Ֆրիդրիխ Նիցշե | ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ համառոտ

Ֆրիդրիխ Նիցշե
Ողբերգության ծնունդը
(համառոտ)

1872 

Լայպիցիգում Ֆրիդրիխ Նիցշեն (1844—1900) կարդում է Արթուր Շոպենհաուերի «Աշխարհը որպես կամք և պատկերացում» գիրքը և «հիվանդանում է»: «Ես գտա այդ գիրքը ծերուկ Ռոնի հին գրքերի խանութում… տանը դիվանին պառկած՝ ես զգացի, որ այդ մռայլ, բայց հզոր հանճարը սկսում է ներսից տաշել ինձ: Յուրաքանչյուր էջին ընդվզումն ու հնազանդությունը ձայն էին տալիս: Իմ առաջ հայելի էր, որի մեջ ես տեսնում էի… աշխարհը, կյանքը և իմ սեփական հոգին: Արևի նման ինձ երևաց արվեստի ամեն ինչից անջատված աչքը: Ես տեսնում էի դրա մեջ հիվանդությունը և ապաքինումը, ապաստանը և արտաքսումը, դրախտը և դխոխքը»:
Հետևելով Շոպենհաուերին՝ Նիցշեն ընկալում է կյանքը որպես կույր իռացիոնալություն, ցավ և կործանում: Տառապանքին դիմադրելու ունակությունը կարելի է ձեռք բերել միայն արվեստի աշխարհում: «Ողբերգության ծնունդը» փորձում է անտիկական ողբերգության մեջ գտնել կյանքի արբեցնող ուրախության հզոր աղբյուր, կյանքային արժեքների արի ընդունում:  Ողբերգական արվեստը կարողանում է վսեմորեն «այո» ասել կյանքին: Նիցշեն շրջում է հունական մշակույթի ռոմանտիկական պատկերացումը: Ոչ թե Սոկրատեսի, Պլատոնի և Արիստոտելի, այլ նախասոկրատյանների և Ք. ա. 4-րդ դարի ողբերգակների Հունաստանն է իսկական Հունաստանը:
Հունական աշխարհի առեղծվածը Նիցշեն կապում է «դիոնիսյան ոգու» հետ, որը առողջության բնազդային ուժ, ստեղծագործական էներգիայի կիրք և բնության հետ լիակատար ներդաշնակության զգայական պաթոս է:
«Դիոնիսյանի» կողքին աճում և ուժ էր առնում Ապոլլոնի ոգին, առաջ էին գալիս իրերի իմաստը չափի և համաչափության տերմիններով արտահայտելու փորձեր: Այս երկու սկզբունքների դիխոտոմիան ըստ Նիցշեի դառնում է հակադրության աղբյուր, որը չափազանց կարևոր է ինչպես հունական քաղաքակրթության սկզբում, այնպես էլ վերջում: Իրար են հակադրվում պլաստիկ (Դիոնիսոս) և ոչ պլաստիկ (Ապոլլոն) արվեստները: Այս երկու բնազդները ստեղծում են բաց դիսսոնանս, մինչև որ ի վերջո միանում են արվեստի մեկ տեսակի մեջ, որն էլ հենց ատտիկյան ողբերգությունն է:

Բայց եթե Եվրիպիդեսը փորձում է ճնշել դիոնիսյան տարրը հօգուտ բանականության բարոյականության, ապա Սոկրատեսը բացահայտում է մեկ այլ հավակնություն՝ հասկանալ ամեն բան բանականության միջոցով և իշխել այդ բանականությամբ: Սոկրատեսից և Պլատոնից հետո հունականը հույների մեջ սկսում է նվազել: Նիցշեն կոչում է նրանց փսևդոհույներ և հակահույներ: Վերջին գործիքը, որ մնում է Պլատոնի ձեռքին, դիալեկտիկան է: Փիլիսոփաները և բարոյագետները խաբում են իրենք իրենց՝ հավատալով, թե անկումը կարելի է կանգնեցնել՝ պատերազմ հայտարարելով դրան: Այն, ինչը նրանց դեղամիջոց էր թվում, իրականում անկման նոր ձև է: Նրանք փոխում են անկման ձևը, սակայն չեն դադարում ընկնել: Սոկրատեսին դժվար է վստահել: Բացի այդ, բարոյական կատարելագործման ողջ էթիկան երկիմաստ է: Բանականության վառ լույսը, ամեն գնով ձեռք բերվող ռացիոնալությունը, գիտակցականությունը, որը խզում է իր կապը բնազդների հետ, ևս մեկ հիվանդություն է, բայց ոչ վերադարձ դեպի «առաքինին», «առողջը», «երջանիկը»: Կարելի է՞ արդյոք առողջ համարել Սոկրատեսին, եթե նրան զզվեցրել է կյանքը: «Ոչ» ասելով կյանքին, նա դառնում է առաջին դեկադենտը: Պայքարելով դիոնիսյան սկզբունքի դեմ Սոկրատեսը մոռանում է, որ նա վերականգնում է ոչ միայն մարդու և մարդու կորսված կապը, այլև մարդու և բնության կապը՝ տոնելով անառակ որդու վերադարձը տուն: Դիոնիսոսի կառքը զարդարված է ծաղիկներով և դրասանգներով, իսկ կառքին են լծված հովազը և վագրը:  
Ֆրիդրիխ Նիցշե | ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ համառոտ Ֆրիդրիխ Նիցշե | ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴԸ համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 04, 2015 Rating: 5
Технологии Blogger.