Հերման Հեսսե | Ուլունքախաղ | համառոտ


Գործողությունը տեղի է ունենում հեռավոր ապագայում: Խաղի անթերի Մագիստրոս Յոզեֆ Կնեխտը, հասնելով Ոգու խաղի ֆորմալ և բովանդակային կատարելությանը, զգում է անբավարարություն, իսկ այնուհետև հիասթափություն և հեռանում է Կաստալիայից, որտեղ ուսում էր ստացել: Կաստալիայի ուխտը, որին պատկանում է հերոսը, համարվում է ճշմարտության պահապանների միաբանություն: Անդամները հրաժարվում են ընտանիք կազմելուց, սեփականությունից, քաղաքականությունից, որպեսզի ոչ մի շահախնդիր նկրտում չազդի Ուլունքախաղի վրա: Դա մշակութային արժեքների և իմաստների խաղ է: Երկրի անվանումը ծագում է միֆական Կաստալյան աղբյուրի անունից, որը գտնվում է Պարնասի հարևանությամբ և որտեղ Ապոլոնը պար է գալիս արվեստի տեսակները խորհրդանշող ինը մուսաների հետ:
Վեպը բաժանվում է երեք մասերի: Առաջինում նկարագրվում է Կաստալիայի պատմությունը, և ուլունքախաղը, երկրորդը՝ հերոսի կյանքի պատմությունը, իսկ երրորդը` Յոզեֆ Կնեխտի բանաստեղծություները և երեք կենսապատումները: Կաստալիայի նախապատմությունը շարադրվում է որպես 20-րդ դարի մշակութային ճգնաժամի սուր քննադատություն: Այդ մշակույթը բնորոշվում է որպես ֆելյետոնային: Ամեն բան լրագրողական տիրաժավորման և արժեզրկման մեջ է: Որքան ավելի տափակ է գրականությունը, այնքան ավելի լրագրողային է այն և այնքան ավելի պահանջված է: Ամենասիրված հոդվածները կրում են անեկդոտիկ բնույթ և կապված են նշանավոր մարդկանց հետ: Այսպես օրինակ՝ «Ֆրիդրիխ Նիցշեն և կանանց նորաձևությունը…» կամ «Կոմպոզիտոր Ռոսսինիի սիրելի ճաշատեսակները»: Լայնորեն շրջանառում են խաչբառերը: Մարդիկ խաչբառերի և մակերեսային ֆելյետոնների աշխարհ են սուզվում՝ փախչելու համար տնտեսական և քաղաքական լարված իրավիճակի հետ կապված վախերից: Այդ քաղաքակրթությունը կանգնած է փլուզման եզրին:
Սակայն հասարակության մեծամասնությանը կլանած այսպիսի շփոթմունքի ժամանակ գտնվում են մարդիկ, որոնք ստեղծում են Կաստալիան՝ պետությունը պետության մեջ. որտեղ պիտի պահպանեն մշակույթը, որտեղ ընտրյալները տրվում են ուլունքախաղին: Կաստալիան դառնում է հայեցողական ոգեղինության կենտրոն, որը ստեղծված է տեխնոկրատ հասարակության թույլտվությամբ: Ուլունքախաղի մրցույթները հեռարձակվում են ողջ երկրով մեկ: Նպատակը դաստիարակչական է: Պետք է կրթել ու դաստիարակել մտավորականների ազատ սերունդ, որոնք զերծ կլինեն բուրժուական պրակտիցիզմից: Որոշ իմաստով Կաստալիան Պլատոնի պետության հակադրությունն է, որտեղ իշխանությունը պատկանում է գիտնականներին: Կաստալիայում հակառակն է, փիլիսոփաները և գիտնականները ազատ են, սակայն դա ձեռք է բերվում իրականությունից կտրվելու գնով: Կաստալիայի ուխտն ունի միջնադարյան կառուցվածք: Այն գլխավորում են 12 մագիստրոսներ, կա նաև Դաստիարակչարան և ուրիշ կոլեգիաներ: Կաստալիականները ողջ երկրով մեկ հավաքում են տաղանդավոր տղաների և սովորեցնում են նրանց երաժշտություն, արվեստ, մաթեմատիկա և փիլիսոփայություն: Հետո պատանիները ընդունվում են համասարաններ և դառնում են դասախոսներ կամ տրվում են ուլունքախաղին: Սա կրոնի, արվեստի և փիլիսոփայության համադրություն է:
2200 թ. Յոզեֆ Կնեխտը դառնում է մագիստրոս: Նրա ազգանունը նշանակում է «ծառա», և նա պատրաստ է ծառայել Կաստալիային: Սակայն ուլունքախաղը միայն որոշ ժամանակով է բավարարում նրա հոգևոր պահանջմունքները: Նա սկսում է հասկանալ կաստալիական կյանքի սահմանափակությունները: Նա հեռու է Տեգուլյարիուսի տիպի գիտնականներից, որոնք խաղում են միայնակ հանճար, մեկուսանում են իրականությունից: Բենեդիկտինցիների Մարիաֆելս մենաստանում անցկացրած ժամանակը և ծանոթությունը հայր Յակոբի հետ մեծ ազդեցություն են թողնում Կնեխտի վրա: Նա հասկանում է Կաստալիայի ոչ պատմական գոյության սահմանափակությունը: Այն գնալով ավելի է հեռանում հասարակությունից, որն ի վերջո կարող է անպետք ճանաչել այն: Հարկ է դաստիարակել երիտասարդներին ոչ թե գրադարաններում, այլ դաժան աշխարհի մեջ: Կնեխտը լքում է Կաստալիան և դառնում է իր ընկերոջ՝ Դեզինյորիի որդու ուսուցիչը: Լեռնային լճում իր հերոսի հետ լողալիս հերոսը խեղդվում է. այդպես է հաղորդում նրա կենսագիրը: Պարզ չէ, թե որքանով նա կարող էր հաջողության հասնել իր առաջ դրված նպատակների իրագործման մեջ: Պարզ է, որ չի կարելի թաքնվել իրականությունից գրքերի աշխարհում:
Այս միտքը կրկնում են վեպն ամփոփող երեք կենսապատումները: Առաջին պատումի հերոսը զոհաբերում է իրեն հանուն իր ցեղախմբի: Երկրորդ պատումի հերոսը վաղ քրիստոնյա ճգնավոր է: Նրա անունն է Հովսեփ Ֆլամուլուս (լատիներեն նշանակում է «ծառա»): Հիասթափվում է ուրիշների մեղքերը լսողի իր կարգավիճակից, սակայն հանդիպելով իրենից ծեր մի խոստովանահոր, շարունակում է իր գործը: Երրորդ պատումի հերոսն է Դասան («Ծառա»). նա չի զոհաբերում իրեն, չի շարունակում ծառայությունը, այլ հեռանում է անտառ, ծեր յոգի մոտ: Հերման Հեսսեի հերոսը՝ Յոզեֆ Կնեխտը, իր մեջ ուժեր գտավ հրաժարվելու հենց այս վերջին ճանապարհից, թեպետև դա նրան կյանք արժեցավ:
        
Տես նաև Հերման Հեսսե Տափաստանի գայլ, Թոմաս Ման Կախարդական լեռը և Վոլֆգանգ Գյոթե Վիլհելմ Մայստերի ուսումնառության տարիները 
Հերման Հեսսե | Ուլունքախաղ | համառոտ Հերման Հեսսե | Ուլունքախաղ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 23, 2015 Rating: 5
Технологии Blogger.