Հենրի Միլլեր | Խեցգետնի արևադարձը | համառոտ


Հերոսը՝ Հենրին, երկրորդ տարին է, ինչ ապրում է Փարիզում: Եվրոպա է տեղափոխվել՝ փրկվելու համար ամերիկյան կենցաղի «իդեալներից»: Ամերիկայի հետ նրան կապում են միայն մտքերը հայրենիք վերադարձած կնոջ՝ Մոնայի և դրամական փոխանցման մասին, որը ուր որ է, տեղ պիտի հասնի: Ապրելով տարագիր գրող Բորիսի հետ՝ Հենրին անվերջ փող հայթայթելու մտահոգության մեջ է: Երբեմն նրան համակում են էրոտիկ կարիքները, որոնք նա բավարարում է հնագույն մասնագիտության ներկայացուցիչների հետ: Փարիզի փողոցները վխտում են նրանցով:
Իր մասին հերոսն ասում է, որ առողջ է, չունի ոչ վիշտ, ոչ ափսոսանք, ոչ անցյալ, ոչ ապագա: Նրան բավական է ներկան: Նա համեմատում է Փարիզը անկողնում պառկած հիվանդի հետ: Հենրին (ընկերները կոչում են նրան «Ջո») օրգանապես է ներհյուսվում փարիզյան հատակի կյանքին: Արհամարհելով հայրենի Ամերիկան որպես բուրժուական դժոխքի պատվար, նա ապրում է միայն գիրք ստեղծելու գաղափարով: Այդ գրքով նա կուզեր քացի հասցնել Աստծուն, Գեղեցիկին, Ճակատագրին, Ժամանակին… Սակայն բախվում է մարդկության կուտակած մշակույթի հաստ պատին: Նույն պատին բախվում են նաև նրա ընկերները՝ գրողներ Բորիսը, Կառլը, Վան Նորդենը և նկարիչներ Կրյուգերը, Սվիֆտը…
«Հիլլա Բորգեզեից» արտաքսված Հենրին ապրում է դրամատուրգ Սիլվեստրի և նրա ընկերուհու՝ Տանյայի մոտ: Հետո մարգարիտներ վաճառող հնդիկի մոտ: Սրբագրիչ է աշխատում մի հրատարակչությունում: Կորցնում է աշխատանքը: Ապրում է ընկերոջ՝ էրոտիկ մոլուցքով տառապող Վան Նորդենի և սրա հարբեցող ընկերուհու՝ Մաշայի մոտ: Հոգնելով նրանց ընկերակցությունից, հեռանում է Դիժոն, որտեղ դասավանդում է Լիցեյում: Դա երկար չի տևում: Շուտով նա դարձյալ գործազուրկ է և ստիպված է վերադառնալ Փարիզ: Դա ավելի է ամրապնդում նրա այն համոզմունքը, որ աշխարհը գլորվում է գրողի ծոցը… Բայց նա սիրում է Սակրե Կյորի եկեղեցու գեղեցկությունը, Մատիսին և Ուիթմենի պոեզիան: Ուիթմենը առաջին և վերջին բանաստեղծն է:
Հենրին չի կարողանում լուծել իր համար կարևոր մի հանելուկ: Դա մարդկանց հասարակության էնտրոպիայի և բնության շարունակական հեռացումն է: Ինչպե՞ս կարող է իրականությունը այսքան դեֆորմացվել անթև ու անթռիչք ունայնության մեջ խրված հասարակության և նորից ու նորից վեր խոյացող ստեղծագործական ոգու դիսոնանսի մեջ:

Հենրի Միլլերի խոստովանական կենսապատումը շարունակվում է: «Խեցգետնի արևադարձ» վեպին հետևում են նորերը՝ «Սև գարունը», ապա «Այծեղջյուրի արևադարձը»… 

Տես նաև Ռիչարդ Բախ Լիվինգսթոն անունով ճայը, Ջոն Սթեյնբեք Մեր հոգսերի ձմեռը և Թենեսի Ուիլյամս Տրամվայ Ցանկություն

Հենրի Միլլեր | Խեցգետնի արևադարձը | համառոտ Հենրի Միլլեր | Խեցգետնի արևադարձը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 14, 2015 Rating: 5
Технологии Blogger.