Ալեքսանդր Պուշկին | Բախչիսարայի շատրվանը | համառոտ


Իր պալատում նստած է զայրացած ու տրտում Հիրեյ խանը: Նա չի մտածում Ռուսիայի դեմ պատերազմ սկսելու մասին: Նա չի վախենում, որ իր կանայք կդավաճանեն իրեն. նրանց հսկում է չար ներքինին: Հիրեյը գնում է իր կանանց կացարանը: Այստեղ հարճերը երգում են Զարեմայի՝ հարեմի գեղեցկուհու փառքը: Սակայն ինքը Զարեման տխուր է, որովհետև Հիրեյն այլևս չի սիրում նրան: Նա սիրահարվել է երիտասարդ Մարիային, որը հարեմ է բերվել հեռավոր Լեհաստանից:
Թաթարական հորդան ավերել է Մարիայի հայրական տունը և նա դարձել է Հիրեյի սեփականությունը: Մարիան աղոթում է սուրբ Կույսի սրբապատկերի առաջ: Այստեղ վառվում է անմար ջահը: Անգամ Հիրեյը չի համարձակվում խանգարել նրա հանգիստը:
Իջնում է ղրիմյան քաղցր գիշերը: Ողջ հարեմը քնած է: Քնած չէ միայն Հիրեյի կանանցից մեկը: Նա ոտքի է բարձրանում և անցնում է քնած ներքինու կողքով: Մտնում է սենյակը, որտեղ վառվում է անմար ջահը: Վաղուց մոռացված ինչ-որ բան է շարժվում Զարեմայի հոգում: Տեսնում է քնած երիտասարդ Մարիային և ծնկի իջնելով նրա առաջ, սկսում է աղոթել: Արթնացած Մարիան հարցնում է, թե ինչու է Զարեման հայտնվել իր սենյակում: Զարեման պատմում է նրան իր տխուր պատմությունը: Չի հիշում, թե ինչպես է հայտնվել Հիրեյի պալատում: Սակայն նա միշտ վայելել է տիրոջ սերը, մինչև որ պալատում չհայտնվեց Մարիան: Զարեման խնդրում է Մարիային վերադարձնել իրեն Հիրեյին: Անպատասխան սերը կսպանի իրեն: Սպառնում է Մարիային…
Ավարտելով իր խոստովանությունը, Զարեման չքվում է, թողնելով Մարիային շփոթմունքի և մահվան մասին երազանքների մեջ:
Աստված լսում է նրա աղոթքը և վերցնում է աղջկան իր մոտ: Սակայն Հիրեյը չի վերադառնում Զարեմայի մոտ: Նա թողնում է պալատը և տրվում է ռազմական վայելքներին: Սակայն անգամ ռազմի դաշտում նա չի կարող մոռանալ Մարիային: Հիրեյը լքում և մոռանում է իր հարեմը, իսկ Զարեմային ծովի ալիքներին են հանձնում պալատական պահակները: Դա տեղի է ունենում հենց այն գիշեր, երբ մահացավ Մարիան:
Ռուսաստան կատարած ավերիչ արշավանքից հետո խանը վերադառնում է Բախչիսարայ և ի հիշատակ Մարիայի շինում է շատրվան, որը Տավրիսի երիտասարդ աղջիկները կոչում են «Արտասուքի շատրվան»:
        
Ալեքսանդր Պուշկին | Բախչիսարայի շատրվանը | համառոտ Ալեքսանդր Պուշկին | Բախչիսարայի շատրվանը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 24, 2015 Rating: 5
Технологии Blogger.