Ջեյմս Բարրի | Պիտեր Պեն | համառոտ



Դարլինգների ընտանիքում կա երեք երեխա: Վենդին ավագն է: Հետո Ջոնն է, իսկ կրտսերն է Մայքլը: Տիկին Դարլինգը մի երեկո երեխաներին այցելելու ժամանակ տեսնում է, թե ինչպես պատուհանից ներս թռչելով մտնում է մի տղա, որին ուղեկցում է փոքրիկ լուսավառվող կետ: Շունը բռնում է տղայի ստվերը, իսկ տղան փախչում է:
Մի երեկո, երբ ծնողները հյուր են գնում, երեխաների սենյակ է վերադառնում փոքրիկ փերի Դին-Դինը (վառվող կետը) և սկսում է փնտրել ստվերը: Գալիս է նաև Պիտեր Պենը (թռչող տղան), որը գտնում է իր ստվերը, սակայն չի կարողանում այն ամրացնել: Նրա լացն արթնացնում է Վենդիին: Աղջիկը կարում է ստվերը Պիտերի կրունկներին: Պիտերը պատմում է իր կյանքի մասին: Փախել է տնից և որոշել երբեք չվերադառնալ ու երբեք չդառնալ մեծահասակ: Ապրում է Ոչևչիլինի կղզում իր նման տղաների հետ: Համոզում է իր հետ գնալ Վենդիին: Տանում են նաև Ջոնին և Մայքլին:
Կղզում տղաները ունեն թշնամիներ: Ծովահեն Կեռն իր ջոկատով Պիտեր Պենի երդվյալ թշնամին է: Կղզում կան նաև կարմրամորթներ, որոնք ծովահենների թշնամիներն են: Իսկ կարմրամորթների թշնամիներն են գազանները:
Պիտերից և իր հյուրերից ավելի շուտ կղզի հասած Դին-Դինը խանդից համոզում է տղաներին աղեղից կրակել Վենդիի վրա: Վենդին ընկնում է գետնին: Սակայն նա փրկվում է, քանի որ նետը դիպչում է նրա պարանոցին կախված կաղինին: Այդ կաղինը նվիրել է Պիտեր Պենը: Տղաները տնակ են կառուցում, որտեղ Վենդին սկսում է տնտեսություն վարել և, իհարկե, հեքիաթներ պատմել: Ծովահենները հետապնդում են տղաներին: Բանն այն է, որ նավապետ Կեռը քեն ունի Պիտեր Պենի դեմ: Պիտերը կտրել է նրա ձեռքը և ձեռքի տեղում հարմարեցրել են կեռ: Այստեղից էլ ծովահենի անունը: Իսկ կտրված ձեռքը կերել է կոկորդիլոսը, որին շատ դուր է եկել համը և նա հետապնդում է ծովահեն Կեռին: Մի քանի ընդհարումներից հետո Պիտերը կարողանում է խույս տալ ծովահենից:
Վենդիի հերթական հեքիաթը համոզում է տղաներին տուն վերադառնալ: Բոլորն ուզում են վերադառնալ ծնողների մոտ, բացի Պիտեր Պենից: Նա խնդրում է կարմրամորթներին ճանապարհ դնել Վենդիին և տղաներին, սակայն նրանք ենթարկվում են ծովահենների հարձակմանը: Տեղի է ունենում վճռական մենամարտ Պիտեր Պենի և ծովահեն Կեռի միջև: Ծովահենները պարտվում են և տղաները թռչում են տուն:
Ծնողները սպասում էին երեխաներին և երբեք չէին փակում պատուհանը: Սակայն նախքան Վենդիի և տղաների վերադառնալը Պիտեր Պենը և Դին-Դինը փակում են պատուհանը, որ սրանք կարծեն, թե իրենց չեն սպասում: Սակայն լսելով ներսից շատ տխուր երաժշտություն, Պիտերը այնուամենայնիվ բացում է պատուհանը: Դարլինգները որդեգրում են Վենդիի և նրա եղբայրների հետ եկած բոլոր տղաներին: Իսկ Պիտեր Պենը վերադառնում է իր կղզի: Պիտեր Պենը խոստանում է Վենդիին գալ նրա ետևից հաջորդ տարի: Սակայն չի գալիս: Նա տեսնում է Վենդիին տարիներ անց, երբ սա արդեն ամուսնացած է և ունի Ջեյն անունով դուստր: Նա չի համաձայնում միանալ Պիտերին: Նա արդեն մեծահասակ է: Վենդին դուրս է գալիս սենյակից, իսկ Պիտերը լաց է լինում: Զարթնում է Ջեյնը:
Եվ ամեն բան կրկնվում է նորից:

Երբ Ջեյնը մեծանում է, նա ունենում է դուստր: Այս դուստրը՝ Մարգարեթը, իր հերթին թռչում է Պիտեր Պենի հետ Ոչևչիլինի կղզի: Այսպես կլինի միշտ, քանի դեռ երեխաները չեն դադարել լինել այդքան ուրախ, անսիրտ և անհասկացող… 

Տես նաև Ջոան Ռոուլինգ Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը, Ռեդյարդ Քիփլինգ Ջունգլիների գիրքը և Ջոն Տոլկին Մատանիների տիրակալը
Ջեյմս Բարրի | Պիտեր Պեն | համառոտ Ջեյմս Բարրի | Պիտեր Պեն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 29, 2015 Rating: 5
Технологии Blogger.