Վիլյամ Սարոյան | Մարդկային կատակերգություն | համառոտ


Մաքոլիների ընտանիքը ապրում է Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա: Չորս տարեկան Յուլիսիս Մաքոլին հիանում է տան բակում խլուրդի նոր բացած անցքով, թռչուններով, իսկ հետո, լսելով գնացքի ֆշշոցը, վազում է գնացքի ուղղությամբ, ողջունում անծանոթ մարդկանց, որոնցից միայն մեկն է պատասխանում իր ողջույնին՝ մի սևամորթ՝ ասելով, որ ինքը տուն է գնում, իր ծննդավայրը: Նա երգում էր «Այլևս մի լար, մի լար, լեդի» երգը: Յուլիսիսը ունի ևս երկու եղբայր՝ Հոմերը և Մարկուսը, և մի քույր՝ Բեսին: Պատերազմ է, և Մարկուսը բանակում է
Նրանց հայրը՝ Մաթյու Մաքոլին, մահացել է երկու տարի առաջ: Հոմերը, թեև 14 տարեկան է, բայց աշխատանքի է ընդունվում հեռագրատանը, որի վարիչն է Սփանգլերը, գիշերային հեռագրողը՝ Վիլյամ Գրոգանը: Հեռագրատուն է մտնում մի երիտասարդ՝ Ջոն անունով, որը մայրիկից հեռագրով խնդրում է իրեն փոխանցել 30 դոլար: Սպանգլերը վճարում է նրա փոխարեն, և ասում, որ կարող է վերադարձնել, երբ մայրը փող ուղարկի: Հաջորդ անգամ տղան գալիս է գիշերը, երբ Սփանգլերը մենակ էր, ատրճանակով սպառնում և փող ուզում, սակայն Սփանգլերին հաջողվում է հանգստացնել տղային, փող տալ իր կամքով, որից նա հրաժարվում է: Նրանք զրուցում են, և Ջոնը որոշում է վերադառնալ տուն: Հոմերը Սփանգլերի խնդրանքով  գնում է թխվածքների խանութ և խնձորով ու հնդկընկույզի սերուցքով պատրաստված երկու կարկանդակ բերում, որը ըմբոշխնում են ինքն ու Գրոգանը: Մաքոլիների տանը միշտ հնչում է երաժշտություն: Այժմ Բեսը և միսիս Մաքոլին նվագում են «Ամբողջ աշխարհը կնախանձի ինձ» երգը: Նրանց հարևան Մերի Արենան ևս նրանց հետ է: Նա Մարկուսի նշանածն է: Նվագում են իրենց զինվոր Մարկուսի համար: Փոքրիկ Յուլիսիսը անվերջ հարցեր է տալիս Մարկուսի, նրա տուն գալու, հայրիկի, ինչպես նաև առավոտվա տպավորությունների՝ խլուրդի ու գնացքի մասին: Մայրը համբերատար պատասխանում է բոլոր հարցերին և բացատրում փոքրիկին, որ եղբայրը կգա, երբ պատերազմն ավարտվի, իսկ հայրիկը չի գա: Միսիս Մաքոլին փորձում է բացատրել նրանց, թե ինչ է մահը, որ բարին երբեք չի մահանում և որ իրենց հորը նրանք ավելի լավ կճանաչեն, երբ մեծանան և իրենք իրենց ավելի լավ ճանաչեն: Նա երեխաներին սովորեցնում է բարություն, խրատում, որ միշտ օգնեն ուրիշներին, անգամ երբ իրենք էլ կարիքի մեջ են: Հոմերի աշխատանքը դժվար է: Նա հաճախ ստիպված է լինում վատ հեռագրեր տանել և դրանից իրեն մեղավոր է զգում: Մեքսիկացի մի կնոջ՝ Ռոզա Սանդովալիին տանում  է նրա որդու՝ Խուան Դոմինգոյի մահվան գույժը: Կինն այնքան է լաց լինում, որ Հոմերն անախորժ զգացում է ունենում՝ միաժամանակ ցավելով դժբախտ կնոջ համար, որը ստիպում է իրեն ուտել կակտուսի կոնֆետներ, որոնք պատրաստել ու պահել էր իր որդու համար: Հեռագրատանը արթնացնում է միստր Գրոգանին՝ նրա խնդրանքով ջուր շաղ տալով դեմքին, ապա սև սուրճ բերելով: Հետո երգում են: Այսպես բազմաթիվ անքուն գիշերներ է անցկացրել ծեր հեռագրիչը: Հոմերը այս ամենը պատմում է մորը և խնդրում նրան, որ թույլ չտա, որ որևէ բան իրեն այդպես վիրավորի, ինչպես այն կնոջը: Մայրն ասում է, որ եթե իրեն էլ այդպիսի լուր գա, ինքը լաց չի լինի, քանի որ իր որդուն մահ չկա, ինքը կհավատա դրա խոսքերին, բայց ոչ իմաստին: Նա հաճախ տեսնում է ամուսնու տեսիլքը, որը նրան հայտնում է, որ շուտով Մարկուսը գնալու է իր հետևից:
Առավոտ: Հոմերը պատրաստվում է մասնակցել  220 յարդ արգելավազքին: Ժամանակին դրան մասնակցել է նաև վարիչ Սփանգլերը և դարձել հովտի չեմպիոն: Դպրոցի ճանապարհին հին ցանկապատի վրա թռիչքի փորձեր անելիս ծանոթանում է Չարլզ անունով մի ծերունու հետ, ում 33 ճագարները 11 տարի առաջ փախել էին, քանի որ ինչ-որ մեկը բացել էր դուռը: Ինքը մասնակցել էր իսպանա-ամերիկյան պատերազմին, որի կեսը նապաստակի նման փախչելով էր անցկացրել: Հոմերը սիրահարված է դասարանի ամենագեղեցիկ աղջկան՝ Հելեն Էլիոթ անունով, սակայն նա մտերմություն է անում Հյուբերդ Էքլի Երրորդի հետ, որը շատ բարեկիրթ տղա է: Դասին անկարգություն անելու պատճառով պատմության ուսուցչուհին կարգադրում է Հոմերին և Էքլիին մնալ դասարանում, ինչը նրանք անել չեն կարող մրցույթի պատճառով: Ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ միստր Բայֆիլդը, ուզում է՝ հաղթողը լինի Հյուբերդը, որը հարուստ ընտանիքի զավակ է, և խաբելով, թե իբր տնօրենը թույլ է տվել, Հյուբերդին տանում է: Վիրավորված միս Հիքսը պատմում է նրա մասին, խոսում հին ժողովուրդների բնածին բարեկրթության մասին և շտապեցնում Հոմերին մարզահրապարակ: Հոմերը, թեև չի հասցնում հագնել մարզահագուստ, բայց առաջինն է հասնում, գրեթե Հյուբերդի հետ միաժամանակ, որին խանգարում է Բայֆիլդը: Ընդառաջ գալով տղային՝ նրանք բախվում են, որի արդյունքում ընկնում են և Հոմերը վնասում է ոտքը, ողջ օրը կաղում: Բայց Հյուբերդը ևս իրեն ազնիվ է պահում, դադարեցնում է վազքը, որպեսզի ամեն ինչ արդար լինի: Հոմերը սկսում է համակրել նրան:
Մինչ Հոմերը կհասնի աշխատանքի, Յուլիսիսը հասցնում է ընկնել թակարդը, որը տեղի է ունենում Տուլարի փողոցում գտնվող Քովինգտոնի սպորտային իրերի խանութում: Նրան ազատում է Մեծ Քրիս անունով մի մարդ: Նա կոտրում է նոր թակարդը, ազատում երեխային և վճարում 20 դոլար: Այս ամենի մասին Հոմերը իմանում է թերթ վաճառող, 9 տարեկան Օգիից, շտապում խանութ: Հեռագրատուն գնում են երեքով: Օգին ևս ուզում է այնտեղ աշխատել: Սփանգլերը խոստանում է ընդունել նրան, երբ մի փոքր էլ մեծանա: Օգին այժմ, երբ Հոմերը մեծացել է, բակի գլխավորն է: Տղաների հետ գնում են միստր Հենդերսոնի ծիրանները գողանալու, որոնք դեռ խակ են: Նրանց հետ են նաև Յուլիսիսը և Լայոնելը, որը 6 տարով մեծ է Յուլիսիսից, բայց նրա հետ է ընկերություն անում, քանի որ մյուսները նրան հիմար են կարծում: Լայոնելը կարդալ չգիտի, բայց շատ է սիրում գրքերին նայել և Յուլիսիսի հետ գնում են հանրային գրադարան և դիտում գրքերը: Սփանգլերը ունի ընկերուհի Դիանա անունով, որի մոտ ճաշի է գնում և որի հետ հավանաբար կամուսնան, ինչպես այդ մասին ասում է Գրոգանին: Նրանք երեխա են ունենալու: Հոմերին տանջում են մղձավանջները: Երազում տեսնում է իր կրկնօրինակին, որը Իթաքա է տանում վատ լուրեր: Դա մահվան սուրհանդակն է, և Հոմերը խնդրում է, որ այն Իթաքա չգնա և լաց է լինում երազում: Նա հեռագրեր է տանում տարբեր մարդկանց և շատ տարբեր բաներ սովորում ու ճանաչում: Նրանց հարևաններից է Արան, որը ունի խանութ: Նրա փոքրիկ տղան միշտ դժգոհ է և դա տխրեցնում ու բարկացնում է Արային: Նրանք հայեր են: Մարկուսը առանձին-առանձին նամակներ է գրել տան բոլոր անդամներին: Հոմերին հայտնում է իր ընկերոջ՝ Թոբի Ջորջի մասին, որը որբ է և իր հետ գալու է Իթաքա: Թոբին արդեն մտովի սիրահարված է Բեսին: Նա ամեն ինչ գիտի Իթաքայի մասին, թեև այնտեղ երբեք չի եղել: Երիտասարդ զինվորները չեն ուզում սպանվել պատերազմում, բայց պատրաստ են ամեն ինչի: Բեսը Մերիի հետ Հոմերին ընթրիք են տանում: Ճնապարհին ծանոթանում են 3 զինվորների հետ, որոնց հետ նախ գնում են հեռագրատուն, ապա կինո: Տղաները իրենց ծնողներին և սիրեցյալներին հեռագրեր են ուղարկում, կինոյից հետո եղբայրաբար համբուրում աղջիկներին և շնորհակալական զգացումով գնում պատերազմին ընդառաջ:
Հեռագիր է գալիս, որ սպանվել է Մարկուս Մաքոլին: Գրոգանի սիրտը բռնում է: Ծերուկը մահանում է՝ կիսատ թողնելով հեռագիրը: Նույն միջոցին գնացքից իջնում է Թոբին: Հոմերը չի ուզում հավատալ, որ եղբայրը սպանվել է: Պատահաբար զրուցում է Թոբիի հետ, որն ասում է, թե տուն է գնում: Ողջ օրը անցկացնելով Սփանգլերի հետ՝ Հոմերը որոշում է տուն գնալ և աստիճանների մոտ նստած տեսնում է Թոբիին: Հասկանում է, թե նա ով է: Ընդառաջ էր եկել նաև Բեսը: Նրան դիմավորում են Մերին, միսիս Մաքոլին: Զինվորին ընդունում են տուն: Մարկուսը նրանց համար մահացած չէ, քանի դեռ հիշում են նրան, նա իրենց հետ է, իրենց մեջ:
  
Տես նաև Ջոն Ապդայկ Վազիր, Ճագար, Հենրի Միլլեր Խեցգետնի արևադարձը և Չակ Պալանիկ Մարտական ակումբ
Վիլյամ Սարոյան | Մարդկային կատակերգություն | համառոտ Վիլյամ Սարոյան | Մարդկային կատակերգություն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 28, 2015 Rating: 5
Технологии Blogger.