Ջիմին և նրա հարևանը՝ Կլիֆը, նստած թերթ են կարդում: Ջիմին 25-ամյա հակասական բնավորությամբ երիտասարդ է: Անհամբեր, ինքնասեր, բռնկուն…
Նրա կինը արդուկ է անում: Հանկարծ Ջիմին հատակին է նետում թերթը: Սկսում է ծաղրել Կլիֆին, հետո կնոջը՝ տհաճ կատակներ թողնելով նրա հոր և մոր հասցեին: Էլիսոնը ձևացնում է, որ չի նյարդայնանում: Նկատում է, որ Կլիֆի նոր տաբատը ճմրթված է և առաջարկում է արդուկել այն: Ջիմին շարունակում է ծաղրել Կլիֆին: Դա վերաճում է հրմշտոցի, որի ընթացքում Ջիմին փորձում է շուռ տալ Կլիֆին արդուկի սեղանի վրա: Կլիֆը և Էլիսոնը ընկնում են. վերջինս այրոց է ստանում արդուկից: Կլիֆը նշանով հասկացնում է Ջիմիին, որ սա հեռանա, իսկ ինքը մնում է Էլիսոնի հետ: Էլիսոնը խոստովանում է, որ հղի է, բայց չի ասում Ջիմիին, որովհետև նա չի ուզում երեխա, քանի դեռ իրենք չունեն բնակարան և փող: Կլիֆն ասում է, որ պետք է ասել Ջիմիին: Գալիս է Ջիմին և փորձում է հաշտվել Էլիսոնի հետ: Զանգում է հեռախոսը: Էլիսոնի ընկերուհին է՝ Ելենան: Դերասանուհի է և իր թատերախմբի հետ ժամանել է Բիրմինգեմ: Նպատակ ունի բնակարան վարձել Ջիմիի և Էլիսոնի տան շենքում: Ջիմին թշնամի է համարում Ելենային, քանի որ սա իր դեմ է տրամադրում կնոջը: Ջիմին սկսում է չարախոսել և անգամ ասում է, որ շատ կուզեր, որ մի ցնցող դեպք ուշքի բերեր Էլիսոնին, օրինակ՝ նա երեխա ծներ, իսկ երեխան հանկարծ մահանար:
Որոշ ժամանակ անց գալիս է Ելենան: Երկու շաբաթ հյուր է մնում Պորտերների տանը: Մի երեկո ընկերուհիներով զրույց են բացում այն մասին, թե ինչը ստիպեց 4 տարի առաջ Էլիսոնին ամուսնանալ Ջիմիի հետ և ինչպիսին է նրա կյանքը ներկայում: Նրանք ընտանիքով վերադարձել էին Հնդկաստանից և Ջիմին, որը հյուր էր նրանց տանը, ոչ ոքի դուր չէր գալիս, սակայն նա սկսեց հանդիպել տղայի հետ: Ամուսնությունից հետո նրանք ապրում են Ջիմիի ընկերոջ՝ Հյուի հետ նույն բնակարանում: Հյուն մեկնում է Հնդկաստան: Ջիմին հրաժարվում է ընկերակցել նրան: Էլիսոնին երբեմն թվում է, որ Ջիմին բարկանում է իր վրա այն բանի համար, որ չի կարողացել հեռանալ Հյուի հետ: Ելենան ասում է, որ Էլիսոնը պիտի լրջորեն մտածի իր ապագայի մասին: Ընկերուհուն տանում է եկեղեցի: Ընթրիքի ժամանակ Ջիմին դարձյալ փորձում է ծաղրով շիկացնել իրավիճակը և համբերությունից հանել Էլիսոնին և Ելենային: Հետո պատմում է, թե ինչպես էր մի տարի նրա աչքի առաջ մահանում հայրը, որը վիրավորվել էր Իսպանիայում: Հուդա է կոչում կնոջը: Էլիսոնը հատակին է նետում բաժակը: Ելենան հայտնում է Էլիսոնին, որ հեռագիր է տվել նրա հորը և խնդրել, որ գա իր ետևից: Հաջորդ օրը, երբ Ջիմին տանը չէ, Էլիսոնը հավաքում է իրերը և մեկնում է իր ետևից եկած հոր հետ: Ելենան ասում է, որ մեկ օր էլ պիտի մնա Բիրմինգեմում: Շուտով գալիս է Ջիմին, որին Ելենան պատմում է կնոջ հեռանալու և հղիության մասին: Սա ասում է, որ թքած ունի և վիրավորական արտահայտություն է անում Ելենայի հասցեին: Ստանում է ապտակ: Բայց հանկարծ Ելենան գրկում է նրան և սկսում է համբուրել:
Մի քանի ամիս անց, երբ Ելենան արդեն հիմնավոր կերպով հաստատվել է Ջիմիի բնակարանում, իրավիճակը նման է նախորդին: Նա էլ կիրակնօրյա երեկոներին արդուկում է Ջիմիի շապիկները: Դարձյալ եկել է Կլիֆը և նրանք Ջիմիի հետ կռվում են հատակին: Կլիֆի շապիկը պատռվում և կեղտոտվում է: Ելենան պիտի արդուկի այն: Կլիֆը ասում է Ջիմիին, որ ուզում է հեռանալ: Ելենային դժվար է հոգ տանել երկուսի մասին: Կլիֆը գնում է:
Հայտնվում է Էլիսոնը: Վերջերս կորցրել է երեխային և դեռ ամբողջությամբ չի ապաքինվել: Խոսում է Ելենայի հետ Ջիմիի մասին: Այն մասին, որ Ջիմին ծնվել է սխալ ժամանակ: Ջիմին նրանցից է, ում կոչում են «երևելի վիկտորիանականներ»: Նա ծիծաղելի է, բայց ինքը սիրում է Ջիմիին: Իսկ Ելենան ասում է, որ իր և Ջիմիի միջև ամեն ինչ ավարտված է: Չի կարող կառուցել իր երջանկությունը ուրիշի դժբախտության վրա: Բացի այդ ինքը և Ջիմին շատ տարբեր են: Ելենան հեռանում է, իսկ Էլիսոնը մնում է: Ջիմին, տեսնելով, թե որքան է տառապել իր կինը, փափկում է: Նրանք հաշտվում են և տխուր սկսում են ապագայի նախագծեր կառուցել:
Ջոն Օսբորն | Ետ նայիր զայրացած | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 31, 2015 Rating: