Ֆրիդրիխ Նիցշե | ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ԶՐԱԴԱՇՏԸ համառոտ



Տասը տարի լեռներում միայնակ ապրելուց հետո Զրադաշտը սարերից իջնում է մարդկանց մոտ, որպեսզի հայտնի նրանց Գերմարդու մասին: Նա զարմանում է, երբ հանդիպում է Աստծո մասին խոսող ճգնավորին: Չէ՞ որ աստված մեռել է: Քաղաքում Զրադաշտը տեսնում է լարախաղացի արվեստով հիացող ամբոխին և խոսում է նրանց հետ Գերմարդու մասին: Կոչ է անում մարդկանց հավատարիմ լինել հողին և չհավատալ ոչ երկրային հույսերին: Լարախաղացը ծաղրածուի ջանքերով ընկնում է և մահանում: Զրադաշտը վերցնում է նրա դին և հեռանում է: Նրան են հետևում օձը և արծիվը:
Տասներկու առակներում Զրադաշտը ծաղրում է կեղծ բարոյականությունը: Պատմում է երեք փոխակերպությունների մասին: Ոգին ուղտ է, որին բեռնում և լծում են: Տենչալով ազատություն՝ ուղտը վերածվում է առյուծի, որը փշրում է սովորույթների և բարոյականության հաստատված կարգը: Սակայն նա չի կարող դառնալ արարող առանց երրորդ փոխակերպության: Նա պիտի վերածվի մանկան:
Զրադաշտը անիծում է եկեղեցականներին, որոնք կոչ են անում սպանել մարմինը: Փառաբանում է զինվորներին, որոնք պատրաստ են գնալ մահվանն ընդառաջ և այդկերպ հաղթահարում են իրենց մեջ մարդուն: Պետությունը միֆ է, որի հաղթահարումը ևս կապված է նոր մարդու հայտնության հետ: Չարիքին բարիքով պատասխանելը հիմարություն է, քանզի փոքրիկ վրեժն ավելի մարդկային է վրեժի բացակայությունից: Մարդը նման է ծառի, որի սաղարթը վեր է խոյանում երկինք բարիքի ուղղությամբ, իսկ արմատները մխրճվում են չարիքի և մեղքի մեջ:
Մարդը մայրամուտն է այն տեսակի, որը շարժվում է դեպի Գերմարդը: Բոլոր աստվածները մեռել են: Եկել է Գերմարդու ապրելու ժամանակը:
Զրադաշտը հեռանում է իր քարանձավը: Տարիներ անց նա նորից վերադառնում է մարդկանց մոտ: Նա ունի նոր առակներ: Կրոնը բոլոր համայն ուղիղը ծռող միտք է: Հավասարությունը կեղծիք է: Բոլոր իմաստունները ծառայել են սնոտիապաշտությանը: Իսկական իմաստունը երբեք չի ապրել քաղաքներում: Նրա տեղը անապատն է: Պոետները չափազանց իգական են: Մակերեսային են և ոչ հետևողական: Միայն իշխանության կամքը կարող է նոր արժեքներ ստեղծել:
Իրեն չհասկացող ունկնդիրներին թողնելով՝ դառնացած հեռանում է:
Որոշ ժամանակ անց նա դարձյալ ճամփա է ընկնում: Խոսում է ծանրության ոգու մասին, որն ինչպես գաճաճը լծել էր իրեն և ուզում էր քարշ տալ իր անդունդը: Միայն արիությունն է փրկում փիլիսոփային: Այդ ծանրությունը բարին ու չարն են:
Ամեն բանի վրա իշխում է պատահականությունը: Իսկ երջանկությունը կին է: Մարդիկ ամեն բան փոքրացնում են: Գայլին դարձնում են շուն, իսկ իրենք իրենց՝ ձեռնասուն…
Զրադաշտը փառաբանում է հեշտասիրությունը, իշխանատենչությունը և ինքնասիրությունը: Սրանք բնական կրքեր են և կանխորոշելու են ազնվականության նոր տիպը: Ուժեղ լինելու համար հարկ է ունենալ լայն հոգի, որը ունակ է նետել իրեն ամենայն պատահականի մեջ: Նա փառաբանում է մարդու մեջ եղած ամենայն չարը, քանի որ դա մեծ ուժ է մարդու ձեռքին: Այս քարոզներից հետո գազանները կոչում են Զրադաշտին հավերժական վերադարձի ուսուցիչ:
Զրադաշտը ծերանում է: Նրա մազերը սպիտակում են: Նա հավատում է Զրադաշտի հազարամյա թագավորությանը: Մի օր օգնության կանչ է լսում: Տեսնում է մռայլ մարգարեին, երկու թագավորների և ավանակի, վերջին պապին, կամավոր չքավորին և ստվերին: Նրանք ուզում են գտնել բարձրագույն մարդուն:
Հոգնած Զրադաշտը վերադառնում է քարանձավ և գտնում է այնտեղ ցերեկը հանդիպած անցորդներին: Նրանց մեջ են օձը և արծիվը: Կազմակերպում է ընթրիք, որտեղ բոլորը խմում են գինի, ուտում են գառնուկներին և փառաբանում են Զրադաշտի իմաստնությունը: Բոլորը, անգամ ավանակը, աղոթում են: Զրադաշտը իր հյուրերին կոչում է «ապաքինվող» և փառաբանում է մեծ Կեսօրի գալուստը:
Առավոտյան Զրադաշտը լքում է քարանձավը:

Տես նաև Ֆրիդրիխ Նիցշե «Ողբերգության ծնունդը», Ֆյոդոր Դոստոևսկի «Ոճիր և պատիժ» և Թոմաս Էլիոթ «Մեռյալ երկիր»  
Ֆրիդրիխ Նիցշե | ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ԶՐԱԴԱՇՏԸ համառոտ Ֆրիդրիխ Նիցշե | ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ԶՐԱԴԱՇՏԸ համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 11, 2015 Rating: 5
Технологии Blogger.