացական ու ամենավերջին «ինչու»-ին:
Մետաֆիզիկան գործ ունի բարձրագույն պատճառների ուսումնասիրության հետ: Դրանք չորսն են՝ ֆորմալ պատճառը, մատերիական պատճառը, գործող պատճառը և վերջնական պատճառը: Առաջին երկու պատճառներն են ձևը (էությունը) և մատերիան, որոնք կազմում են բոլոր իրերը: Ստատիկորեն դիտված, մարդը բաղկացած է մարմնից (մատերիա) և հոգուց (ձև): Սակայն դինամիկ տեսակետից՝ հարց է առաջանում, թե որտեղ է նա ծնվել, ովքեր են ծնողները և այլն: Հետևաբար անհրաժեշտ են նաև շարժող և վերջնական պատճառները. առաջինը պայմանավորել է նրա ծնունդը, իսկ երկրորդը նշում է ուղղությունը, որով զարգանում է մարդը:
Միայն մետաֆիզիկան է հարցնում գոյության մասին: Պարմենիդեսը և էլեացիները հասկանում էին գոյությունը իր միանշանակության և եզակիության մեջ: Պլատոնը առաջ է անցնում՝ ներմուծելով «չգոյության» հասկացությունը, որը թույլ է տալիս հասկանալ մտահասուի բազմությունը: Սակայն Պլատոնը բացառում էր գոյությունից զգայական աշխարհը: Արիստոտելը ձևափոխում է էլեացիների գոյաբանությունը: Գոյությունը մեկը չէ և ունի բազում իմաստներ: Այդ բազմությունը հարաբերվում է սուբստանցի հետ: Եվ այսպես, գոյությունը հանդես է գալիս որպես՝ 1.կատեգորիա, 2. գործողություն և պոտենցիա, 3. գոյություն և ակցիդենց, 4. գոյություն որպես ճշմարտություն կամ չգոյություն որպես կեղծիք:
Կատեգորիաները տասն են՝ սուբստանց, որակ, քանակ, հարաբերություն, գործողություն, կրավորություն, տեղ, ժամանակ, ունենալ, գտնվել:
Պոտենցիան և գործողությունը նախնական են, քանի որ բացատրվում են ոչ թե ուրիշ որևէ բանի օգնությամբ, այլ փոխադարձաբար: Սերմը իր ակտուալության, այսինքն՝ ներկա գործողության մեջ սերմ է, իսկ պոտենցիալ իմաստով հասկ:
Ակցիդենցը պատահական գոյությունն է, այն կապված չէ էությանը:
Գոյությունը որպես ճշմարիտ, որոշվում է մարդկային բանականության կողմից, երբ սա դիտում է որևէ բան և որոշում՝ համապատասխանում է այն արդյոք իրականությանը, թե ոչ: Գոյությունը որպես կողծիք տեղի ունի այն ժամանակ, երբ բանականությունը իրականության հետ է կապում այն, ինչը կապելի չէ, կամ բաժանում է այն, ինչը անբաժան է:
Նշված տիպերից վերջինը ուսումնասիրում է տրամաբանությունը: Երրորդը ոչ մի գիտակարգ չի ուսումնասիրում, իսկ ահա առաջին երկուսը մետաֆիզիկայի առարկան են: Մետաֆիզիկայի հարցը սուբստանցի հարցն է:
Նախ ինչպիսին է սուբստանցը՝ զգայական, թե մտահասու: Ֆիզիկոս փիլիսոփաները գտնում են, որ այն զգայական է: Պլատոնականները համարում են սուբստանցը ձև: Ըստ Արիստոտելի բոլորն էլ ճշմարիտ են, և բոլորն էլ սխալվում են: Մատերիան սկզբունք է, որը կազմում է զգայական իրականություն, այն ձևի սուբստրատ է: Այսպես ծառը տան, իսկ կավը սափորի սուբստրատն է: Բայց մատերիան դետերմինացված չէ, այն պիտի մեկ ուրիշ ձև ընդունի, որպեսզի որոշակիանա: Իր հերթին ձևը, քանի որ ակտուալացնում է մատերիան, որոշակիություն է հաղորդում դրան: Ի տարբերություն պլատոնյան գաղափար-ձևի այն ներքուստ հատուկ է ամեն իրի: Մատերիայի այսպիսի կոմպոզիցիան Արիստոտելը կոչում է սինոլոս:
Եվ այսպես սուբստանցը անուղղակիորեն մատերիան է, երկրորդ իմաստով այն առանձինն է, իսկ երրորդ իմաստով ձևն է: Գոյությունը սուբստանցն է, մի աստիճան բարձր է անհատը և մեկ աստիճան բարձր է ձևը, որն ընդգրկում է մատերիան և սկիզբ է տալիս առանձին-անհատականին: Մատերիան պոտենցիա է, որը կարող է ընդունել ձև: Ձևը ակտ է: Ձևականության կողմից դիտելով որևէ իր՝ մենք գործ ունենք էնտելեխիայի, այսինքն՝ տվյալ իրի կատարյալ իրացվածության հետ: Աստված մաքուր էնտելեխիա է:
Ժամանակը հավերժական է, արարված չէ և չի կարող ունենալ վախճան: Բայց ո՞րն է հավերժական շարժման պատճառը: Մենք տեսնում ենք միայն վերջավոր պատճառներ, այն, որ այս քարը շարժեց մյուս քարը: Վերջին պատճառն ըստ Արիստոտելի պիտի լինի անշարժ, որպեսզի չկանգնի վերջավոր պատճառների շարքը և որպեսզի անվերջ ռեգրեսը չվերաբերի նաև իրեն: Նախնական այդ պատճառը պիտի զուրկ լինի պոտենցիալությունից, լինի միայն ակտուալություն և հետևաբար այն չի լինի մատերիական, այլ կլինի մտահասու: Ինչպե՞ս է անշարժ առաջին պատճառը, լինելով այդպիսին, շարժում մնացյալ պատճառները: Արիստոտելը բացատրում է դա տենչանքի առարկաների օրինակի վրա: Իրենք այդ առարկաները անշարժ են, բայց դրանք շարժում են մեզ:
Սկզբնապատճառ Աստծուն զբաղեցնում է բարձրագույնը՝ մտածողությունը: Ինչի՞ մասին է նա մտածում: Լավագույնի և բարձրագույնի: Բայց լավագույնը Աստված է, ուստի նրա մտածողությունը մտածողության մասին է:
Մետաֆիզիկայի 12-րդ գրքում Արիստոտելը, վկայակոչելով Հոմերոսին, ասում է, որ իրերը չեն ցանկանում կառավարվել բազում սկզբունքներով և որ մեկը պիտի իրականում լինի կառավարիչ: Արիստոտելի Աստված 55 ոլորտների արարիչը չէ, այնպես որ նրա և այդ ոլորտների հարաբերության հարցը մետաֆիզիկայի շրջանակներում մնում է պրոբլեմատիկ: Երկրորդ հարցը, արիստոտելյան Աստծո էության մեջ սիրո բացակայությունն է: Հույնը չի ճանաչում սիրո՝ որպես անշահախնդիր շնորհի աշխարհը: Ավելին, Աստված չի կարող սիրել, քանի որ մաքուր բանականություն է, որը չունի կրավորություններ, տառապանք և կիրք:

Տես նաև Արիստոտել «Պոետիկա»  
Արիստոտել | Մետաֆիզիկա | համառոտ Արիստոտել | Մետաֆիզիկա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 06, 2015 Rating: 5
Технологии Blogger.