Անատոլ Ֆրանս | Թաիս | համառոտ


Լոտոս
Եգիպտոսում, Նեղոսի ափերի մոտ ապրում են քրիստոնյա ճգնավորներ: Անտոնիուսից հետո ամենաբարեպաշտը նրանց մեջ Պաֆնուտիուսն է: Նա ինքնակամ թողել է աշխարհիկ կյանքը, բաժանել է ունեցվածքը և նվիրել իր կյանքը Քրիստոսին: Մի օր նա հիշում է չքնաղ պարուհի Թաիսին, որը գայթակղում էր բոլոր նրանց, ովքեր դիտում էին նրա պարը: Նա խղճում է աղջկան և աղոթում է նրա հոգու համար: Ճգնավորին է մոտենում շնագայլը, որը սատանան է: Պաֆնուտիուսը աղոթում է, և շնագայլն անհետանում է: Որոշում է փրկել Թաիսին: Տեսիլք է ունենում, որ Թաիսը լաց է լինում: Սա համարում է նշան: Հասնում է Ալեքսանդրիա, որտեղ իր հին ընկերոջից՝ Նիկիուսից դրամ է խնդրում և ասում, որ այդ իսկ երեկոյան տանելու է Թաիսին տաճար: Մինչև շոգի անցնելը ննջում է և երազ է տեսնում այն մասին, թե ինչպես են Հոմերոսն ու Տիմոկլեսը գտնվելով դժոխքում ուրախ երգում և չեն նկատում սատանաներին: Երեկոյան լինում է Թաիսի ներկայացմանը թատրոնում, իսկ հետո այցելում է նրա տուն:


Պապիրուս
Թաիսը մկրտվել է 11 տարեկան հասակում: Նրան մկրտել է իր քրիստոնյա ծառա Ահմեսը: Հետագայում Ահմեսին դատել և սպանել են գողության համար, որը նա չի կատարել և Թաիսը որոշել է, որ լինել քրիստոնյա նշանակում է տառապել: Թաիսը եղել է պարուհի, դերասանուհի, սիրել է, հիասթափվել… Մի անգամ ունեցել է կրոնական էքստազ, որի ժամանակ քշել է բոլորին, նաև իր հարուստ սիրեկան Նիկիուսին՝ Պաֆնուտիուսի ընկերոջը: Հիմա նրա մոտ եկել է ինքը Պաֆնուտիուսը: Աղջիկը զգուշացնում է, որ չսիրահարվի իրեն: Պաֆնուտիուսը բացատրում է, որ արդեն սիրում է Թաիսին Աստծո մեջ:
Երկուսով մասնակցում են Թաիսի հյուրերի պատվին տրվող խնջույքին: Այն հիշեցնում է Պլատոնի «Խնջույքը», որտեղ զրուցում են ամենատարբեր, այդ թվում նաև փիլիսոփայական և կրոնական (աստվածաշնչյան) թեմաներով: Քրիստոսի աստվածային ծագման դեմ փաստարկներից մեկը ցնցում է Պաֆնուտիուսին, նա աղոթում է:
Առավոտյան Թաիսը համաձայնում է, որ Պաֆնուտիուսը տանի իրեն կանացի մենաստան: Այրում են Թաիսի տան իրերը, անգամ Նիկիուսի նվիրած Էրոսի արձանիկը, որը Թաիսը ուզում է խնայել: Հավաքվում են մարդիկ և սկսում են քարեր նետել Պաֆնուտիուսի վրա: Նրան և Թաիսին փրկում է Նիկիուսը, որին հետո Պաֆնուտիուսը միևնույն է սատանա և շնացող է կոչում: Սակայն Նիկիուսը նայում է նրան սիրով և ըմբռնումով: Պաֆնուտիուսն ու Թաիսը ճանապարհ են ընկնում, և ճգնավորն անվերջ պարսավում է աղջկան, անգամ թքում է նրա երեսին: Մենաստանում Պաֆնուտիուսը անձամբ է կնքում նրա առանձնասենյակի դուռը:

Էվֆորբիա
Պաֆնուտիուսը չի ճանաչում ինքն իրեն: Նա փոխվել է: Աշակերտները ևս նկատում են դա: Հենց որ փակում է աչքերը, տեսնում է Թաիսի դեմքը: Շնագայլերը բարձրանում են նրա մահճակալի վրա և քրքջում են երեսին: Պատկերացնում է մերկ Թաիսին, որը գալիս է իր մոտ: Ծեր Պալեմոնն ասում է, որ Պաֆնուտիուսը վաղ է հեռացել մարդկանցից և որ պիտի վերադառնա մարդկանց հասարակություն: Սակայն Պաֆնուտիուսը նրան չի լսում: Բարձրանում է անապատում կանգնած մենավոր սյան վրա և որոշում է մեռնել՝ այդտեղ աղոթելով Աստծուն: Նրա շուրջը սկսում են հավաքվել նմանակողները, հետո վաճառականները, քաղաք է աճում… Սակայն ի վերջո Պաֆնուտիուսը հասկանում է, որ իր մոլեգին արարքները թելադրում է հենց սատանան: Հասկանում է, որ ցանկացած հեթանոս, որը թաղված է գերեզմանում, սիրել է իր ընտանիքը և ապրել է կյանքը, իսկ ինքը՝ ոչ: Հիմա նրան թվում է, թե երջանկությունը մեղք չէ, որ սերը բարիք է… Սուրբ Անտոնիուսին դիմավորելիս նկատում է, որ սուրբը սառն է նրա հանդեպ, իսկ պակասամիտ Պողոսը մեղադրում է Պաֆնուտիուսին երեք սատանաների՝ հպարտության, հեշտասիրության և կասկածանքի իշխանության տակ գտնվելու մեջ: Նա հայտնում է նաև, որ բարեպաշտ Թաիսը մեռնում է: Պաֆնուտիուսը հասկանում է, որ իր Աստված ոչինչ է այն ամենի համեմատությամբ, որ կարող էր տալ Թաիսը: Գալիս է Թաիսի մենաստան: Նրան պատմում են, թե որքան խոնարհ և բարեպաշտ էր աղջիկը: Պաֆնուտիուսն արտասվում է: Թաիսը տեսնում է Աստծուն և համբարձվում է: Իսկ Պաֆնուտիուսը համբուրում է նրա անկենդան մարմինը: Նա դառնում է այլանդակ և սպասավորուհիները, գոռալով «արյունարբու», փախչում են:      

Տես նաև Հենրիկ Սենկևիչ Յո՞ երթաս, Դեյվիդ Լոուրենս Լեդի Չաթերլիի սիրեկանը և Գուստավ Ֆլոբեր Սալամբո

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Անատոլ Ֆրանս | Թաիս | համառոտ Անատոլ Ֆրանս | Թաիս | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 07, 2015 Rating: 5
Технологии Blogger.