Մարկո Պոլո | Աշխարհի բազմազանության մասին | համառոտ


Եղբայրներ Նիկոլո և Մատեո Պոլոները վենետիկցի առևտրականներ են և զբաղվում են ծովային առևտրով: Նրանք լինում են Կոստանդնուպոլսում, Ղրիմում, Կասպիայում… 1271 թ. ճակատագիրը նետում է նրանց Արևելք՝ մոնղոլների Ղարաղորում մայրաքաղաքը և նրանք հայտնվում են Չինգիսխանի թոռան՝ Խուբիլայի պալատում: Խանը հետաքրքրվում է Հռոմի պապի գործերով և քրիստոնյաների սովորույթներով: Ի վերջո որպես դեսպաններ ճանապարհում է իտալացիներին պապի մոտ՝ խնդրելով իրեն հյուր ուղարկել հարյուր գիտնականների, որոնք կկարողանան համոզիչ կերպով ներկայացնել քրիստոնեական ուսմունքը:
Չինգիսխանը իր հետնորդներին է թողել հսկայական կայսրություն, որը տարածվում է Խաղաղ օվկիանոսից մինչև Սև ծով: Արևմուտքը վաղուց է ուզում կապեր հաստատել մոնղոլների հետ: Նրանցից վախենում են, սակայն նրանց հետ են կապում մահմեդականների դեմ համատեղ պայքարի հույսերը: Մեծ խանի մոտ Իտալիայից վերադարձող եղբայրներն իրենց հետ են վերցնում
տասնյոթամյա Մարկո Պոլոյին՝ Նիկոլոյի որդուն: Պապը նրանց հետ է ուղարկում ոչ թե 100 գիտնականների, այլ երկու վանականների, որոնք ճանապարհին ետ են վերադառնում: Սակայն Պոլոների քարավանն այլևս հնարավոր չէր կանգնեցնել: Ճանապարհորդությունը դեպի խանի պալատը տևում է 3 տարի: Ի վերջո նրանք հասնում են Պեկին: Մարկո Պոլոն առաջին եվրոպացին է, որը նկարագրում է այս քաղաքը: Պեկինը նրա խոսքերով երեք անգամ գերազանցում է Վենետիկը, որն այդ ժամանակ Եվրոպայի երրորդ քաղաքն է: Մարկոն խանի պալատում անցկացնում է 17 տարի: Կատարում է դիվանագիտական հանձնարարություններ, հետևում է տուրքերի հավաքին, անգամ լինում է Յանչժոուի նահանգապետը: Ամենուրեք կատարում է նշումներ և Մեծ խանին է ներկայացնում իր երկրի ամենաարտասովոր անկյունների բազմաթիվ հրաշալիքներ, որոնց մասին ինքը խանը ոչինչ չգիտի: Նա պատմում է հրաշալի կենդանիների, մարգարիտներ որսացող մարդկանց, ասիական ժողովուրդների զարմանալի սովորույթների մասին:
Չնայած Պոլոների բազմաթիվ խնդրանքներին, խանը չի ուզում թույլ տալ նրանց վերադառնալ Իտալիա: Այդուհանդերձ, 1275 թ. կնության տալով իր դստերը Պարսկաստանի իլխան Արղունին, նա դիմում է վենետիկցիների օգնությանը՝ ծովային անվտանգ ճանապարհով անցնելու համար:
Շնորհիվ Պոլոների այցի եվրոպացիները իմանում են թղթադրամի, սագայի արմավենու, սև այրվող քարերի և ոսկու գին ունեցող համեմունքների մասին:
Չնայած Պոլոյի գրքում շարադրված տվյալների հանդեպ իր ստեղծման օրից եղել է թերահավատ վերաբերմունք, այն արժեքավոր աղբյուր է Հայաստանի, Իրանի, Միջին Ասիայի, Մոնղոլիայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի և այլ երկրների աշխարհագրության, ազգագրության և պատմության վերաբերյալ:
Գիրքը բաղկացած է չորս մասից: Առաջինը նկարագրում է Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի երկրները, որոնք Մարկոն այցելել է Չինաստանի ճանապարհին: Երկրորդ գիրքը նկարագրում է Չինաստանը և Խուբիլայ խանի պալատը: Երրորդ գրքում պատմվում է Ճապոնիայի, Հնդկաստանի, Շրի Լանկայի, Հարավ-արևելյան Ասիայի և Աֆրիկայի ծովափնյա տարածքների մասին: Չորրորդում պատմվում է մոնղոլների և նրանց հյուսիսային հարևանների միջև ընթացող պատերազմների մասին:
Մարկո Պոլոն չի շարադրել գիրքը անձամբ: Նրա պատմությունները հին ֆրանսերենով գրի է առել Ռուստիչելի դա Պիզան, որի հետ նրանք վենետիկցիների և ջենովացիների ծովային ընդհարման արդյունքում հայտնվում են Ջենովայի բանտում:

Տես նաև Հերոդոտոս Պատմություն, Ստրաբոն Աշխարհագրություն և Տորկվատո Տասսո Ազատագրված Երուսաղեմ

Մարկո Պոլո | Աշխարհի բազմազանության մասին | համառոտ Մարկո Պոլո | Աշխարհի բազմազանության մասին | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 30, 2015 Rating: 5
Технологии Blogger.