Դիպվածը հերոսին նետել է իր հին Գյունեյ թաղը: Հաստատ քայլերով անցնում է այն ճանապարհներով, ուր խաղալով անցել է իր մանկությունը: Ահա Նեղը, փրփրան ջուրը, քեղի թունավոր թփերը: Իր ընկեր Անդոն ասում էր, որ օձերը իրենց լեղին պատրաստում են նրա տերևից: Հերոսը գրում է իր անցած օրերի մասին: Գյունեյից ավելի խորը Դրնգանն է, լռակյաց և աղքատ մարդկանց բնակավայրը, որոնք ապրում են քարանձավներում և բարձրանում են քարե սանդուղքներով: Քարերի վրա բազմացրել են ընկուզենի: Գյունեյ թաղը արևոտ է, գետի ափին: Ջրաղացները սահմանն են: Քարափի գլխին պահեստն է: Հերոսը պատմում է տարբեր դրվագներ իր և ընկերոջ՝ Անդոյի մանկությունից: Ահա նրա մայրը՝ Անա զիզին, հացի կապոցը տալիս է իրենց, որ տանեն դեպի բրուտի քարանձավները: Հաց են տանում Անդոյի հոր՝ բրուտ Ավագի համար: Նրա քարանձավը երկու մասից է՝ առաջինն ավելի ցածր, երկրորդը բեմի չափ բարձր: Առաջին մասում «չարխն» է, ջրի կուժը և կավե ցեխը. երկրորդ մասում բերնի վրա շարված են դեռ չթրծած կժեր, կուլաներ, գավաթներ և դորակներ: Քարանձավը դուռ չունի: Անդոն միասին ուտելու համար գնում կանչում է հարևան բրուտին՝ չոլախ Եգորին, որը բարի մարդ է երևում, ինչպես բրուտ Ավագը, և հերոսին հուզում է հարցը, թե ինչո՞ւ նա գյուղում չի երևում, ինչո՞ւ նրան անվանում են «շաշ»: Պրոմեթեո՞ս է նա՝ բանտարկված բրուտի քարանձավներում, թե՞ մի խեղճ սատիր…
Ապա հերոսը նկարագրում է իրենց գետը՝ Նեղը, որում երեխաները լողանում են մինչև կապտելը: Հետո վերադառնում են այգիների ճանապարհով: Մայրերը իրար պատմում են որդիների չարաճճի արարքները, գանգատվում նրանցից, իսկ երբ տուն են մտնում, նրանք ծլկվում են դեպի ձիթհանքը, իրենց խաղերի իրիկվա տեղը: Հետո պատմում է դպրոցի, դասընկերների մասին: Հիշում է Նուշիկին: Վիզը բարակ, դեղնած աղջիկը: Նրա սև աչքերը խոշոր են ու տխուր: Հաճախ լաց է լինում: Հայր չունի, մայրն էլ ուրիշների համար լվացք է անում: Նուշիկը շփվում է իրենց հետ, մյուսները Անդոյից վախենում են: Մաշոն մի անգամ Նուշիկին ասում է, թե նրա մայրը լվացքից մի կտոր է գողացել: Նա արտասվում է, իր մայրը գող չէ: Անդոն դասամիջոցին Մաշոյին ցույց է տալիս դանակ և վախեցնում նրան: Ուսուցիչը խլում է դանակը, երբ այդ մասին նրան հայտնում է Մաշոն: Իսկ մայրը տանը չի գտնում իր կեսը ժանգոտ դանակը, որով քաղհանում էր կոտեմի մարգը, և գարնանը փոխարինում այն սուր ոսկրով: Դասարան է մտնում ավագ ուսուցիչը և հայտնում, որ մինչև շաբաթվա վերջը թոշակ չբերողը կհեռացվի դասարանից: Անդոն չի կարող, Անա զիզիի Նարգիզ կովը ցամաքել է, որ կաթը ծախի: Ասում է, թե շուտով հայրը կժերը կտանի Գետերը և թոշակը կլինի: Անդոն ձու է տանում վաճառելու բարձր տների մոտ, ուր ապրում են «ռուսներ», Մաշոն, խանութի տերեր, Ներսես բեյը և այլոք: Սակայն Մաշոյին տեսնելով՝ խաբում է, թե ձվերը ծախու չեն. չի ուզում, որ նա իմանա, թե ինքը ձու է ծախում: Մահանում է Նուշիկը: Երեխաները երգում են Նուշիկի համար, բայց Անդոն չի եկել, չի ուզում: Նրան հեռացնում են դասարանից: Գերեզմանատանը հայտնվում է Անդոն ու ասում, որ ինքը ուսումնարան էլ չի գնա~…
Անդոն պառկել է կողքի վրա: Նրա դեմքը կոշտացել է, շրթունքները հաստ են: Հանկարծ լսվում է աղջկա հնչուն ծիծաղ: Մաշոն է, ում հերոսը սկզբում չի ճանաչում: Նրա մասին ասում են, թե լավ աղջիկ չէ, տղաների հետ գնում է բաղերը: Այնտեղ կիթառ են նվագում, նա երգում է: Հիշում են Նուշիկին, մայրը դեռ կա, էլի լվացք է անում: Ամեն երեկո ընկերները հանդիպում են: Անդոն թեև կրթություն չունի, բայց նրա աշխարհը ավելի հետաքրքիր է, ավելի խորը, ամեն ինչից և բոլորից տեղյակ է: Առաջարկում է ընկերոջը սովորել, ինքը դաս կտա, բայց Անդոն ժամանակ չունի, գիշեր-ցերեկ գործ ունի:
Հիմա էլ մնում է իրենց քարափը, իբրև հսկայի մատ՝ Ցից քարը իրենց թաղի գլխին: Հասան դառնաշունչ օրերը: Հողի մշակները մրսում են խրամատներում, անվարժ ձեռքերով շարժում հրացանի փակաղակը: Անդոն մոնտյոր է, ով ամեն տեղ լինում է, լսում է, թե ինչ են խոսում տներում հավաքված մարդիկ: Մի անգամ տեսնում է Մաշոյին մի սպայի հետ թևանցուկ, իսկ ինքը կապկպում է էլեկտրալարը: Դա թշնամին է, Լեռնա-Հայաստանի հետախույզ բաժնի սպան: Եթե իմանար, որ սյունի տակ, պայուսակի մեջ պահված թուղթը կմատներ մոնտյորին, ինչպիսի ուրախությամբ սյունից կիջեցներ նրան և կքշեր խոնավ զնդանը: Ճրագները երբեմն թարթում են երկու անգամ, երեք անգամ: Անդոն է այդպես անում, երբ նրան պատվիրում է մեկը, որին երբեմն տեսնում է քաղաքի խուլ թաղերից մեկի ներքնահարկ տանը: Երբեմն Անդոն քարի տակից հանում է տպագիր առաջին լոզունգը, որ ստացել են սուրհանդակի հետ: Սև տառերը պողպատի սառնությամբ ասում են՝ «Խաղաղություն խրճիթներին, պատերազմ պալատներին…»
Արևմտյան ճակատում, ուր անխորտակելի պարսպի պես կանգնել է 84-րդ բրիգադը, առաջին թեթև ընդհարումներն են: Օղակված քաղաքը դարձել է ռազմական ճամբար: Մի օր թնդանոթի արկը անցնում է քաղաքի վրայով և առաջին պայթյունը կարծես հաստատում է, որ գալիս են: Գայլավաշտերը հրաման են ստանում նահանջի ճանապարհը բռնելու: Հետախույզ բաժնի սպան պատմում է Մաշոյին, թե ամբողջ ձմեռը ձորից սիգնալ է տվել այն տղան, որ իրենց տան առաջ կապում էր էլեկտրալարը: Շվար Մաշոն լցնում է սնդուկները և լավ չի հասկանում ամուսնու ասածը, ինչպես դժվար դասը… Մյուս օրը լեռան հետևից հրետանին սկսում է ռմբակոծումը: Ձորի կողմից քաղաք է մտնում չորս ձիավոր: Նրանց առաջից գնում է մեկը՝ ոսկեգույն ձիու վրա: Անդոն է: Փռփռացնում են կարմիր դրոշակները: Թնդանոթը խփում է ուղիղ քարափին: Ոսկեգույն ձիավորը ճեղքում է ամայի հրապարակը և քշում դեպի կամուրջը: Պատշգամբից արճիճ է տեղում գնդացիրը, ձիավորը թեքվում է ու կախվում: Ոտքը մնում է ասպանդակի մեջ, և խրտնած ձին սլանում է, նրա տաք մարմինը քարեքար դիպչելով շաղ է տալիս արյուն և ուղեղ… Անա զիզին թաղված է թաղի գերեզմանատանը: Բրուտ Ավագն այլևս չի լացում, աչքերի հետ կարծես ցամաքել են արցունքի ակները: Քարափին հավաքված տղաները պատմում են բրուտի տղա Անդոյի կյանքն ու մահը: «Ու դեռ մի անգամ ևս համայն աշխարհում մեր թնդանոթները հզորագույն կշառաչեն հին խոսքը. -Խաղաղությո~ւն խրճիթներին, պատերա´զմ պալատներին»:
Ակսել Բակունց | Բրուտի տղան | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 29, 2015 Rating: